Ռոնալդ Ռեյգանը պատմություն է մտել որպես ոչ վատ կինոդերասան ու ԱՄՆ 40-րդ նախագահ: Նկարահանվել է 54 ֆիլմում, եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ դարձած առաջին կինոդերասանը (երկրորդն Առնոլդ Շվարցենեգերն էր): 1981-ին նրան ընտրել են երկրի նախագահ, այդ պոստում պաշտոնավարել է և երկրորդ անգամ՝ Միացյալ Նահանգները փաստացի կառավարել մինչև 1989 թիվը: Առաջին ընտրվելուց երկու ամիս անց նրա վրա մահափորձ է իրականացվել: Ռեյգանի համար դա ավարտվել է վիրահատությունով, իսկ մահափորձ իրականացրած Ջոն Հինկլին «գործուղվել» բանտախուց, որտեղից դուրս է եկել 2016 թվին: Ռեյգանի օրոք Ամերիկայում երկու անգամ նվազել են ինֆլյացիան ու գործազրկությունը: Նրա օրոք ու նրա թեթև ձեռքով ԽՍՀՄ-ը ճանաչվել է «չարի տերություն», սակայն հայտարարված վերակառուցման հետ, փոխել է խորհրդային երկրի մասին ունեցած պատկերացումները, անգամ մտերմացել Միխայիլ Գորբաչովի հետ՝ 90-ականներին հյուրընկալելով նրան իր ռանչոյում:
Սակայն դերասանական ոչ վատ ու քաղաքական փառահեղ կարիերան ստվերում է թողել նրա կյանքի ոչ պակաս ուշագրավ մի հատված, որը կապված է հաղորդավարական գործունեության հետ: Երիտասարդ տարիքում նա եղել է երկրի լավագույն մարզական մեկնաբաններից մեկը, ինչը հնարավորություն է տվել հնարավորինս կատարյալ զարգացնելու հռետորական արվեստի նրբությունները, որոնք հետագայում այնքան պետք եկան քաղաքական կարիերայի ընթացքում:
22-ամյա «Հոլանդացին» (որդու այնքան բնորոշ սանրվածքի համար հայրը այդպես էր անվանում նրան) արձագանքեց Այովայի համալսարանի բեյսբոլի թիմի խաղերի մեկնաբանման համար հաղորդավար փնտրող կոմերցիոն ռադիոկայանին: Առաջարկվող պայմաններից էին հինգ դոլարի չափով տրվելիք գումարը (այն հավասարազոր է ներկայիս 81 դոլարին) և ավտոբուսի մշտական տոմսը: Ռեյգանը սիրով համաձայնեց: Առաջին իսկ ռադիոեթերից հետո նրան տրվելիք գումարը կրկնապատկվեց՝ անփորձ հաղորդավարը երկրպագուներին ու ռադիոկայանի ղեկավարությանը գերել էր ինքնատիպությամբ:
Ռեյգանի կենսագիրները վկայում են, որ հաղորդավարի հաջողակ կարիերան դարձավ նրա քաղաքական կյանքի գլխավոր աստիճաններից մեկը՝ տանելով-հասցնելով Սպիտակ տուն: Կոմերցիոն ռադիոյի ու հեռուստատեսության վետերաններից Էլիզաբեթ Բորդն ասում էր. «Նա միշտ իդեալականորեն տեղավորվում էր եթերային շրջանակների մեջ: Եթերային ժամանակի նրա զգացողությունը լավն էր ցանկացած պրոֆեսիոնալ հաղորդավարից, որոնց հետ աշխատել եմ»:
Մարզական մեկնաբանի փորձը Ռեյգանին մեծապես օգնեց 1980-ի նախագահական մրցարշավի նյուհեմփշիրյան փուլում: Դեբատների ժամանակ նա խլեց միկրոֆոնն ու հուզական հզոր լիցք ունեցող ելույթով պարզապես ճզմեց Ջորջ Բուշ-ավագին: Նրա վկայմամբ` յուրաքանչյուր ելույթի հաջողության գաղտնիքը թաքնված է այն զրույցի վերածելու արվեստի մեջ: Ռադիոյում Ռեյգանը հաճախ է «Չիկագո կաբս» բեյսբոլային թիմի հաղորդումներ վարել խաղն առանց տեսնելու՝ առաջնորդվելով ստադիոնից փոխանցված հեռագրային կարճ հաղորդագրություններով: Ելույթի ժամանակ նա մոգոնում էր մտացածին իրավիճակներ, քանի դեռ ընդհատված կապը չէր վերականգնվել:
Նման մի բան հերթական անգամ եղել է «Կաբսի» ու Սենտ Լուիսի «Կարդինալների» հանդիպման ժամանակ: Ռեյգանը, իրեն չկորցնելով, շարունակում է ռեպորտաժը, մինչև որ վերականգնվում է կապը: Այդ դիմակայության առնչությամբ նա հիշում է. «Այդ խաղը հեռարձակվում էր ևս մի քանի ռադիոկայանով, ու ես պարզապես չէի կարող ինձ թույլ տալ ունկնդիրներ կորցնել՝ նրանք իսկույն կփոխեին ալիքը, եթե ասեի, որ մենք կորցրել ենք կապը ստադիոնի հետ: Դրա համար էլ ես վստահ շարունակեցի ռեպորտաժը, պատմելով, թե ինչպես երկու երիտասարդ կռիվ են սարքել տրիբունայում իրենց ուղղությամբ եկած գնդակը բռնելու համար»:
Ռեյգանը մարզական հաղորդումներ վարել է հինգ տարի, մեկնաբանել է բեյսբոլ, բռնցքամարտ, ամերիկյան ֆուտբոլ: Հոլիվուդ մեկնելուց առաջ նա համարվել է ողջ Միջին Արևելքի ամենահանրաճանաչ մեկնաբանը: 1937 թվականի ապրիլի թերթային հոդվածում ասվում էր. «Ռադիոեթերից անցում կինո. մարզական մեկնաբան Ռոնալդ «Հոլանդացի» Ռեյգանը WHO ռադիոկայանից ստորագրում է պայմանագիր Հոլիվուդի հետ: Նա հունիսի 1-ից հեռանում է, որ միանա Warner Bros ստուդիայի դերասանական կազմին: Շաբաթական 200 դոլարով (ներկայումս՝ 3500) երիտասարդ միստր Ռեյգանի պայմանագիրը ստորագրված է Կալիֆոռնիայով չիկագոյական բեյսբոլային թիմերի մարտյան տուռնեի մասին նրա տպավորիչ եթերային սերիաներից հետո»:
Շնորհիվ ռադիոյում վերջին ամիսների ընթացքում ունեցած ճանաչվածության, Ռեյգանը, անկախ ռեպորտաժների քանակից, շաբաթական ստանում էր 100 դոլար (ներկայումս այնտեղ դրույքը 1750 է)՝ այն ժամանակներում մարզական հաղորդավարի համար աներևակայելի գումար:
Հետագայում Ռոնալդը գլխավորեց դերասանների գիլդիան, ինչն էլ, ըստ էության, դարձավ նրա քաղաքական կարիերայի սկիզբը: Բնակչության աջակցությունը ստանալու համար նա վերադարձավ ռադիո, ձեռք բերեց հսկայական հանրաճանաչություն ու առաջադրվեց Կալիֆոռնիայի նահանգապետ: Այստեղ Ռեյգանն աշխատեց ութ տարի: Տանուլ տալով 1976 թվականի նախագահական ընտրություններում՝ չորս տարի անց հասավ ռևանշի ու դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահը: Այդ ժամանակ նա 70 տարեկան էր:
Ղեկավարելով երկիրը՝ նա շաբաթ օրերին ելույթ էր ունենում ռադիոյով, ամերիկացիներին պատմում Նահանգներում գործերի դրվածքից: Նա իր խնդիրը տեսնում էր հնարավորինս հասանելի լեզվով հանրությանը իրավիճակը ներկայացնելու մեջ ու խոստովանում, որ երբեք չի կարողացել անտարբեր անցնել միկրոֆոնի կողքով:
Սպիտակ տնից հեռանալուց վեց ամիս անց նա All-Star սերիայի հանդիպումների խաղերից մեկի մասին հաղորդում էր վարում ստադիոնից՝ ցնծության մեջ գցելով հասարակությանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ