ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էլի մխիթարություն է

Էլի մխիթարություն է
01.07.2008 | 00:00

ՄԻ´ ՑԱՄԱՔԵՑՐԵՔ ՀՈՒՇԻ ԱՂԲՅՈՒՐԸ
Երբ մենք խոսում ենք մեր ձեռքբերումների և կամ ձախողումների մասին, երկու տեսակ փարիսեցության հետ ենք գործ ունենում հիմնականում: Առաջին դեպքում հայկական չպատճառաբան-ված սնապարծությամբ «դաս ենք տալիս» ամբողջ աշխարհին` հիշելով մեր հինավուրց ավանդույթներն ու մասնավորապես եվրոպացիների «ծառաբնակ լինելը» (էլ չխոսենք համայնքում «միշտ էլ եղած» տնտեսական կարգուկանոնի և կամ առաջին հայկական սահմանադրության մասին), իսկ ահա երկրորդ դեպքում, չգիտես ինչու, անմիջապես երկրի փոքր չափերն ու ռեսուրսներն ենք հիշում, պետական ավանդույթների ու առհասարակ պետության մանուկ լինելը մեջտեղ բերում…
Միչդեռ ահա պարզվում է` երկրի չափերը բոլորովին էլ նշանակություն չունեն հաջողությունների կամ անհաջողությունների համար, իսկ առատ ռեսուրսները (օրինակ` վառելիքային), կարող են ուղղակի անեծք դառնալ տվյալ երկրի ու ժողովրդի համար, ինչը մենք ակնհայտորեն և´ Ադրբեջանում ենք տեսնում, և´ Ռուսաստանում: Դե, ո՞վ չգիտի, որ չլիներ գազը, Ռուսաստանն այսօր չէր կարող պարծենալ ո´չ իր տնտեսական աճով, ո´չ սոցիալական ոլորտում արված «զգալի բարեփոխումներով» (այդ թվում նաև…Աբխազիայում, որի քաղաքացիների կենսաթոշակները, պարզվում է, հենց այդ երկիրն է վճարում): Չլիներ նավթը, արդյո՞ք Ադրբեջանը նույնքան խրոխտ կլիներ, որքան այժմ: Միևնույն ժամանակ` արդյո՞ք նույն չափի կոռուպցիա կլիներ այդ երկրում, ինչպես այժմ: Իհարկե, ոչ:
Հետևաբար, գալով կրկին երկրի փոքր չափերին և փորձելով հիմնավորել վերը նշած մեր այն միտքը, թե երկրի հաջողություններն ու ձախողումները բնավ էլ տվյալ երկրի չափերով չեն պայմանավորված, նկատենք, որ համաձայն «Ֆորբս» հեղինակավոր ամսագրում հրապարակված վերջին վարկանիշային սանդղակի` ամբողջ աշխարհում բիզնեսի համար ամենաբարենպաստ դաշտը ստեղծված է ընդամենը 5-6 մլն բնակչություն ունեցող Դանիայում: Եվ դա այն դեպքում, երբ ողջ մոլորակի բնական պաշարների համարյա 30 տոկոսն ունեցող Ռուսաստանը, օրինակ, այս շարքում ընդամենը 86-րդ տեղն է զբաղեցնում` սույն «պատիվը» կիսելով իրենից առաջ գտնվող Քենիայի և իրենից հետո տեղ զբաղեցրած Նիգերիայի հետ…
Ի դեպ, հարկ է նշել, որ այս վարկանիշը, որոշ փորձագիտական կարծիքների համաձան, բավական չքաղաքականացված է և հիմնականում ստույգ է ներկայացնում իրերի դրությունը: Ընդ որում, դրանում թեպետ մեծ չափով են հաշվի առնվում օտարերկրյա ներդրողների կարծիքները, բայց միայն նրանց տեսակետների հիման վրա չի կազմվում: Սովորաբար, այն հաշվի է առնում նաև տվյալ երկրի հարկային-մաքսային օրենսդրությունն ու վարչարարությունը, վարվող տնտեսական քաղաքականությունն առհասարակ, սղաճի չափը, գործազրկության մակարդակը, ինչպես նաև, որ ամենակարևորն է, մարդու տնտեսական ու անձնական ազատության մակարդակը, որոշումներ ընդունելու և դրանք կյանքի կոչելու նրա հնարավորությունների չափը: Այլ խոսքերով` նաև կոռուպցիոն ռիսկերի մակարդակը:
Եվ ահա փոքրիկ Դանիան, որի տնտեսական աճը, ի տարբերություն մեր երկնիշ տնտեսական աճի, ընդամենը 2 տոկոս է կազմել, իսկ ՀՆԱ-ի աճը` ընդամենը 1,7 տոկոս, կարող է հպարտանալ, որ գլխավորել է այս աղյուսակը` իր հետևում թողնելով կրկին իր չափերով շատ փոքրիկ մի երկրի` 2¬րդ տեղն զբաղեցրած Իռլանդիային (ի դեպ, այս երկրի արձանագրած հաջողությունները հենց միայն ֆինանսական շուկայում իսկական լեգենդ են, իսկ նրանք, ովքեր մի 3 տարի առաջ ներկա էին «Հայէկոնոմ» բանկի կողմից կազմակերպված միջազգային բանկային համաժողովին և լսեցին Իռլանդիայի ներկայացուցչի խոսքը, ով այդ ընթացքում արդեն Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկում էր աշխատում, կարող են հավաստել, որ այս երկիրն առաջին հայացքից անհնար թվացող թռիչք էր գործել բավական կարճ մի ժամանակամիջոցում, ընդ որում` առանց «անցումային շրջանի» մասին պատմող սրտաճմլիկ պատմությունների), 3-րդ տեղն զբաղեցրած Ֆինլանդիային, 4-րդ տեղում հայտնված ԱՄՆ-ին, 5-րդ տեղն զբաղեցրած Մեծ Բրիտանիային: Եթե ներկայացնելու լինենք լավագույն տասնյակը, պիտի ասենք, որ վարկանիշային սանդղակի 6-րդ տեղը «գրավել» է Շվեդիան, 7-րդը` Կանադան, 8-րդը` նորից չափերով փոքր Սինգապուրը (ում փորձը, ի դեպ, ԿԲ նախագահ եղած ժամանակահատվածում խիստ գրավել էր մեր ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով սեմինարներից մեկի ժամանակ երանությամբ պատմում էր, որ այդ երկրում գողության համար մարդու ձեռքն են կտրում…թեմա, որ, փաստորեն, դեռ այն ժամանակ էր «հոգեհարազատ» մեր վարչապետին, ով օրերս ՀՀ-ի թիվ մեկ խնդիրը կաշառակերությունն ու կոռուպցիան, այլ խոսքերով` գողությունը համարեց), 9-րդ տեղը աշխարհի տնտեսական կենտրոններից մեկը` Հոնկոնգը, իսկ 10-րդը ԱՊՀ երկրներից Էստոնիան:
Ի դեպ, քանի որ հիմնականում վարկանիշային սանդղակը կազմելու ընթացքում որոշ ցուցանիշեր վերցվում են տվյալ երկրի Ազգային վիճակագրության ծառայությունից (իսկ մենք գիտենք, թե մեզանում ինչ «փայլուն» տվյալներ կան թե´ «աղքատության հաղթահարման», թե´գործազրկության, թե´ սղաճի, թե´ տնտեսական աճի, թե´ ՀՆԱ-ի աճի ու մնացած ցուցանիշերի հետ կապված…), ստացվել է, ահա, որ Հայաստանը հայտնվել է 63-րդ տեղում` իր հետևում թողնելով և´ Ադրբեջանին, որ 82-րդ տեղն է զբաղեցրել, և´ Վրաստանին, որ 68-րդն է, և´ ՈՒկրաինային, որ 75-րդն է:
Նշենք նաև, որ սանդղակի վերջին` 121-րդ տեղում հայտնվել է Չադը: Ինչպես ասում են` էլի´ մխիթարություն է…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 11988

Մեկնաբանություններ