Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ֆրանսթուրքական երջանկությունը և Գերմանիան

Ֆրանսթուրքական երջանկությունը և Գերմանիան
07.07.2012 | 12:24

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրվելուց օրեր առաջ` ապրիլի 24-ին ասել էր, որ հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքի նախագիծ կնախապատրաստվի, նախագահական ընտրություններից երկու ամիս անց Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը արդեն հայտարարում է, որ Ֆրանսիայում չի լինի հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Ինչպես Նիլոկա Սարկոզիի նախագահության օրոք այդ օրինագծի ընդունումը հայոց դիվանագիտության հաղթանակը չէր, այնպես էլ Ֆրանսուա Օլանդի օրոք նոր օրինագծի չներկայացումը հայոց դիվանագիտության պարտությունը չէ: Ֆրանս-թուրքական հարաբերություններում այդ հարցը միշտ էլ եղել է միայն ֆրանս-թուրքական հարաբերությունների հարց, հայերն ու Հայաստանը, ֆրանսահայերը պարզապես «ընթացիկ պահ» են եղել: Այսօր արդեն Թուրքիան վերացրել է տնտեսական, քաղաքական, ռազմական պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ, որ սահմանել էր, երբ հունվարին Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց 2011-ի դեկտեմբերին Ազգային ժողովում ընդունված օրինագծին: Ի նշան ֆրանս-թուրքական հարաբերությունների շրջադարձի` Թուրքիայի արտգործնախարարը հուլիսի 5-ին Փարիզում հանդիպեց իր ֆրանսիացի գործընկերոջը: Օրակարգի հաջորդ հարցը` Ֆրանսիան այլևս չի խոչընդոտում Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Առայժմ Փարիզը խոստումներ չի տալիս: Փարիզում թուրք գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասել է, որ 2008-ին կատարված սահմանադրական փոփոխությունների համաձայն` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը պետք է դրվի հանրաքվեի և վերջին հաշվով որոշումը պետք է ընդունի ժողովուրդը: Նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների մասին ասել էր, որ առաջիկա հինգ տարիներին դա տեղի չի ունենա: Եթե սոցիալիստները այդքան արագ փոխում են տեսակետները մի դեպքում, չի բացառվում, որ վերանայվի նաև այս դիրքորոշումը, առավել ևս, որ ԵՄ 16 երկրների արտաքին գործերի նախարարներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը իրենց դրական վերաբերմունքն էին արտահայտել: Ֆրանսիան այդ երկրների թվում չէր: Առայժմ չէր: Թեպետ այս հարցում Փարիզը շտապելու ոչինչ չունի: Բացի այդ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է համապատասխանի 35 չափանիշների, որոնցից 14-ը անհնար են, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հունական Կիպրոսի ինքնիշխանությունը:
157000 գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան հայոց ցեղասպանությունը ժխտելն անօրինական համարող օրենք ընդունի` օնլայն պլատֆորմում գերմանացիները ասել են, որ գրեթե մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հերքումները պիտի անօրինական համարվեն: Գերմանացիները գտնում են, որ իրենց կանցլեր Անգելա Մերկելը ժամանակի մեծ մասը նվիրում է եվրագոտու ճգնաժամը հաղթահարելուն, բայց կան ավելի հրատապ խնդիրներ` բնապահպանական, կենդանիների պաշտպանության, թեթև թմրանյութերը թույլատրելու, մահմեդականությունը քննադատելու, պատմական իրադարձությունները վերանայելու: «Reuters» գործակալությունը հրապարակել է այս տվյալները` նշելով, որ օնլայն հարցումը կատարվել է կառավարության նախաձեռնությամբ` «Երկխոսություն ապագայի շուրջ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է պարզել, թե գերմանացիները ինչ են մտածում, ինչպես են ուզում բարելավել իրենց կյանքը: Հարցման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը մերժել է հայոց ցեղասպանությունը քրեականացնելու առաջարկը, որը ամենաշատ աջակիցներ էր հավաքել, պատճառաբանելով, որ Թուրքիան Գերմանիայի առանցքային առևտրական գործընկերն է: Սա թերևս միակ հարցն է, որում Գերմանիայի Երկաթե տիկինը համաձայն է Ֆրանսիայի նախագահի հետ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ