ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՆԴԻՆ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՆԴԻՆ
18.02.2011 | 00:00

«ՓՈՔՐ ԲԵՄԻ» ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խաղացանկային քաղաքականության մշտանորոգումն անհամեմատ արդյունավետ դարձավ, երբ, «Լինսի» հիմնադրամով հիմնական շենքը բարեկարգելուց զատ, կառուցվեց առաջին հայացքից ոչ այնքան հարմարավետ նոր թատերասրահը։ Փորձասենյակ հիշեցնող այս տարածքի «թատերաշրջանառությամբ» մեր ռուսական թատրոնում հաստատվեց «փոքր բեմի» գեղագիտությունը։ Սկսնակների առաջին հրապարակային ելույթներն առավել անկաշկանդ ու համարձակ դրսևորվեցին` խաղի չգրված կանոնների փորձառությամբ դյուրացնելով մեծ բեմի դժվարությունների հաղթահարումը։ Ստեղծագործական նոր արտահայտչամիջոցների հստակեցման պարարտ հող գտան որոշակի բեմափորձ կուտակած, հանրաճանաչ դերասաններից ոմանք։
Մենաներկայացումների ձևաչափը վերապահությամբ ընդունող ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ, ներշնչված հմուտ թատերանկարիչ Արթուր Հարությունյանի համագործակցությամբ ու նորահայտ դերասանուհի Էլիտա Սանակոևայի խաղընկերությամբ ուշագրավ թատերակերպար ստացած «Ադել»-ի (Եվգենի Տագանով) ջերմ ընդունելությունից, ձեռնարկեց իր մենաթատրոնի կազմավորումը։ Ստեֆան Ցվայգի հոգեբանական արձակի հանրածանոթ էջերից մեկի` «Ամոկ» պատմվածքի բեմականացմամբ ուղենշվեց նոր շրջադարձը` տարբեր թատերախմբերում արտիստական նկրտումների կապանքումից ռուսական թատրոնում շուտով թոթափված վիրահայ արվեստագետի երկտասնամյա տարեգրության մեջ։ Ներքին վերապրումի արդեն գտնված կերպապնակն անսպասելի բարենպաստ միջավայրում շուտով նոր նրբերանգներով հարստացավ։
Անսամբլային մի շարք թատերախաղերով արտերկրում ձեռք բերած ճանաչման սահմաններն ընդլայնվեցին միջազգային փառատոներում «Ամոկ»-ի նվաճած դափնիներով։ Մոսկովյան «Սոլո»-ում (նախագահ` Կոնստանտին Ռայկին) փայլատակելով` Հակոբյանի «առաջնեկն» արժանացավ սույն թվականի մարտի 22-ին Կալինինգրադում տեղի ունենալիք նորաստեղծ թատերափառատոնի վարագույրը բացելու պատվին։ Ստեղծագործական անսպառ էներգիայի թատերապարպման հոգևոր պահանջի թելադրանքին անսալով` մեծ բեմում բազմազբաղ արտիստը ձմեռնամուտին կայացրեց «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» մենախաղի բեմադրությունը ըստ ԼԵՎՈՆ ԶԱՎԵՆ ՍՈՒՐՄԵԼՅԱՆԻ համանուն վեպի։ Մեր ռուսական թատրոնի փոքր բեմի սեփական ինքնատիպ խաղացանկի տասնյակ անուններին գումարվեց ևս մեկ մնայունը։
ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՐՆԱԾՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ
Կամերային թատերասրահի ճնշող խավարն անմիջապես զվարթանում է, երբ անցյալ դարասկզբի երաժշտալեգենդ Գլեն Միլլերի «Չատանուգա չու-չու» հանրահայտ երգի պարային ռիթմերին համահունչ աշխուժությամբ Նյու Յորքի երկնաքերներից մեկում գտնվող իր համեստ կացարանում հայտնվում է Ռոբերտ Հակոբյանի «զտարյուն» ամերիկացի դարձած տրապիզոնցի հայը։ Հայրենակիցներից շատերի նման ամերիկյան մայրցամաքում երանավետ կենսակերպ գտնելու նրա երազանքը, կարծես, լիովին իրականացել էր։ Տարեմուտին գինովցած նախապատրաստությունը, ազատ ու բարեկեցիկ ամերիկյան կյանքի խորհրդանիշերից դարձած «պճնամոլների հիմնի» արթնացրած բարձր տրամադրությունը հօդս են ցնդում վայրկենապես, երբ հանդիսատեսի հետ մտերմիկ զրույցին անակնկալ ընթացք է տալիս` բացելով անհոգ ներկայի վարագույրը, որից անդին կորսված ծննդավայրի` կարմիր տանիքներով ճերմակ ծովափնյա քաղաքի գունագեղ պատկերն է (բեմանկարիչ` Արթուր Հարությունյան)։ Երբ ութնամյա մանկան անմիջականությամբ կենդանացնում է նորափթիթ կյանքի անմոռաց պատառիկները, ակնթարթորեն անմնացորդ ներգրավվում ես անչար ու անկեղծ վերհուշի տիրույթում։ Խորունկ բանաստեղծականությամբ, բայց չգունազարդված եղեռնապատումն անամոք մնացած գենետիկ վերքիդ մրմուռն է տեսարանից տեսարան սաստկացնում։ Առանց ծեքծեքուն հայրենասիրական ճառերի, առանց հետահայաց իմացությամբ ու իմաստնությամբ պատմական իրողությունները մեկնաբանելու առաջ է տանում իր խոսքն ու խաղը Ռոբերտ Հակոբյանը, ճիշտ և ճիշտ Սուրմելյանի ոգով վերապրելով մոլի որսորդ, աննկուն ռազմիկ ու խորագետ մտավորական (այսպիսին էին ազգասեր դաշնակցականները...) քեռի Լևոնի հերոսական նկարագիրն ուղեցույց աստղ դարձրած փոքրիկ Զավենի մանկությունը։ Զավեշտախառն իրադրություններից (ամենաբնութագրականը «ոտնալվայի» դրվագն է` լի գրաբար քրիստոնեական պատարագներից ու շքեղաշուք ծիսական արարողությունների լիարժեք ըմբռնումից հեռու ակնապիշ զարմանքով) մինչև ողբերգականները։ Հատկանշական է, որ ինքնակենսագրական իր պատումը Սուրմելյանը սկսում է գարնանամուտին քեռի Հարությունի անխուսափելի վախճանը սգացող հարազատների կսկծալի ապրումներով` յուրովի ապագա նախճիրի անկասելիությունը հիմնավորելով աշխարհի տիրակալների մութ գործերից գլուխ չհանող տղայի համար նույնիսկ։ ՈՒրախ ու տխուր պատկերները, ասես ակամա, սերտաճում են իրապատում այս հեքիաթում։ Հընթացս, հեռավոր ժամանակներում ու ափերում բացված պատուհանից երևացող կյանքի զարկերակի տրոփյունով, յուրաքանչյուր նովելային դրվագի ավարտվելուն պես նյույորքյան արծաթավուն տոնածառը զարդարվում է հայկական խորհրդանիշ-խաղալիքներով (նուռ, շվի, Կոմիտասի երգի կոտրված ձայնապնակ, հայատարազ տիկնիկ...)։ «Արևոտ հովտի սերենադի» ուրախ հնչյուններն ինքնաբուխ խզվում են հայկական հոգևոր երաժշտությունից, պարեղանակներից, Խաչատրյանից ու Բաբաջանյանից ռեժիսոր Արման Միրիջանյանի արած հնարամիտ ծաղկաքաղով։ Սև շղարշով է պարուրվում երբեմնի ձիթենու մեծ ճյուղի ոսկեշող ամանորի ուրախությունից զերծ ծառը։ Ռոբերտ Հակոբյանի հերոսի գլխավոր ասելիքին համարժեքանում են ընտրված հարափոփոխ խաղաոճի զուսպ ու ներգործուն արտահայտչամիջոցները։
Հայ մանչուկի առինքնող կերպարն ամբողջանում է իր ազգին բաժին ընկած անմարդկային փորձությունների պարզ ու պատկերավոր, անկողմնակալ նկարագրությամբ։ Փքուն պաճուճանքից զուրկ, կատարվածի էության մեջ ներթափանցելու անկարող նախճիրից հրաշքով փրկված Զավենին ներանձնավորված արտիստն ակնապիշ զարմանքով է մատուցում իրեն ու մտերիմ-հարազատներին պատուհասած Չարիքը` ի զորու չլինելով դժվարին հանելուկների պատասխանները սեփական վտիտ կենսափորձով գտնելու։ Որքան թանձր է արնածորում ի ծնե «անճոռնի ճուտիկի» համարում ունեցող չարաճճի տղայի հեքիաթային կյանքի վաղաժամ խզված մանկության նախերգանքը, այնքան հուզառատ է ընկալվում անաչառ ականատեսի ներկայացրած պատմական ճշմարտությունը։ Միաժամանակ լավատեսական հավատով է գոտեպնդում, քաջարի ու բարեգութ Զավենի վտանգավոր արկածներով լի (իր սիրած առաջին գրական կուռքի` Ռոբինզոն Կրուզոյի և երջանկաբեր հրեղեն ձիուն սանձած հեքիաթի հերոսի` Մանուկի հանգույն) փրկության ճանապարհով ուղեկցելիս, խրոխտ քոչարիով, տերևաթափ ու ճղակոտոր տոհմածառի բնի անհավանական կենսուժը վեր հանելով։
Եվ միանգամայն արժանահավատ է դառնում «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպի առաջին ամբողջական հրատարակության (1945 թ., Նյու Յորք) առաջաբանում գրչակից ընկերոջ եղերասքին ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ տված բարձր գնահատականը. «Լևոն Զավեն Սուրմելյանը մեկն է պատերազմական տարիների բազմաթիվ հայ մանուկներից, որոնց հաջողվել է խորամանկությամբ գերազանցել թշնամուն և զոհ չդառնալ։ Հիմա նրանք հայտնի են ամենքին։ Մասամբ նրանց նկարագրել են Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան 40 օրը», Էլջին Գրոուսկլոուսը` «Արարատ» վեպերում։ Այդուհանդերձ միայն այս գրքում է առաջին անգամ այդ երեխաների պատմությունը մատուցվում հենց նրանցից մեկի ապրածով ու զգացածով... Նրանց թշնամին որևէ կոնկրետ ազգ կամ ժողովուրդ չէր։ Նրանց թշնամին Չարն էր, նույնքան վերացական, որքան Չարի հասկացությունն է առասպելում։ Սա մեկն է երբևէ իմ կարդացած հրաշալի ու հետաքրքրաշարժ, ազնվացնող ու կենսահաստատ պատմություններից»։
Զգացմունքառատ, բայց ուժեղ մարդու տրամաբանությամբ բեմականացնելով Սուրմելյանի կորսված մանկության ու մեր ազգային ամենամեծ ողբերգության պատմությունը` Ռոբերտ Հակոբյանն արևմտահայության անհետացած կյանքի իր մեկնաբանությամբ զգաստացնում է մերօրյա հայրենակիցներին` հետագայում քանիցս կրկնված ու անպատիժ մնացած կարմիր ու սպիտակ ջարդերի մասին հիշեցնելով։ Համամարդկային հանցավոր անտարբերությանը համակերպությամբ բացատրում Երկրորդ համաշխարհայինի տարիներին, մինչև իսկ արտաքուստ խաղաղ ու միաբան հետպատերազմյան օրերին տեղի ունեցած վայրագությունները։ Կրակոտ պոռթկումով դրդում է համապատասխան հետևություններ անելու համաշխարհային պատմության դասերից, որոնցով, ցավոք, հարուստ են բոլոր ազգերի ու ժողովուրդների տարեգրությունները։ «Հիշեցե՛ք մեզ»,- աղաղակում են մահվան երթում գլխիկոր մորթված հայերը, հույները, հրեաները, ասորիները, նույնիսկ թուրքերը։
«Ամերիկյան երազանքի» տարերքին ենթագիտակցաբար հանձնված չսփռվեցի՞նք աշխարհով մեկ։ Հիմա՛ էլ «դրսում» ենք փնտրում մեր փրկությունը` մի բուռ քարերին ծվարած հայրենիքից ինքնակամ հրաժարվելով։
ՈՒՂԵՐՁ ԱԶԳԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՈՒ ՊԱՐՈՆՆԵՐԻՆ
Տպավորված Ռոբերտ Հակոբյանի հեղինակած «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» մենաներկայացման զուսպ ու խորունկ արտահայտչականությամբ` սովորությանս համաձայն փնտրում եմ գրական հիմքի բնօրինակը։ Որոնումներիս ձախողումից անակնկալի եմ գալիս. «Սովետական գրող» հրատարակչության հայերեն (1980 թ., թարգմ.` Հրաչ Բուջիկանյան) և ռուսերեն (1987 թ., թարգմ.` Ջուլիետա Ջուֆալակյան) 30-հազարական տպաքանակով լույս ընծայած օրինակներից ոչ մեկը չեմ գտնում որևէ հնագրավաճառի մոտ կամ հանրային գրադարանում։ Զարմանում եմ` մի՞թե ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտն ու Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի և Հայոց ցեղասպանության թանգարանները հանիրավի մոռացության են մատնել հանրահռչակման նպատակով հատուկ անգլերեն գրված այս կարևոր պատմագեղարվեստական երկը։ Գրքի առաջին ամբողջական հրատարակության և գրողի (1905-1995 թթ.) տարեդարձները պատեհ առիթ չէ՞ին վերահրատարակությամբ լրջորեն մտահոգվելու` Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնված տարատեսակ մեծ ու փոքր միջոցառումների շրջանակներում։ Կամ էլ 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում թափ առած գրահրատարակչական եռուզեռում որևէ կասկածելի արժեքավորության հին ու նոր գրքի փոխարեն միջազգային համբավ ձեռք բերած տասնյակ տպագրիչներից մեկնումեկին հետաքրքրելու բացառիկ այս գրքով։ Վերջիններիս, հաստատ, կգայթակղեր խոսուն փաստը, որ, մինչ ամբողջական տպագրությունը, առանձին հատվածների լույսընծայումն ամերիկյան պարբերականներում ամենևին էլ աննկատ չի մնացել։ «Ամերիկան իմ արյան մեջ է» (1942 թ.) գլուխը Օքսֆորդի համալսարանի հրատարակած անգլերենի ուսումնական ձեռնարկի մեջ է ներառվել, իսկ «Իմ ռուսական գլխարկը»` «Ամերիկյան ընտիր պատմվածքներ» (1944 թ.) հեղինակավոր ժողովածուում։ (Ի դեպ, այդ ժամանակ Սուրմելյանը դեռևս լիարժեք չէր տիրապետում անգլերենին, չէր դասավանդում անգլիական գրականություն և լեզու ո՛չ պատանիներին, ո՛չ էլ համալսարանի ուսանողներին)։
Բնականոն հանդարտվեց խանդավառությունս վերջին տարիներին մեզանում մեծ ծավալներ ընդունած գրահրատարակչական գործունեությամբ, որ հատկապես սրվել էր «Դարձ առ գիրք» միջազգային փառատոնին հրամցված ակնածալի թվերով ու փաստարկներով, բազմաբազում միջազգային գրատոնավաճառներում արձանագրված հաջողություններով։ Բոլորովին վերջերս մասնակցելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը միտված հերթական խոշոր նախաձեռնությանը (ըստ էության, գերմանական պատկառելի դրամաշնորհով հրատարակված հայերեն-թուրքերեն` «Խոսելով միմյանց հետ...» ստվար ժողովածուի շնորհանդեսին, որն անվճար տրամադրվում էր այցելուներին), պարզապես կարկամեցի. ինքնախաբեության դիմակահանդեսում չգտնվեց լրջորեն հետաքրքրված որևէ մեկը։ Ապրիլի 24-ը «սգո տոն» համարող, օտարամոլ մատաղ սերնդին ուսանողական հարցազրույցների այդ մեծատպաքանակ «ամփոփագիրը», որից անտեղյակ էին Երևանյան 6-րդ գրատոնավաճառի գրեթե բոլոր մասնակիցները, բարեկրթորեն մատուցվող հյուրասիրությունից ավելի չհետաքրքրեց։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ, ազգասեր տիկնայք և պարոնայք։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Մեկնաբանություններ