ՆԱՏՕ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին՝ Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: APA-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության այս պահի վիճակը: «Իրավիճակը շփման գծում անհանգստություն է հարուցում: Դա բարդ իրավիճակ է: Դաշինքը համարում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք սատարում ենք Մինսկի խմբին և հակամարտության կարգավորումը փոխադարձ համաձայնության սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը: