ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պլացդարմը պահեցին

Պլացդարմը  պահեցին
13.06.2008 | 00:00

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին իշխանության կուսակցության՝ «Ազգային շարժման» եթե ոչ ջախջախիչ, ապա բավական համոզիչ հաղթանակով։ Անշուշտ, դրանք չեն անցել եվրոպական չափանիշերին համապատասխան, և Վրաստանի միասնական ընդդիմության առաջնորդների դժգոհությունը եվրոպական դիտորդական առաքելությունների բավականին մեղմ գնահատականից միանգամայն տեղին է։ Փաստ է, որ իշխանության կողմից ընտրախախտումների, ուղղակի կեղծիքների, իսկ Արևմտյան Վրաստանում ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից մեկի սպանության պարագայում հազիվ թե կարելի է համարել, որ ընտրությունները համապատասխանում են այնքան գովաբանված միջազգային ստանդարտներին։ Բայց, այնուամենայնիվ, Միխեիլ Սաակաշվիլին կարողացավ իշխանությունն ամբողջությամբ պահել։ Այսինքն՝ նախագահական ընտրություններից հետո իր կուսակցությամբ ձևավորել նաև խորհրդարանական մեծամասնություն։

Հարկ է արձանագրել, որ Վրաստանի նախագահն այս պայմաններում բավական հաջողությամբ կարողացավ կիրառել «փափուկ բարձի» քաղաքականություն։ 2007-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ընդդիմադիր հանրահավաքի աննախադեպ ջարդից հետո, երբ իշխանության և նրա հիմնական կրող Սաակաշվիլու իմիջն Արևմուտքում խիստ վտանգված էր, Վրաստանի նախագահը կարողացավ դիմել հետխորհրդային տարածքում մինչ այժմ աննախադեպ քայլի՝ նախագահության առաջին ժամկետը չավարտած հրաժարական տալ և թեկնածություն առաջադրել երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ Նախագահական ընտրությունները մի շարք միջազգային դիտորդների գնահատմամբ անցան նույնիսկ ավելի վատ և լարված մթնոլորտում, քան վերջին խորհրդարանական ընտրությունները։ Բայց Սաակաշվիլին կարողացավ համախմբել կառավարման համակարգը և միաժամանակ ներվային ամրություն դրսևորեց՝ տեղի չտալով երկրորդ փուլ անցկացնելու ընդդիմության հիմնավոր պահանջին։ Հենց այստեղ է, որ Վրաստանի նախագահը կիրառեց «փափուկ բարձի» քաղաքականությունը և կարողացավ վերջնահաշվում ընդդիմությանը համոզել, թե հանրաքվեի արդյունքում խորհրդարանական ընտրությունների օրը որոշված է, ընդդիմությունը լիարժեք հնարավորություն ունի պառլամենտը վերցնելու միջոցով իշխանության առնվազն մի մասին տիրանալ։

Փաստ է, որ ընդդիմությունը խայծը կուլ տվեց, հավանաբար, գայթակղված իշխանության մասնակի զիջումներով։ Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ Վրաստանի երիտասարդ և խիստ հավակնոտ նախագահը որևէ մեկի հետ իշխանությունը կիսելու մտադրություն չունի և կառավարման համակարգը մինչև վերջ «ձգելով» կարողացավ ապահովել իր կուսակցության փաստացի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում։

Սակայն, անշուշտ, վրացական ընտրությունները ոչ միայն զերծ չէին, այլև իրենց մեջ պարունակում էին լուրջ աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում դա չէր թաքցնում նույն Սաակաշվիլին։ Հակառուսական բնույթի հայտարարությունները և կոնկրետ քայլերը՝ Աբխազիայի տարածքի վրա անօդաչու ինքնաթիռների թռիչքների ձևով, բնակչության զգալի հատվածի մեջ հերթական անգամ արթնացրին ռուսական վտանգի շատ կողմերով մտացածին ուրվականը, և, ըստ էության, հենց դրա հաշվին էր, որ իշխանությունը, բացի վարչական ռեսուրսի և այլ միջոցների կիրառումից, կարողացավ որոշակի քվե ստանալ։ Վրացական ընտրություններում աշխարհաքաղաքական բաղադրիչի հիմնական ազդեցությունը պայմանավորված էր ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև առաջին հայացքից անտեսանելի, բայց էական հակասությամբ։ Խնդիրն այն է, որ Վրաստանի միացյալ ընդդիմությունը գլխավորում է Ֆրանսիայում ծնված, այդ երկրի քաղաքացի հանդիսացող, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա, ըստ վրացական և ռուսական որոշ վերլուծաբանների, Վրաստանում գլխավորում է եվրոպական ժողովրդավարների հոսանքը։ Քաղաքական ուժեր, որոնք, անշուշտ, նույնպես հանդես են գալիս եվրոպական ինտեգրացիայի և ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին, սակայն միաժամանակ դեմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների ծայրահեղ սրմանը, ինչի արդյունքում Վրաստանը բազմամիլիոն տնտեսական կորուստներ է ունեցել և շարունակում է կրել, քանզի ռուսական շուկայում ավանդաբար իրացվող վրացական ապրանքների համար արևմտյան շուկայում իրացման անհրաժեշտ ծավալներ ապահովել չի հաջողվել։ Ըստ որոշ աղբյուրների, անհիմն չեն Սալոմե Զուրաբիշվիլու և այսօր վտարանդիության մեջ հայտնված նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու քաղաքական սերտ դաշինքի մասին լուրերը, եթե նկատի ունենանք, որ Օքրուաշվիլին քաղաքական ապաստան ստացավ Ֆրանսիայում և, որոշ վերլուծաբանների կարծիքով, ոչ առանց Զուրաբիշվիլու աջակցության։

Այսպիսով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պայքարը գնում էր երկու արևմտամետ հոսանքների՝ եվրոպամետների և ամերիկամետների միջև։ Վերջիններս Սաակաշվիլու գլխավորությամբ հաղթանակ տարան, որովհետև, ըստ բավական հիմնավոր կանխատեսումների, Վրաստանի նախագահը երկրի հեռանկարը տեսնում է հիմնականում Միացյալ Նահանգների հետ համագործակցության դաշտում՝ ԱՄՆ-ի սևծովյան նախագծի շրջանակներում։ Որոշ վերլուծաբանների կարծիքով` Վաշինգտոնի համար ՆԱՏՕ-ն այլևս դադարել է լինել հետխորհրդային տարածքում հիմնական ազդեցության գործիք։ Մանավանդ, որ արմատական փոփոխություններ են տեղի ունենում թուրք-ամերիկյան հարաբերություններում, և ԱՄՆ-ն աստիճանաբար դադարում է Թուրքիան դիտարկելուց իբրև այս տարածաշրջանում և ընդհանրապես սևծովյան ավազանում իր հիմնական դաշնակցի։ Դրա վկայությունն է այն, որ Վաշինգտոնն ամեն ինչ արեց Կոսովոյի անկախությունը ճանաչելու համար, քանզի այս ռեգիոնում է տեղակայված Եվրոպայում ամենամեծ ամերիկյան ռազմական բազան։ Միաժամանակ, Վաշինգտոնի ձեռնարկած դինամիկ քայլերի արդյունքում ամերիկյան ռազմակայաններ են հիմնադրվել նախկին Վարշավյան պայմանագրի ևս երկու երկրներում՝ Բուլղարիայում և Ռումինիայում։ Այլ կերպ ասած, ողջ սևծովյան ավազանը ռազմակայանների օղակի մեջ վերցնելով, Վաշինգտոնը փորձում է նվազեցնել ՆԱՏՕ-ի և Թուրքիայի դերակատարությունը և իր կախվածությունն այդ երկրից` գործունեության դաշտ ձևավորելով ավազանի մյուս պետություններում։

Մինչև Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այցելեց Կոսովո, այնուհետև ՈՒկրաինա, որտեղ հայտարարեց Վրաստանի և ՈՒկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության նպատակահարմարության մասին, տեղեկացնելով, թե ԱՄՆ-ը պաշտպանում է այդ պետություններին ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու նախաձեռնությունը։ Հայտնի է, որ Բուխարեստի գագաթաժողովում այդ առաջարկը մերժվեց և օրակարգում նույնիսկ քննարկման չդրվեց Ֆրանսիայի և Գերմանիայի դրսևորած դիրքորոշման արդյունքում։ Մի շարք վերլուծաբանների պնդմամբ, ամերիկյան նախաձեռնությունը նպատակ էր հետապնդում ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնման, ինչը ՈՒկրաինայի և Վրաստանի անդամակցության դեպքում տեղի էր ունենալու ինքնըստինքյան, այլ այս երկու սևծովյան պետությունները ռուսական ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և այնուհետև այնտեղ բազաներ տեղակայելու, ինչպես Ռումինիայի և Բուլղարիայի պարագայում։ Նախաձեռնությունն առայժմ հաջողություն չունեցավ, բայց հենց դրա անհաջողության համատեքստում էլ Վաշինգտոնն ավելի քան շահագրգռված էր Վրաստանում իշխանության վերարտադրությունն ապահովելու հարցում։ Որովհետև Թբիլիսին ԱՊՀ անդամ միակ երկիրն է, որն այսօր առավելագույնս դուրս է ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունից։ Ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս են բերված, աբխազական և հարավօսեթական հակամարտությունների շուրջ ռուս-վրացական տարաձայնություններն այնքան խորքային են, որ Վրաստանը գործնականում վերածվել է Ռուսաստանին եթե ոչ հակառակորդ, ապա առնվազն ոչ այնքան բարեկամ պետության։

Այս իրավիճակի որևէ փոփոխություն ԱՄՆ-ին ձեռնտու չէր, որովհետև եթե Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորած ընդդիմադիր միավորումը խորհրդարանում ստանար մեծամասնություն, դա անխուսափելիորեն իր անդրադարձն էր ունենալու կառավարության ձևավորման, հետևաբար և Վրաստանի արտաքին քաղաքականության սրբագրման առումով՝ բոլորովին էլ ոչ հօգուտ ռուս-վրացական հարաբերությունների հետագա սրման։ Ըստ որում, բազմաթիվ են կանխատեսումները, թե ԱՄՆ-ը Սաակաշվիլու տապալման դեպքում արդեն իսկ պահեստային սցենար է մշակել՝ հետագայում էլ Վրաստանը բացառապես իր ազդեցության գոտում պահելու համար։ Հենց այդ պատճառով է, որ Նինո Բուրջանաձեն երկու անգամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնած լինելով, այս անգամ չմասնակցեց ընտրություններին՝ ակնհայտորեն ձգտելով իր համար ընդդիմադիր հեղինակություն ապահովել հետագա գործընթացներում, քան պատգամավորական մանդատ ունենալ գործող նախագահի վերահսկողությամբ։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 8429

Մեկնաբանություններ