ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԻՆՔՆԱՏԻՊ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՈՒ ՔԱՅԼԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ»

«ԻՆՔՆԱՏԻՊ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՈՒ ՔԱՅԼԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ»
22.10.2010 | 00:00

Ընդամենը վերջերս Հայաստանում սկսեցին գործածական դառնալ «քաղաքական մարքեթինգ», «իմիջի ձևավորում», «PR և քաղաքական տեխնոլոգիաներ» բառակապակցությունները, որոնց քաջածանոթ են իրական ժողովրդավարական երկրներում, և որտեղ դրանք լուրջ ներգործություն ունեն հասարակական կարծիքի վրա։ Այս բառակապակցություններին սկսել են լուրջ վերաբերվել նաև Հայաստանում, որտեղ ձևավորվել ու գործում են, թեև փոքրաթիվ, PR կազմակերպություններ, քաղաքական տեխնոլոգներ։ «P-art» ընկերության զարգացման գծով տնօրեն ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրույցում փորձեցինք ուրվագծել հայկական PR-ի առանձնահատկությունները։
Մեզանում օգտագործվում է երկու տիպի քաղաքական տեխնոլոգիա, որոնք ներկայացնում են արևմտյան և ռուսական մոդելները: Ընդհանուր առմամբ, համաձայնելով մոդելների նման տարբերակման հետ, այնուամենայնիվ, Վիգեն Հակոբյանը կարծում է, որ քաղտեխնոլոգիաների ինչ մոդել էլ կիրառվի, այն անպայման պետք է տեղայնացվի։ «Հակառակ դեպքում արևմտյան կամ ռուսական լավագույն տեխնոլոգիաները կարող են չգործել հայաստանյան պայմաններում ու տապալվել, քանի որ դրանք չեն հարմարեցվում մեր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական պայմաններին և ամենակարևորը՝ ժողովրդի հոգեկերտվածքին։ Հիշենք թեկուզ, թե ժողովուրդն ինչպես ընդունեց ընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՅԴ-ի` որպես PR ռեսուրս օգտագործած՝ փողոցներում կախված մեծ փուչիկները: Բայց ասածը չի նշանակում, որ դրսից ներմուծված ցանկացած բան ի սկզբանե դատապարտված է տապալման։ Օրինակ, 2007-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախընտրական արշավի ժամանակ կիրառվող շատ տեխնոլոգիաներ ուղղակիորեն ներմուծված էին Միացյալ Նահանգներից։ Անձամբ մարդկանց հետ հանդիպումները և ամենակարևորը՝ ձեռքսեղմումները շատ լավ ներգործություն ունեցան, թերևս նաև այն պատճառով, որ ձեռքսեղմումը լայնորեն տարածված է արևելյան մշակույթում։ Այս գործելաոճը մեր հասարակությանն ավելի հարազատ է և ավելի արդյունավետ։ Ոչ պակաս արդյունավետ էին, օրինակ, հեռուստատեսության ուղիղ եթերում կոմպրոմատների ընթերցումները, որոնք իրականացրեց Արամ Կարապետյանը վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում: Այդ տեխնոլոգիան արդեն բազմիցս կիրառվել էր հետխորհրդային մի շարք երկրներում և լուրջ արդյունքներ էր տվել»,- ասում է Վիգեն Հակոբյանը:
Միևնույն ժամանակ, եթե այլ երկրներում վարկաբեկիչ նյութը կամ սև PR կոչվածը բացասական լուրջ հետևանքներ կարող է ունենալ, Հայաստանում շատ հաճախ այն չի գործում` հասարակության չափազանց պասիվ կեցվածքի պատճառով. «Սև PR-ը մեր երկրում որոշ դեպքերում դժվար կիրառելի է։ Եթե Եվրոպայում կամ Արևմուտքում, օրինակ, կոռուպցիոն կամ սեռական սկանդալում ներգրավված լինելը կարող է մարդու հրապարակային գործունեության ավարտը դառնալ, մեզ մոտ միանգամայն հակառակ արդյունքն է ունենում։ Հայ հասարակությունը նույն բանը կարող է ընկալել որպես տղամարդկային կամ գործնական բարձր արժանիք»։
Որպես կանոն, մեր քաղաքական գործիչներն ընտրողների մասին սկսում են հիշել ընտրություններից ընդամենը մեկ-երկու ամիս առաջ՝ սկսելով ավանդական գործողությունները՝ ասֆալտապատում, մուտքերի վերանորոգում և այլն։ Միայն քչերն են մշտական PR մասնագետներ վարձում, այն էլ հիմնականում ժամանակակից երևալու համար: PR մասնագետի կարծիքով, լուրջ քաղաքական գործչին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ, որոնք կկարողանան կառավարել հասարակական կարծիքը և ձևավորել դրական գաղափարներ: Բնականաբար, այդ մոտեցումը ենթադրում է որոշակի գումարների ներդրում: Իսկ մեր իրականության մեջ ցանկալի արդյունք ստանալու համար այդ գումարներն այլ տեղ են ներդրվում։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ մեր ընտրական գործընթացներում ձայն բերող հիմնական գործոնը (մոտ 60 տոկոս) 5-10 հազար դրամ ընտրակաշառքն է, և միայն մնացածը` PR-ինը։ Ավելին, հաճախ PR իրականացվում է, որպեսզի հետագայում հիմնավորվի կասկածելի շատ ձայն հավաքելու հանգամանքը։
«P-art» ընկերության ներկայացուցիչը նկատում է նաև, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է այն քաղաքական ուժերի և գործիչների թիվը, որոնք ընտրությունների հաջորդ իսկ օրը մտածում են հետագա ծրագրերի մասին և մշտապես զբաղված են այս կամ այն քաղաքական տեխնոլոգիան փորձարկելով։ Նույնիսկ կան նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք ամեն օր զբաղվում են դրանով. մեկի մոտ հաջող է ստացվում, մյուսի մոտ՝ ոչ այնքան։ Այլ հարց է, թե յուրաքանչյուրն ինչպես է պատկերացնում իր PR-ը։ «Ընդ որում, պաշտոնյաների համար Հայաստանում երկու թիրախային խումբ կա, որոնց ուղղված է PR-ը. առաջինը վերադասն է, ում պետք է ցույց տրվի, թե ինչպես են իրենք աշխատում, և արդարացվի նշանակումը, և հետո միայն՝ հասարակությունը։ Սա մեծ խնդիր է հասարակության համար, քանի որ այն այնքան կրավորական է ու ոչ պահանջատեր, որ որպես թիրախային խումբ երկրորդ պլանում է։ Հաճախ պաշտոնյաներն իրենց PR գործունեությամբ փորձում են քողարկել այն ինֆորմացիան, որը չպետք է բացահայտվի ու հասնի վերադասին»,- նշում է Վիգեն Հակոբյանը։ Մի խոսքով, մեր պաշտոնյաներին ավելի շատ հուզում է ոչ այնքան հասարակական, որքան վերադասի կարծիքն իրենց մասին:
PR տեխնոլոգներն իրենց զինանոցում բազմաթիվ հնարքներ ունեն։ Դրանցից են ոչ միայն մարզերում, կառույցներում աշխատանք տանելը, հանդիպումներ կազմակերպելը, ասուլիսներ ու հարցազրույցներ տալը, այլև լրատվամիջոցներում որոշակի ինֆորմացիոն արտահոսքեր կազմակերպելը։ Շատ դեպքերում այդ տեղեկությունը գուցե չի համապատասխանում իրականությանը, բայց որոշակի հարցեր է լուծում։ Բնականաբար, ընտրությունների նախաշեմին այս գործընթացներն ակտիվանում են։
Այսօր շատերը կարծում են, թե հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներում արդեն իսկ առկա է նախընտրական շունչը, սակայն «P-art» ընկերության զարգացման գծով տնօրենը կարծում է, որ առայժմ սովորական, օրինաչափ գործընթացներ են. քաղաքական ուժերը փորձում են ամրացնել իրենց կառույցները, շարքերը։ Ըստ նրա` այժմ ավելի շատ ակտիվ են այն անհատները կամ, հիմնականում, քաղաքական լուսանցքում գտնվող ուժերը, ովքեր խնդիր ունեն իրենց մասին հիշեցնելու կամ քաղաքական համակարգում նոր տեղեր որոնելու: Այդ նկատառումով ոմանք լուրեր են տարածում նոր կուսակցություններ ստեղծելու մասին, մյուսները մեջբերում են դասականներին, ոմանք էլ սիրաշահում են որոշ կուսակցական առաջնորդների և այլն: Ըստ PR մասնագետի՝ նախընտրական պայքարը Հայաստանում կմեկնարկի մոտ կես տարի անց (եթե խոսքը հերթական ընտրությունների մասին է), իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն։ «Ֆորսմաժորն անկանխատեսելի է և շատերի համար անտեսանելի, բայց այն անտեսել, իհարկե, չի կարելի, քանի որ դժվար է կանխատեսել, թե, ասենք, Լուժկովի պաշտոնանկությունը, «հայ-ամերիկյան մաֆիա» կոչվածի աղմկահարույց բացահայտումներն ԱՄՆ-ում կամ, ինչպես մամուլն է գրում, Հայաստանում մասոնների հավաքներն ինչ հետևանքներ կարող են թողնել հայաստանյան գործընթացների վրա»:
Քաղաքական PR տեխնոլոգիաների նպատակն է ստեղծել ընտրողի և ընտրվողի միջև վստահության մթնոլորտ և թեկնածուի դրական կերպար: Ընդ որում, PR-ի մասնագետը պետք է ուսումնասիրի հասարակության ձգտումները և ստեղծի թեկնածուի այնպիսի կերպար, որը համապատասխանի այդ ձգտումներին, միևնույն ժամանակ այդ կերպարը արհեստական չպիտի լինի:
Թա՞նկ հաճույք է PR կոչվածը։ Ըստ Վիգեն Հակոբյանի` գումարը կախված է պատվիրատուի առաջադրած խնդիրներից և այդ խնդիրներն իրագործելու դժվարությունից։ Քաղաքական ուժերը տարբեր խնդիրներ են դնում. մեկը` հաղթելու, մյուսը՝ պարզապես երևալու, երրորդը՝ ուժեղ մրցակցի տպավորություն ստեղծելու, որպեսզի հետագայում խաղի կեսից դուրս գա` որոշակի պայմաններով։ Գաղտնիք չէ, որ քաղաքական PR-ի դեպքում շատ բան կախված է մեդիա ռեսուրսներից, որոնք, բնականաբար, անվճար չեն։ Մասնագետը կարծում է, որ շատ ավելի հետաքրքիր է, երբ PR-ն իրականացվում է որոշակի հնարքների միջոցով, որոնց մասին գուցե ոչ ոք չի տեղեկանում, և որոնց համար քաղտեխնոլոգներին ոչ ոք մեդալներ չի տալիս, բայց որոնք մեծ ներգործություն են ունենում։ PR-ն ընդհանուր հաջողության բաղկացուցիչներից մեկն է, որը պահանջում է լավ կազմակերպված թիմ։ Այդ պայմաններում PR-ի արդյունավետությունը կարող է հասնել 50-60 տոկոսի։ Շատ հաճախ, ծախսելով նվազագույն գումար, բայց ճիշտ հաշվարկելով թիրախային ընտրազանգվածն ու ակնկալիքները, գրագետ կազմակերպելով PR արշավը՝ կարելի է հասնել առավելագույն արդյունքի։ «Ի վերջո, համաձայնեք նաև, որ ոչ բոլորին են թույլ տալիս ընտրակաշառք բաժանել»,- նկատեց «P-art» ընկերության զարգացման գծով տնօրենը:
Վերջին տարիներին PR ազդեցիկ գործոններ են դարձել YouTube-ն ու սոցիալական ցանցերը։ Եթե մեդիա գործիքներից հեռուստատեսությունը լուրջ վերահսկողության ներքո է, ապա բարձր տեխնոլոգիաների դարում համացանցը դժվար վերահսկելի է և լուրջ այլընտրանք հեռուստատեսության ու սահմանափակ տպաքանակով թերթերի համար։
Մեկ կարևորագույն խնդիր, որ ընդգծում է մասնագետը. մեր քաղաքական ուժերն ու գործիչները զուրկ են կրեատիվ (ստեղծարար) մտածելակերպից և շատ դեպքերում կաշկանդված ու կաղապարված են։ Ինքնատիպ, հետաքրքիր, աննախադեպ գաղափարների ու քայլերի պակաս կա, և զարմանալի չէ, որ քաղաքական ուժերի ու դեմքերի մեծ մասը պարզապես հետաքրքիր չէ հասարակությանը, մասնավորապես, ընտրազանգվածին:
Վերջին շրջանում բանակի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, որոշակի քաղաքական տեխնոլոգիաների հետևանք են։ Ի՞նչ կարծիքի է այս առումով PR մասնագետը։ «Համաձայն եմ հայտնի իրավապաշտպաններից մեկի այն կարծիքին, թե բանակում ողբերգական միջադեպերի կանխամտածված լռության մատնումը հայրենասիրություն չէ։ Բնականաբար, խնդիրները թաքցնելով ու կոծկելով չեն լուծում։ Բայց կարծում եմ, որ այս հարցում կան նաև, այսպես կոչված, արտաքին միջամտության տարրեր։ Երկար ժամանակ Հայաստանում իրավացիորեն ամենատարածված տեսակետն այն էր, որ անկախացած Հայաստանի ամենալուրջ ձեռքբերումը «տարածաշրջանում ամենամարտունակ բանակն» է։ Իհարկե, ցանկացած երկրի զինված ուժերում նման երևույթներ այս կամ այն չափով առկա են, բայց վերջին շրջանում բանակային իրադարձությունների շուրջ իրարանցումն ակնհայտորեն պարունակում է նաև ոչ առողջ տարրեր։ Եվ, կամա թե ակամա, այս ամենը բանակի հանդեպ կասկածի մթնոլորտ է սերմանում, ինչը կարող է ջլատել և՛ բանակի մարտական ոգին, և՛ հասարակության վստահությունը։ Այստեղ, այնուամենայնիվ, կա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ միջամտություն»,- նշում է Վիգեն Հակոբյանը։
Հայաստանում PR տեխնոլոգիաների ժամանակաշրջանը մեկնարկել է, այնպես որ, մեզ քաղտեխնոլոգիաների շատ հետաքրքիր հնարքներ են սպասում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ