Ֆրանսիական Slate.fr կայքի լրագրող Անրի Տենկը անդրադարձել է Եմենի եղբայրասպան պատերազմին, որտեղ դեմ առ դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքում միմյանց հետ մրցակցող երկու պետություններ՝ Սաուդյան Արաբիան և Իրանը: Բացի այդ՝ պատերազմը ծավալվում է շիաների ու սունիների հակամարտության հիմքի վրա: Իսլամի երկու ճյուղերի հնամենի ու եղբայրասպան պատերազմը, այլ ոչ թե իսրայելապաղեստինյան կոնֆլիկտն է ձևավորում պատերազմների առանցքն այդ անհանգիստ տարածաշրջանում: Սալաֆիտների և մյուս էքստրեմիստական շարժումների (վահաբիտները Սաուդյան Արաբիայում. «Մուսուլման եղբայրները» Սիրիայում ու Եգիպտոսում) ամրապնդումը 1960-ական թթ. սունիական երկրներում նորից հարուցեց վաղնջական ատելությունը շիայական փոքրամասնության նկատմամբ, որը, ինչպես իրենք են կարծում, հերետիկոսների ու այլակերպների հավաքածու է: Սունիների տագնապը գագաթնակետին հասավ Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ՝ 1979-ին, երբ այաթոլա Համենեին փորձում էր հաստատել իր մոդելն ամբողջ իսլամական աշխարհում: Պարսից ծոցի սպառնալիքն զգացած միապետերը (Արևմուտքի համաձայնությամբ) 1980-ին պաշտպանեցին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ներխուժումն Իրան: Իրան-իրաքյան պատերազմը ձգվեց ութ տարի և մեկ միլիոն մարդու կյանք խլեց: Պարսից ծոցում շիայական փոքրամասնության հասարակական-քաղաքական շահագործումը ավելի սրվեց: Տարածաշրջանային ալյանսների հետագա խաղերն ավելի բարդացրին ուժերի դասավորությունը: Թեպետ Իրանի Իսլամական Հանրապետությանը չհաջողվեց տարածել իր հեղափոխությունը, Իրանը, ի դեմս լիբանանյան «Հըզբոլլահի» (շիաների շարժումը), Սիրիայում իշխող ալավիտների (շիաների մեկ ճյուղը) և Իրաքի շիայական կառավարության գտավ հուսալի դաշնակիցների՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար: Դա կատարվում էր ի վնաս այդ երկրների սունի բնակչության, որը դարձել էր շահագործման օբյեկտ: Այդ խորքային հասարակական անհավասարությունն էլ պատճառ դարձավ Սիրիայում ու Իրաքում ծագած ժողովրդական ապստամբությունների: Թեպետ շիաները տարածաշրջանում փոքրամասնություն են (ամբողջ աշխարհի 1,2 միլիարդ մուսուլմանների 10% -ը), Իրանի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի «շիայական առանցքը» սկսեց գլխավոր դեր խաղալ Մերձավոր Արևելքում պետությունների փոխհարաբերություններում: Շիաները Իրանի բնակչության 98 % են, Բահրեյնի՝ 75 %, Իրաքի՝ 54 %, Լիբանանի՝ 30 %, ԱՄԷ-ի՝ 27 %, Քուվեյթի՝ 25 %, Կատարի՝ 20 %, Սաուդյան Արաբիայի՝ 10 %: Իսլամի երկու գլխավոր ուղղությունների պատերազմից օգտվեց Իսլամական պետությունը: Էքստրեմիստներն օգտագործեցին Սիրիայի ու Իրաքի բնակչության հուսալքությունը՝ նրանց այդ երկրներում սկզբում ընդունում էին իբրև ազատարարների: 2014-ի հուլիսին նրանք հայտարարեցին «իսլամական խալիֆաթի» վերածնունդ (սունիական իսլամի ոսկեդարը), որ անհետացել էր 1924-ին Օսմանյան կայսրության հետ: ԻՊ-ը հռչակեց Սիրիայի ու Իրաքի սահմանների վերացում, որ հաստատվել էին ֆրանսիացի ու բրիտանացի գաղութարարների հետպատերազմյան համաձայնագրերով՝ Մերձավոր Արևելքը բաժանելիս:
Պատերազմ Մուհամեդի ժառանգության համար
Շիաների ու սունիների եղբայրասպան կոնֆլիկտի պատճառները հնարավոր չէ հասկանալ՝ առանց իսլամի պատմության և ժառանգության համար պատերազմի մեջ խորանալու, որը ծավալվեց Մուհամեդ մարգարեի մահից հետո 632-ին, տանուլ տված ճակատամարտերի հիշողության, ռևանշի երազանքների, շիայական հողի արյունով ներկված սրբավայրերի մասին: Պատմաբան Անդրե Միկելն ասում էր՝ շիայականությունը կրքի ու գաղտնիքի կրոն է: «Շիա» արաբերեն նշանակում է հետևորդ: Խոսքը Ալիի հետևորդների մասին է՝ Մուհամեդ Ֆաթիմի զարմիկի և քրոջ ամուսնու, որ մարգարեի մահից հետո հայտարարեց խալիֆաթը գլխավորելու իր իրավունքները: Մուհամեդը չափազանց զբաղված էր ռազմական նվաճումներով և չհասցրեց իր հաջորդին նշանակել: Նրա մահից հետո հավատացյալները սկսեցին միմյանց կոկորդ կրծել իշխանության համար: Ալին ժառանգության բոլորից շատ իրավունքներ ուներ՝ իբրև ամենամոտ արյունակից, սակայն առաջին խալիֆները եղան (պետության տարածքն այն ժամանակ ներկա Սաուդյան Արաբիայից մինչև Եգիպտոս էր ծավալվում) մարգարեի առավել փորձառու համախոհները՝ Աբուն, ՈՒմարը և ՈՒսմանը: Ալին իշխանության եկավ միայն 656-ին՝ Մուհամեդի մահից քառորդ դար անց: Այնուամենայնիվ, նրա գահակալության իրավունքը անմիջապես վիճարկեց Դամասկոսի կառավարիչ Մուաբիան՝ մեղադրելով Ալիին ու իր կողմնակիցներին երրորդ խալիֆ ՈՒսմանի սպանության մեջ: Պայքարի չորս տարիներից հետո Մուաբիան կարողացավ Ալիին հաղթել և իրեն հռչակեց խալիֆ: Նա դարձավ Դամասկոսում իշխող Օմեիդների դինաստիայի հիմնադիր: Ալիին սպանեցին թունավորված սրով: Նրա դամբարանը Էն Նաջաֆում է (Իրաքի տարածքում) և համայն աշխարհի շիաների սրբավայրն է: Ալիի որդիները՝ Հասանն ու Հուսեյնը ընդունեցին ալիականների (շիաների մյուս անվանումը) հրամանատարությունը և դարձան հորից հետո երկրորդ ու երրորդ իմամները: Իսլամի պատմության սկզբնական շրջանը լի է արյունով՝ Հասանին ևս սպանեցին՝ 680-ին: Օմեիդների դեմ պայքարի դրոշը ձեռքն առավ եղբայրը՝ Հուսեյնը: Կերբելի հայտնի ճակատամարտում 680-ի հոկտեմբերի 10-ին, նրան սպանեցին ու մարմինը պղծեցին: Կուֆայից նրա աջակիցները չհասցրին օգնության գալ և այդ ժամանակից Էլ Նաջաֆի ու Կերբելի սրբավայրերի թափորներում շիաները փորձում են իրենց մեղքը քավել:
Հալածյալ փոքրամասնությունը
Ալի ու իր որդիների ողբերգական ճակատագիրը (նրանց միջև այսօր երկրպագում են իբրև տառապյալների) ձևավորեց այն բողոքական շիայականությունը, որ կա այսօր: Նրանք մինչև հիմա պայքարում են բռնակալի դեմ՝ բռնկված առաքելակություն իրականացնողի հեղափոխական բռնությամբ, մաքրության ու մահի ձգտումով, տանջանքների փառաբանմամբ հանուն արդարության հաղթանակի և իրական իսլամի: Դա են հիշեցնում նրանց դրոշները և ուխտավորների հագուստները Կերբելում և ինքնախարազանման արարողությունները Աշուրայի ժամանակ (Կերբելի պարտության և իմամ Հուսեյնի ամենամյա հիշատակումը): Շիաների կրոնական այս էկզալտացիան (խորհրդանշում է դիմադրությունն ու զոհաբերումը) օրթոդոքս սունիների հակառակն է, որ նրանց հերետիկոսներ են անվանում: Շիաները իրենց անփոփոխ համարում են հալածյալ փոքրամասնություն, և ներկա ողբերգությունները Իրաքում, Սիրիայում, Եմենում նրանք համարում են արհամարհանքով ու բռնությամբ լեցուն անցյալի վերածնունդ: Նրանք հիշում են զանգվածային արյունահեղությունները Օմեիդների (VII-VIII դարեր) և Աբասիդների (VIII-XIII դարեր) դինաստիաների ժամանակ: Բայց շիաները երբեք էլ հետ չեն մնացել զանգվածային սպանություններից, օրինակ, XVI դարում պարսից սեֆևիդների դինաստիայի ժամանակ, որ ստեղծեցին իրենց կայսրությունը՝ ի պատասխան Օսմանյան կայսրության ստեղծման (աբբասական խալիֆաթի ժառանգորդը): Թեպետ շիաներին քաղաքականությունից ութ հարյուրամյակ հետ էին մղել, նրանք բարձրաձայնեցին իրենց մասին Պարսից կայսրության մեջ, թեև կայսրությունը սունիական էր արաբական առաջին արշավանքների ժամանակներից:
Ռազմական ու քաղաքական տարանջատման վրա կրոնական բաժանումն էլ իր հետքը թողեց, որ համեմատելի է XVI դարում քրիստոնեական աշխարհի բաժանմանը բողոքականների ու կաթոլիկների: Սունիները առավել խիստ են վերաբերվում մարգարեի սունիի (ավանդույթի), Ղուրանի ու իրավունքի մեկնաբանությանը: Շիաները նույնպես հավատում են միակ աստծուն («Ալլահից բացի ուրիշ աստված չկա և Մուհամեդը նրա մարգարեն է»), բայց նրանց բնորոշ է նվազ խստությունը (որ բազում աղանդների ծնունդ է տվել) և մեծ միստիցիզմը: Սունի օսմաններից առանձնանալու համար պարսկական դինաստիան որոշեց շիայականությունը դարձնել պետական կրոն, հաստատել պարսկերենը պաշտոնական լեզու և ձևավորել պետական հոգևորականություն իրավաբաններից ու աստվածաբաններից (նրանք առավել ու առավել էին հզորանում, իսկ հիմա ընդհանրապես ղեկավարում են պետությունը): «XVI դարից Իրանը դարձավ շիաների Վատիկանը»,- գրում է իսլամագետ Անտուան Սֆեյրը իր «Իսլամն իսլամի դեմ» գրքում: Նախ և առաջ շիաներն ընդունում են միայն Ալիի և Ֆաթիմայի տոհմը: Ալին և նրա ժառանգները համարվում են Մուհամեդի օրինական ժառանգներ, մուսուլմանական աշխարհի իմամներ, որ բերում են Ղուրանի «սուրբ մեկնությունը», շիաների դուալիստական աշխարհայացքն առաջվա նման գոյություն ունի իբրև խորհրդավոր ու էզոթերիկ բաղադրիչ: Սունիականությունը կոնսենսուսի ուսմունք է, շիայականությունը՝ իշխանության ուսմունք, որ տարբերվում է հիերարխիկ ու կրոնական բնույթով: Սունիականության մեջ չկա միջնորդ աստծո ու մարդու միջև՝ հոգևորականներ չկան: Իմամներին ընտրում են իշխանությունները կամ հավացյալները և հրավիրում են ընդամենը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Ղուրանից հատվածներ կարդալու ու մեկնաբանելու համար: Շիայականության մեջ իմամը համայնքի միակ իրական առաջնորդն է: Անտուան Սֆեյրը գրում է՝ այն փաստը, որ Ալիից հետո իմամները այդպես էլ քաղաքական իշխանություն չունեցան, նրանց մղեց «իրենց մեկուսացման աստվածաբանական արդարացման»: Շիայական-տասներկուերորդականները (գերակայող ուղղությունը) համարում են, որ իմամների տոհմը կանգ է առել տասներկուերորդ իմամ Մուհամեդ ալ Մահդիի վրա: 874-ից նրանք սպասում են այդ «գաղտնի» իմամի վերադարձին: Նա պետք է դառնա նոր մեսիա և Երկրի վրա արդարություն ու բարեկեցություն հաստատի մինչև աշխարհի վերջն ու ահեղ դատաստանը: Տասներկուերորդականներին չպետք է շփոթել իսմայիլականների հետ (նրանց հոգևոր առաջնորդը Աղախանն է), որ կանգ են առել յոթերորդ իմամ Իսմայիլի վրա, 762-ից:
Շիայականների համար հայտնությունները չեն ավարտվել Մուհամեդով: Մուհամեդը նրանց համար մարգարեներից մեկն է: Այդ պատճառով նրանք սպասում են «գաղտնի» իմամի գալստյանը, որ լինելու է գլխավոր ու վերջին մարգարեն: Նրա անվան հետ են կապվում աշխարհի մաքրագործման հույսերը: Շիայականությունը, ինչպես ցանկացած մեսիայականություն, պայքարը դիտում է տիեզերական մակարդակում՝ ուղղափառներն ընդդեմ մեղավորների, լույսն ընդդեմ խավարի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մեր ինչի՞ն են պետք մահմեդականության ակունքների ու ներկայի այս մանրամասները: Բացի ճանաչողական նշանակությունից, նկատեցի՞ք, թե որքան զուգահեռներ կան քրիստոնեության հետ: Նկատեցի՞ք՝ ինչպես է քաղաքական իշխանության համար պայքարը որոնել ու գտել կրոնական քղամիդ և իր պայքարին հարմարեցրել մարգարեներին ու ալլահի պատգամների մեկնությունը: Երբ մարդուն ասում ես՝ գնա ու կռվի, որ ես իշխեմ, նա կարող է պատասխանել՝ դո՞ւ ես ուզում իշխել, դու էլ կռվի, բայց երբ նրան ասում ես՝ դու պիտի աստծո կամքով գնաս ու կռվես, որ մեր իշխանությունը տարածվի ու հզորանա, նա այլևս հարցեր չի տալիս և իրեն համարում է աստծո զինվոր: Այդպես եղել է թե մահմեդականության կայացման ու հաստատման օրերին, թե հիմա է շարունակվում: