38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՆՈՐ ԿԱԶՄՈՎ
30.03.2010 | 00:00

Օրերս կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան պետական քառյակը հանդես եկավ համերգով` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակին: Նրա ստեղծագործություններն այս օրերին հնչում են հայաստանյան տարբեր բեմահարթակներում:
Ինչպես ներածական խոսքում նշեց երաժշտագետ, դոցենտ Ծովինար Մովսիսյանը` Էդգար Հովհաննիսյանը թողել է մեծ ժառանգություն` յոթ բալետ («Հավերժական կուռք», «Անտունի», «Սասունցի Դավիթ», «Սուլամիթ»…), իր տեսակի մեջ եզակի երկլեզվանի օպերա («Ճանապարհորդություն դեպի Արզրում»), երեք սիմֆոնիա, կոնցերտներ` տարբեր գործիքների համար, խմբերգեր, ժողովրդական երգերի մշակումներ և այլն: «Չկա մի երաժշտական ժանր, որին անդրադարձած չլինի մեծանուն կոմպոզիտորը,- ասաց նա։- Նրա ստեղծագործության ամենամեծ արժանիքն ավանդականի և արդիականի ներդաշնակ միասնությունն է: Հայկական հոգևոր երգը, միջնադարյան հոգևոր մեղեդայնությունը դրել է իր ստեղծագործության հիմքում` հաղորդելով նոր որակ, նոր բովանդակություն և սիմֆոնիկ ընդհանրացում: Մյուս կողմից` նրա համար մշտապես ուղեցույց, չափանիշ է եղել Կոմիտասը, որի թողած ժառանգությունը կարողացել է ստեղծագործաբար արտացոլել իր գործերում: Էդգար Հովհաննիսյան-կոմպոզիտորի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել նաև նրա ուսուցիչները` Գրիգոր Եղիազարյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը»:
Ստեղծագործական ակտիվ գործունեությանը զուգընթաց կոմպոզիտորը նաև հասարակական, վարչական, կազմակերպչական աշխատանք է տարել, ղեկավարել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, եղել է ՀՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր, միջազգային մանկական հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն:
Էդգար Հովհաննիսյանի առաջին հաջողությունը կապված է Կոմիտասի քառյակի հետ, որի կատարմամբ հնչած դաշնամուրային կվինտետը հեղինակին բերել է միջազգային ճանաչում: Արդեն 1965-ին, քառյակի քառասնամյա հոբելյանի առթիվ, կոմպոզիտորը գրում է երրորդ լարային կվարտետը և նվիրում այն կազմին, որը քառյակին բերել է միջազգային համբավ:
Լրացել է մեծանուն քառյակի 85-ամյակը: Այն հիմնվել և մինչև 1976-ը գործել է Մոսկվայում: Կամերային համույթների համամիութենական մրցույթում հաղթելուց հետո ձեռք է բերել լայն ճանաչում: Տարիների ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է: Հանդես է եկել ավելի քան 70 երկրներում, իրականացրել է բազմաթիվ ձայնագրություններ: Թողարկվել են ձայնասկավառակներ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի առաջատար ֆիրմաների կողմից: Վերջին ձայնասկավառակը լույս է տեսել 2007-ին` VEM ֆիրմայում: Քառյակի ձայնագրությունն ընդգրկվել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված ձայնասկավառակում` թողարկված «Արտէքսպո-2010»-ի շրջանակներում:
Այսօր կոմիտասականները հանդես են գալիս նոր կազմով: Լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի (1-ին ջութակ) քառյակում գործունեության քառասուն տարին: ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ) շուրջ քսան տարի քառյակի հետ է: Վաստակաշատ անդամների կողքին հանդես են գալիս երիտասարդ երաժիշտներ` միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), հանրապետական մրցույթների դափնեկիր Հասմիկ Վարդանյանը (թավջութակ): Լայն լսարանին նրանք նոր կազմով ներկայանում են առաջին անգամ:
Մինչ երևանյան պրեմիերան քառյակի նոր կազմը հանդես է եկել Չարենցավանում և Հրազդանում, մշակույթի նախարարության մարզային ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում համերգներով և վարպետության դասերով հանդես կգա ևս վեց մարզերում:
Հարուստ կենսագրություն, իր պատմությունն ու ուրույն ձեռագիրն ունեցող այս կոլեկտիվը, իհարկե, ունեցել է վայրէջքի ու վերելքի տարիներ։ Ինչպիսի՞ շրջան է հիմա: «Աշխատում ենք, որ վերելք լինի,- ասաց Էդուարդ Թադևոսյանը,- ինչի համար կան նախադրյալներ` փորձի և երիտասարդության համատեղում, և կարծում եմ, որ առաջին համերգը դրա գրավականն էր: Սրահը լեփ-լեցուն էր, հանդիսատեսի հետ շփումը հաջողվեց, ինչը նաև Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ երախտագիտության ու սիրո ապացույցն է»:
Համերգի ընթացքում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի երկու կվարտետները, որոնք նա նվիրել է Կոմիտասի անվան քառյակին, երեկոյի ավարտը եզրափակվեց Կոմիտասի մանրանվագներով:
Բացի այն, որ արվեստագետն ազդակներ է փոխանցում հանդիսատեսին, նաև ինքն է ազդակներ ստանում: Սա է հաջողված համերգի գրավականը, որը ենթադրում է հաճելի սպասում ու նոր հանդիպումներ:
Էդուարդ Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ շուտով մշակույթի նախարարության և Կոմիտասի անվան քառյակի նախաձեռնությամբ տեղի կունենա Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի կատարողների ավանդույթ դարձած հանրապետական մրցույթը: Հուլիսին քառյակը հանդես է գալու մենահամերգով` նվիրված Չայկովսկու հոբելյանին, աշնանը պատրաստվում են նշել Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 90-ամյակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6563

Մեկնաբանություններ