«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Երևացող կեղտը հավաքում-լցնում են գորգի տակ, տպավորություն ստեղծելով, թե տունը մաքուր է»

«Երևացող կեղտը հավաքում-լցնում են գորգի տակ, տպավորություն ստեղծելով, թե տունը մաքուր է»
22.08.2008 | 00:00

«ՈՉ ՄԻ ՖՈՐՄԱՏՈՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Հայաստանյան քաղաքական կառույցների ներսում վերջին տարիներին աշխուժացած սերնդափոխության գործընթացը, ի վերջո, օրինաչա՞փ երևույթ է, թե՞ արհեստածին։ Այս հարցով սկսեցինք զրույցը Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության` այժմ արդեն նախկին առաջնորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով բոլորովին վերջերս հիմնադրեց նոր քաղաքական կառույց՝ Հայաստանի լիբերալ կուսակցությունը (ՀԼԿ)։
-Կուսակցության լիդերների սերնդափոխության օրինաչափ գործընթաց ես չեմ տեսնում,- փաստեց նա։- Չկա նման բան։ Կա սերնդափոխության իմիտացիայի ոչ բնական, արհեստականորեն հրահրվող շարունակական գործընթաց, որն ավելի է խճճում առանց այդ էլ ոչ այնքան պարզ քաղաքական իրավիճակը։ Ինչ խոսք, սերնդափոխություն կոչվածը շատ կարևոր ու անհրաժեշտ բան է, հատկապես քաղաքական կյանքում, բայց այն պետք է տեղի ունենա համապատասխան զարգացումների թելադրանքով և ճիշտ ժամանակին։ Նման իրավիճակ ես առայժմ չեմ տեսնում, որովհետև եթե ձևավորվում են երիտասարդական կուսակցություններ՝ երիտասարդ առաջնորդներով, դրանք ընդամենը պատեհապաշտներից կազմված գրպանային կուսակցություններ են, որոնք ստեղծվում են իրենց տերերին ծառայելու համար։ Սա է Ձեր հարցին իմ պատասխանը, եթե հարցադրման բովանդակությունը ես ճիշտ հասկացա։
-Այնուամենայնիվ, ի՞նչ կատարվեց Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության հետ։
-Ի սեր Աստծո, չեմ ուզում նորից պատասխանել մի հարցի, որին քանիցս մանրամասն անդրադարձել եմ արդեն։ Կասեմ ընդամենը, որ դա անմարդկային կեղծարարության, դավաճանության խնդիր էր, ինչը բացարձակապես կապ չունի ո՛չ սերնդափոխության, ո՛չ էլ նույնիսկ քաղաքականության հետ։
-Ձեր հիմնադրած ՀԼԿ-ն Ձեր հիմնադրած ՀԱԱԿ-ի հետ գաղափարական, ծրագրային ընդհանրություններ չունի՞։
-Մեր գաղափարախոսությունը, ծրագիրն ու մոտեցումները հիմնականում նույնն են, ուղղակի մեկ-երկու ծրագրային դրույթ ենք ավելացրել, կոնկրետ՝ ավելի հավասարակշիռ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության և ավելի լայն համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Գաղափարախոսությունը դարձյալ մնում է ազատական դաշտում, հիմք ընդունելով այն հիմնարար թեզը, որ եթե կա քաղաքական ազատություն, կա նաև տնտեսական ազատություն և հակառակը, ինչը չի կարող իր հետ չբերել իրական ժողովրդավարություն և առաջընթաց։ Այսինքն, պետության ու ժողովրդի բարեկեցության հիմքը մենք տեսնում ենք ազատության, լիբերալ արժեքների հաստատման մեջ։
-Ի թիվս ընդդիմադիր այլ լիդերների, ՀԼԿ առաջին համաժողովն իր ներկայությամբ պատվեց նաև հանրապետության առաջին նախագահը, ինչը նշանակում էր, որ լիբերալներն անվերապահորեն մաս են կազմելու Հայ ազգային կոնգրեսի։ Այդպե՞ս է։
-Իհարկե։ Մենք այդ մասին հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ Հայաստանի լիբերալ կուսակցությունը հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ Մենք մինչ այդ էլ աջակցում էինք համաժողովրդական շարժմանը և անմիջական լուրջ մասնակցություն ունեինք դրանում, այժմ էլ շարունակում ենք աջակցել Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում՝ բոլոր մյուս կուսակցությունների հետ միասին։ Մենք ՀԱԿ-ի ստեղծողներից մեկն ենք։
-ՀԱԿ-ին զուգընթաց հրապարակի վրա է, այսպես կոչված, «հայրենասիրական ընդդիմության» կամ «երրորդ բևեռի» ձևավորման հարցը, ինչը դիտվում է որպես քոչարյանական «պրոյեկտ», և որին անդամակցելու հայտ է ներկայացրել նաև ոչ վաղ անցյալում Ձեր կողմից ղեկավարվող ՀԱԱԿ-ը։ Կարծում եք` կհաջողվի՞ միս ու արյուն տալ այս «պրոյեկտին», այն դարձնելով Քոչարյանի քաղաքական հենարանն ու ցատկահարթակը՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու ճանապարհին։
-«Երրորդ ուժի» ձևավորումը ես ընդհանրապես անլուրջ եմ համարում, որովհետև դրա հետևում քաղաքական ծիրից դուրս մղված, մշտապես անհաջողակ կուսակցություններ են, որոնք ամեն գնով փորձում են մնալ քաղաքական արենայում, անկախ նրանից, թե որ ուղղությամբ են շաբաթը մեկ դիրքորոշում ու տեսակետ փոխում։ Եվ որքան էլ այս ուժերը պատեհապաշտ լինեն, իրենք էլ շատ լավ հասկանում են, որ քաղաքական դաշտում «երրորդ ուժի» համար իրականում տեղ չկա։ Կա քաղաքական լուրջ ընդդիմություն, և կա այսօրվա այն իշխանությունը, ինչը որ կա։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է ստեղծում «երրորդ ուժ», Սերժ Սարգսյա՞նը, թե՞ մեկ ուրիշը, կարծում եմ՝ դա սոսկ ենթադրությունների մակարդակում է, և նման հետևություններ միշտ էլ կարելի է անել։ Նույն Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ նման անիմաստ գործընթացի մեջ մտնելով և ինչ-որ «երրորդ ուժ» իրեն հենարան դարձնելով՝ քաղաքական դիվիդենդներ բնավ չի շահելու։ Ավելին՝ կորցնելու է եղածն էլ։
-Որևէ այլ «ֆորմատով» Քոչարյանի վերադարձը հնարավոր համարո՞ւմ եք։
-Ոչ մի ֆորմատով էլ Քոչարյանի վերադարձը հնարավոր չեմ համարում։ Յուրաքանչյուր գործիչ ունի իր քաղաքական ակտիվության ժամանակահատվածը, որին հարաբերական դադարն է հաջորդում։ Այս առումով Քոչարյանի վերադարձի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության հարցը կարելի է քննարկել հինգ կամ տասը տարի հետո միայն։ Ընդամենը երեք-չորս ամիս առաջ նա լավ-վատ ավարտեց իր պաշտոնավարումն ու դուրս եկավ քաղաքական արենայից, և այսօր նրա վերադարձի մասին խոսելը կնշանակի Հայաստանում վերջնականապես թաղել քաղաքական կյանքը՝ իր բնականոն զարգացումներով։
-Իսկ Հաագայի դատարա՞նը։ Դա՞ էլ է բնականոն գործընթաց։
-Հաագայի դատարանը, իրոք, գործընթաց է, հատկապես, եթե նկատի ունենանք, թե Հարավային Կովկասում քաղաքական զարգացումներն ինչպիսի արագությամբ և ինչ ուղղությամբ են զարգանում։ Նման դրամատիկ զարգացումների թատերաբեմում ոչինչ չի կարելի բացառել։ Այդ թվում՝ Հաագայի դատարանը։
-Քաղաքական ամառը, որն այս տարի այնքան էլ «մեռյալ» չստացվեց, ուր որ է կավարտվի։ Ինչպիսի՞ աշուն է «հրամցնելու» իշխանություններին արմատական ընդդիմությունը։
-Այս տարվա ամառն իսկապես նախորդներից բավականին տարբեր էր՝ քաղաքական ակտիվության առումով։ Սա ավելորդ անգամ եկավ ապացուցելու, որ երկրում լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Ինչ վերաբերում է աշնանային մարտավարությանը, ապա սեպտեմբերի 5-ին մենք հերթական հզոր հանրահավաքը կկազմակերպենք, և ընդդիմությունը հստակ կներկայացնի իր առաջիկա քայլերը։ Պարզ է, որ երկրում կուտակված բոլոր կնճռոտ խնդիրները լուծում են պահանջում, իսկ այն ճանապարհը, որով իշխանություններն են այսօր ընթանում, այդ լուծումները տանում են միայն փակուղի։ Սա նման է այն տան վիճակին, որի փնթի տերերը երևացող կեղտն անկյուններից հապճեպ հավաքում, լցնում են գորգի տակ, խաբուսիկ տպավորություն ստեղծելով, թե տունը մաքուր է։ Իսկ գորգի տակ տեղ չկա արդեն, և գորգն էլ է կեղտի մեջ կորած։ Թվում էր, թե նոր իշխանությունները կգնան լուրջ բարեփոխումների և կուտակված խնդիրների լուծումները կպարզեն ողջ հասարակության աչքի առջև, սակայն նրանք մոտ չեկան այդ խնդիրներին, քանի որ նախորդ իշխանությունների իրավահաջորդը դարձան։ Այսօր, երբ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ են ծավալվել, և թեժ զարգացումներ են ուրվագծվում, մեր երկրի պետական և ազգային անվտանգության համար թիվ մեկ խնդիր է դարձել լեգիտիմ, ժողովրդավար իշխանությունների ձևավորումը՝ համազգային միասնության ճանապարհով։ Հակառակ դեպքում մենք շատ լուրջ հիմնախնդիրների կբախվենք, ընդհուպ մինչև պետականության կորուստ։ Սա բոլորս պիտի գիտակցենք և, ամենից առաջ, իշխանությունները։ Պիտի գնանք այն ճանապարհով, որ կոչվում է ազգային համաձայնություն, իսկ այդ ճանապարհը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է՝ խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններով։ Այս ճանապարհն է միայն, որ վերջ կդնի բոլոր այն հարցականներին, որոնք կուտակվել են վերջին տասը տարիների ընթացքում։ Սա անհրաժեշտություն է, իսկ արդյունքների մասին ժողովուրդն ինքը կդատի։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 5130

Մեկնաբանություններ