ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրները պետք է ավելի ակտիվ պայքարեն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ «Մենք փորձում ենք ավելին անել, փնտրում ենք ամեն հնարավորություն, որ պայքարենք ԻՊ-ի դեմ, բայց պետք է, որ մյուսները նույնպես մասնակցեն»,- հայտարարել է նա։ Կարտերի խոսքով՝ Փարիզի ողբերգությունը պետք է «ակտիվացման հետևանք» ունենա։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչներն այժմ ամենամեծ վտանգն են ներկայացնում ԱՄՆ-ի համար, թեպետ ԱՄՆ-ում ահաբեկիչների հնարավորություններն ավելի քիչ են, քան Եվրոպայում, քանի որ չկան «վաղեմի ահաբեկչական հակումներով բնակիչներ, ինչպես որոշ եվրոպական երկրներում»։