ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Օբաման կվերադարձնի՞ պարտքերը «ճանապարհային քարտեզի» դիմաց

Օբաման կվերադարձնի՞ պարտքերը «ճանապարհային քարտեզի» դիմաց
01.05.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ ԿՈՂՔԻՑ
Հանրապետության, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, մեծ իրարանցում է առաջացրել մեր երկրի քաղաքական շրջանակներում:
Անհանգստացնող է այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ, շտապում են կտրուկ գնահատականներ տալ` կատարվածը որակելով որպես դավաճանություն իշխանությունների կողմից մեր ազգային շահերին, ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր համազգային ջանքերին, դրանով իսկ փորձելով էժանագին քաղաքական դիվիդենդներ վաստակել սպասվող ընտրություններից առաջ: Մասնավորապես, շահարկվում է այն հանգամանքը, որ հայտարարությունը ստորագրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից` Ապրիլի 24-ից ընդամենը երկու օր առաջ: Ճշմարիտ է, իհարկե, որ այս առումով հայտարարությունը, մեղմ ասած, ժամանակավրեպ էր: Սակայն սա հարցի բարոյական կողմն է միայն: Իսկ ամենակարևորն այն է, որ հայտարարությունը նախորդեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` հայ համայնքին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձին` պատրվակ դառնալով նրա կողմից «ցեղասպանություն» բառը չօգտագործվելու համար: Օբաման հնարավորություն ստացավ արդարանալու, ասելով, թե սպասված բառը չի արտաբերել, որպեսզի չվնասի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին: Այն, ինչից մենք զգուշանում էինք, և ինչն առաջ բերեց քաղաքական ուժերի արդարացի դժգոհությունը: Այսպիսով, արձանագրենք, որ հայտարարությունն օգնեց Օբամային փրկելու իր իմիջը` «ցեղասպանություն» տերմինը չգործածելու պարագայում:
Սակայն մեզ համար կարևորը ոչ թե դա է, այլ այն, թե որքանով այդ հայտարարությունը նպաստեց, որ Օբաման «կարողանա» չգործածել «ցեղասպանություն» բառը:
Անվիճելի է, որ մինչ այդ հայտարարությունը ոչ ոք վստահ չէր, որ Օբաման կարտաբերի այդ բառը, և հիմա էլ ոչ մեկը չի կարող պնդել, թե ԱՄՆ-ի նախագահն այն կգործածեր, եթե «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունը չլիներ, մանավանդ Թուրքիա այցելելուց հետո, որտեղ ցեղասպանության մասին այդքան խոսելուց և հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը վերահաստատելուց հետո անգամ, միևնույն է, չօգտագործեց այդ բառեզրը:
Ոմանք կարող են հակադարձել. լավ, եղբայր, ենթադրենք` դուք ճիշտ եք, և այս հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդել Օբամայի վրա, թեև նա, միևնույն է, մեկ այլ պատճառաբանությամբ նույն կերպ կվարվեր: Սակայն ինչո՞ւ ճանապարհային քարտեզը «գծվեց» հենց ապրիլի 24-ի նախօրեին, ինչո՞ւ ոչ 25-ին կամ 26-ին:
Լավ, եկեք մտածենք միասին:
Որպեսզի որևէ քայլ գնահատենք, պետք է համեմատենք ոչ միայն արված քայլի օգուտներն ու վնասները, այլ նաև այդ քայլը չանելու դեպքում սպասվող օգուտներն ու վնասները: Որպեսզի քայլը գնահատենք որպես վնասակար, անհրաժեշտ է, որ համեմատենք արված քայլի վնասակար հետևանքները այն վնասակար հետևանքների հետ, որոնք կլինեին քայլը չանելու դեպքում: Այս պարզագույն բանաձևը գրեթե միշտ մոռացվում է բոլորի կողմից: Եվ այսպես, ինչո՞ւ հենց Ապրիլի 24-ի նախօրեին: Բոլորովին էլ պետք չէ խելացի լինել հասկանալու համար, որ հայտարարության օրվա ընտրությունը (բովանդակության մասին առայժմ չխոսենք) մեզ պարտադրվել է Եվրամիության, Ռուսաստանի և հատկապես ԱՄՆ-ի կողմից (հիշենք ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աննախադեպ հաճախակի զանգերը մեր նախագահին): Օբաման չէր կարող նեղացնել Թուրքիային, որովհետև Իրաքից զորքերի դուրսբերման ճանապարհի խնդիր ունի: Մյուս կողմից` դժվար էր չկատարել նախընտրական խոստումը հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, որովհետև դա մեծ չափով կվնասեր համաշխարհային դրական փոփոխությունների առաջամարտիկի իր իմիջին, որ ձևավորվել է, մասնավորապես, Գուանտանամոյի բանտերի վերացման և Իրանի հետ երկխոսություն սկսելու նրա խոստումների շնորհիվ: Միակ ելքը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու պատրվակ գտնելն էր, ինչին նա հասավ` «պոկելով» Հայաստանի իշխանություններից «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարության և, հատկապես, դրա հրապարակման օրվա վերաբերյալ համաձայնությունը: Կասկած լինել չի կարող, որ այդ ճնշումներին «քաջաբար» կամ «դաշնակցաբար» դիմադրելը կհանգեցներ է՛լ ավելի դաժան ճնշումների տարբեր ուղղություններով (ցեղասպանության, Արցախի անկախության ճանաչման և այլն):
Այսինքն, ուղեղին մի փոքր «զոռ տալու» պարագայում կարելի է հասկանալ, որ չհամաձայնելու դեպքում մեր վնասներն անհամեմատ մեծ կլինեին, չէին սահմանափակվի միայն «ցեղասպանություն» բառը չարտասանելու փաստով: Ո՞Ւմ հայտնի չէ աշխարհաքաղաքական կենտրոնների երկակի ստանդարտների քաղաքականությունը, և ո՞վ կարող է ասել, թե ինչ կարգի ճնշումներ կգործադրվեին դրանից հետո, հատկապես Ղարաբաղի հարցում: Այնպես որ, ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, ընտրվել է չարյաց փոքրագույնը, այսինքն` կատարվել է ճիշտ քայլ: Եվ պետք չէ իրավիճակի սթափ գնահատումը ներկայացնել որպես դավաճանություն ազգային շահերին, հրաժարում արտաքին քաղաքական կուրսից, ինչպես դաշնակցականներն են թմբկահարում, մանավանդ որ այդ հայտարարությամբ, ըստ էության, դեռևս ոչ մի իրական վնաս չենք կրել և խելացի լինելու դեպքում չենք էլ կրի, այլ ընդհակառակը, կարող ենք օգուտներ քաղել: Սա այն հարցը չէ, որը կարելի է շահարկել և էժանագին քաղաքական դիվիդենդներ շահել: Իրականում հենց դա է այս պահին դավաճանություն ազգային շահերին: Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից` պատճառաբանելով, թե նախագահը շեղվում է մեր երկրի արտաքին քաղաքական կուրսից: Իրականում ապրիլի 22-ի հայտարարությունը դաշնակցության համար ավելի շուտ առիթ էր, ոչ թե պատճառ կոալիցիայից դուրս գալու: Այս քայլով նրանք միանգամից մի քանի խնդիր են լուծում: Իրենց քաղաքական վարկը բարձրացնելու համար հերթական ընտրություններից առաջ ընդունում են ընդդիմադիր կեցվածք, միաժամանակ իրենց մեկնաբանություններով ստվեր գցում նախագահի, հետևաբար նաև ՀՀԿ-ի վարկանիշի վրա։ Բացի այդ, իրենց ազատում են արմատական ընդդիմության և այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացվող մեղադրանքների համար պատասխանատվությունից, որը պետք է կրեին որպես իշխանության մաս: Սա, մեղմ ասած, այնքան էլ բարոյական չէ:
Եթե վերոհիշյալ համաձայնագրից տուժող կողմեր կան, ապա դա հանրապետության նախագահն ու ՀՀԿ-ն են, որովհետև հարցի խեղաթյուրման պատճառով տուժում է հենց նրանց վարկանիշը` մոտեցող ընտրություններից առաջ:
Ակամայից ստացվել է այնպես, որ իր վարկանիշի հաշվին Սերժ Սարգսյանը լավություն է արել Բարաք Օբամային` օգնելով նրան «ջրից չոր դուրս գալ», և այնքան էլ անհավանական չէ, որ Օբաման կարող է այդ պարտքը վերադարձնել` սատարելով ցեղասպանության ճանաչման հարցի լուծմանը, եթե, իհարկե, մենք խելացի գտնվենք, և համատեղելով ջանքերը, ճիշտ ծրագրենք մեր հետագա քայլերը:
Մասնավորապես ամբողջ աշխարհին և Օբամային բոլոր ընդունելի ձևերով և միջոցներով պետք է հասկացնել, որ մեզ համար բոլորովին էլ ընդունելի չեն նրա պատճառաբանությունները թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ այժմ, երբ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման խնդիրներ ենք քննարկում առանց նախապայմանների, որին, ի դեպ, կողմ է արտահայտվել Օբաման, նա, ըստ էության, մեզ նորից հետ է տանում` ցեղասպանության հարցը նորից կապելով մեր և Թուրքիայի միջև բանակցությունների հետագա ընթացքի հետ: Պետք է բացատրել, որ ցեղասպանության ճանաչումն ուղղակիորեն կօգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ եթե Թուրքիան դրանից պետք է նեղանա և դադարեցնի հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը, դա կնշանակի, որ նա անկեղծ չէր իր հայտարարություններում և ուղղակի մի նպատակ էր հետապնդում` ամեն գնով խանգարել Օբամայի և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Եվ այս «բացատրությունները» պետք է անել առանց հապաղելու:
Այս ճանապարհին ընդունելի կլինեն նաև տարբեր քաղաքական ուժերի կողմից իշխանությունների հետ նշված հարցերում անհամաձայնության տարբեր դրսևորումները` միտինգներ, ցույցեր, հայտարարություններ, սակայն մի դեպքում. եթե այդ քայլերն իրենց խորքում ունենան նույն նպատակը` սատար կանգնել հանրապետության նախագահին, նրա թիկունքն ուժեղացնել այս կարևորագույն պահին: Ցանկության դեպքում նման քայլ կարելի է համարել դաշնակցության դուրս գալը կոալիցիայից և արդեն իր իսկ արած հայտարարությունները: Շատ կուզենայի հավատալ, որ դաշնակցությունն իր կուսակցական շահերը հետապնդելուց առաջ հենց այս նպատակն է դրել իր գործողությունների հիմքում: Եթե իրոք այդպես է, «ձեռքի հետ» շահած քաղաքական դիվիդենդները թող հալալ լինեն նրանց:
Այժմ` ավելի կարևոր հարցի մասին:
Ո՞րն է հայտարարության բովանդակությունը, ո՛ր կետը ում ջանքերով է ընդգրկվել, ո՛ր կետով ով ինչ նպատակներ է հետապնդում: Այս և ընդհանրապես «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ մենք բավարար ինֆորմացիա չունենք: Միայն հայտնի է, որ այն ընդամենը ժամանակացույց է, կարճ ասած, կողմերը համաձայնել են քննարկել մի շարք հարցեր, ուստի վաղաժամ և անխոհեմ է աղմուկ բարձրացնելն ու գնահատականներ տալը:
Ոմանք անհանգստացած են, որ այդ քարտեզում ընդգրկված են ցեղասպանության թեմայով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև Կարսի պայմանագրին առնչվող կետեր։ Բնական է ենթադրել, որ այս հարցերը ներառվել են թուրքերի նախաձեռնությամբ: Եթե պատմաբանների հանձնաժողով ստեղծելով Թուրքիան մարտավարական խնդիր է լուծում, այն է` կասեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացի ահագնացող թափը, ապա Կարսի պայմանագրի հարցում հետապնդում է հույժ կարևոր ռազմավարական նպատակներ:
Ակնհայտ է, որ Թուրքիան քաջ գիտակցում է, որ վաղ թե ուշ ինքն էլ է ստիպված լինելու ընդունել ցեղասպանության փաստը և շատ է տագնապած դրա իրավական հետևանքների համար: Դա է պատճառը, որ այսօրվանից մտածում է այդ մասին: Եթե Հայաստանը Կարսի պայմանագիրը ճանաչող որևէ փաստաթուղթ ստորագրի, դրանով իսկ մեկընդմիշտ հրաժարված կլինի հողային պահանջներից: Սա կլինի Թուրքիայի ամենամեծ հաղթանակը և մեր վերջնական պարտությունը: Դրանից հետո Թուրքիան ինքը շահագրգռված կլինի ճանաչել ցեղասպանությունը և բացել սահմանները` Եվրամիություն մտնելու և քաղաքակիրթ երկրի իմիջ ձեռք բերելու համար: Սա իրոք կլինի մեծ դավաճանություն: Սակայն հիմքեր չկան անհանգստանալու, ոչ մեկի մտքով նման բան չի անցնում։ Ընդհակառակը, պետք է մտածել այդ քննարկումներից (ճիշտն ասած, քննարկելու բան չկա մեզ համար, մանավանդ որ 1921 թվականին Հայաստան պետություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, գոյություն չուներ) քաղաքական դիվիդենդներ շահելու մասին։ Առավել ևս, որ Կարսի պայմանագրի հարցի ընդգրկումը ճանապարհային քարտեզի մեջ արդեն նշանակում է, որ Թուրքիան ինքն էլ է ընդունում այդ պայմանագրի անօրինականությունը: Ինչ վերաբերում է պատմաբանների համատեղ հանձնաժողովին, անիմաստ է և անթույլատրելի դրա ստեղծումը: Եթե թուրք պատմաբաններին անկեղծորեն օգնություն է պետք, մերոնք ընդամենը կարող են նշել համապատասխան աղբյուրները տարբեր արխիվներում և գրադարաններում: Թող վերցնեն, ուսումնասիրեն և համարժեք եզրահանգումներ անեն: Բացի այդ, նման հանձնաժողովի ստեղծումը շատ «կզարմացներ» այն երկրներին, որոնք ընդունել և դատապարտել են կամ պատրաստվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Հենց սա է Թուրքիայի նպատակը:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, պետք չէ երկար-բարակ դատողություններ անել` առանց խնդրին իրազեկ լինելու: Առաջին քայլը, որ իշխանությունները պարտավոր են անել, «ճանապարհային քարտեզի» «գաղտնազերծումն» է: Դրանից հետո միայն պետք է մտածենք քարտեզում ներառված հարցերի մասին։ Մտածենք նաև` ինչպես «համոզել» Օբամային` սատար կանգնելու ցեղասպանության ճանաչման գործին, ինչպես խոստացել է։ Մտածենք` ինչպես օգնել հանրապետության նախագահին` վստահ զգալու և դրական հաշվեկշռով դուրս գալու այդ քննարկումներից:
Սա է օրվա խնդիրը, եթե ուզում ենք ազգային գիտակցություն դրսևորել:
Վալերի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2920

Մեկնաբանություններ