ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե Սաակաշվիլին հեռանա, դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ»

«Եթե Սաակաշվիլին հեռանա, դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ»
21.04.2009 | 00:00

«ԱՄՆ-Ի 4-ՐԴ ԲԱԶԱՆ ՏԵՂԱԿԱՅՎԵԼՈՒ Է ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ»
Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները, դրանց առնչվող հնարավոր արտաքին ազդեցությունները մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
-Պարոն Մուրադյան, օրերս Վրաստանում էիք։ Ինչպես հայտնի է, Վրաստանի ընդդիմությունը սկսել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթաց։ Որքանո՞վ է հավանական, որ ընդդիմությունն իսկապես հաջողության կհասնի։
-Սկսենք նրանից, որ ընդդիմության գործողությունների միայն առաջին փուլը կարելի է ավարտված համարել։ Ընդդիմությունն այս պահին կենտրոնացած է ոչ թե գլոբալ քաղաքական հարցերի, այլ բողոքի ակցիաների տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ։ Ըստ այդմ էլ, եթե ամփոփելու լինենք գործողությունների այս առաջին փուլը, վրացական ընդդիմությունն ի սկզբանե անվստահ էր գործում։ Փետրվար ամսից սկսած, երբ «Հանուն Վրաստանի դաշինքի» շրջանակներում կայացվեցին զանգվածային բողոքի գործողությունների անցնելու մասին առաջին որոշումները, ընդդիմությունը, հատկապես նրա ղեկավար վերնախավը, բոլորովին էլ վստահ չէր իր գործողություններում։
Որովհետև Սաակաշվիլու իշխանության ժամանակահատվածում Վրաստանում, այնուհանդերձ, դրական փոփոխություններ եղել են։ Կարգ ու կանոն է հաստատվել վարչական ոլորտում, տնտեսական դաշտում, այլ բնագավառներում, և բնակչության հիմնական դժգոհությունն իշխանությունից այսօր պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով։ Բայց այդ հարցը հիմնավորապես լուծելու համար Վրաստանը չունի բավարար ռեսուրսներ, անհրաժեշտ է երկար ժամանակ։ Այսինքն` որևէ այլ իշխանություն այդ առումով ավելի մեծ ձեռքբերումների չէր հասնի, քան այսօրվա ռեժիմը։
-Բացի այդ, նկատի ունենանք, որ կոռուպցիայի դեմ բավականին հաջողված պայքար կա այս վարչախմբի օրոք։
-Կոռուպցիա Վրաստանում այսօր էլ գոյություն ունի, ոչ փոքր ծավալներով, բայց միաժամանակ այն անհամեմատելի է Շևարդնաձեի ժամանակների հետ։ Այն տարիներին վարչարարություն ընդհանրապես չկար։ Սա նկատի ունենալով` բնակչության զգալի մի զանգված նաև մտածում է, թե արժե՞ արդյոք մասնակցել բողոքի ակցիաներին ու դրանով վտանգել թեկուզ և համեստ, բայց իրական, շոշափելի այն ձեռքբերումներն ու արդյունքները, որոնք առկա են այսօրվա իշխանության գործունեության շնորհիվ։
-ՈՒզում եք ասել, որ վրաց-ռուսական պատերազմի հետևանքներն անգամ չե՞ն ազդում բնակչության տրամադրությունների վրա։
-Նախորդ անգամ, երբ Թբիլիսիում էի, իսկապես այդպես էր։ Գրեթե բոլորը, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, վրաց-ռուսական պատերազմի հետևանքները համարում էին Սաակաշվիլու հեռացման համար ամենակարևոր պատճառը։ Այս անգամ այնպիսի զգացողություն կար, որ այդ պրոբլեմը նախկին սրությամբ չի կարևորվում քաղաքական գործիչների, փորձագիտական շրջանակների և, առհասարակ, հասարակության կողմից։ Այսինքն` այդ հարցը նախկին հրատապությունը չունի, նաև ընդդիմությունը չի փորձում այն դարձնել հասարակական քննարկման առարկա և շոշափել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հետ կապված խնդիրները։ Որովհետև ընդդիմությունն էլ դրանց պատասխանը չունի։ Այդ պատճառով էլ վրաց-ռուսական պատերազմի թեման կորցրել է հասարակական հրատապությունը, ինչը, ի դեպ, շատ հետաքրքիր երևույթ է։
-Ի՞նչ շարունակություն կունենա Սաակաշվիլուն հրաժարեցնելու գործընթացը։
-Ինչպես նշեցի, ընդդիմության գործողությունների առաջին փուլի «պիկն» արդեն անցած է։ Հիմա դադարի պահ է, և գոնե ինձ համար պարզ է մի բան։ Վստահ չեմ, թե Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետները կամ հասարակությունն առհասարակ հրապարակավ երբևէ կխոստովանեն դա, բայց ակնհայտ է, որ Սաակաշվիլին ունի բոլոր ֆորմալ ու փաստացի ռեսուրսներն իշխանությունը պահելու համար։ Իմանալով ԱՄՆ-ից Վրաստանի կախվածությունը, մենք իրականում չենք պատկերացնում, թե որքան մեծ է այն։ Հետևաբար, եթե Սաակաշվիլին հեռանա, ապա դա տեղի կունենա միայն ամերիկացիների ցանկությամբ։
-Իսկ ԱՄՆ-ն այդպիսի ցանկություն ունի՞։
-Վրաստանի ընդդիմության գործողություններն իրականում ծառայում են որպես ֆոն, որպեսզի ամերիկացիները կարողանան այդպիսի որոշում ընդունել։ Իրավիճակն իսկապես բարդ է, որովհետև ԱՄՆ-ի համար այլևս հնարավոր չէ գործընկեր դիտարկել մի մարդու, որը ոչ մի կերպ ներգրավված չէ նաև այլ քաղաքական բեմահարթակներում` եվրասիական, իսլամական և ամենակարևորը` եվրոպական։ Սակայն ամերիկացիները բարդ ընտրության առջև են, որովհետև միաժամանակ հասկացել են` ներկայիս վրացական ընդդիմությունն իրենից ներկայացնում է բոլորովին էլ ոչ միանշանակ կողմնորոշում ունեցող, բազմաշերտ մի համախումբ։ Այնտեղ տարբեր մարդիկ են ընդգրկված, տարբեր քաղաքական ուժեր, մեծ է փոխադարձ անվստահությունն ընդդիմադիր ուժերի միջև, ինչն առավել ցայտուն է դրսևորվում ընդդիմադիր կուսակցությունների միջին օղակների հարաբերություններում։
Ըստ այդմ, կա ոչ անհիմն մտահոգություն, որ այդ խմբավորումն իշխանության գալով չի կարող կառավարել երկիրը։ Այսինքն, բոլորովին էլ միանշանակ չէ, որ ընդդիմության իշխանության գալու պարագայում կարգ ու կանոնը երկրի ներսում կպահպանվի, և ԱՄՆ-ի, առհասարակ, արևմտյան հանրության հետ հաստատված խաղի կանոնները փոփոխության չեն ենթարկվի։ Չկա երաշխիք, որ ընդդիմության իշխանության գալը հետագայում չի հանգեցնի ռազմական, պետական հեղա-շրջման, ինչը նույնպես անհիմն մտավախություն չէ։ Ես տպավորություն ունեմ, որ ամենաիդեալական տարբերակը կլիներ, եթե Սաակաշվիլին հեռանար, սակայն իր պաշտոնում մնար Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։ Նկատի ունենանք, որ Վրաստանում ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համախմբված են ՆԳՆ-ում։ Այդ դեպքում ամերիկացիների համար շատ ավելի հեշտ կլիներ Սաակաշվիլու վերաբերյալ որոշում կայացնելը։ Բայց ընդդիմությունը նույնիսկ տեսականորեն բացառում է Մերաբիշվիլու մնալն իշխանության մեջ։ Եթե ամերիկացիները կարողանային ընդդիմությանը համոզել, որ Մերաբիշվիլին պետք է մնա, միգուցե և Սաակաշվիլու հեռացումը հնարավոր կլիներ։ Բայց սա, իհարկե, շատ ֆանտաստիկ սցենար է։
-Բայց ինչո՞ւ է այդքան կարևոր Մերաբիշվիլու մնալ-չմնալը։
-Որովհետև ԱՄՆ-ի համար պետք է հասկանալի լինի, թե իշխանափոխության գործընթացում և նրանից հետո ով է վերահսկելու իրավիճակը։ ԱՄՆ-ը բոլորովին էլ խաչ չի քաշել Վրաստանի վրա, ովքեր նման մտայնություն ունեն, պարզապես թյուրիմացության մեջ են։ Վրաստանը մնում է ԱՄՆ-ի համար իբրև կարևոր գեոռազմավարական շահերի գոտի։ Այնտեղ նախատեսվում է ամերիկյան ռազմաբազաների տեղակայում։ Սկզբում խոսվում էր երեք բազաների մասին` Փոթիում, Գորիում, Մառնեուլում, այժմ խոսակցություններ կան, որ 4-րդ բազան տեղակայվելու է Ախալքալաքում։ Դրանք լինելու են առաջնային բազավորման հենակետեր, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանը լինի կայուն ու կառավարելի երկիր։ Այսինքն` պրոբլեմը Սաակաշվիլին չէ, այլ այն, որ չկա վստահություն, թե վրացական ներկա ընդդիմությունն իշխանության գալով կկարողանա վերահսկել ու կառավարել իրավիճակը, եթե Սաակաշվիլին և նրա հետ Մերաբիշվիլին հեռանան։ Այսօր գործնականում Վանո Մերաբիշվիլին է վերահսկում իրավիճակը երկրում։
-Ի՞նչն է պատճառը, որ այսօրվա ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիան, ում համարում են Սաակաշվիլու ամենահավանական փոխանորդը, չի փորձում համաձայնության գալ Մերաբիշվիլու հետ, երաշխիքներ տալ, որ նա պաշտոնը կպահպանի իշխանափոխությունից հետո։
-Որովհետև ընդդիմությունը չի ուզում իր գործունեության մեջ հենվել արտաքին ազդակների վրա։ Նրանք փորձում են հրապարակ հանել ներքին խնդիրները և այդ միջոցով հասնել Սաակաշվիլու հեռացմանը։ Առանց այդ էլ պարզ է, որ արտաքին քաղաքականությունն ընդդիմության իշխանության գալու դեպքում մեծ փոփոխության չի ենթարկվի։ Բայց Մերաբիշվիլուն թողնել ՆԳՆ ղեկավարի պաշտոնում կնշանակեր անուղղակիորեն ընդունել, որ գործող իշխանությունը, այսինքն` Սաակաշվիլին, շատ հարցերում ճիշտ քաղաքականություն է վարել։ Այդ դեպքում հեղափոխությունն ինչի՞ համար է։
-Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կկարողանա՞ մինչև տարեվերջ Սաակաշվիլուն հեռացնել իշխանությունից։
-Կարծում եմ, որ Սաակաշվիլին հազիվ թե իշխանության գլուխ մնա մինչև 2013 թվականը։ Պարզապես ամերիկացիները չեն ցանկանում նրան հեռացնել ճգնաժամի պայմաններում։ Մյուս կողմից էլ, ընդդիմության գործողությունները ցույց են տալիս, որ բողոքական զանգվածի ծավալները Վրաստանում այնպիսին չեն, որ հնարավոր լիներ բացառապես այդ լծակով լուծել խնդիրը։ Միլիոնանոց քաղաքում միշտ էլ կարելի է ցույցի հավաքել 150 հազար մարդու։
Այս իրավիճակում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ մեծ նշանակություն ունեն նաև եվրոպացիների հետ կապված ամերիկյան «ֆոբիաները»։ Ռուսաստանի առնչությամբ Վաշինգտոնում մտահոգություններ չունեն։ Այնտեղ շատ լավ գիտակցում են, որ եթե անգամ ռուս-վրացական ներկայիս թշնամական հարաբերություններում տեղի ունենա որոշակի մեղմացում, Վրաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։ Սակայն ամերիկացիներին մտահոգում է Եվրամիության կողմից իրականացվող ճնշումն Արևելյան Եվրոպայում, քանի որ կա վտանգ, թե Վրաստանը կհայտնվի եվրոպական ազդեցության ուղեծրում։ Վրաստանում ակնհայտորեն եվրոպական որոշ նախագծեր իրականացվում են հենց «Հանուն Վրաստանի դաշինքի» կազմում գործող ընդդիմադիրների միջոցով։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ունեն եվրոպական կողմնորոշում։
-Սալոմե Զուրաբիշվիլի՞ն։
-Այո՛, բայց ոչ միայն նա։ Վրաստանի քաղաքական վերնախավը, փորձագիտական հանրությունը հասկացել են, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը լավ է, բայց անհրաժեշտ է ունենալ երկրորդ հենման կետ։ Ինչքան էլ Վրաստանում խոսեն երկրի արևմտյան կողմնորոշման մասին, այդ կողմնորոշումը մինչ օրս եղել է ամերիկամետ։ Այսինքն` Եվրամիության ներգրավմամբ անհրաժեշտ է այդ բացը լրացնել։
-Ճի՞շտ է, թե իբր անցած տարվա օգոստոսին, ռուս-վրացական պատերազմից հետո կարգավորման բանակցությունների ժամանակ Ֆրանսիայի նախագահը խոստացել է Ռուսաստանի նախագահին, որ Սաակաշվիլին ամենամոտ ժամկետում կհեռացվի պաշտոնից։
-Վրացական փորձագետներից շատերն են պնդում, որ Մեդվեդև-Սարկոզի բանակցությունների ժամանակ և կարգավորման հայտնի պլանը ձևավորելիս Ֆրանսիայի նախագահը ռուսներին տվել է այդպիսի խոստում։ Վրացական ընդդիմությունն այս կապակցությամբ բավականին մեծ հույսեր ունի։
-Սակայն Սարկոզին նման խոստում տվել է Ֆրանսիայի՞, Եվրամիությա՞ն, թե՞ ամբողջ Արևմուտքի անունից։
-Դժվար է ասել։ Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը Ջորջ Բուշն էր և, ըստ այդմ, հազիվ թե ամերիկացիները հստակ համաձայնություն տված լինեին այդ նախաձեռնությանը։ Բայց միաժամանակ չմոռանանք, որ 2008-ի օգոստոսին իրավիճակն այնքան լարված էր, որ շփումներն ու խորհրդատվությունները մշտական ու ակտիվ բնույթ ունեին։ Մյուս կողմից էլ, Սարկոզին այդ գործընթացում մենակ չէր և իր թիկունքում ուներ Գերմանիայի միանշանակ աջակցությունը։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն էլ այդ փուլում սպասողական էր։ Լոնդոնը նույնիսկ ստիպված եղավ համաձայնել ֆրանսիացիների ու գերմանացիների հետ, որպեսզի հակամարտությունն ավելի լայն ծավալներ չստանա։ Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան այն ժամանակ դրական դեր խաղաց ամերիկացիներին զսպելու առումով։ Դրա արդյունքում եվրոպացիների քաղաքականության առջև մեծ արգելքներ չդրվեցին։ Իհարկե, ամեն ինչից բացի, Ֆրանսիայի նախագահին էլ անհրաժեշտ էր դրսևորել իրեն իբրև Եվրոպայի ղեկավար, ազդեցիկ ուժային կենտրոնի ներկայացուցիչ և խլել նախաձեռնությունն ամերիկացիներից ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացում։
-Վերջնական ի՞նչ հանգուցալուծում է սպասվում Վրաստանում և ինչպիսի՞ն է այն լինելու։
-Ամերիկացիները Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու քայլին կդիմեն, բայց միայն ավելի հանգիստ իրավիճակում։ Նրանք կսպասեն մինչև իրադրությունը հանդարտվի և գոնե արտաքուստ ստեղծվի այն տպավորությունը, թե ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում անկում է ապրել, և իրավիճակը կայունացել է։ Վաշինգտոնում պարզապես չեն կարող թույլ տալ, որ Սաակաշվիլին իշխանությունից հեռացվի ճգնաժամի փուլում, որովհետև դա կընկալվի իբրև ԱՄՆ-ի քաղաքականության տապալում։ Իհարկե, Սաակաշվիլին ավելի շատ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի գործընկերն էր, Բուշի և Մակքեյնի ընկերը։ Բայց, ինչպես տեսնում ենք, երկրի հեղինակությունն այնքան կարևոր է, որ Բարաք Օբաման էլ չի անտեսում այս հանգամանքը։ Ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ բավականին բարդ է լինելու Սաակաշվիլուն իշխանությունից հեռացնելու գործընթացում իսկապես սահուն անցում ապահովելը, բայց դա անհրաժեշտ է իրենց պետության հեղինակությունը պահպանելու համար։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սաակաշվիլին իշխանության գլուխ չի մնա առանց ԱՄՆ-ի աջակցության։ Վրաստանի ընտրած անկախ արտաքին քաղաքականության ու զարգացման մոդելի արդյունքը սա է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ