«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գերտերություններից ամեն մեկն իր հաշվարկն ունի Արցախի հարցում

Գերտերություններից ամեն մեկն իր հաշվարկն ունի Արցախի հարցում
29.08.2023 | 11:55

Ազգային ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը գերտերությունների թույլ տեղն ու միաժամանակ զենքն են, որոնցով նրանք հարվածում են միմյանց։

Չկա մի գերտերություն, որ այս երկու սկզբունքներին առնչվող խնդիր չունենա' իր դեմ կամ իր օգտին։ Հետևաբար, երկու սկզբունքներն էլ հավասարապես կարևոր են բոլորի համար։

Աստված ոչ անի, եթե ձախողվի Արցախի ինքնորոշման պայքարը, դա շղթայական ռեակցիայով կտարածվի այլոց վրա, ինչպես՝

Մերձդնեստրը՝ Մոլդովայի ու ՌԴ-ի միջև,

Աբխազիան ու Հարավային Օսիան՝ Վրաստանի ու ՌԴ-ի միջև,

Ղրիմը՝ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև,

Դոնեցկը՝ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև,

Կոսովոն՝ Սերբիայի ու ԱՄՆ-ի միջև,

Հյուսիսային Կիպրոսը՝ Հունաստանի և Թուրքիայի միջև։

Օրինակները շատ են, որոնցում միշտ կողմերից մեկը մատնանշում է ինքնորոշման, մյուսը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Աշխարհում դեռևս ոչ մի նման հակամարտություն ամբողջությամբ մեկի օգտին չի ավարտվել, քանի որ բոլորն են հասկանում՝ այդպիսի մի օրինակը դոմինոյի էֆեկտով կտարածվի մյուսների վրա, աշխարհում կսկսվի նոր պատերազմների իսկական քաոս, իսկ դա գերտերություններին պետք չէ։

Ես գիտեմ, որ գերտերություններից ամեն մեկն իր հաշվարկն ունի Արցախի հարցում։

ԱՄՆ-ն ուզում է Արցախը ներառել Ադրբեջանի կազմում՝ անորոշ կարգավիճակով ու Բաքվի խիստ սահմանափակ իրավունքներով։ Նպատակը՝ օգտվել Արցախի անսահման մեծ հանքահումքային ռեսուրսներից և միաժամանակ ՌԴ-ն դուրս քշել մեր տարածաշրջանից։ Բացի այդ, ԱՄՆ-ն լավ է հասկանում, որ բռնի ուժով ազգային ինքնորոշման իրավունքի ճնշումը իր նկատմամբ կառաջացնի համաշխարհային անվստահություն՝ մեկ բևեռ լինելու առումով։

Ռուսաստանն ուզում է հնարավորինս երկար հաստատվել ու մնալ Արցախում՝ այդ կերպ միաժամանակ իր ազդեցության տակ պահելով Հայաստանն ու Ադրբեջանը։ Կրեմլին ձեռնտու չէ Արցախի խնդրի արագ լուծում, հետևաբար, ռուսները փորձելու են հնարավորինս երկար կիսատաք-կիսասառը վիճակում պահել խնդիրը։ Բացի այդ, եթե հանկարծ Արցախը հանձնվի Ադրբեջանին, ռուսական զորքը ստիպված դուրս է գալու ոչ միայն Արցախից, այլև՝ ամբողջ Հայաստանից, ինչը ռուսների համար ծանր հարված կլինի տարածաշրջանային առումով։ Դրան կգումարվի նաև Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի ինքնորոշման իրավունքի նվազում՝ միջազգային իրավունքի համատեքստում։

Թուրքիայի համար Արցախի հակամարտությունը լավ միջոց է՝ ազդելու Ռուսաստանի և Հայաստանի վրա։ ՌԴ-ից Թուրքիան տարբեր զիջումներ է կորզում Արցախում ռուս խաղաղապահների մնալու դիմաց, իսկ Հայաստանից ստանում է այն, ինչ ուզում է, այդ թվում՝ շուտով միջանցք։

Իրանին, մեծ հաշվով, հետաքրքիր չէ Արցախը, բայց Թեհրանում լավ են հասկանում, որ եթե հանկարծ ամբողջ Արցախը հանձնվի Ադրբեջանին, հաջորդ հարվածը լինելու է Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի վրա, հետևաբար, որքան երկար տևի այս վիճակը, այնքան՝ հօգուտ Իրանի կայունության։

Էլի երկրների մասին կարելի է խոսել, բայց այսքանը, թերևս, բավարար է՝ հասկանալու, որ մենք ունենք Արցախը պահելու հնարավորություն, պարզապես պիտի կարողանանք տեսնել ապագայի ճանապարհները։

Սա նյարդերի կռիվ է, և կհաղթի նա, ով ավելի ուժեղ նյարդեր ունի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7985

Մեկնաբանություններ