ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մերկապարանոց հայտարարություններն ու կոչերն այսօր համոզիչ չեն»

«Մերկապարանոց հայտարարություններն ու կոչերն այսօր համոզիչ չեն»
17.04.2009 | 00:00

«ՁԱՅՆ ԳՆԵԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐԴ Է»
«Սոցիոմետր» սոցիոլոգիական անկախ կենտրոնը յուրաքանչյուր ընտրությունից առաջ, հասարակական տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով, հարցումների շարք է անցկացնում, իսկ թե ինչ տրամադրություններ են իշխում Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին, փորձեցինք պարզել կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ զրույցում։
«Ավագանու առաջիկա ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ կան ակնկալվող գործոններ, պայմանավորված նոր կարգով` Երևանի ավագանու ուղղակի և քաղաքապետի անուղղակի ընտրություններով,-
ասաց սոցիոլոգը։- Բացի այդ, կան անակնկալ գործոններ, որոնք անմիջական առնչություն չունեն ընտրությունների հետ: Դրանցից են նախագահական ընտրությունների հետ կապված մարտիմեկյան իրադարձությունները, տնտեսական ճգնաժամը, առաջին նախագահի մասնակցությունը քաղաքային ընտրություններին: Սրանք յուրօրինակ գործոններ են, որոնք չեն բխում ընտրական այս համակարգի էությունից»։ Իսկ ընդհանուր առմամբ, երևանցիները հիմնականում ցանկանում են, որ ապագա քաղաքապետը լինի տեխնոկրատ` տնտեսությունից հասկացող մարդ, գիտնական կամ ֆինանսիստ գործարար:
-Երևանցիներին ի՞նչ պայքար է սպասում առաջիկա ընտրություններում` թե՞ժ, թե՞ «յոլա»։
-Չէի ասի՝ սովորական ընտրապայքար է սպասվում։ Թաղապետերի ընտրությունները, եթե հիշում եք, բավականին հանդարտ էին անցնում, ոչ լարված մթնոլորտում, թեև որոշ միջադեպեր լինում էին։ Սակայն հիմնականում հետաքրքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ շատ բարձր չի եղել՝ 25-30 տոկոս ակտիվություն։ Երևանի ավագանու ընտրությունը նոր երևույթ է տնտեսական ճգնաժամի, ընդդիմության բողոքի շարունակվող ալիքի և իշխանական ուժերի հակահարվածի ֆոնի վրա, ուստի շատ հնարավոր է, որ բախվեն շահեր ու հետաքրքրություններ, որոնք կարող են լուրջ հետք թողնել ընտրությունների արդյունքների վրա։
-Նախագահական ընտրություններից ավելի քան մեկ տարի է անցել, բայց մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ, դրան գումարվում է նաև տնտեսական ճգնաժամը։ Այս ամենն իշխանությունների դեմ չի՞ գործում և նպաստավոր պայմաններ չի՞ ստեղծում ընդդիմության համար։
-Ընդդիմությունը շահեկան վիճակում կարող է հայտնվել, եթե ճգնաժամից դուրս գալու կամ քաղաքական մթնոլորտը մեղմելու ելքեր առաջարկի։ Նման ծրագրեր մենք չենք տեսնում։ Նման քննարկումներ չկան։ Կան առանձին-առանձին ելույթներ, որոնց իմաստը հետևյալն է՝ մենք կանենք այս ամենն ավելի լավ, քան դուք, մենք ավելի մեծ բարոյական իրավունք ունենք, քան դուք, այնպես որ՝ թողեք, կամավոր գնացեք, մենք կգանք՝ ամեն ինչ կշտկենք։ Այս ամենը պետք է հիմնավորվի, և բավականին լուրջ քարոզչական աշխատանք պետք է տարվի, որպեսզի երևանցիները դրան հավատան։ Իսկ մերկապարանոց հայտարարություններն ու կարգախոսների նմանվող կոչերն այսօր ընդունելի ու համոզիչ չեն։
-Այս պահի դրությամբ հարցումներ արվե՞լ են։ Ի՞նչ տրամադրություններ ունեն երևանցիները։
-Մենք պատրաստվում ենք հարցումներ անել ուրբաթ-շաբաթ օրերին, երկուշաբթի կունենանք տվյալներն ու կտեսնենք՝ պատվիրատուն թույլ կտա՞ դրանք հրապարակել, թե ոչ։ Խոսքը տվյալների շահեկանության մասին չէ, խոսքը տակտիկական նկատառումների և քարոզարշավի կազմակերպման մասին է։ Իմ խնդիրը պատկերը պարզաբանելը, գործոնները կշռելն է։ Այս շրջանում կանցկացնենք ևս երկու ուսումնասիրություն, քանի որ մեկ հարցմամբ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ Մենք մի քանի հարցումների հիման վրա ենք եզրակացություն անում՝ կանխատեսելով զարգացման միտումը, ինչը նվազագույնի է հասցնում սխալվելու հավանականությունը։ Իմ պատվիրատուն ցանկանում է իմանալ, թե իքս օրը, երբ ընտրողը կգնա ընտրատեղամաս, ինչ է գցելու քվեատուփի մեջ։ Իսկ թե ինչ դուրս կգա, դա արդեն իմ խնդիրը չէ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք իշխանություններին կամ ընդդիմությանը՝ ինչպիսի՞ մարտավարություն որդեգրեն ընտրազանգվածի համակրանքը շահելու համար։
-Որպես չեզոք անձ՝ ասեմ, որ այժմ իշխանական ռեսուրսը գրեթե չի աշխատում, այսօր հնարավոր չէ պետական աշխատողին ասել՝ գնա, ձայնդ տուր այս կամ այն թեկնածուին։ Ձայն գնելը Երևանում բավականին բարդ է։ Համայնքներ կան, օրինակ, Կենտրոնը, որտեղ բնակչության երկու երրորդը բարձրագույն կրթություն ունի, մեծ մասն ունևոր է, ուստի ձայն գնելը գրեթե անհնար է։ Այս ընտրություններում մեծ անելիք ունեն ուղղակի քարոզչությամբ զբաղվողները. նրանք պետք է կարողանան մտնել տները, ինչ-որ բաներ բացատրել, հասկանալ մարդկանց կարիքները։ Եվ եթե այդ կարիքները չարտացոլվեն կուսակցության կամ դաշինքի քարոզարշավի ընթացքում, քվեների մեծ մասը կկորցնեն, ու այստեղ վտանգն այն է, որ մարդիկ կգնան ոչ թե ընտրության, այլ ինչ-որ մեկին վատություն կամ լավություն անելու։ Այսինքն, ընտրությունը կապ չի ունենա ընտրության բուն նպատակի հետ։ Բոլոր դեպքերում 50 տոկոսից ավելի ակտիվություն ակնկալելը կլինի միամտություն։
-Այլ երկրների փորձն ի՞նչ է ցույց տալիս. մայրաքաղաքի ընդդիմադիր քաղաքապետն ու իշխանական բուրգը կարո՞ղ են «իրար միս չուտելով» համագործակցել։
-Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ տեղական իշխանությունները ձևավորում են սոցիալիստներն ու կոմունիստները՝ սոցիալական ուղղվածություն ունեցող կուսակցությունները, իսկ ազգային մակարդակով՝ հանրապետական, բուրժուական կուսակցությունները։ Եվրոպան կարողացավ տեղական իշխանություններին տալ սեփական բյուջե, հարկային լծակներ, և հարցերի մեծ մասը թողեց տեղական իշխանություններին։ Համայնքն այնտեղ ինքն է տնօրինում ենթակառուցվածքները, իր խնդիրները։ Տեղական իշխանությունները մեծ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Միակ տարբերությունը մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն է, որը դառնում է տրամպլին նախագահի պաշտոնին հասնելու համար։ Հաճախ մայրաքաղաքի ղեկավարը դառնում է նախագահ, որովհետև նա ավելի մեծ PR-ի հնարավորություն ունի, ավելի ճանաչված է և՛ երկրում, և՛ մայրաքաղաքում։ Մայրաքաղաքի քաղաքապետը մուտք է գործում քաղաքական էլիտա, եթե դրսևորում է իրեն որպես քաղաքական գործիչ։ Դա հիմնականում լինում է այն դեպքում, երբ նա իշխանական կուսակցության անդամ չէ։ Եթե նա իշխանությունից է, ապա ընդամենը ստորադասվում է նախագահին, խորհրդարանի ղեկավարին, վարչապետին, բայց եթե այլ կուսակցության առաջնորդ է, դառնում է առաջինը և գործում առանձին։ Երբ նման քաղաքապետը նախագահ դառնալու հեռանկար է ունենում, ի ցույց է դնում իր կուսակցական պատկանելությունը, և քաղաքի խնդիրները մղվում են հետին պլան։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ