38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒՐԻՇԻՑ ՀԱՓՇՏԱԿԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐՔՈ

ՍԵՓԱԿԱՆ ԴԵՄՔ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՒՐԻՇԻՑ ՀԱՓՇՏԱԿԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐՔՈ
30.09.2011 | 00:00

Երբ Եժի Կավալերովիչի «Յո՞ երթաս», Մարթա Ֆայնսի «Եվգենի Օնեգին», Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմերում հնչում է հայկական դուդուկը, առաջին արձագանքը դրան ազգային հպարտության զգացումն է բոլորիս մեջ: Բայց որքան պատճառաբանված են շատերիս հիասթափությունն ու վրդովմունքը, երբ տիտրերում փնտրում ու չենք գտնում որևէ հղում, որը հուշի, թե հնչում է հայկական ազգային երաժշտություն, կամ նշվի կատարողի անունը:
Առավել անհանդուրժելի ու անըմբռնելի է այն երևույթը, երբ հայկական դուդուկի հնչյունները թևածում են մուսուլմանական միջավայր և պորտապարային դրվագներ ներկայացնող ինչ-որ անարժեք սերիալում, որի վերնագիրը` «Նռան համը», արդեն իսկ ոտնձգություն է հայկական արժեքների ու խորհրդանիշների դեմ: Այն ամենաուղղակի աղերս է ենթադրում հանճարեղ Փարաջանովի «Նռան գույնի» հետ: Իսկ Հայաստանի ու ամենայն հայկականի հետ որևէ կերպ չառնչվող անհայտ-անիրական «Ջանզուր» երկրի պատմությունը հայկական ազգային մեղեդիների ու այս դեպքում արդեն խոշորատառ տիտրերով հիշատակվող Ջիվան Գասպարյանի դուդուկի մենանվագի ուղեկցությամբ ներկայացնելն ուղղակի բարոյական մեծ հարված է մեր ազգային ինքնությանն ու մշակույթին: Ավելին, տափաստանային այդ արաբական երկիրը հորջորջվում է իբրև նռան խորհրդանիշը կրող երկիր, մի բան, որ գոնե ֆիլմի ստեղծագործական խմբում ընդգրկված հայազգիները (Ջիվան Գասպարյան, բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ Նոնա Աղաջանովա, «Ջանզուր» սաունդտրեկի հեղինակ Հմայակ Մորյան, դերասանուհի Արմինե Վարդանյան, գուցե նաև այլք) չպիտի հանդուրժեին, եթե նրանց ազգային արժանապատվությունն իսպառ չի տարրալուծվել այս կամ այն պատվիրատուի վճարած հոնորարների ամենակուլ հորձանուտում:
Մեզ համար բնավ զարմանալի կամ անսպասելի չէ, երբ անարժեք ինչ-որ նախագծի վարկանիշը բարձրացնելու նպատակով դրանում ընդգրկում են հնչեղ անուններ, ինչպիսիք են նույն Ջիվան Գասպարյանը կամ դերասաններ Ռեգիմանտաս Ադոմայտիսը, Իվար Կալնինշը: Բայց եթե վերջին երկուսի դեպքում դա ընդամենը լավ վճարվող աշխատանք է, ապա ի՞նչ է վարպետ Ջիվանի ու ֆիլմի աշխատանքներին մասնակցած մեր մյուս հայրենակիցների համար:
Կարծում եմ, որ սա ընդամենը էժանագին ոտնձգություն է հայկական ինքնության և մշակութային ժառանգության դեմ, և սրա մասին պետք է լրջորեն խորհեն ու գործնական քայլեր ձեռնարկեն մեր պետական համապատասխան կառույցները:
Ֆիլմն ինքնին անարժեք է ու չստացված: Այս կարծիքը ոչ թե միայն իմն է, ոչ թե հայի ազգային արժանապատվության վիրավորանքի պարզունակ դրսևորում է, այլ իրողություն է, որի մասին վկայում են ֆիլմը դիտած բազմաթիվ ոչ հայ հեռուստադիտողների մեկնաբանությունները ինտերնետային կայքերում: Մեջբերեմ դրանցից ընդամենը երկուսը: «Ահա և վերջ, ֆիլմն ավարտվեց. համակ հիասթափություն»: «Սոսկալի սերիալ է: Դերասանները կարծես մանկությունից լինեն: Ամեն բան ինչ-որ անբնական է, շինծու: Գլխավոր հերոսուհին չռում է աչքերը: Դե՜, այլ կերպ չես կոչի: Մի խոսքով, ես մի կերպ երկու սերիա դիմացա»: Ասեմ, որ ես դիմացել եմ ընդամենը 15-20 րոպե, այն էլ` հայկական երաժշտության հետ կապված դիտարկումներս ճշգրտելու համար:
Ի՞նչ ասեմ, հավանաբար, այս ֆիլմը կարող է բավարարել միայն հորինված «Ջանզուրի», «ջանզուրցիների» և մի քանի դեգրադացված հայերի ճաշակը, որը մեծ հաշվով ոչինչ է իր չափանիշների մեջ և կոչված է ընդամենը բորբոքելու անառողջ կրքեր: Համենայն դեպս, սեփական դեմք և մշակույթ ունեցող որևէ երկիր (լինի դա քրիստոնեական, թե մուսուլմանական) հազիվ թե համաձայնի իր պատմությունը ներկայացնելու ուրիշից հափշտակած խորհրդանիշների ներքո: Գոնե ես` իբրև բազմադարյան մշակույթ և պատմություն ունեցող հայ ազգի ներկայացուցիչ, ինձ լավ չէի զգա, եթե իմ երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացվեր մուղամային կլկլոցների և կիսամերկ պորտապարերի հոլովույթում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ