«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Զենքի և երգի ազատամարտիկը

Զենքի և երգի  ազատամարտիկը
16.10.2015 | 10:44

Սիրելի Ռուբո՝ մեր Արամ, մեր Գրիգորյան Արամ, հետաքրքրությամբ կարդացի բանաստեղծություններիդ ժողովածուն, տպագրված «Արար» հրատարակչությունում, ապա ծանոթացա կենսագրությանդ, կրկին ու կրկին իմ աչքերի առջև բացվեց հայոց հազարամյակների պատմությունը, կրկին ու կրկին ինձ պարզ դարձավ մեր ժողովրդի անմահության առեղծվածը։
Դու, իրոք, Հայկ Նահապետի ժառանգորդներից ես։ Երևի հայրդ՝ վարպետ Մկրտիչը, կռահել է, որ աշխարհ գալով դու պիտի հերոսանաս, լինես ժողովրդիդ ազատության համար մարտնչող զինվոր, ուստի անունդ կնքել է Արամ՝ մեր հայկյան թագավորի անվամբ, Արամ թագավորի, որը հարևան թշնամի Նյուքար Մադեսին բռնել է ու խաչել բերդի ճակատին, որ օտար ոսոխները տեսնեն ու դաս առնեն, չհամարձակվեն ոտք դնել հայոց հողին:
Հիրավի, լինելով հերոսական Սասունի նախնիների շառավիղ, դու ապացուցել ես, որ ժողովուրդը չի սխալվել՝ արարելով «Սասնա ծռեր» էպոսը՝ ինքն իրեն խտացնելով Սասունցի Դավթի կերպարում:
Ես համոզված եմ, որ քո լուսաշող հոգին, միացած արցախյան ազգային-ազատագրական գոյամարտում նահատակված յոթ հազար հայ քաջորդիների հոգիներին, վերևից հսկում է այն սահմանները, որ պաշտպանել եք դուք, որ լսում եք նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի երախտագիտության ու հպարտության ձայնը: Ահա թե ինչու գիրքդ կարդալուց հետո որոշեցի դիմել քեզ, զրուցել հայրաբար, հայտնել իմ կարծիքը քո սրտաբուխ երգերի մասին:
Արամ ջան, աշխարհի բոլոր մեծ արվեստագետները գրել են, որ բանաստեղծ ծնվում են, ոչ թե դառնում: Դու ծնվել ես բանաստեղծի հոգով, այդ են վկայում քո գրած հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք աչքի են ընկնում գաղափարական հագեցվածությամբ ու պատկերավորությամբ: Հենց էն գլխից քեզ համար հավասար հասկացություններ են հայրենիքն ու մայրը: Այդ մղումով ես գրել «Սրտիս խոսքը մորս շիրմին» բանաստեղծությունը, որում ընդգծում ես.
Ա՜խ, ինչ ասեմ, անուշ մայրիկ,
Դու շատ քաղցր ես ինձ համար,
Քեզնից հետո հայրենիքն է
Իմ սրտի մեջ բոցավառ:
Քո այս խոստովանությունը վերացական չէ: Դու դարձել ես բանաստեղծ-զինվոր կամ զինվոր բանաստեղծ: Դու մարտնչել ես մի ձեռքիդ զենք, մյուսում՝ գրիչ: Դա քո էությունն է և, ոչ ոք չէր կարող հետ պահել քո որոշումից: ՈՒստի գրել ես.
Ով ինչ ասի, անուշ մայրիկ,
Ինձ դա հեչ չի տանջելու,
Հողի համար եմ ես ծնվել,
Գնալու եմ կռվելու:
Եվ գնացիր կռվելու ազերի-թուրքերի դեմ, որոնք ձգտում էին հայաթափ անել հայոց տասներորդ նահանգը՝ Արցախ աշխարհը, ապա ներխուժել Հայաստան: Դու, կոփված լինելով ԽՍՀՄ բանակի շարքերում, քո քաջարի ընկերների հետ մեկնեցիր մարտի, մասնակցելով բոլոր ճակատամարտերին՝ Արաքսից մինչև Օմար: Կռվեցիր թուրքերի գրաված մեր պատմական շրջաններում՝ Քելբաջարում՝ մեր հին Քարվաճառում, Լաչինում՝ մեր հին Քաշաթաղում, և այլ տարածքներում: Այդ վճռականությամբ դու դիմեցիր քո սիրած էակին՝ հյուսելով այս պատգամը.
Ես գնում եմ նորից հետ գալու համար,
Գալու քեզ համար, քո սիրո համար,
Դու եղիր միայն իմ սրտին պատվար,
Գնում եմ նորից, գնում Քելբաջար:
Հասուն գրչի, լուսառատ մտքի արտահայտություններ են քո «Մեր մայրերը», «Իմ Անի», «Երբ որ ես եկա քո շիրմաքարին», «Շղթայում», «Սմբատի որդին», «Արաքս գետ» և այլ հյուսվածքներ: Կոնկրետ փաստերի և ռազմական իրադարձությունների հիման վրա ստեղծած քո գեղարվեստական պատկերները մեր ազատագրական նորօրյա պայքարի խոսուն վկայագրեր են: Դու՝ արծվասիրտ զինվորդ, հպարտությամբ ես գրում, որ քո փոքրիկ գյուղի բոլոր երիտասարդները մասնակցեցին նոր պատերազմին, և ցավով նշում, որ նրանցից երեսուներկուսն իրենց գլուխները դրին մեր ժողովրդի ազատության զոհասեղանին՝ «Չվերադարձան»: Միաժամանակ ընդգծում ես, որ Արցախում ընթացող պատերազմը փրկարար կռիվ է, որովհետև Արցախը Հայաստանի դուռն ու դարպասն է: Ազերի-թուրք զինվորին անվանելով վիշապ, դու ինքդ լինելով ազատամարտիկ, քո երգով կոչ ես անում ընկերներիդ՝ նոր ֆիդայիներին, կռվել Արցախի հողի համար, դառնալ «Արցախահողի երդված զինվորներ»:
Արամ ջան, շարունակելով մեր տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Էմինին, դու ևս փառաբանում ես Սասուն աշխարհի պարը: Եվ լավն այն է, որ չես կրկնել նրան, ասել ես քո խոսքը քո հարազատ Բազմաբերդ գյուղի մասին: Դիմելով քո ընկերներին՝ կոչ ես անում.
Պարեք Սասնա պարը նորից,
Դյուցազնական պարը պարեք,
Պարեք, Բազմաբերդի տղերք,
Պարեք պարը մեր պապերի:
Քո հայրենասիրությունը, Արամ ջան, պատմական հորիզոններ է ընդգրկում: Մեր ժողովրդի հանդեպ եռացող քո սերն առնչված է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Գևորգ Մարզպետունու, Գարեգին Նժդեհի սխրանքներին: Դու հպարտանում ես նաև Սայաթ-Նովայի անզուգական երգերով, գեղանկարիչ Այվազովսկու և մյուս հսկաների արվեստով, ու վստահորեն ընդգծում ես, որ նրանց փառքը հավերժ կփայլի մեր ժողովրդի գալիք ճամփաներում:
Բազմալար ու բազմաբնույթ են քո բանաստեղծությունները: Բազմերանգ է աշխարհընկալման քո էությունը: Դրա փայլուն վկայություններն են «Բազմաբերդ», «Աշուն է գալիս», «Մարտի ութ», «Ձյան փաթիլներ», «Գիշեր է պայծառ», «Ամռան գիշեր», «Մեր մայրերը», «Աղբյուր» ստեղծագործությունները: Պատմության ընկալումդ ևս առօրեական հնչողություն ունի: Այդ մասին է խոսում քո «Ա՜խ, Սասունը բոցերի մեջ» քնարական պոեմը, որտեղ խորհուրդ ես տալիս հայ սերունդներին միշտ «զենք ունենալ»:
Իմաստուն խորհուրդներ ու հոգեպարար հույզեր են պարունակում քո երգերը, որոնցից շատ բան ունեն սովորելու նոր սերունդները:
Արամ ջան, հայտնի է, որ Արցախյան պատերազմին մասնակցելուց հետո՝ 1996 թվականից դարձել ես պայմանագրային զինծառայող ու պատվախնդիր մարտիկ, զենքի հետ ու զենքի պես հնչել է քո երգը: Երգում էիր ամենուր, և քո երգը, Արամ ջան, ընդհատվեց 2014-ի օգոստոսի 4-ին Քարվաճառում, թշնամու հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ: Տանը քեզ սպասում էին սիրելի կինդ և երեք մանկահասակ զավակներդ: Երևի կռահում էիր և համոզված էիր, որ առանց զոհի հաղթանակ չի լինում, դիմելով սիրուդ, գրել ես.
Միգուցե այդպես էլ չհանդիպենք,
ՈՒ չհասցնեմ գրկել քեզ նորից,
Բայց դու իմացիր՝ սիրում եմ ես քեզ,
Սերդ իմ սրտում գնում եմ նորից:
Հարազատներիդ և ամբողջ ժողովրդի սերն էր քո սրտում: Նույնչափ ժողովուրդը սիրեց քեզ: Դու հաստատեցիր այն ճշմարտությունը, որ ժողովուրդը ծնում է հերոս որդիներ, իսկ որդիները վերածնում են իրենց ժողովրդին՝ ապահովելով նրա հավերժությունը:
Արամ ջան, խոսքս ուզում եմ ավարտել քեզ նվիրված այս բանաստեղծությամբ.
Բանաստեղծ էիր ու քաջ զինվորյալ,
Մի ձեռքիդ գրիչ, մյուսում՝ թուրն էր,
Նենգ թշնամու դեմ քաջաբար ելար,
Կրծքիդ տակ ցասման անմարում հուրն էր:
Սերունդները քեզ կհիշեն հավերժ,
Կհառնես գալիք մեր հերկերի մեջ,
Կապրես հավիտյան և նոր շարքերում,
Եվ հայրենաշունչ քո երգերի մեջ:


Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
Ջերմուկ

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ