ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կա՛մ համապետական ընտրություններ, կա՛մ իշխանության հախուռն քայքայում»

«Կա՛մ համապետական ընտրություններ, կա՛մ իշխանության հախուռն քայքայում»
13.06.2008 | 00:00

«Իրավունք de facto»-ի հյուրն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

¬Ստեղծվել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը փորձելու է պատասխան տալ երեք ամիս շարունակ հայ հանրությանը հուզող մեն¬միակ հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած գարնան առաջին օրվա «արյունոտ շաբաթի» հետևում։ Դուք, որպես տեսաբան քաղաքագետ և պրակտիկ գործիչ, այս հարցի պատասխանն ունե՞ք։

¬Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը «Կլոր սեղան» էր կազմակերպել՝ «Մարտի 1¬ի ողբերգության հասարակական հետաքննության հիմնահարցը» թեմայով։ Նպատակը, ըստ էության, հենց այն հարցի պարզաբանումն էր, որը Դուք հնչեցրիք։ Հիշեցնեմ նաև, որ ապրիլի 4¬ին Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը մարտի 1¬ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում ներկայացրեց իր մասնագիտական դիրքորոշումն ու պրոֆեսիոնալ վերլուծական գնահատականը հնչեցրեց թե՛ կատարվածի, թե՛ դրա հետաքննության արդյունավետ ուղիների վերաբերյալ։ Քանի որ հայտարարությունը հրապարակվեց տարբեր թերթերում, և հանրությունն էլ, հուսով եմ, ծանոթ է դրան, ուստի այս պահին տեսակետը կներկայացնեմ հնարավորինս հակիրճ։ Միանշանակ է, որ ՀՀ 4¬րդ գումարման Ազգային ժողովը թե՛ որպես օրենսդիր, թե՛ որպես ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմին, չի կատարել իր առաքելությունը՝ մարտի 1¬ի եղեռնագործությունը կանխելու և քաղաքացիների վրա կրակահերթեր արձակողների ձեռքը բռնելու համար։ Բոլորին է պարզ, որ ժողովրդի վրա կրակել են, կրակել են մարդիկ, ովքեր գործել են պետության անունից՝ իրավապահ մարմինների անվան տակ։ Կրակել են մարդիկ, ովքեր խախտել են թե՛ Հայաստանի կողմից ընդունված միջազգային նորմերը, թե՛ ՀՀ Սահմանադրությունը, քանզի ինքնաբուխ հանրահավաքի անցկացման իրավունքը մարտի 1¬ի դրությամբ դեռևս սահմանափակված չէր և գործում էր լիարժեքորեն։ Այն չեղյալ հայտարարվեց մարտիմեկյան դեպքերից հետո միայն՝ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում խորհրդարանի ընդունած փոփոխություններից հետո։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է այն, որ 4¬րդ գումարման Ազգային ժողովը մարտի 1¬ի զարհուրելի սպանդից հետո ցնցող միահամուռությամբ քվեարկեց օրենսդրական այնպիսի փոփոխությունների օգտին, որոնց կիրարկմամբ ինքնաբուխ հանրահավաքները հայտարարվեցին օրենքից դուրս։ Սա նշանակում է, որ հայոց խորհրդարան կոչվածը հետին թվով իր համերաշխությունը հայտնեց պետական կարգավիճակը յուրացրած ու չարաշահած այն ջարդարարներին, որոնք կազմակերպեցին և իրականացրին մարտի 1¬ի եղեռնագործությունը։ Սա, ըստ էության, արձանագրում է, որ այս Ազգային ժողովն ինքն իրեն զրկեց մարտի 1¬ի ողբերգության անաչառ հետաքննություն անցկացնելու թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական իրավունքից։ Միանշանակ զրկեց։ Ընդ որում՝ գործադիր իշխանության թելադրանքով։ Այն նույն իշխանության, որը պատասխանատվություն էր կրում ժողովրդի վրա կրակած ուժային կառույցների գործողությունների համար։

¬Ասում եք՝ գործադիր իշխանության թելադրանքով ուժայինները կրակեցին ժողովրդի վրա։ Իսկ գործադիրը երկու գլուխ ունի՝ նախագահ և վարչապետ։ Եվ, ուրեմն, նորից դառնամ հարցերի հարցին՝ ո՞վ հրամայեց կրակել ժողովրդի վրա կամ ո՞վ հրահանգ չիջեցրեց՝ «Կրակե՜լ... ո՛չ»։ Կա՞ պատասխան։

¬Բնականաբար։ Այստեղ պետք է հիմնվել Սահմանադրության և ոչ թե ինչ¬ինչ ենթադրություններից կամ քաղաքական տարբեր նախասիրություններից բխող սուբյեկտիվ եզրահանգումների վրա։ ՈՒժային կառուցները, Հայաստանի Սահմանադրության համաձայն, գործում են նախագահի անմիջական և ուղղակի վերահսկողության ներքո։ Առանց գերագույն գլխավոր հրամանատարի թույլտվության ուժային կառույցները որևէ գործողություն չէին կարող կատարել, այն էլ՝ սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություն։ Դա անհնարին է թե՛ իրավական, թե՛ գործնական առումով։ Եվ ես չեմ հասկանում, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ իրավական հիմնավորմամբ է հայտարարում, որ մարտի 1¬ին ուժայինները գործել են իրենց ներքին կանոնադրությանը հավատարիմ։ Չկա, չի կարող լինել նման հիմնավորում։

¬Հիմնավորում կա. մարտի 1¬ին, իրավապահ մարմինների ձեռք բերած գաղտնի տեղեկությունների համաձայն, խաղաղ ցույցը վերածվելու էր զինված ապստամբության՝ իշխանությունը բռնազավթելու հստակ միտումով։ Որպես իրեղեն ապացույց՝ «վկա» բերվեցին մեծ քանակությամբ մետաղաձողերը, բենզինով լցված շշերը և, վերջապես, թաքցված հրազենը։

¬Եթե, այսպես կոչված, «իրավապահները» կրակում են անզեն ժողովրդի վրա, և տասը մարդ է զոհվում, իրենց վայրագությունն արդարացնելու համար սրանք տանկ էլ «կհայտնաբերեն» վրանում, թնդանոթ էլ, ատոմային ռումբ էլ ու կհայտարարեն, թե առգրավել են ցուցարարներից։ Այնպես որ, դեռ պիտի ապացուցվի, որ այդ նռնակները հենց ցուցարարների ձեռքին են եղել, ոչ թե այն սադրիչների, որոնք ներգրավվել են օպերացիայի մեջ՝ հետագայում ապացուցելու համար, որ ցուցարարները զինված էին և ագրեսիվորեն տրամադրված։

¬Փետրվարի 29¬ից 112 օր անց արմատական ընդդիմության առաջնորդն ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաք է նախատեսել։ Բայց մինչ այդ Տեր¬Պետրոսյանը մեկնում է Փարիզ, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի քաղաքական էլիտայի հետ ինչ¬ինչ հարցեր հստակեցնելու։ Ի՞նչ հարցեր, կարո՞ղ եք ենթադրել։

¬Չեմ կարծում, թե հունիսի 20¬ի հանրահավաքից առաջ հիմնադիր նախագահը մեր երկրում ներքաղաքական դիմակայությանն առնչվող ինչ¬ինչ հարցեր հստակեցնելու համար է մեկնել Փարիզ։ Եթե հիշում եք, նա ընտրություններից առաջ էլ քանիցս հայտարարել է, որ մեր խնդիրները ինքներս պետք է լուծենք, ժողովրդի լեզվով ասած, դրսից «տղա բերելու» գործելակերպն իր համար անընդունելի է։ Իհարկե, Ֆրանսիայի քաղաքական էլիտայի հետ շփումները ես չեմ բացառում, սակայն համոզված եմ, դրանց նպատակը ոչ թե ներքաղաքական պայքարում դրսից ինչ¬ինչ աջակցություն ստանալու, այլ հեռանկարային իմաստով Հայաստանի դիրքերի ամրապնդման հնարավորությունները շոշափելու հարցերն են։ Այս ընդհանուր համոզմունքից զատ ես ձեռնպահ եմ մնում դատողություններ անելուց, թե կոնկրետ ինչ նպատակով է նա մեկնել Փարիզ։ Մինչև հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն չունենանք, ենթադրություններ անելն անիմաստ է։

¬Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած Լևոն Տեր¬Պետրոսյանն այսօր Հայ ազգային կոնգրես է ստեղծում։ Հավատո՞ւմ եք այդ ձեռնարկի հաջողությանը։

¬Նախ ասեմ, որ Տեր¬Պետրոսյանի իշխանավարման օրոք առաջինն եմ քննադատել երկրի գործող նախագահին՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակելու համար։ Թեպետ, քննադատելով հանդերձ, չեմ բացառել, որ նա գուցեև նկատի ունի ոչ թե ազգային գաղափարախոսությունը, որպես սուբստանց, այլ այն քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք փորձում են ազգային գաղափարախոսության թեզերով քողարկել սեփական քաղաքական գաղափարախոսության բացակայությունը։

¬Դաշնակցություն, Հանրապետական... Այո՞։

¬Չեմ կոնկրետացնում։ Սա շատ տարողունակ և լուրջ թեմա է և առանձին քննարկման նյութ, ուստի ընդամենը նշեմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե պարտավոր չեն ունենալ սեփական գաղափարախոսություն՝ աջակողմյան, ձախակողմյան կամ կենտրոնամետ, քանի որ ազգային գաղափարախոսությունն արդեն իրենց սեփականությունն է, ահա այս դիրքորոշումն է կեղծ։ Լևոն Տեր¬Պետրոսյանը հենց սա է նկատի ունեցել։ Ի դեպ, անցած դարի 60¬ական թվականներին այս թեման խորությամբ ուսումնասիրել է ժամանակի խոշոր տեսաբաններից մեկը՝ ազգությամբ հրեա, քաղաքացիությամբ ամերիկացի Դենիել Բելը (այսօր էլ ողջ է)՝ «Գաղափարախոսության վերջը» գրքում։ Առաջինը նա է խոսել այն մասին, որ գաղափարախոսությունների վերջը եկել է. լինեն դրանք դասական լիբերալիզմ, ազգայնականություն, մարքսիզմ, թե մեկ այլ բան։ Հետագայում նույն Բելը հրաժարվեց իր այդ տեսակետից։ Հնարավոր է, որ այդ տեսակետների ազդեցությունն էլ որոշակի նշանակություն ունեցավ այն գնահատականների հարցում, որոնք ժամանակին տվեց Լևոն Տեր¬Պետրոսյանը, ասելով, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Մի մոռացեք, որ դա ազատական մոտեցումների ժամանակաշրջանում էր, երբ ժողովրդավարական շարժումները հակադրվում էին մարքսիզմ¬լենինիզմին և, ընդհանրապես, համընդհանուր համարվող գաղափարախոսություններին։ Մտածել, որ այդ շրջափուլից ի վեր Տեր¬Պետրոսյանը մնացել է նույնը, որ նա դատապարտված է չփոխվելու, չվերանայելու իր մոտեցումները, «քարանալու», իհարկե, ճիշտ չէ։ Բենջամին Դիզրաելին, օրինակ, իր կյանքի ընթացքում մի քանի անգամ պահպանողականից դարձել է լիբերալ և հակառակը։ Վիգից դարձել է թորի, թորիից դարձել է վիգ։ Այն դեպքում, երբ անգլիական քաղաքական մշակույթը ժողովրդավարական ամենահին մշակույթներից մեկն է։ Նույնն էլ՝ ՈՒինսթոն Չերչիլը։ Այնպես որ մտածել, թե սեփական գաղափարական մոտեցումների վերանայման տակ անձնական շահ և շահադիտություն է թաքնված, ոչ թե գաղափարական զարգացում, որը բխում է կյանքի դինամիզմի թելադրանքից, նշանակում է ցինիզմով ու ցածր քաղքենիությամբ վերաբերվել քաղաքական զարգացման հիմնահարցերին և խեղաթյուրել իրականությունը։ Նման մտածողությունը հարիր է ամբողջատիրական ավանդույթին, երբ ծնված օրից մարդն արդեն պիոներ էր, հետո՝ պարտադիր կոմսոմոլ կամ կոմկուսի անդամ։

¬Չպատասխանեցիք՝ հավատո՞ւմ եք Հայ ազգային կոնգրեսի կայացմանն ու առաջ քաշած խնդիրների իրատեսական լինելուն։

¬Ինչպիսին կլինի Կոնգրեսը, կյանքը ցույց կտա։ Շատ բան կախված է մեր հասարակության տրամադրություններից, նաև այն բանից, թե որքանո՞վ դա կլինի տարբեր քաղաքական ուժերի համագործակցության ազատ թատերաբեմ, ազատ հարթակ, ինչն էլ հնարավորություն կընձեռի, որպեսզի Կոնգրեսի շրջանակներում տեղի ունենա գաղափարական¬քաղաքական ուղղությունների խոշորացում՝ միասնական պլատֆորմով։ Պլատֆորմ, ինչը թույլ կտա հաղթահարել ներքաղաքական այս ճգնաժամն ու երկիրը դուրս բերել առկա ծանր վիճակից։ Կարծում եմ՝ այս հեռանկարն այսօր միանգամայն տեսանելի է, թեև չի կարելի բացառել և այն, որ շաբաթն ուրբաթից ավելի շուտ կգա, ներքաղաքական սրընթաց զարգացումներն էլ պարզապես ժամանակ չեն թողնի թվարկածս նախապատրաստական աշխատանքների համար։

¬Արտահերթ ընտրություննե՞ր։

¬Իշխանությունների այսօրվա կեցվածքը գալիս է վկայելու, որ ամեն գնով փորձելու են խուսափել համապետական արտահերթ ընտրություններից։ Միայն հասարակության ճնշումը, միայն զանգվածային պահանջը՝ անցկացնել արտահերթ ընտրություններ, կարող են ստիպել իշխանություններին` գնալու, գոնե, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների՝ դրանով իսկ սկիզբը դնելով մեր ժողովրդի համար այնքան բաղձալի արմատական փոփոխությունների գործընթացի։

¬Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը կանի՞ ձիու այդ քայլը։ Կլուծարի՞ խորհրդարանը։

¬Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կփորձի ժամանակ շահել, բայց, ի վերջո, քաղաքական իրավիճակը կստիպի նրան հանգելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության գաղափարին։ Վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը կանգնելու է դաժան ընտրության առջև. կա՛մ համապետական ընտրություններ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների տեսքով, կա՛մ իշխանության հախուռն քայքայում, ինչը ցանկալի չէ ոչ մեկի, նաև ընդդիմության համար։ Ցանկալի չէ, որովհետև իշխանության հախուռն փլուզումը հասարակությանը կարող է թողնել փլատակների տակ։ Մինչդեռ պետական համակարգի անընդունելի բաղադրիչների կազմակերպված, ոչ հախուռն ապամոնտաժումը, իհարկե, ավելի նախընտրելի է հախուռն փլուզումից։ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ընտրել իր համար չարյաց փոքրագույնը, իսկ հասարակության համար՝ ապահով և հուսալի «փուլային» իշխանափոխության ճանապարհը։


Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 7928

Մեկնաբանություններ