ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏԱՐԱՃԱՇԱԿ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐ

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏԱՐԱՃԱՇԱԿ ԽՐԱԽՃԱՆՔՆԵՐ
10.06.2011 | 00:00

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի (գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) համերգներին առանձնակի հետաքրքրությամբ են մասնակցում երաժշտասերները։ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «աստղային» մենաելույթներին երաժիշտ կատարողների կենդանի հաղորդակցությամբ փորձ է արվում հագեցնելու բարձր մշակույթի օրավուր ահագնացող պապակը։ Հաճախացող հիասթափություններից չընկրկելով` երաժշտասերները սրտի թրթիռով են ողջունում համաշխարհային ճանաչում գտած յուրաքանչյուր հաջորդ զրնգուն անվան անսպասելի հայտնությունը Երևանում։ Եվ, բնական է, որ Պլասիդո Դոմինգոյի «պատմական» բեմելից կես տարի անց «Թագավորական երգիչներ» (Մեծ Բրիտանիա) a cappella (թարգմանաբար` «երգեցողություն առանց նվագակցության») սեքստետի համերգը հախուռն ընդունելության պիտի արժանանար «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 1968-ին Քեմբրիջի համալսարանի վեց ուսանողների ստեղծած ինքնատիպ երգչախումբը, որի երգացանկում շուրջ 4 հազար հնչեղ անուններ կան, ժամանակակից երաժշտական աշխարհին հայտնի ամենահաջողակներից է։ Մասնագիտական երկփուլ անաչառ մրցույթով ապահովելով որակական բարձր նշաձողի պահպանումը գոյության 40 տարիների ընթացքում 21 երգիչների փոփոխությամբ` «The king’s singers»-ը 2 մլն օրինակով թողարկված 150-ից ավելի ձայնասկավառակներով դյուրությամբ տարածում է աշխարհով մեկ նոր երգչախմբային երաժշտության իր հարյուրավոր մեկնաբանությունները, ամենահեղինակավոր սրահներում հանդես գալիս տարեկան նույնքան համերգներով։ Հայաստանյան ունկնդիրներից նրանք, ովքեր լավատեղյակ էին «Grammy»-ի մրցանակակիր «Սովորական նվերները», «Լողալով Լոնդոնի միջով» և այլ ալբոմների բովանդակությանը, խորհրդանշական համարեցին «Թագավորական երգիչների» հայաստանյան միակ համերգի ծրագիրը։ Կոնտրտենորներ Դավիթ Հառլեյը և Թիմոթի ՈՒայն-Ռայթը, բարիտոններ Ֆիլիպ Լոուսոնը և Քրիստոֆեր Գաբիտասը, Փոլ Ֆենիքսը (տենոր) և ամենանորեկը` զվարճասեր Ջոնաթան Հովարդը (բաս), բրիտանական անշփոթելի սրամտությամբ ներկայացնում էին հիմնականում իրենց այն կատարումները, որոնցով «համեմում» են անգլիական թագավորական ընտանիքի խնջույքները։
Մի շտապեք տխուր եզրահանգումներ անել։ Բրիտանական արքայական ընտանիքը հակված չէ հայկո-մկոյական սիրուշ-շոուների։ Նրանց ախորժակը, որքան էլ մեզ տարօրինակ թվա, գրգռվում է դասական երաժշտության 400-ամյա ձայնադարանի հանրահայտ գանձերի ինքնատիպ զուգադրությունների պարբերական ունկնդրությամբ։ Կատակախառն անցումներով ու առանձնահատուկ ձայնատարությամբ «Թագավորական երգիչները» ամենաարտասովոր ուտեստների հետ միաժամանակ «մատուցում» են իրենց երկրի կապտարյուն տերերին անգլիական հոգևոր հնամենի երաժշտության ու իսպանական մադրիգալների, Բախի ու Բեթհովենի, Բիզեի ու Շոպենի, Ֆրեդի Մերկուրիի ու «Բիթլզի» և տարաժանր այլ սիրված երաժիշտների ամենատարածված ստեղծագործությունների ծաղկաքաղեր։ Փոփոխելով հանրահայտ երաժշտամոտիվների համադրությունը, պատկերացրեք, մշտապես ուշագրավ են մնում և պահանջված։ Հուսանք, Աստծո 12 առաքյալների խորհրդով հանդերձավորված մեր «ամենատարեց» երաժշտափառատոնը, իր 12-րդ ուշահաս մեկնարկից հետո, կփորձի բարեփոխել մեր երկրի տերերի երաժշտական զվարճությունների բովանդակությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ