ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ստեփանակերտի կարգավիճակը կարող են վճռել Մոսկվան ու Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության

Ստեփանակերտի կարգավիճակը կարող են վճռել Մոսկվան ու Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության
14.12.2020 | 10:46

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ հասկացություն արդեն գոյություն չունի»:

Նա կրկնել է՝ ինչ ասել էր Իլհամ Ալիևը ժողովրդին իր ուղերձում, որտեղ հայտարարել էր, որ ղարաբաղյան կոնֆլիկտը վերջնականապես կարգավորվել է, «Այժմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ չկա», «Լեռնային Ղարաբաղում ապրողները Ադրբեջանի քաղաքացիներ են»: Պաշտոնական տեսակետից չես առարկի: Ռուսաստանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական հեռուստատեսությանը իր հայտնի հայտարարությունում նշել էր, որ նույնիսկ Հայաստանն է հրաժարվել ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, որ նշանակում է. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Բայց Հաջիևի հայտարարությունը հետաքրքիր է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի նախօրեին հնչած լինելը: Ալիևի հետ հանդիպմանը Ֆրանսայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարեց, որ խումբը Բաքու է եկել Ադրբեջանի ղեկավարության հրավերով, այլապես այցը չէր կայանա, խումբը նաև «հասկանում է կատարվող իրադարձությունների նոր օրակարգը և կարող է առաջարկել գործողությունների իր ծրագիրը»: Ալիևը կոշտ առարկել է. «Ես չեմ հրավիրել Մինսկի խմբին: Բայց երբ ինձ հաղորդեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես ասացի. «Թող գան, ես չեմ առարկում: Գուցե նրանք ասելիք ունեն»: Իսկ ի՞նչ կարող ենք նրանք ասել»:


Լեռնային Ղարաբաղի պատերազմի հրադադարի եռակողմ համաձայնությունը Բաքվի, Երևանի ու Մոսկվայի միջև սկզբունքորեն փոխել է իրավիճակը տարածաշրջանում, շարքից հանել է կոնֆլիկտի կարգավորման Մինսկի խմբի բոլոր նախորդ տեսական մշակումները: «Հայաստանը երբեք դա կամավոր չէր ստորագրի,-ճշտել է Ալիևը:-Մենք ենք նրանց ստիպել, ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը: Դա է իրականությունը: Եթե չլինեին նախագահ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, այսօր, հավանաբար, այլ իրավիճակ կլիներ»: Իսկ այսպես՝ «Կոնֆլիկտն արդեն պատմություն է դարձել»:

Նաև՝ «Մենք պարզապես տեսակետներ ենք փոխանակել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ի՞նչ երկրներ կարող են ներկայացնել: Պետք է լինեն հարևա՞ն երկրները, թե՞ համանախագահ երկրները: Տեսակետները տաբեր էին: Անձամբ ես երբեք իմ կարծիքը չեմ հայտնել, որովհետ ասել եմ, որ դեռ վաղ է: Նախ մենք պետք է կարգավորենք կոնֆլիկտը: Մենք երբեք չենք առարկել խաղաղապահների դեմ: Մենք ասել ենք՝ այո, թող խաղաղապահները գան և որոշակի ժամանակ պահպանեն քաղաքացիական անձանց, հայերին ու ադրբեջանցիներին: Դա էլ կատարվում է: Այս պահին խաղաղապահ գործողություններն իրականացնում է Ռուսաստանը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են»: Ճիշտ է՝ ոչ բոլորն են համարում, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ավարտվել է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որ իբրև հյուր մասնակցում էր Բաքվի ռազմական շքերթին, հայտարարել է. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև այս տարածաշրջանի շուրջ կոնֆլիկտը չի ավարտվել»: Նրա խոսքով՝ պայքարը քաղաքական ու ռազմական առումով կշարունակվի նաև շատ այլ ճակատներով: Խոսքը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին է: Էրդողանն ակնարկել է Երևանում «ռևանշի ուժերի» իշխանության գալը, որ ինչպես գտնում է թուրքական Duvar-ը, «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում», առաջին հերթին մատնացույց անելով Ֆրանսիան, որի խորհրդարանը ուշացումով, բայց ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Բայց, իհարկե, դա կախված է և Փաշինյանի վարչակարգից, և այն շրջանակներից, որ նրան կպաշտոնանկեն,-ճշտել է Ալիևը:-Գտնում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղիղ մեսիջ հղի Հայաստանին»: Կա և այլ տարբերակ: Առաջ Լեռնային Ղարաբաղում հայ սուբէթնոսի անվտանգության երաշխավորը Հայաստանն էր, հիմա փաստացի այդ առաքելությունը փոխանցված է Ռուսաստանին: Որոշակի հանգամանքներում Մոսկվան ու Բաքուն կարող են երկկողմ, գուցե նաև ներառելով Ստեփանակերտի իշխանություններին, խնդիը լուծել առանց Երևանի մասնակցության: Առավելևս ոչ Լեռնային Ղարաբաղի հետ հաղորդակցության հնարավորություններ են բացվում Ադրբեջանի տարածքով: Ստեփանակերտի կարգավիճակի հնարավոր լուծումների մասին դեռ վաղ է խոսել: Բայց անվիճելի է, որ նրանք սովորական չեն լինելու և մեծ կախում ունեն տարածաշրջանում, ընդ որում, ոչ միայն Անդրկովկասում, իրադարձությունների հետագա զարգացումից:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Ալիևը, իհարկե, իրեն համարում է հաղթող, և կանխավ իմանալով, որ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առաջարկները պաշտպանելու են հայկական կողմին, իսկզբանե հայտարարել է՝ դուք անկոչ հյուր եք, ես ձեզ չեմ հրավիրել: Որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջարկները հայամետ են, վկայում է նաև ԵԱՀ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի բացակայությունը տարածաշրջան այցից: Մոսկվան ևս ակնհայտորեն համարում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ այլևս չկա, չկա նաև Մինսկի խմբի գոյության անհրաժեշտություն, թեպետ հրապարակավ հայտարարում է, որ Մինսկի խմբի շրջանակներից դուրս չեն եկել Մոսկվայի միջնորդական գործողությունները: Իրականում ոչ միայն դուրս են եկել, այլև հակասում են: Մոսկվան Լավրովի պլանը վերածեց Պուտինի պլանի՝ հանձնվեցին ոչ միայն ազատագրված շրջանները, այլև՝ Շուշին ու Հադրութը: Եվ հիմա արվում է համատեղ հաջորդ քայլը՝ ոչ միայն չի ճանաչվում Արցախի թուրք-ադրբեջանական օկուպացիան, այլև մնացած տարածքի կարգավիճակի հարցը համարվում է ռուս-ադրբեջանական, իմա՝ թուրքական օրակարգ: Ու բոլորովին պատահական չէ, որ հենց 2 համանախագահների Բաքու այցելելու օրը Թուրքիայի հատուկջոկատայինների աջակցությամբ Ադրբեջանը՝ հակառակ եռակողմ հայտարարության, հարձակվեց Հադրութից մնացած գյուղերի վրա: Վստահաբար՝ առանց ՌԴ նախագահին կամ ՊՆ նախարարին տեղեկացման՝ ու համաձայնության, դա չէր արվի, պատահական չէ, որ խաղաղապահների հրամանատարն էլ Արցախում չէր: Ու երեկ Նիկոլ Փաշինյանը արդեն Անվտանգության խորհրդի նիստում խոսում էր Կուբատլուի ու Զանգելանի խնդիրների մասին, որոնց լուծումները հարցեր կարող են առաջացնել: Բոլոր հարցերը հանգում են մեկ հարցի՝ ինչպես կասեցնել թուրքադրբեջանական շարունակվող հարձակումները Արցախում ու առաջխաղացումը Հայաստանում, եթե ռուսները չեն համարում, որ դա իրենց գործն է, թեպետ միջազգայնորեն ստանձնել են խաղաղապահ առաքելություն ու դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությանը խաղաղապահ առաքելությանը, կամ համարում են, բայց՝ տարածքային փոխհատուցման դիմաց: Իսկ հայկական բանակը կամ կաշկանդված է քաղաքական որոշումներով, կամ՝ ի վիճակի չէ դիմագրավել թշնամուն: Ու այս համապատկերի վրա, մեղմ ասած, տարակույսներ է հարուցում Վազգեն Մանուկյանի կոչը, որ մի կողմից արձանագրում է. «Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը», մյուս կողմից համարում է, որ «Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ»: Հիմա կամ՝ կաթվածահար են, կամ՝ անտարբեր են, կամ կանխամտածված թույլ չեն տալիս: Կաթվածահարն ու կանխամտածված թույլ չտվողը, առավելևս անտարբերը, խիստ հակասում են միմյանց: Հիմա ո՞րն են: Առավելևս՝ անիմաստ է՝ այդ կաթվածահար, անտարբեր ու կանխամտածվածներին կոչ անել երկրի ու ժողովրդի անվտանգություն ապահովել, անհրաժեշը որոշումներ ընդունել, և այլն, և այլն: Եթե Վազգեն Մանուկյանը հետագայում էլ պիտի գա ու կոչեր անի, իրավիճակ չի փոխվելու: Դա հասկանալու համար պետք չէ Սողոմոն իմաստուն լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 13338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ