Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
18.01.2013 | 13:46

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ
(1881-1934)

Տառապանքների մեջ չկա այլ մխիթարություն, քան նրանց «այն աշխարհի» ֆոնի (ֆր. fond - հիմք) վրա վերաբերվես։ Դա է, ըստ էության, միակ ճիշտ տեսանկյունը։ Եթե գոյություն ունի միայն այս աշխարհը, ապա ամեն ինչ, առանց բացառության, անհեթեթություն է` բաժանումը, հիվանդությունները, անմեղների տանջանքները, մահը։ Այդ ամենն իմաստավորվում է անտեսանելի կյանքի օվկիանոսի լույսի տակ, որը ողողում է մեր երկրային կյանքի կղզյակը։ Ո՞վ չի ճաշակել «այնտեղի» թեթև շունչը` երազներում, աղոթքի պահին։ Երբ մարդն իր մեջ ուժ է գտնում փորձությունը կրելու, փորձություն, որն ուղարկված է Աստծուց, դրանով առաջընթաց մեծ քայլ է կատարում սեփական հոգևոր կյանքում։

Փիլիսոփայել չի նշանակում աստվածաբանել։ «Եթե դու իսկապես աղոթում ես, դու աստվածաբան ես» (սբ. Նեղոս)։ Անհրաժեշտ է ներքին կատարելություն, որպեսզի հասկանաս կատարյալը։

Ի՞նչ է անբավարարվածության անդադար զգացումը` սովորական մեր զգացումը, եթե ոչ խղճի խլացված ձայնը, որը խոսում է մեր մեջ, մեր գիտակցությունից և հաճախ մեր կամքից անկախ, մեր կյանքի ոչ ճիշտ լինելու մասին։ ՈՒ քանի դեռ մենք ապրում ենք հակառակ մեզ տրված լուսավոր օրենքի, այդ ձայնը չի լռի, քանզի դա մեր հոգում հնչող Աստծո ձայնն է։ Եվ հակառակը, լիակատար բավարարվածության, կատարելության և ուրախության հազվագյուտ զգացումը, բերկրանքն է մեր հոգու աստվածային սկզբունքի, որն այդ պահին միանում է ընդհանուր ներդաշնակությանը և աշխարհի աստվածային էությանը։

Ինչո՞ւ յուրաքանչյուր «վայելք», «համեղություն» մեղք է։ Որովհետև վայելելու պահն անձնական ինքնազգացողության սաստկացման պահն է, ու ինչքան ավելի սուր է վայելքը, այնքան խոր է իմ խզումը համընդհանուր ներդաշնակությունից։ Վայելքից ինքնասիրություն, ինքնասիրությունից` ներդաշնակության տարրալուծում, տարրալուծումից` մահ։

«Վտանգավոր է լողալ շորերը հագին, վտանգավոր է և կրքերով ալեկոծվողին հետազոտել աստվածության գաղտնիքները» (սբ. Լեստվիչնիկ), սակայն դա չի նշանակում, որ պետք չէ ընդհանրապես աստվածաբանել (ինչպես մտածում են շատերը), այլ անհրաժեշտ է ազատվել կրքերի ստրկությունից, և այդ ժամանակ մեզ համար մի քիչ կբացվեն «Աստվածության գաղտնիքները»։

Անընդհատ մտածում եմ այս խոսքերի մասին. «Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն, որպես իրենը, ձեզ սիրած կլիներ...» (Հով. 15, 19)։ ՈՒրեմն, ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից։ Ինչո՞ւ բոլոր սրբերը, Քրիստոսին հետևելով, այդպես տառապել են։ Շփումն աշխարհի հետ և խորասուզվելը նրա մեջ ցավ են պատճառում Քրիստոսի հետևորդներին, իսկ ցավ չեն զգում միայն այս աշխարհի մանուկները։ Դա նման է անսխալ քիմիական ռեակցիայի։

Ինչքան էլ մարդն արդար և մաքուր լինի, նրա մեջ գոյություն ունի մեղքի տարերքը, որը չի կարող մտնել Երկնային արքայություն, որը պետք է այրվի, և ահա մեր մեղքերն այրվում են և այրվում` մեր տառապանքների միջով։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ