ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարծեցյալ մշակույթ կամ պարզապես կեղծավորություն

Կարծեցյալ մշակույթ կամ պարզապես կեղծավորություն
29.05.2009 | 00:00

ԿՈՐՍՏԱԲԵՐ ՈՒՂԻ
ԻՎԱՆ ԻԼՅԻՆ
Ամբողջ ժամանակակից մշակույթը հիմնովին խարխլված է. նրան սպառնում են քայքայումն ու կործանումը։ Պատճառն այն է, որ մշակույթն այդ ստեղծվել ու հիմա էլ կառուցվում է մի կողմ քաշված ու լճացած, անզգայացած սրտով։ Նրան ծնել է ոչ ճիշտ կերտվածքի հոգևոր ակտը, որը տանում է դեպի ամենատհաճ, խեղաթյուրված, ողբերգական կացություն։ Այսօրվա մարդկությունը` և՛ «քրիստոնեական», և՛ հակաքրիստոնեական, պիտի հասկանա ու համոզվի, որ այդ ուղին սխալ է ու դատապարտված, որ առանց սրտի մշակույթը ոչ թե մշակույթ է, այլ տխմար «քաղաքակրթություն», որն առաջացնում է տեխնիկապես «զարգացած», կործանարար, նվաստացնող, տանջալից կյանք։
«Սրտի» նկատմամբ արդի մարդկության քամահրանքը կարելի է բացատրել պատճառների մի ամբողջ շարքով։ Դրա հիմքում ընկած է ստեղծագործական ակտի մասին ոչ ճիշտ պատկերացումը, որը մեկնաբանվում է նյութապես, քանակապես, ձևականորեն ու տեխնիկապես։ Ապրելու համար, որպես մի իր` իրերի մեջ (կամ, ինչը նույնն է, մարմինը` մարմինների մեջ), մարդը, ըստ երևույթին, ոչ մի պահանջ չունի «սրտի», այսինքն` կենդանի և գործունյա սիրո-զգացմունքի` Աստծո, մարդու և յուրաքանչյուր էակի նկատմամբ։ Այդպիսի գոյությունը կարող է ակնհայտորեն բավարարվել առանց այդ անհրաժեշտ ու կարևորագույն զորության. մարդը կարող է հետաքրքրվել միայն ուտելիքով, զգայական հաճույքներով, արտաքին հարմարություններով ու տպավորություններով կամ, վերջապես, բուժումով, առանց ներքաշելու իր սիրտը բոլոր այդ գործերի ու զբաղմունքների մեջ, մնալով սառը, կարծր և ինքնագոհ «երջանիկի» վիճակում։ Նույնպես և մարդը, որն ըմբռնում է ստեղծագործությունը ոչ որակապես, այլ քանակապես և անտարբեր է կյանքի բարոյական, կրոնական, գեղարվեստական և սոցիալական կատարելության հանդեպ, առանձնապես կարիք չունի իր գործերի ու հարաբերությունների մեջ ներդնելու զգացմունքի և սիրո սկզբունքը։ Որովհետև փող դիզելու համար կամքը, խելքը, հաշվարկը, բանսարկությունը, դաժանությունը և ոճրագործությունն ավելի կարևոր են, քան սերը, որը կարող է դառնալ ուղղակի խոչընդոտ այդ գործընթացում։ Ճիշտ այդպես էլ ձևական վերաբերմունքը կյանքի և ստեղծագործության նկատմամբ մարդու համար հեշտացնում է «հաջողության» հասնելու ճանապարհը` գրեթե բոլոր ասպարեզներում։ Իրավունքի ձևական դիտարկումը պահանջում է միայն միտք ու երևակայություն և իրագործելի է առանց խղճի, պատվի, հայրենապաշտության ու կարեկցանքի։ Կրոնի նկատմամբ ձևական վերաբերմունքն այն դարձնում է դատարկ ծիսակատարության և հիշողության զբաղմունք։ Իսկ արվեստի ձևական ըմբռնումն արդեն առաջացրել է այսօրվա մոդեռնիզմը, որը կարիք չի զգում ոչ սրտի, ո՛չ ոգեշնչվածության, ո՛չ էլ առարկայական հայեցության։ Ձևական քաղաքականությունն իշխանության (կամքի) ու կարգապահության գործ է, և արդի տոտալիտար պետությունը դրա ուղղակի ծնունդն է. այդպես է ամեն ինչում` բոլոր մարդկային գործերում ու հարաբերություններում։ Տեխնիկայի վերաբերյալ կարելի է ասել, որ այն նյութապաշտության հենց առանցքակետն է. այստեղ սիրտը, ըստ երևույթին, բոլորովին ոչինչ չունի անելու։ Եվ այսպես, մարդը, բնականաբար և անխուսափելիորեն, տրվում է միամիտ-կենդանական շահամոլությանը, տիրելու և իշխելու տենչանքին և, ի լրումն այդ ամենի, յուրացնում է մարդկային արժանապատվության մասին միանգամայն սխալ ըմբռնումը, որն այնքան բնորոշ է ժամանակակից սերունդներին։ Այսօրվա մարդը, զգալով, որ իրեն սպառնում է չքավորությունն իր զրկանքներով, շլացած կապիտալի կարծեցյալ զորությունից, ձգտում է ինչքան կարելի է շատ կուտակել և հնարավորինս քիչ նեղություն տալ ինքն իրեն։ Շահույթի հետևից ընկած` նա ցանկանում է միայն ստանալ, բայց չի ուզում տալ որևէ բան իր կողմից։ Նա ցանկանում է երկար ապրել ու շատ հաճույքներ ստանալ և այդ պատճառով ձգտում է ազատվել իր զբաղմունքներից` որքան հնարավոր է ձևականորեն, արագ և հեշտ պրծնելով նրանցից, ոչնչով չկապվելով և քիչ ներքաշելով իր զգացմունքներն այդ գործերի մեջ։ Նա հնարավորինս խուսափում է այն ամենից, ինչը կարող է ծանրաբեռնել իրեն, ամեն ինչ համարում է «հարաբերական», «չնչին բան», «անմտություն»... Եվ այդպիսի դիրքը նրա համար դառնում է «պաշտպանական» միջոց ու «խնայողի» սովորություն։ Նրան թվում է, թե կյանքի նկատմամբ այդ մոտեցումն առավելագույնս համապատասխանում է նրա տղամարդկային արժանապատվությանը` «իսկական տղամարդը բանիմաց ու գոռոզ է»։ Նա իր լրջմիտ բանիմացությունն ընկալում է որպես իսկական կենդանի «առարկայականություն»։ Նա չի ապրում զգացմունքով և լուրջ չի վերաբերվում սրտի դրդումներին (բացառություն է արվում միայն սիրահրապույրների համար, այն էլ ոչ միշտ)։ Նա խուսափում է ամեն «սուբյեկտիվ» և «անձնական» բանից, նա սարսափում է ծիծաղելի երևալուց։ Նա ժամանակ չունի «սենտիմենտալ» բաների համար։ Նա ուզում է տպավորություն գործել մարդկանց վրա, իսկ դրա համար հարկավոր է կյանքում լինել անկախ, փքված, բծախնդիր։ Դրա համար նա ձգտում է ընդհանրապես հրաժարվել զգացմունքից։ Նա հանդես է գալիս որպես գործունյա ու սառը մարդ, որը նշանակություն չի տալիս սրտին։
Ահա թե ինչու մեր դարաշրջանի մարդիկ ամաչում են դրական ու բարի զգացմունքներից և չեն տրվում դրանց։ Եվ նրանց բարերարությունն իսկ դառնում է հաշվենկատ գործ` ցուցադրական ու ոչ բարի։ Եվ մարդասիրության մասին նրանց ելույթները հնչում են կեղծ ու մեկնաբանվում են կուսակցականորեն ու երկիմաստ։ Իսկ եթե մարդը չի ապրում սրտով, ոչ մի զարմանալի բան չկա, որ սիրտը խլանում է ու մեռնում, և այդ մահացումը դառնում է ժառանգական, սերնդից սերունդ։ Ընդսմին, մարդիկ չեն էլ նկատում, որ բացասական զգացմունքները (զայրույթ, չարություն, նախանձ, վրեժխնդրություն, խանդ, ագահություն, հպարտություն, դաժանություն) մնում են ու անարգել ծաղկում, առավել ևս, որ նրանք, ըստ երևույթին, ցույց են տալիս մարդկային ուժը։ Նրանք տպավորիչ են մարդկանց մեծամասնության համար, որովհետև մարդու մեջ հայտնաբերում են ուժ, կամք, համառություն և իշխելու տենչ։ Նրանք շրջապատին սկզբում ներշնչում են երկյուղ, իսկ հետո` նաև վախ, նույնիսկ` անարդարացի հարգանք։ Այստեղից էլ այդ ողորմելի տեսարանը. ժամանակակից «կուլտուրական» մարդն ամաչում է իր բարությունից և բոլորովին չի ամաչում իր չարությունից ու ախտավորությունից։
Այսպես ծավալվեց մեր օրերի հիվանդ մշակույթը։ Այն կառուցվել ու ստեղծվել է բարի զգացմունքների անզորության առկայությամբ` բխելով խլացած ու մահացած սրտից։ Եվ նա, ով կզննի այդ առանձնահատուկ հոգևոր վիճակը, անխուսափելիորեն կհանգի հետևյալ եզրակացությանը։ Ժամանակակից մարդը սովորել է ստեղծել իր կյանքը մտքով, կամքով ու մասամբ երևակայությամբ, բացառելով նրանից սրտի բարի դրդումները։ Եվ, վարժվելով դրան, նա չի նկատում, թե ուր է դա տանում, նա չի տեսնում, որ իր ստեղծած մշակույթը, պարզվում է, անաստված է ու ընկել է գռեհկության մեջ, այլասերվում ու մոտենում է խորտակման։ Մտածողությունն առանց սրտի` նույնիսկ ամենախելացի ու ճկուն, մնում է, վերջին հաշվով, անտարբեր։ Նրա համար միևնույն է ինչ ձեռնարկել, ինչ մտածել, ինչն ուսումնասիրել։ Նա դառնում է անզգա, անտարբեր, ռելյատիվիստական (ամեն ինչ պայմանական է` հարաբերական), մեքենայանման, սառը, անպատկառ (ցինիկ), հատկապես` անպատկառ և դրա համար` բնորոշ կարիերիստներին` այն մարդկանց, ովքեր ճարպիկ են, շողոքորթ, գռեհիկ ու ագահ։ Այդպիսի մտածողությունը չի կարողանում ներզգալով թափանցել իր առարկայական բովանդակությունների մեջ, նա չի զննում, զուրկ է ինտուիցիայից, նրա գլխավոր գործելաձևը կյանքի մտային տարրալուծումն է, կարծես կենդանի երևույթների ու էակների մտային «կենդանահերձում»։ Այդ պատճառով նա մնում է վերլուծող. նա գործում է տարրալուծելով և հաճույքով զբաղվում է դատարկ «հնարավորություններով» ու «կառուցվածքներով»։ Դա նրան դարձնում է անառարկայական բառիս իսկական և խոր իմաստով, բայց մարդիկ դա չեն նկատում։ Այստեղից էլ գոյանում է ձևական ու սխոլաստիկ գիտությունը` ձևական իրավաբանությունը, տարրալուծող հոգեբուժությունը, անբովանդակ գեղագիտությունը, վերլուծական բնագիտությունը, պարադոքսային մաթեմատիկան, վերացական ու մեռած բանասիրությունը, դատարկ և անկենդան փիլիսոփայությունը։ Գիտությունը դառնում է մեռած և սին զբաղմունք, իսկ մարդը շարունակում է կրել իր մեջ անհիմն, անսանձ, խաբուսիկ աշխարհայեցություն։
Անսիրտ կամքը` ինչքան էլ անզիջող ու համառ լինի կյանքում, վերջին հաշվով միայն կենդանական ագահության և չար կամայականության արտահայտությունն է։ «Ազատվելով» սիրուց` կամքը դառնում է աննրբանկատ ու անզուսպ, բայց երևակայում է իր մասին, թե ինքը «հզոր» է և «ազատ»։ Իրականում նա անխիղճ, անհողդողդ և մերկապարանոց է։ Հաջողությունը նրա համար ամեն ինչ է, իսկ տանջելն ու սպանելը` հասարակ ու սովորական զբաղմունք։ Դա հոգու չափ էներգիա է։ Նա ամբողջովին ապրում է երկրային կրքերի առօրեականության մեջ։ Դա կամք է, որը ձգտում է միայն տիրելու և իշխելու, և այն հարկավոր է գնահատել ոչ թե որպես հոգևոր ներուժ, այլ որպես բնության վտանգավոր երևույթ։ Դա հենց այն կամքն է, որի համար նպատակն արդարացնում է ցանկացած միջոց։ Դա կամքն է անկուշտ իշխանատենչության, հակահասարակական կապիտալիզմի, կոմունիստական բռնատիրության, իմպերիալիստական պատերազմների։ Այդպիսին է բոլոր կարիերիստների ու բռնապետերի կամքը։ Եվ, վերջապես, սրտից պոկված երևակայությունը, ինչքան էլ պատկերավոր ու շլացնող լինի, մնում է, վերջին հաշվով, անպատասխանատու խաղ և գռեհիկ պչրանք։ Նա երբեք չի ստեղծել իսկական և մեծ արվեստ, նրան երբեք չի հաջողվել տեսնել կյանքի խորությունը և հոգևոր թռիչքի բարձունքները։ Սիրուց զուրկ երևակայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սանձազերծ բնական տենչ, որն անկարող է ստեղծել մշակույթ կամ էլ հնարամիտ ինքնահաճություն է, որը ոչ մի պատկերացում չունի գեղարվեստական կատարելության մասին։ Այդ պատճառով երևակայությունն առանց սիրո հոգի չէ, այլ հոգևորության նենգափոխում։
Նրա «խաղերը» կա՛մ վավաշոտ են ու գռեհիկ, կա՛մ անառարկա և սին։ Այդ երևակայությունը թույլ է տալիս իրեն ամեն ինչ և պատրաստ է ամեն ինչի` մինչև իսկ ամենանողկալի պատվերի, որը թելադրվում է որևէ քաղաքական կամ տնտեսական կոնյունկտուրայի կողմից։ Հենց այդ երևակայությունն էլ` հոգևոր տեսակետից կույր, ձևական ու ռելյատիվիստական, ծնել է արվեստի «մոդեռնիզմն»` իր ամբողջ տարրալուծմամբ, նսեմացմամբ և սրբապղծությամբ։
Դեռ վերջերս թվում էր, որ «անսիրտ» մշակույթի ներկայացուցիչներին երբեք չես ապացուցի այդ ճանապարհի դատապարտված լինելը. նրանք պարզապես չէին ուզում լսել մեր առարկություններն ու մերկացումները։ «Իսկ ինչո՞ւ այդ ուղին պետք է համարել դատապարտված, եթե պատմությունը նախընտրել է հենց դա և իրագործում է այն։ Ամեն ինչ հիանալի զարգանում է, գիտությունը նորանոր հայտնագործություններ է անում, տեխնիկան գնում է առաջ ու ստեղծում չտեսնված բաներ, արդյունաբերությունը ծաղկում է, բժշկությունն ի հայտ է բերում նորանոր ձեռքբերումներ, իրավաբանությունը շտկում է հասկացությունների իր համակարգը, քիմիան և ֆիզիկան կատարում են աշխարհը ցնցող, հնարավոր է նաև` աշխարհը կործանող փորձեր և այլն։ Իսկ ո՞րն է այդ ճանապարհի դատապարտված լինելը»։ Կանգնած լինելով անմիջականորեն կործանման եզրին, մոտեցող համաշխարհային աղետի շեմին, մարդիկ չէին ցանկանում տեսնել, որ դա ոչ թե հաղթական շքերթ է, այլ սահում է անդունդի մեջ, որ ձևականությունը և սանձազերծությունը կործանարար կոորդինատներ են, և որ իշխանատենչությանը տրվում են այնպիսի միջոցներ, որոնցով նա կսկսի չարաշահել հանուն համընդհանուր ստորացման և ստրկացման։
Եվ ահա վերջին տասնամյակների իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ուղին իրապես կորստի է մատնված։ Մարդիկ շուտով կհամոզվեն, որ կարծեցյալ առաջադիմությունն իրականում մշակույթի քայքայումն է։ Իրադարձությունները կստիպեն նրանց վերանայել իրենց երևակայական «ձեռքբերումներն» ու նորոգել իրենց ստեղծագործական ակտը։ Սիրտը և հայեցողությունը, սերն ու ինտուիցիան պետք է վերականգնվեն և ստանան ղեկավարող դեր։
Արտաքին աշխարհի զգացական հետազոտման, իշխանության ձգտող սառն ու կոշտ կամքի հետ պետք է ծաղկի յուրահատուկ սրտի հայեցողություն, որն ազատ կլինի անցյալի նախապաշարումներից, որը չի վարկաբեկվի կեղծ գիտական մտածողությամբ և որը կըմբռնվի ու կիրականանա մշակութային ստեղծագործության մեջ։ Այդ սրտի հայեցությունը կվերածնի ու կթևավորի աշխարհի զգացական հետազոտումը, նա կկապի ու կազնվացնի սառն ու դաժան, իշխանության ձգտող կամքը և ցույց կտա նրան իր բարձրագույն նպատակներն ու խնդիրները։
Մարդը պետք է սկսի այդ նոր հայեցողության ուսուցումը, որը և՛ բնությունը, և՛ մարդուն, և՛ հանդերձյալ աշխարհի բարձրագույն առարկաներն ըմբռնում է սիրով։ Սերը, ըստ Ավետարանի, պետք է դառնա առաջին և հիմնական շարժիչ ուժը և երկրի վրա պիտի ստեղծի նոր մշակույթ։ Մարդը պարտավոր է հասկանալ, որ իր համար սովորական դարձած հարցերը` «իսկ ինձ ի՞նչ օգուտ», կամ «ինչպե՞ս օգտագործեմ տվյալ իրավիճակը ուրիշների դեմ», միայն կենդանուն արժանի հարցեր են, և որ հոգու այդպիսի ուղղվածությունը չի կարող ստեղծել մեծ և կենսունակ հոգևոր մշակույթ։ Մշակույթի ստեղծումը պահանջում է առարկայական նվիրվածություն և հոգևոր անձնազոհություն, այսինքն` սիրտ և սեր։ Դա մեզնից պահանջում է իսկական նպատակի ընտրություն, հավատարմություն, ազատ խիղճ, այսինքն` կրկին սեր և հայեցություն։ Այդ ստեղծագործ սերն ու այդ ստեղծագործ հայեցությունը հնարավոր չէ փոխարինել որևէ բանով` ո՛չ խիստ կարգապահությամբ, ո՛չ պարտքի գաղափարով, ո՛չ հեղինակավոր հրամաններով, ո՛չ պատժի սարսափով։ Քանզի սերը ենթադրում է ազատ ընտրված և սիրված առարկա։ Նա անհատականացնում է բոլոր մարդկային հարաբերությունները և դաստիարակում է իր մեջ առարկայականության մշակույթը, նա ինտուիտիվ է, հայեցողական, հարկադրանքին չենթարկվող և ազատ։ Նա սկիզբ է առնում խղճից և ստեղծագործում` ոգեշնչումից դրդված։
Մինչդեռ պարտականությունը բանական և ձևական կատեգորիա է, իսկ կարգապահությունը գործում է հեղինակության ուժով. նա չի ընտրում իր առարկան ու բավարարվում է արտաքին ճշտապահությամբ։ Իհարկե, եթե սերը բացակայում է, ավելի լավ է պարտականությունը, քան կամայականությունը, և ավելի լավ է կարգապահություն, քան սանձարձակություն։ Բայց ո՛չ պարտքը, ո՛չ էլ կարգապահությունը չեն կարող փոխարինել սիրուն։ Ահա թե ինչու մշակույթն առանց սիրո դատարկ ու մեռած հասկացություն է` կարծեցյալ մշակույթ կամ պարզապես կեղծավորություն։ Եվ այդ ճանապարհը կորստաբեր է։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2392

Մեկնաբանություններ