Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122 մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:
Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազդում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: ՈՒստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը: