ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՏԵՎՏՈՆՅԱՆ և ԹՈՒՐԱՆՅԱՆ ՍԱԼԵՐԻ ԿՑՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ՏԵՎՏՈՆՅԱՆ և ԹՈՒՐԱՆՅԱՆ ՍԱԼԵՐԻ ԿՑՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
29.10.2010 | 00:00

Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը ձգտում են ստեղծել «եվրոպական մեծ դաշինք», որը կոչված է ոչ այնքան ուժեղացնելու եվրոպական աշխարհաքաղաքական «բևեռը»` ի հակակշիռ ԱՄՆ-ի, որքան լուծելու տնտեսական և աշխարհատնտեսական շատ խնդիրներ, ներառյալ էներգետիկ, ներդրումային և ռեգիոնալ խնդիրները։ Եվրոպայի երեք առաջատար պետությունները հասկանում են, որ «Մեծ Եվրոպայի» առջև անվտանգության ոլորտում ծառացել են մի շարք լուրջ խնդիրներ, և իրենք ի վիճակի չեն լուծելու դրանք առանց ավելի սերտ համագործակցության։ Հակառակ քաղաքական «արխայիկայի», ԱՄՆ-ն ամենևին էլ բացասաբար չի վերաբերվում Ռուսաստանի մասնակցությամբ եվրոպական այդ դաշինքի ստեղծման նախագծին, եթե այդ երկրները ձգտեն լուծել համընդհանուր անվտանգության հարցեր և ակտիվանան Մերձավոր Արևելքի, Կենտրոնական ու Հարավային Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև չինական ուղղությամբ։ Այդ դաշինքի առջև ծառացած է նաև մի նոր խնդիր` Թուրքիայի խնդիրը, ինչը միավորում է եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Խնդիրներից մեկն էլ, այսպես թե այնպես, նոր, չճանաչված պետությունների նկատմամբ վերաբերմունքն է։
Ալբանական Կոսովոյի ինքնիշխանության ճանաչումից ի վեր տեղի ունեցած շատ իրադարձություններից հետո հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը միանգամայն սխալ դիրքորոշում է ունեցել Բալկաններում։ Բանն այն չէ, որ Ռուսաստանը ո՛չ տասը տարի առաջ, ո՛չ էլ հիմա անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ չունի այդ տարածաշրջանում ավելի վստահ քաղաքականություն վարելու համար։ Ռուսաստանի քաղաքականությունը շատ «հնաբույր» է եղել և առնչվել է այն պետություններին, որոնց ավանդաբար համարել է իր դաշնակիցները, ինչն արդի պայմաններում միանգամայն անհեթեթ է և անիմաստ։
Ռուսաստանի դիրքորոշումը Ալբանական Կոսովոյի քաղաքական հեռանկարի առնչությամբ անսպասելի չէր։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը պետք է արձագանքեր այն գործընթացին, որ կանխորոշված էր աշխարհի ամենահզոր քաղաքական խմբավորման` ամերիկա-բրիտանական գործակցության աշխարհաքաղաքական շահերով։ Բալկանյան համընդհանուր ճգնաժամի ծավալման հենց սկզբից, ուր ներառված էին բոլոր առաջատար պետություններն ու ուժի կենտրոնները, պարզ դարձավ, որ Բալկանները կդառնա ֆրանս-գերմանական բլոկի ու ԱՄՆ-ի աջակցությամբ Վատիկանի դեմ Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ պայքարի ասպարեզ։ Այդ պայքարում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ իսլամական միջազգային կազմակերպությունները չկարողացան վճռական տեղ գրավել։ Հերթական անգամ համաշխարհային փորձագիտական ընկերակցությանը չհաջողվեց ըստ արժանվույն գնահատել բրիտանական ու գերմանական աշխարհաքաղաքական հավակնությունները։
Ռուսաստանը բալկանյան ճգնաժամը դիմավորեց կիսափլուզման վիճակում և չեչենական պատերազմի մեջ։ Հաշվի առնելով, որ «բալկանյան» և «կովկասյան» նախագծերի հեղինակները միևնույն քաղաքական գործիչներն էին, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի իներցիա և հերթականություն ունեին այդ և դրա ուղեկից ճգնաժամերը։ Բայց բալկանյան ճգնաժամի ծավալման ժամանակ Ռուսաստանի գլխավոր պրոբլեմն արտաքին քաղաքականության նախագծման գրագետ քաղաքական գործիչների բացակայությունն էր։ Հայրենասիրական վերելքի գագաթնակետը դարձավ ինքնաթիռի պտույտը Ատլանտիկայի երկնքում, և չի կարելի այդ կրկեսային հնարքներն անցած-գնացած համարել։ Քանի դեռ ողջ է Եվգենի Պրիմակովը, հնարավոր է Ռուսաստանի ցանկացած դաշնակցի հանձնում։
Ռուսաստանը, որ ջանում է հարձակման անցնել արտաքին քաղաքական ամբողջ ճակատով, Կոսովոյի հարցում, ըստ էության, ավարտին է հասցնում տանուլ տված գործը։ Անհնար է հնարել ավելի «պրիմակովյան» մի բան, քան այն դիրքորոշումը, որ արտահայտեց Ռուսաստանն իր բռնած դիրքով։ Կոսովոյի խնդիրն ունի իր անհատական քաղաքական տրամաբանությունն ու նախագծային ապահովումը, ինչը Ռուսաստանին թույլ չի տա օգտվել աշխարհաքաղաքականության այդ կցույթից։ Ալբանական Կոսովոն, որպես անկախ պետություն, կճանաչվի, և Ռուսաստանը վերստին կհայտնվի երկիմաստ վիճակում։ Նշելով իր դիրքորոշումը Կոսովոյի առնչությամբ` Ռուսաստանը ձգտում է համախմբվել մայրցամաքային Եվրոպայի պետությունների հետ, որոնք անսքող կերպով կասկածի են ենթարկում այդ նախագծի նպատակահարմարությունը։ Եվրոպացիները չափազանց վախենում են իրադարձությունների նման զարգացումից` ապագա խնդիրների հնարավոր առաջացումից։ Դժվար չէ հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի իրար հաջորդող բանաձևերը, որոնք շատ են հիշեցնում Ղարաբաղի առնչությամբ ԽՄԿԿ կենտկոմի և քաղբյուրոյի որոշումները։ Թե ինչ վախճան ունեցան մոսկովյան այդ կազմակերպությունները` հայտնի է։ Եվրոպացիներն ամեն գնով ձգտում են պահպանել տարածքային ամբողջականության գաղութային սկզբունքը։ Հետաքրքրություն է ներկայացնում ղարաբաղյան խնդրի առնչությամբ եվրախորհրդարանի վերջին որոշումը, որը ներառում է «տարածքային ամբողջականության» և «ազգային փոքրամասնությունների իրավունքների» մասին ձևակերպումներ։
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը։ Ամերիկացիները, որ իրենց սվինների ծայրերին ազատություն բերեցին Կոսովոյի ալբաններին, հայտնվեցին երկիմաստ վիճակում։ Նրանք հասկանում են, որ առանց Կոսովոյին անկախություն տրամադրելու իրենք ստիպված են լինելու հավերժաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Եվրոպացիներին կբավարարեր ցանկացած հերթական հակամարտություն, միայն թե անկախացման վերաբերյալ ատելի որոշում չընդունվեր։ ԱՄՆ-ը հարկադրված էր խուսանավել քաղաքական իրողության և եվրոպական «ատելության» միջև։ ԱՄՆ-ը վաղուց էր պատրաստ ճանաչելու ոչ միայն Կոսովոյի, այլև Հյուսիսային Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եթե եվրոպական քաղաքական գիտակցության կաթվածահար վիճակը չլիներ։ Տվյալ պայմաններում Ռուսաստանը, վճռելով դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, առաջ քաշեց չճանաչված պետությունների անկախության ճանաչման ունիվերսալության թեզիսը։
Ռուսաստանը Սերբիան համարում է իր դաշնակիցը։ Բայց Ռուսաստանը նման դաշնակից չունի, ինչպես դաշնակիցների թվում չէ Բուլղարիան։ Սերբերի դաշնակցային բոլոր պատրանքները սպառվեցին 20-21-րդ դարերի սահմանագծին։ Առիթ եմ ունեցել Սերբիայում և Կոսովոյում լինելու այդ ժողովուրդների համար ամենածանր օրերին և կարող եմ գնահատել տրամադրություններն ու հայացքները Ռուսաստանի հանդեպ։ Պետք է ասել, որ սերբ հանրության շրջանում միշտ էլ ուժեղ են եղել ոչ միայն ռուսամետ, այլև ֆրանսամետ ու բրիտանամետ տրամադրությունները։ Ռուսաստանը 19-րդ դարում շատ թանկ վճարեց Բալկաններում և Կովկասում դաշնակիցներ ձեռք բերելու դիմաց, բայց, հավանաբար, նա ստիպված է իր դաշնակիցների բլոկը նորից ձևավորել, ինչը հատուցում կլինի 20-րդ դարում բոլշևիկյան կեղծ ունիվերսալիզմի դիմաց։ Ամենացնցողն այն է, որ Ռուսաստանը որոշել է վերակենդանացնել իր քաղաքական ներկայությունը Բալկաններում և կայունացնել դիրքերը նախկին խորհրդային տարածությունում` Եվրոպայի հետ դաշն կնքելու միջոցով, ընդ որում, ուղղված ԱՄՆ-ի դեմ։ Այստեղ կարող է շփոթ առաջանալ ամերիկյան և բրիտանական քաղաքականության` որպես, իրոք, միասնական բլոկի քաղաքականության, դիտարկման առումով։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն առանձնահատուկ բան է, և նա նույնպես կարող էր Ռուսաստանի գործընկերը դառնալ, եթե վերջինս «բնավորություն ցույց տար»։ Բայց ԱՄՆ-ի քաղաքականությունը տարբերվում է բրիտանականից, այդ թվում նաև` պետական սահմանների և աշխարհաքաղաքական կառուցվածքների հնարավոր լուրջ ճշգրտումների առումով։ Ռուսաստանը չի կարող Արևմուտքում դաշնակիցներ և գործընկերներ գտնելու հույսեր փայփայել` լուծելով աշխարհաքաղաքական հարցեր։ Իրականում Ռուսաստանը բախվել է իր համար սկզբունքային և առանցքային մի խնդրի` արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության և առաջնայնության սկզբունքների միջև ընտրության խնդրին։ Անգամ ԽՍՀՄ-ը չէր կարողանում միանգամայն ունիվերսալ կերպով հավասարակշիռ քաղաքականություն վարել տարածաշրջանային հակամարտությունների առնչությամբ։ Ռուսաստանը հավասարակշռության սկզբունքը պարզապես ի վիճակի չէ կենսագործելու։ ԱՄՆ-ը հրաժարվել է այդ սկզբունքից և միայն շահում է դրանից։ Մեծ Բրիտանիան միշտ «առանձնակի համակրանք» է ունեցել առանձին պետությունների նկատմամբ, իսկ Պալմերսթոնի սկզբունքը «մշտական դաշնակիցների ու շահերի» մասին բրիտանացի ազնվականի կատակ է միայն։ Եթե Ռուսաստանը ձգտում է վերադարձնել իր դիրքերը գոնե նախկին խորհրդային տարածությունում, ապա պետք է հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից և շեշտը դնի հակամարտող կողմերից մեկի վրա` որպես առաջնային գործընկերոջ։ Առնվազն կարելի է վարել բոլոր հակամարտող կողմերի հետ մերձենալու քաղաքականություն` հավատարիմ մնալով կողմերից մեկի հետ առանձնակի հարաբերությունների շրջանակին։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի արդի քաղաքական վերնախավը, ինչպես երբեք, մոտ է արտաքին քաղաքականության մեջ այդ մոտեցման ըմբռնմանը։ Բայց ինչ-որ մեկը, ինչ-որ ամենահաս ձեռք Ռուսաստանը տանում է կեղծ մեծապետականության ուղիով, որը վերջինիս արտաքին քաղաքականությունը քարշ է տալիս դեպի սնանկացում։ Կոսովոյի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը վերաբերում է հենց ռուսական քաղաքականության մեջ եղած այդ մոտեցմանը։
Ռուսաստանը երբեք միայն ռուսներին չի պատկանել, և պատահական չէ, որ տարբեր ժամանակներում Ռուսաստանը առիթ են ունեցել փրկելու շատ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Այժմ Ռուսաստանի քաղաքականությունը հայտնվել է ժամանակավոր մարդկանց և ինքնահավան անբանների ձեռքին, որոնք ողորմություն են ընդունում թե՛ Արևելքից, թե՛ Արևմուտքից։ ՈՒստի ռուսական արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններով շահագրգիռ որոշ ազգեր պետք է միավորվեն` Մոսկվայում բույն դրած այդ վնասակար խմբավորումները վնասազերծելու համար։ Մենք շատ հարվածներ ենք տարել, եկել է պատասխան հարվածի ժամանակը։ Եթե ռուսական քաղաքական դասակարգն իր երկրում հավակնում է նախկին խորհրդային տարածության խնամարկյալի դերին, ապա այդ պետությունների ներկայացուցիչները պետք է իրավունք ունենան ակտիվորեն մասնակցելու Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Սակայն այդ իրավունքին հարկավոր է հասնել, նվաճել և այն ավանդույթ դարձնել։
Եվրոպական միությունն ու մայրցամաքային առաջատար պետությունները` Ֆրանսիան ու Գերմանիան, դեռևս վերանայում են իրենց արտաքին քաղաքականությունը, նրանց հաջողվում է եվրոպական պետությունների մեծամասնությանը և անգամ Մեծ Բրիտանիան ներառել իրենց քաղաքականության և շահերի ոլորտում։ Այդ միտումն արտացոլվում է եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ, որը գոյություն չի ունեցել տասնամյակներ շարունակ։ Գերմանիան վերջապես հաղթահարել է ամոթխածությունն ու քաղաքական ախտանիշը և ձգտում է ձևավորել իր եվրոպական ու գլոբալ քաղաքականությունը։ Ֆրանսիան ու Գերմանիան սկսել են նոր դիրքերի հավակնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում։ Հարաբերություններ են հաստատվում Չինաստանի հետ։ Հեռանկարում միանգամայն հնարավոր է, որ Եվրամիությունն սկսի զբաղվել աշխարհաքաղաքականությամբ։ Դա կնշանակի ձգտել վերակազմավորել պետական սահմանները տարբեր տարածաշրջաններում, քանի որ ժամանակակից աշխարհի կառուցվածքը խոցելի է համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության տեսակետից։ Կան բավականաչափ համոզիչ ազդանշաններ, որ Գերմանիան արդեն ձեռնամուխ է եղել Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում ակտիվ աշխարհաքաղաքական նախագծմանը, ինչը կապված է ոչ միայն Բոսնիայի և Կոսովոյի, այլև Բուլղարիայի, ինչպես նաև այն բանի հետ, որ թույլ չտրվի Թուրքիայի մուտքը Եվրամիություն։ Դա առնչվում է նաև ՈՒկրաինային, որտեղ Գերմանիան ունի երկարաժամկետ աշխարհատնտեսական և քաղաքական շահեր։ Գերմանիային միանգամայն ձեռնտու կլիներ ՈՒկրաինայի երկատման, Եվրոպայում նրա ներկա դրության փոփոխման և, առհասարակ, ամբողջ Արևելյան Եվրոպայում նոր ուրվապատկերի ստեղծման հարցի շուրջ Ռուսաստանի հետ ինչ-որ ստրատեգիական համաձայնությունը։ Նոր ուրվապատկերը պետք է միտված լինի այդ ընդարձակ գոտում ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև ԱՄՆ-ի ազդեցության առավելագույն սահմանափակմանը։ Ֆրանսիան, անտարակույս, կպաշտպանի այդ նախագիծը, թեև Արևելյան Եվրոպայում նրա ունեցած շահերը դեռևս բավականաչափ որոշակիացված չեն։ Ռուսաստանում երկու տեսակետ է ձևավորվել Արևելյան Եվրոպայում Գերմանիայի ապագա դերի առնչությամբ։ Քաղաքագետների մի մասը գուցե փոքր-ինչ ժամանակավրեպ դիրքորոշում ունի այն առումով, որ հնարավոր է եվրասիական ռուս-գերմանական ռազմավարական դաշինք` այլ տերությունների մասնակցությամբ, ընդ որում, նկատի են առնվում Ֆրանսիան ու Ճապոնիան։ Մյուս քաղաքագետները ոչ միայն երկյուղ են արտահայտում, այլև ուղղակի սպառնալիք են տեսնում Ռուսաստանի շահերի ու անվտանգության համար, քանի որ «երկու տեկտոնիկ սալերի` տևտոնյան և թուրանյան, կցումը ռազմավարական հարված կհասցնի Ռուսաստանին»։ Համենայն դեպս, ներկայումս բացահայտորեն տեղի է ունենում Ռուսաստանի ու Գերմանիայի այս կամ այն շահերի զուգորդում, ընդ որում, երկու տերություններն էլ ձգտում են պարզել այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Եվրոպայում Գերմանիայի ու Ռուսաստանի ուժեղացման պարագայում։ Դա Եվրոպայի շահերի վրա հիմնված դաշինքի ստեղծման միայն մեկ, բայց բավականին հիմնարար սյուժե է, որը կարող է հանգեցնել Եվրոպայում, մասամբ նաև Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխման։ Կարելի է ենթադրել, որ կվերականգնվի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նախագծերից մեկը, որ վերաբերում է Թուրքիայի մասնատմանը։ Ինչպես հայտնի է, այդ պակտի թղթապանակներից մեկը ենթադրում էր Թուրքիայի մասնատում և Անատոլիայի տարածքում վեց պետությունների ստեղծում։
Քննարկելով արդի եվրոպական աշխարհաքաղաքականությունը, որպես եվրասիական և ատլանտյան դաշինքների մրցակցություն, որոնք վերջին երկու տասնամյակում կորցրել են իրենց այս կամ այն կողմը, պետք է ուշադրության առնել, որ երկու դաշինքն էլ զուգորդվող շահեր ունեն մի շարք տարածաշրջաններում։ Այդ զուգորդումները հեռու են ավարտուն ձևակերպումից, բայց, ըստ էության, երկուսն էլ համապարփակ բևեռներ են։ Առավել ևս, շահագրգռված են դառնում համաշխարհային նոր ուրվապատկերի ձևավորման գործում, քանի որ ուժերի ներկա հաշվեկշիռը փոխվում է բացահայտորեն ո՛չ հօգուտ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Ռուսաստանի։ Ինչ էլ մոգոնեն ամերիկացիները, եվրոպացիներն ու ռուսները տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության մեջ, անշեղորեն անհրաժեշտություն է առաջանում արմատապես փոխելու պետական սահմանները և ուժերի ստեղծված հարաբերակցությունը։ Ընդ որում, միշտ չէ, որ հնարավոր կլինի նման քաղաքականություն վարել, քանի որ սպառնալիքներն ահագնանում են, և պատմական արժեքավոր ժամանակը կարող է կորչել։ Ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն է ստանում համաշխարհային քաղաքականության մեջ։
Այսպիսով, առաջին փուլում, համենայն դեպս, տեսանելի ապագայում, Ռուսաստանը չի կարող չներքաշվել Եվրոպայի աշխարհաքաղաքական հավակնությունների ոլորտ, և նրա դերը եվրոպական աշխարհաքաղաքականության ձևավորման գործում կարող է դառնալ ոչ միայն նշանակալի, այլև վճռորոշ։ Առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել գերմանա-ֆրանսիական աշխարհաքաղաքականության հաջողությունը, համենայն դեպս, Արևելյան Եվրոպայում, Սև և Կասպից ծովերի ավազաններում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում։ Այդ հսկայական նախագծին կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ը` մեծապես կախված կլինի Մեծ Բրիտանիայի դերից ու հավակնություններից։ Ռուսաստանի դերը կլինի ինքնուրո՞ւյն, թե՞ ենթակայական` որոշակիորեն կախված է այն բանից` որքանով նա կհասկանա, թե իր տնտեսության, մշակույթի, քաղաքականության համար ինչ նշանակություն ունեն բնական-տնտեսական ռեսուրսները։
Աշխարհը պետք է վերակազմակերպել նախկին մոդեռնիստական իմաստով, և սահմանների վերանայումն այդ հեռանկարում կնշանակի մոդեռնի հերքում, որը հանգեցրել է այս արդիական, խոցելի աշխարհակառուցվածքի ստեղծմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ