Սիրիայի Ռաքքա քաղաքում անցած երեք օրերին օդային հարվածներից «Իսլամական պետության» առնվազն 33 ահաբեկիչ է սպանվել: Associated Press-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ զինյալները սպանվել են ֆրանսիական և այլ մարտական օդանավերից ԻՊ-ի հսկիչ անցակետերի ռմբակոծություններով: Ենթադրվում է, որ օդային հարվածներից ավելի մեծ թվով զինյալներ են սպանվել, սակայն զոհվածների մարմիններն այնքան խեղված են, որ դժվար է մոտավոր թիվ հայտնել:
«Իսլամական պետություն»-ը այժմ ամրապնդում է իր հռչակած խալիֆաթի մայրաքաղաք Ռաքքան՝ հնարավոր հարձակումներին դիմակայելու համար: Ահաբեկիչները թաքնվում են Ռաքքայի քաղաքացիական շրջաններում և արվարձաններում, արգելում են մարդկանց լքել քաղաքը: