Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ

Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ
08.07.2024 | 08:50

Երկար ընդմիջումից հետո, EURO 2024-ի կիսաեզրափակիչների առիթով, ֆուտբոլային թեմային կանդրադառնամ: Անդրադարձն անում եմ որպես ֆուտբոլասեր, ոչ թե գիտակ: Չնայած, որոշ գիտակների մեկնաբանությունների եմ հանդիպում, որոնց ֆոնին ինձ կարող եմ ֆուտբոլային ստրատեգ համարել: Անցանք առաջ: Սկզբում կարճ անդրադարձ կատարեմ կիսաեզրափակիչ հասած թիմերին:

ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիայի հավաքականը, իմ կարծիքով, այս Եվրոյի մինչ այժմ լավագույն խաղը ցույց տվող թիմն է: Վիլյամսն ու Յամալը լավագույն եզրային խաղացողներն են, թիմային խաղը բարձր մակարդակի վրա է: Մի քիչ հարցեր կան մարզչի որոշումների վերաբերյալ, բայց դրանք սուբյեկտիվ են, որովհետև արդյունքի է հասել:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ

Նիդերլանդներին եթե համեմատենք իրենց իսկ նախկին սերունդների հետ, այս հավաքականն իր ցույց տված խաղով ավելի թույլ է, բայց այդպես լինում է ֆուտբոլում, որ հենց իրենք կարող է հասնեն ավելի մեծ հաջողությունների՝ կրկնելով 1988-ի հզոր հավաքականի հաջողությունը: Կումանը վատ մարզիչ է, բայց Սաութգեյթի ֆոնին կարող են հույս ունենալ, որ ավելի քիչ կփչացնի իր հավաքականի խաղը, քան Սաութգեյթը: Խմբային փուլում առանձնապես չտպավորած Նիդերլանդների հավաքականը իրեն բնորոշ լավ ֆուտբոլ ցուցադրեց Ռումինիայի հետ մրցավեճում: Թուրքիայի հետ վատ խաղացին, բայց, այնուամենայնիվ, հաղթեցին:

ԱՆԳԼԻԱ

Միակ հաղթանակն այս առաջնությունում Անգլիայի հավաքականը տարել է Սերբիայի դեմ խաղում՝ հաղթելով 1-0 հաշվով: Մնացած բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Ինչևէ Անգլիան կիսաեզրափակիչում է չտպավորելով իր խաղով: Անձամբ ես Անգլիային ֆավորիտ չեմ համարել, և ինձ համար անակնկալ չէր իրենց ցուցադրած խաղը:

ՖՐԱՆՍԻԱ

Ինչքան գիտեմ՝ ֆուտբոլի պատմության մեջ երբեք չի եղել, որ որևէ հավաքական, խաղից ոչ մի գոլ չխփելով, հասնի կիսաեզրափակիչ: Ֆրանսիան ընդամենը երեք գոլ է խփել, երկուսը ինքնագոլեր են եղել, մեկը՝ 11-մետրանոց հարված:

Վերջում ավելացնեմ, որ կցանկանամ տեսնել Իսպանիա- Նիդերլանդներ եզրափակիչ խաղ, որը կլինի խաղացող թիմերի հետաքրքիր եզրափակիչ և ֆուտբոլային տոն, բայց ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ: Օրինակ՝ առանց խաղից գոլ խփելու չեմպիոն հռչակվել: Տեսնենք՝ ինչպես կլինի: Ամեն դեպքում անուններով հզոր կիսաեզրափակիչներ են, մաղթում եմ բոլորիս գոլառատ և հարձակողական ֆուտբոլի ականատես լինել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 11091

Մեկնաբանություններ