«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իսկական սպան, Չարենցավանի պատվավոր քաղաքացին ու անչափ բարի մարդը

Իսկական սպան, Չարենցավանի պատվավոր քաղաքացին ու անչափ բարի մարդը
24.05.2013 | 11:30

Հազվադեպ է պատահում, երբ մեծարում են մարդու, որն արդեն վաղուց պաշտոնաթող է, առավել ևս` ոստիկանության աշխատակից: Երբ 1990 թվականի աշնանը Հայաստանում անցկացվում էին տեղական խորհուրդների ընտրություններ, Չարենցավանի քաղխորհրդի պատգամավորության թեկնածուներից շատերը չէին մոռացել իրենց ազգանունների դիմաց նշել զանազան բարձր պաշտոններ ու տիտղոսներ, մինչդեռ նրանցից մեկի անվան դիմաց գրված էր ընդամենը մեկ բառ՝ «թոշակառու»: Այդ ժամանակ էլ, թերևս, տեղամասի գրեթե բոլոր ընտրողների ձայները, որ տրվեցին «թոշակառուի» օգտին, կրկին հավաստեցին, թե ինչպիսի համաժողովրդական սեր ու հարգանք է վայելում նա: Իսկ պատգամավոր դարձած «թոշակառուն» ոչ այլ ոք էր, եթե ոչ միլիցիայի պաշտոնաթող գնդապետ ԿԱՐԼԵՆ ԲԱՂՅԱՆԸ:
1958 թվականին, ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատանքի անցավ Հրազդանի շրջանի ՆԳ բաժնում, ապա կարճ ժամանակ անց, աչքի ընկնելով ծառայության մեջ, երիտասարդ սպան նշանակվեց Լուսավանի (Չարենցավան) ՆԳ բաժանմունքի պետ, դառնալով արդյունաբերական խոշոր քաղաքի առաջին ոստիկանապետը: Դրանք այն տարիներն էին, երբ քաղաքի բնակչությունը համալրվում էր ամենատարբեր տեղերից եկած մարդկանցով, մեծ թիվ էին կազմում աքսորյալները, որոնց թվում «քրեականներ»՝ որքան ուզեք: Հասկանալի է, թե որքան ջանք ու եռանդ, նաև արիություն ու սառնասրտություն պահանջվեց նրանից քաղաքում հասարակական կարգ ու կանոն պահպանելու համար: Բաղյանից չէին վախենում, նրան հարգում էին մեծից փոքր, նա այն ոստիկանն էր, որին բոլորն ընդունում էին որպես իսկական բարեկամի ու պահապանի: Այդ տարիներին էր, երբ հարևան Աբովյան քաղաքում երկար ժամանակ գործում էր բնակարանային գողերի մի հանցախումբ, և շատ մեծ ջանքերի գնով միայն իրավապահները կարողացան բացահայտել ու ձերբակալել չարագործներին: Նրանք այնքան մեծ աղմուկ էին հանել հանրապետությունով մեկ, որ արժանացան ներքին գործերի այդ տարիների նախարար Վլադիմիր Դարբինյանի «ընդունելությանը»: Իմանալով, որ բոլորն էլ չարենցավանցիներ են, վերջինս զարմացած հարցրել էր. «Սոցիալապես նույն վիճակում են Աբովյանն ու Չարենցավանը, ձեր քաղաքը թողած` գողության համար ինչո՞ւ եք հասել Աբովյան»: Գեներալը զարմացել էր բնակարանային գողերի անկեղծ պատասխանից. «Բաղյանից ամաչում ենք»: «1917 թվականին էլ պրոլետարիատը թույլ օղակ էր փնտրում հեղափոխություն անելու համար ու գտավ Ռուսաստանը»,- բացականչել էր մասնագիտությամբ պատմաբան նախարարը և հրաման ստորագրել Աբովյանի միլպետին ազատելու և Բաղյանին առաջ քաշելու մասին: Նա գերազանց գիտելիքների տեր իրավաբան էր, արիասիրտ ոստիկանապետ, իսկական մանկավարժ: Քանի՜ քանիսն են նրա օգնությամբ կանգնել շիտակ ճանապարհի վրա ու տասնամյակներ անց էլ խորին հարգանքով ու սիրով են հիշում նրան: Կարլեն Բաղյանը նաև բազմակողմանի զարգացած մարդ էր, գրականության, արվեստի, հատկապես երաժշտության գիտակ ու մեծ սիրահար, նաև տաղանդավոր մարզիկ, հրաշալի բռնցքամարտիկ, ֆուտբոլիստ: Նրա հովանավորությունը զգացել են մշակույթի այն բոլոր գործիչները, որոնք երբևէ նրա պաշտոնավարման ժամանակ եղել են Չարենցավանում ու Հրազդանում: Բոլորին է հայտնի դեպքը, երբ անզուգական Արաքսյա Գյուլզադյանի համերգից հետո, որը շատ ուշ ժամի էր ավարտվել, Կարլեն Բաղյանը մոտեցել, ծաղիկներ է մատուցել, որդիաբար խոնարհվելով` համբուրել ժողովրդական երգչուհու ձեռքը, հրավիրել ու հյուրընկալել նրան իր տանը:
Կարլեն Բաղյանն առանձնակի սիրով էր վերաբերվում արցախյան ազատամարտի նվիրյալներին: Նրա ջանքերի շնորհիվ հանրապետությունում առաջինը Չարենցավանում սկսվեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնելու շնորհակալ գործը: Կազմվեց ու մեծ տպաքանակով տպագրվեց նրանց նվիրված հուշ-օրացույցը՝ գեղագիտական առումով սքանչելի մի ստեղծագործություն, ապա սկսեց քայլեր կատարել նրանց նվիրված հուշասրահի ստեղծման ուղղությամբ: Դրանք նաև մեծ դեր ունեցան մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում:
1993 թվականին արժանավոր հայորդուն շնորհվեց Չարենցավանի պատվավոր քաղաքացու կոչում: Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ այսպես մեծարվել է ոստիկանության համակարգի որևէ աշխատող, այն էլ՝ պաշտոնաթող: ՈՒ թեև բարի գործերի ծրագրեր շատ ուներ, Կարլեն Բաղյանը, սակայն, ցավալիորեն կյանքից հեռացավ շատ վաղ: Նա հանկարծամահ եղավ 1995 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ նոր էր բոլորել կյանքի 62-րդ տարին:
Մայիսի 24-ին լրանում է իսկական սպայի, Չարենցավանի պատվավոր քաղաքացու, անչափ բարի մարդու՝ Կարլեն Բաղյանի ծննդյան 80-ամյակը:


Համլետ ԿՈՆՋՈՐՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ