Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը

Նոյ Նահապետի և Նոյյան տապանի հայտնությունը
23.07.2013 | 16:34

Եթե համաշխարհային ջրհեղեղի և դրա հետ կապված հնագույն մարդկության մասին աստվածաշնչյան ավանդապատումը մտացածին լիներ` հազարամյակներ շարունակ չէր պահպանվի մարդկանց հիշողության մեջ, չէր գրվի գրքերում, հանրագիտարաններում, այդ մասին կինոնկարներ չէին ստեղծվի, ու Նոյյան տապանը չէին փնտրի Արարատ լեռան լանջերին։ Սակայն կան նաև այդ ջրհեղեղի եղելության ժխտողներ կամ Նոյյան տապանի` այլ տարածքներում (Վրաստան, Ղրղզստան, Ճապոնիա և այլն) հանգրվանելու կարծիքներ։

Ամերիկաբնակ հրեա գրող Այզեկ Ազիմովն իր «Սկզբում» գրքում կասկածի տակ է դնում աստվածաշնչյան ջրհեղեղի առաջացման հնարավորությունը` առաջարկելով օվկիանոսային հզոր ցունամիների վարկածը, որոնք ներկա ժամանակներում էլ տեղի են ունենում ընդջրյա հզոր երկրաշարժերի հետևանքով` ծածկելով ու ավերելով ցամաքների ցածրադիր մասերը։ Նա ենթադրում է, որ հնադարյան այդ ջրհեղեղն առաջացել է աշխարհի հին բնօրրաններից մեկի` Միջագետքի և նրա հարակից շրջաններ ներխուժած ցունամիի հետևանքով։ Բայց դա կարող էր զուտ տեղական բնույթ ունենալ, և դժվար է պատկերացնել, թե ցունամին կարող էր այնքան հզոր լինել, որ Հնդկական օվկիանոսից Պարսից ծոցով ավելի քան 3000 կմ անցնելով հասներ Հայկական բարձրավանդակ, իսկ Նոյյան տապանն էլ իր պարզունակ կառուցվածքով` փոթորկվող ալիքների վրայով բարեհաջող հանգրվաներ Արարատ լեռան լանջին։
Նույն կերպ անհավանական է նաև Ատլանտյան օվկիանոսից կամ Միջերկրական ծովից դեպի Արարատ հասած ցունամիի վարկածը, դրա հետ կապելով նաև Ատլանտիդա կոչվող երկրի կամ քաղաքի կործանումը։
Ոմանք էլ ջրհեղեղի եղելությունը կապում են երկրագնդի կլիմայի գլոբալ փոփոխությունների կամ էլ երկրագնդի վրա որևէ տիեզերական խոշոր մարմնի անկման հետ, որն ուժեղ ցնցում առաջացնելով` գետերի, ծովերի և օվկիանոսների ջրային զանգվածները միաժամանակ դուրս է հանել ափերից և հեղեղել ցամաքները։
Համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան ավանդապատումն էլ իր հավաստիացումն ունի, քանի որ, ինչպես ասվում է, 40 օր ու գիշեր տեղացած անձրևներն ու ձնհալները կարող էին համատարած ջրհեղեղներ առաջացնել երկրագնդի վրա և, մարդիկ ու կենդանիները ջրհեղեղից ոչնչանային կամ էլ, զրկվելով սննդից ու ջերմությունից, կործանվեին։ Մեր ժամանակներում էլ մի քանի օր տեղացող անձրևներից ողողվում են ու ավերվում բազմաթիվ բնակավայրեր` մեծ վնասներ պատճառելով մարդկանց։ Իսկ ովքեր հավատում են, թե ջրհեղեղն Աստծո կամքով է եղել, որ նա որոշել էր այդպիսով կործանել բազմաթիվ ախտերով իրեն վարկաբեկած մարդկային հասարակությունը, փրկելով միայն բարեպաշտ Նոյին և նրա ընտանիքին, դա արդեն կախված է նրանց զուտ հոգեբանական և գիտատրամաբանական ընկալումից։
Նոյի ու Նոյյան տապանի իրական կամ երևակայական պատմությունն էլ մարդկության սերնդի փրկության ու նրա շարունակական զարգացման աստվածաշնչյան մարդասիրական գաղափարի արտահայտությունն է։ Այդ տեսակետից էլ համաշխարհային ջրհեղեղի ավանդապատումը շատերի համար ավելի է ընդունելի։ Չնայած այդ բոլորին, հայտնի չէ և մինչև հիմա պարզ չէ ու ոչ մի տեղ չի խոսվում, թե ո՞վ է եղել Նոյը և որտեղից է սկսել իր պատմական նավարկությունը։ Հիշատակվում է միայն, որ Աստված ջրհեղեղի մասին նախապես զգուշացրել է Նոյին, որը, հավանաբար, եղել է նավարար և ունեցել է իր նավը` Արարատ լեռան մոտակայքում գտնվող ջրավազաններից մեկում, այսինքն` Վանա լճում, որն ընդամենը 80-90 կմ է հեռու լեռնալանջերից և իր նիշերով, մոտ 1500 մ բարձրությամբ հավասար է մեծ ու փոքր Արարատների միջև բաժանարար հատվածին։ Երկարատև անձրևները, հեղեղելով գետերն ու լճերը, բարձրացրել են նավը, և Նոյն իր ընտանիքը, բազմաթիվ կենդանիների ու սննդի պաշարի հետ, Աստծո կամքով հասցրել է Արարատ լեռը։ Ավելի հեռավոր վայրերից հնագույն ժամանակների նավերով հնարավոր չէր լինի փոթորկվող ալիքների վրայով բարեհաջող նավարկություն կատարել, և դրանից հետևում է, որ Նոյն ապրել է մարդկության հին օջախներից մեկում` Հայկական լեռնաշխարհում, և ջրհեղեղից փրկվելով շարունակել է մնալ այնտեղ` դնելով նոր մարդկային հասարակության հիմքը։ Արարատյան դաշտավայրը եղել է նոր մարդկության բնօրրանը։


Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 55087

Մեկնաբանություններ