Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել և դատարանը նախօրեին երկարացրել է նրա կալանքի ժամկետը: «Կոմերսանտը» գրել է, որ ՌԴ քննչական կոմիտեն խստացրել ու հստակեցրել է նախկինում ներկայացված մեղադրանքը: Մեղադրանքի երկու կետով նրան ցմահ ազատազրկում է սպառնում: 5-րդ կայազորային ռազմական դատարանի արտագնա նիստն անցկացվել է Գյումրիի ռուսական 102-րդ բազայի տարածքում: Պատճառաբանվել է, որ եթե դատը բազայում չլիներ, հնարավոր է սպանվածների հարազատներն առևանգեին ու հաշվեհարդար տեսնեին Պերմյակովի հետ: Պերմյակովի գործը քննում է բացառապես Ռուսաստանի քննչական կոմիտեն: Հայաստանի քննչական կոմիտեն նույնպես գործ է հարուցել, սակայն հետաքննության հետ ոչ մի կապ չունի: Գործը հարուցվել է, որպեսզի հնարավոր լինի խոսել «համատեղ աշխատանքի» և այլ ձևականությունների մասին: Իրականում հայկական իրավապահ մարմինների իրականացրած գործընթացը ֆիկցիա է, որի նպատակը հանրության ուշադրությունն իրական դատական գործընթացից շեղելն է: Տուժածների իրավահաջորդներն ու նրանց փաստաբաններն անցնում են հայկական գործով: Ավետիսյանների ընտանիքի փաստաբանները ներկա՞ են եղել Պերմյակովի կալանքի ժամկետի երկարացմանը: Փաստաբանները ասում են, որ մեղադրյալն ու գործի նյութերն իրենց լիովին հասանելի չեն: Աշխատելով հայ քննիչների հարուցած գործով՝ փաստաբանները չեն կարող նույնիսկ իրենց պաշտպանյալների շահերը հնչեցնել: Իսկ ռուս քննիչների հարուցած գործով փաստաբաններին չեն ներգրավում: Ռուսական լրատվամիջոցների հաջորդ տեղեկությունը կլինի, որ Գյումրիի 102-րդ բազայում դատը կայացել է, Պերմյակովին կրկնակի ցմահ ազատազրկման են դատապարտել և տարել Ռուսաստան՝ պատիժը կրելու: