ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԻ «ԿՈՐԻԶ»ԱՀՄԱՅՔԸ

ԱՐԵՆ ՎԱԹՅԱՆԻ «ԿՈՐԻԶ»ԱՀՄԱՅՔԸ
28.06.2011 | 00:00

Նախամեկնարկային վերջին «Ծիրան»ազրույցը, որում կինոփառատոնի ֆիլմացանկը համակարգողները ներկայացնում էին միջազգային խաղարկային և վավերագրական մրցույթներում ընդգրկված 11-ական ֆիլմեր, ծանոթ-անծանոթ կինոգործիչների անհատական ու խմբային նոր կինոժապավենների արժանավորության հպանցիկ վավերացումից թեքվեց դեպի «Հայկական համայնապատկերը»։ Եվ, բնականաբար, հանգամանալից ծավալվեց վերջին երկուսի` «Վանա ծովուն արշալույսի» (բեմադրիչներ` Արտակ Իգիթյան և Վահան Ստեփանյան) ու «Թափառում» ռոք օպերայի (նախագծի հեղինակ` Արամ Սուքիասյան) առաջնադիտումներից լրագրողների ստացած տարատեսակ տպավորությունների մասնագիտական հստակեցման հունով։ Համքարական համախոհության բարեկրթությունից ելնելով` կինոգետները խուսափեցին բարձրաձայնելուց ամենաթանկարժեք վերջինի իրենց գնահատականը։ 80 մլն դրամից ավելի ծախսատարությանը նորաոճ ֆիլմի գեղարվեստական համարժեքության կասկածը չպարզաբանվեց։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այդուհանդերձ, չթաքցրին իրենց միակամ կարծիքը։ Անշուշտ, ուշագրավ էին համակարգչային տեխնիկայով ստացված մի շարք դրվագներ, բայց անհամաչափ կատարումներով (լավագույնը, անվերապահորեն, Արման Էլբերտինն էր) Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսի հենքով գրված լիբրետոյի էկրանավորման մեջ հետին պլան էր մղվել գլխավոր ասելիքը։ Առանձնակի հրապուրվածությունն արտաքին պատկերային նորաոճ ու գունագեղ կոմպոզիցիաներով որոշակի պարզունակության էր հանգեցրել։ «Ծիրան»ահունից զգալիորեն խոտորված սրտացավ խոսակցությունը նրբանկատորեն վերջակետվեց, չնայած «Թափառումի» ստեղծագործական խումբը մրցակցության «Ծիրան»ահայտ չէր ներկայացրել` ի տարբերություն «Վանա ծովուն արշալույսի» հեղինակների։
Խաղի կանոնները հարգելով` մենք էլ մինչ ութերորդ «Ոսկե ծիրանի» ֆիլմամրցաշարի ավարտը ձեռնպահ կմնանք «Վանա ծովից» քաղած տպավորությունների վերլուծական հրապարակումից։ Նշենք, սակայն, որ Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում կայացած ցուցադրությունների դրվատական միագիծ անդրադարձերով հեղեղված են ԶԼՄ-ների էջերը։ «Միկա Լիմիթեդ» և «Պարադիզ» ընկերությունները, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, էկրան են բարձրացրել մի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որում Հայոց ցեղասպանության մշտահոլով թեման դիտարկված է նորովի։ Հայր և որդի Վաթյանների հեղինակած սցենարում (ի դեպ, նախ որպես պիես գրված, որի բեմադրությունն անհասկանալի պատճառներով չէր կարևորվել), ամերիկաբնակ գաղթականների 3 սերունդների հոգեկերտվածքի վերասերումների հակադրամիասնությամբ փորձ է արվում շեշտադրելու ազգային գենետիկ հիշողության արթնացման անհերքելի անհրաժեշտությունը մերօրյա համընդհանուր դիմազրկումից արժանապատիվ փրկության ելք գտնելու տեսակետից։ Հարկ է խոստովանել, որ «Վանա ծովուն արշալույսին» հատուկ գրավչություն է հաղորդում Վանից մազապուրծ փրկված Կարապետ Փամբուկչյանի (ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրով), առերևույթ ամերիկանացած նրա Գևորգ թոռան (Արեն Վաթյան) և ֆրանսացած թրքուհի Էլիզի (Գյունըշը Զան) պարզ մարդկային փոխհարաբերությունների կենսաթրթիռ արտացոլումը էկրանին։ Կինոդիտողներից շատերի համար այս եռամիասնության դրամատիզմի պատմական հիմնավորվածությունը միանգամայն հավատընծա դարձավ տարազգի դերակատարների միաձույլ կոլորիտային փոխըմբռնմամբ, ընդհանուր խաղաոճի ողբերգակատակերգական համաչափության հմուտ պահպանմամբ։ Առաջատարը, իհարկե, Կարապետ-Ջանգիրովն էր` իր արտիստական անզուգական վարպետության նոր դրսևորումներով։ Բայց և, ֆիլմի գլխավոր ասելիքի գեղարվեստականության համատեքստում, նրա հերոսի գերխնդիրը հարկավոր ներգործուն ուժ չէր ստանա առանց շնորհաշատ Արեն Վաթյանի խորունկ կերպարային խաղընկերության։
Ոմանց անսպասելի խանդավառությունը հարուցած Գևորգ-Վաթյանի հայտնությունը երիտասարդ արվեստագետի անցած տասնամյա բազմաշերտ տքնաջան գործունեությամբ է պայմանավորված։ Հասակ առնելով մտավորական արվեստագետների ընտանիքում` դեռ մանկուց է ի հայտ բերել Արեն Վաթյանն իր երաժշտաթատերական ունակությունները։ Տակավին պատանի` բազում հումորեսկներ է հեղինակել, որոնց հիման վրա ապագայում ծնվել են մանկապատանեկան նրա «Գժուկ»-ները։ Կինոարվեստում մասնագիտանալով ԵԹԿՊԻ-ի Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի արվեստանոցում` 90-ականներից մեր մշակույթին պատուհասած հայտնի պատճառներով չի կարողացել հագուրդ տալ իր կինոնախասիրություններին։ Պատահաբար հայտնվելով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` դերակերպավորման հմտություններն է զարգացրել 20-ից ավելի մեծ ու փոքր դերակատարումներով, որոնցից նշանակալից են Մերկուցիոն, Սինան, Մատեյը, Տղամարդը, Պետրոսը, Վիկտորն ու Մարսիալը։ Զուգահեռաբար հանդես է եկել մի շարք տարաբնույթ ֆիլմերում. «Հերոստրատ» (Զենոն), «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Դայմոնդ» (Տիգրան), «Մի նայիր հայելուն» (Խաչիկ) և այլն։ Մերօրյա թյուրընկալմամբ, Արեն Վաթյանին ավելի շատ ճանաչում են «Կյանքի գինը» և «Բանալի» հեռուստասերիալներով։ Փառք Աստծո, ինքնաքննադատական անաչառ բնավորությամբ, երիտասարդ արվեստագետը գլխավորապես ընտանեկան կարիքները քիչ թե շատ պատշաճ հոգալու միջոց է համարում առայժմ որակական առաջընթաց չերևակող այդ դեգրադացնող կինոժամանցները։ Չնայած, գործընկերներից շատերի հանգույն, մասնագիտական սրված արժանապատվությամբ է փորձում արդարացնել իր մասնակցությունը։
«Կորիզ» նորաստեղծ անվանակարգի հուսադրող հայտնության ավետիսով ընդմիջում ենք «Ոսկե ծիրանի» բովանդակության նախամեկնարկային ծանուցումը։
Կարծում ենք, ութերորդ «Ոսկե ծիրան»-ում աննկատ չի մնա Արեն Վաթյանի գեթ «Կորիզ»ահմայքը։ Եվ երիտասարդ կազմակերպիչները, ի թիվս այլոց, կխթանեն նաև նրա անմարելի ստեղծագործական եռանդի նոր արտահայտությունների համատեղ իրականացումները` հօգուտ հայկական կինոարվեստի վերընթացի։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ