ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԱԶԱԽԱԲԿԱՆՔՆԵՐ` ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐՈՎ

ԵՐԱԶԱԽԱԲԿԱՆՔՆԵՐ` ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐՈՎ
03.12.2010 | 00:00

«Աղացած ստերից հանապազօրյա հաց են պատրաստում ականջների համար»
Վարուժան Նալբանդյան, «Խոհերի արկածախնդրություն»

ԳՆԱՅԻՆ ՎԱԶԱՆՑ «ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ»
Խո՜ր շունչ ենք քաշում, որ խորապես չքաշվենք ձմռան «տապին»։ Եվ հաշվում ենք ճտերը, զի մեր լճակներում ու գյոլերում ջուրը դեռևս չի փոխարկվել մերկասառույցի։
Խո՜ր շունչ ենք քաշում։ Տեսանելի են նախաամանորյա տեսլականները։ Տեսլականները, ի դեպ, դաշնակցական չեն։
Համահայկական դրամահավաքով կերտենք մեր վաղվա օրը։ «Լճից լիճը» առաջարկում է հակաճգնաժամային իր ազգապետափրկչական ծրագիրը։ Այսպես, ճիշտ մեկ շաբաթ ազգովին հրաժարվում ենք պանրից։ Նեխահոտի առաջին իսկ բույրը եռակի կէժանացնի սույն կերակուրը։ Համազգային մակարդակով տասն օր շարունակ կերակրացանկից արտաքսում ենք երշիկեղենը։ Գներն ինքնակարգավորվում են, ջհաննամը, թե մի քանի խանութպան հացադուլի կնստի։ Գինեսի գրքում` նոր հայ հայտատու (առայժմ սա գաղտնիք է համապետական մակարդակով)։
Սակայն թողնենք ուրբաթը օրինաչափորեն շուտ գա շաբաթից։ Այսպես ուրեմն, ի՞նչ հիշարժան, արժանահիշատակ, դարակազմիկ և կազմաքանդիչ փաստեր արձանագրվեցին անցնող աշնանը` մերձլճափնյա գրավյալ տարածքներում։ Բայց մինչ այդ փաստենք, որ աշունը խորունկ ու սքանչելի էր, և նրա բազմագույն հուրհրահատումների վերջին համազարկը հնչեց այսօր, օրն ուրբաթ։
Աշունը, անշուշտ, առաքելություն ուներ և էապես մեղմեց գնային վազանցը` շարքային քաղաքացիների դրամապանակների հետ կենաց-մահու մրցավազքում։
Հետաքրքիր է, չէ՞, աշնանն անգամ շները չեն շնանում։ Շնաբարո մտքերը շարք չեն բռնում շահադիտական նպատակներով։
Քաղաքական պայքարի մեր մշակույթը դեռևս զարգացման շերեփուկային փուլում է։ Դոդոշներին սպասում է գալիք սերունդը։ Քաղաքական ենթատեքստով բռնաբարման դեպք է արձանագրվել Հանրապետության հրապարակի գազոնի վրա։ ՈՒր նախկինում շքեղաշուք-հոյակերտ պատվանդանն էր։ Գրանիտե խոյակները փոխարինվեցին թավշականաչ խոտհարքով։ Սա էր անկախության գինը։
Մայրաքաղաքի առաջին թվայնացված ծննդատանը դաշնակ էրիկ-մարդու և հնչակ էրիկ-կնոջ սիրո առագաստը Էրգրին նվիրաբերեց 7 կգ և 77 սմ մի դրոշակ... Հազա՜ր ու մի ներողություն` մանչ, արու զավակ, ռամկավարական օրիենտացիայով։
Իշխանը` Սևանասևջրյան, իր կենակիցներով կարմրախայտն ու սիգը ներառյալ, այլևս Կարմիր գրքում են։ Այսուհետև լեռնաշխարհի ոչ բանական անդամներին կարելի է գտնել երկու վայրում` ա) գազանանոցում, բ) էլիտար պանդոկների խոհանոցներում։ Նաև դ) նորանկախ հանրապետության նորաթուխ հանրագիտարանի հատորներում։
Սակայն չէ որ խոստացանք, որ ուրբաթը պիտի նախորդի շաբաթին։
Եվ այսպես։
ԿԵՑՑԵՍ, ՀԵՂԻՆԵ
Հանրապետության թիվ 1 օրինապահ տիկին Հեղինե Բիշարյանը ժողովրդավարական խոստովանանքի գլուխգործոց կերտեց` հուզախռով հայտարարելով, թե այս ճգնաժամային տարում անզոր է սիրած զբաղմունքին տրվելու` չրեղեն պատրաստելու առաջիկա ձմռան համար։ Պատճառը սոսկալի երկյուղն է` աշխատավարձը չի բավարարում։
Եվ եթե 335 հազար դրամը չրեղեն կայֆեր բռնելուն չի բավարարում, ուրեմն, յուրաքանչյուր պետական պաշտոնյայի տանը չիր ու չամիչ հայտնաբերելով, նրան անմիջապես մեղադրանք է ներկայացվում` առանձնապես խոշոր չափերի չարաշահումների ենթատեքստով։
Եվ կոռուպցիան, հետևից քարշ տալով կաշառակերությունը, լքում է ՀՀ պետական սահմանը։ Ցանկալի է Սադախլոյի անցակետով։ Կեցցե՛ք, տիկին Բիշարյան։ Ահա թե ինչ ասել է քաղաքական հասունություն։
ԱՐԱԲԿԻՐԸ ԾՆԿԻ ԵԿԱՎ
«Իմ տունն իմ ամրոցն է»։ Մառախլապատ Ալբիոնի պահպանողական զավակների խոստովանանք է։ Ասել է թե` տանս պատերի ներքո կարող եմ անել` ինչ խելքիս նստի։ Կարող եմ մերկ թրև գալ, կարող եմ ննջարանում ընթրել, իսկ խոհանոցում, հասկանալի է, խռմփացնել։ Նաև կարող եմ ինքնահռչակվել երկրի թագավոր և կարգ ու կանոն հաստատել հպատակներիս` կատվի ու հողաթափերիս, շնիկի ու գերմանամկան, փոշեկուլի ու զոքանչիս շարքերում։ Այսինքն, անգլիացին իր տանը, ամառանոցում և խոհանոցում Անգլիայի պերն է, Հաբեշստանի փադիշահը, Բրունեյի սուլթանը։ Սակայն ամրոցից մի քայլ հեռու նա իր երկրի օրինապահ քաղաքացին է։ Եվ պահպանում է պետության օրենքն ու երկրի բարոյականը սրբորեն։ Մեր իրականությունում ճիշտ հակառակն է։
ՈՒ ահա հանրահայտ-տխրահռչակ (սակայն ոչ բնավ ապաշնորհ) ժողովրդական (՞) նկարիչ Լևոն Թոքմաջյանը, իր սևեռուն մտատանջանքի ձեռքը կրակն ընկած, հերթական քանդակագործական խեղումով է ապականում մայր ոստանը։ Այս դեպքում նրա հեռակա զոհը բանաստեղծ Վահագն Դավթյանն էր, ում նմանակում-խճողանքը տեղակայվեց Արաբկիրի վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում։
Թոքմաջյանն իր հակամշակութային արշավներում ուղղակի դիվոտել է։ Մարդն ունի մանկության ոսկե մի երազ, ինչը չի լքում նրան անգամ ծերունազարդ տարիքում։ Դե, երազ է տեսել ու կամենում է այն կյանքի կոչել։ Սա խիստ դրական ու պատվաբեր հատկանիշ է։ Երազ ես տեսնում, բայց երազախաբ չես լինում։ Թե չէ ոմանք երազում էին հորթապահ դառնալ, դառնում են նախարար, ոմանք` բալերոն, դառնում են բեռնակիր, ոմանք էլ իրենց բուն կոչումն այս երկրային կյանքում տեսնում են գրպանահատության ոլորտում։ Սակայն դառնում են իրավապաշտպան։
Մի խոսքով, կա նպատակ, հարկավոր է կյանքի կոչել։ Ինչպե՞ս... Շատ պարզ մի եղանակով։ Դիցուք, այսօր Հայաստանում գործում է շուրջ 100 քանդակագործ-վարպետ։ Եվ որպեսզի նրանց շրջանցես, չէ, արմունկներդ գործի չես դնում, աքացի ստանալու վտանգը խիստ առարկայական է։ Աքացի ու դմբուզ` կերպարվեստային ելևէջումներում, այսինքն` գործընկերներիդ կողմից։
Շա՜տ ավելի զորավոր մի հնարք, միջոց, եղանակ կա։ Վերցնում ես արձանի էսքիզը, դնում թևատակդ ու գրոհում վարչական շրջանի ղեկավարի, մարզպետի, քաղաքապետի, նախարարի և մյուս զորավորների գրասենյակները, առանձնատները, ծառայողականները։ Չե՞ն համոզվում, պատուհանից ներս ես սողոսկում։ Սա՞ էլ փակվեց։ Իջնում ես ծխնելույզից։ Կամ գիշերում ես դռան շեմին։ Մի խոսքով` հոգին բերանը եկած իշխանավորը շլինքն ազատելու հասկանալի գերնպատակով արձանի կերտումը հանձնարարում է քեզ։ Եվ Երևանը զարդանախշվում-բռնաբարվում է հերթական անգամ։ Այսպես տիար Թոքմաջյանի գրոհներին չդիմակայեց Աջափնյակը։ ՈՒ արվարձանային այս շրջանում կարելի է կազմակերպել հակամշակույթի դասընթացներ կամ էլ միջազգային սիմպոզիում` «Ինչպես անճաշակությունը դարձնել օրինաչափություն» թեմայով։ Աջափնյակում Լ. Թ.-ի գլուխկոտրուկները (նրա եռանդը հաշվի առնելով) այնքան էլ շատ չեն։ Սողոմոն Թեհլերյան և Գևորգ Չաուշ։ Աջափնյակը, համակարգված անճաշակության մեջ խորասուզված, շահում է բնապահպանական և դաստիարակչական առումով։ Ղառղառներն ու առնետները շրջանցում են համայնքը։ Իսկ ամենաերեսառած երեխային կերակրելու կամ փողոցից կտրելու համար բավական է հինգ րոպե դեմ առ դեմ կանգնեցնել նշյալ արձանների առջև։ Ի դեպ, այս մեթոդը բավականին հաջող կիրառվում է Էրեբունի համայնքում, ուր Լ. Թ.-ն ժամանակին տեղակայել է Արգիշտի արքայի ձիարձանը։
Մի խոսքով, ժողովրդավարության հանդեպ մեր հարգանքն արտահայտելով, առաջարկում ենք 2011-ին բնապահպանական և կրթադաստիարակչական նպատակով հանրապետության անխտիր բոլոր գյուղերում և քաղաքներում տեղադրել մեկական թոքմաջյանակեղանք։
Իսկ քիչ լուրջ ուղղակի պաղատագին աղերսում եմ մեր մշակութասեր վարչապետին` չեղյալ համարել ՀՀ կառավարության 1999-ի օգոստոսի 31-ի թիվ 556 չարաբաստիկ որոշումը, ինչի համաձայն «ՀՀ համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ»։ Աշխարհում (նաև Անգլիայում) ընդունված է գեղարվեստական խորհուրդ ասվածը։ Հեղինակավոր մասնագետներից կազմված սույն հանձնախումբը բուն քննարկումներից հետո ընտրում է լավագույն տարբերակը։ Արդյունքում շահում են քաղաքը, հասարակությունը, հեղինակը։ (Իհարկե, նայած ինչ հեղինակ:)
Երկրի անկախացմամբ գեղարվեստի խորհուրդներին փոխարինում են մարզպետներն ու մյուս իշխանիկները։ Արդյունքում բուռն ընդվզումների տեղիք են տվել վերջին քսան տարիներին տեղակայված գրեթե բոլոր արձաններն ու կոթողները։ Ի դեպ, պարոն Թոքմաջյանը ոչ պակաս շանսեր ունի հաղթելու գեղխորհրդի մրցույթներում։ Ի վերջո, ժամանակին մի երկու սիրուն բան, այնուամենայնիվ, քանդակել է։ Զորօրինակ Անուշն ու Սարոն` Թումանյանի անվան զբոսայգում (Աջափնյակ համայնք), Տոլստոյը` համանուն դպրոցի բակում (Արաբկիր համայնք)։
Մի խոսքով, վերականգնենք գեղարվեստի խորհուրդները և ազատագրենք հայոց իշխանավորներին բարոյական բռնաճնշումներից։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍ, ԱՇԽԱՐՀ ՀԱՅԱՍՏԱՆ
Ժամանակն է, որ մենք ընդունենք` ժողովրդավարության Օազիս ենք և դեմոկրատիայի Ավետյաց երկիր։
ՈՒ մինչ Եվրոպան, ազատագրվելով գործադուլների ցնցումներից, սառչում-փայտանում է, ու մինչ Ալիև Իլհամը շարունակում է իր քաղաքական պորտապարը միջազգային քլաբներում, երկիր հայրենին բարոյահոգևոր հոգնայի է ենթարկում Երկիր Մոլորակը։
Եվ ահա, Հյուսիսային պողոտայի մի խումբ բողոքավոր բնակիչներ, որոնց տներն օտարելով, էլիտար ավտոտնակի գնով կերտեցին դարի պողոտան, հընթացս գրոհում են պետական ատյանների դուռն ու դարպասը` արդարություն պահանջելով։
Սակայն պետությունը, կներեք, ձեզ համար ոչ կթու կով է, ոչ էլ մատաղացու ուլ։ Է, ժամանակին չկնքեիք պայմանագիրը։
Է՜հ, 2000-ի ժամանակներ ու բարքեր։ Քաղաքապետն ու կադաստրի աչալուրջ տղերքը քաղաք ներկրեցին երեք վագոն արդար յուղ, բո՜լ-բո՜լ յուղեցին Լալայանց փողոցի ու հարակից նրբանցքի բնակիչների գանգատուփերը և ջրի գնով սաղացրին պայմանագիրը։ Է, որ դուք հորթի միամտություն ունեք, էլի մե՞նք ենք մեղավոր։
Իսկ ժողովրդավարությունը ծփում է և թավալ տալիս քաղաքապետարանից ՄԱԿ-ի գրասենյակ ու, հոգնած-դադրած չինովնիկական միանգամայն օրինավոր բլդուղներից, հանգրվանում է նախագահականի շեմին։ Բայց դե, գիտեք, էլի, երկրում հայոց ժողովրդավարություն է։ Եվ ահա երկրիս ոստիկանները հընթացս շոյում-փաղաքշում են ցուցարարներին, պատշաճ հարգանք հանդես բերում նրանց սահմանադրական իրավունքների հանդեպ ու արգելափակում հակասահմանադրական ընդվզումները։ Այսպես, նախագահականի առջև շարք բռնած ժողովրդավար-ցուցարարներին քշել են Բաղրամյանի հանդիպակաց մայթը և յուրաքանչյուր ցուցարարի բռնակցել երկուական ոստիկան։
Եվ մեր լճիցլճյան առաջարկը։ Բողոքավորներին ներառել «Ժողովրդավարության կարմիր գրքում»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Վերջին պահին միտք հղացանք նոր Կարմիր գիրք ստեղծելու` «Պայթուցիկների զոհերն ու զոռբաները» անվանակարգում։ Չարաճճի լեզվանիների լրատվության համաձայն` հանրապետություն են ներկրվել մեծ քանակությամբ պայթուցիկներ` Ամանորին պայթյունավտանգ զվարճանքով ժողովրդին խումհարաթող անելու նպատակով։ Անշուշտ, նաև գերշահույթներ ապահովելու հեռանկարով։ Սակայն այս տարի դաժանորեն ընդդիմանալու ենք չարաբաստիկ այդ համերգին։ Մասնավորապես, պայթուցիկներ ի հայտ կգան բոլոր այն պաշտոնյաների ամանորյա տորթերում, իշլի քյուֆթայում և պասուց տոլմայում, որոնց հանցավոր անփութության պատճառով, Երևանի էլիտար կենտրոնից զատ, դիվադադար են լինելու մեծից փոքր, լուսաբացից մայրամուտ։ Ահա պատասխանատուների ցանկը։ Մաքսային ծառայության սպասավորներ, Երևանի քաղաքապետ և վարչական շրջանի ղեկապետեր։ Նաև` առևտրի վարչության և բաժինների պետեր։ Նաև` հանրապետության սույն զարհուրելի ֆինանսների նախարարության ծառայողներ, որոնք ժամանակին լիցենզիայով վավերացրել են տեսականու առևտուրը և, անշուշտ, ոստիկանության սպաներ և շարքայիններ։ Կրկնում եմ` պայթուցիկները վտանգում են հանրության բարոյականը։ Նաև` առողջականը։ Այսպես, 2009-2010-ի սահմանագծին խլացավ 114 քաղաքացի 15-րդ թաղամասում, Յոնջալախում և Թայչարուխ գյուղում։
Կենդանաբանական այգում ժամանակից շուտ ծննդաբերեց օրանգուտանգ Նելլին։ Եվ լույս աշխարհ բերեց համասեռամոլ մի աքաղաղ։ Մի խոսքով` բոլորս ընդդեմ պայթուցիկների, 10 հազար դրամանոց բաստուրմայի և ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահի ինքնախարազանման. «Եթե Դուք կարծում եք, թե իշխող կուսակցությունը միտումնավոր նպաստում է առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների բարձրացմանը, ապա սխալվում եք»։ Նրան էլ դեպի Կարմիր գիրք։

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ