«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայ երիտասարդների հաղթանակը Մալթայում

Հայ երիտասարդների  հաղթանակը Մալթայում
19.04.2013 | 12:47

Իր գեղեցկությամբ ու դիրքով Միջերկրական ծովի մարգարիտ Մալթան դարեր շարունակ եղել է շատերի երազանքի առարկա: Սկսած փյունիկեցիներից, հնագույն այդ կղզյակին ձգտել են տիրանալ արաբները, օսմանցիները, ֆրանսիացիները, անգլիացիները և այլք: 2013 թվականին Մալթան «նվաճողների» թիվն ավելացավ ևս մեկով` հայերով, որոնք նվաճեցին ոչ թե զենքով, այլ արվեստով: Նկատի ունենք սույն թվի ապրիլի 2-6-ին կայացած երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթը: Հայտնի է, որ հայ-մալթական առնչությունները սկզբնավորվել են դեռևս Կիլիկյան թագավորության ժամանակներում: Կիլիկիայում 12-րդ դարից մալթացիներին տրամադրել էին հողեր, ամրոցներ: Մալթայի ասպետական օրդենը Կիլիկիայում գոյություն ունեցավ մինչև 1375 թ.: Թագավորության անկումից հետո հայերի մի մասը տեղափոխվեց Մալթա:
1620 թ. հիմնվեց հայկական Տա’Լիեզե եկեղեցին: Եթե 1565 թ. օսմանցիների արշավանքն ավարտվեր հաղթանակով, ապա կարելի է պատկերացնել, թե այդ հրաշք կղզուց ինչ կմնար: Հավանաբար, չէին լինի ոչ հայկական եկեղեցին, ոչ համայնքը, ոչ էլ հիշյալ մրցույթը: Արվեստի այս տոնին մասնակցում էին երաժիշտներ 14 երկրներից` Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Հարավային Կորեայից, Պորտուգալիայից, Հայաստանից, Ադրբեջանից և այլն: Երեք տարիքային խմբերում ներկայացված էին դաշնակահարներ, ջութակահարներ, տարբեր անսամբլներ: Ժյուրիի կազմում էին բարձրակարգ երաժիշտներ Նատալյա Ռայթելը (Գերմանիա), Ջոն Քենեդին (ԱՄՆ), Կատյա Ավդեևան (Շվեյցարիա), Վիլյամ Ստրիթը (Կանադա), Սաթիկ Անդրիասյանը (ԱՄՆ): Նախագահն էր անվանի ջութակահար Վլադիմիր Բարանը, որը կատարելագործել է իր արվեստը Տիբոր Վարգայի, Վիկտոր Պիկայզենի և այլ մեծերի ղեկավարությամբ: Մրցույթին Հայաստանից մասնակցում էր երեք հոգի` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը (պրոֆ. Գագիկ Սմբատյանի դասարան), Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, ջութակահար Ֆելիքս Հարությունյանը (պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյանի դաս.) և Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սան, դաշնակահարուհի Միլենա Գալստյանը (Ռուզաննա Հովսեփյանի դաս.): Լուսինեն ստացավ 1-ին մրցանակ, Ֆելիքսն արժանացավ ֆինալիստի պատվավոր դիպլոմի և Մալթա-2014 թ. բարձրագույն դասընթացի անվճար հրավերի, իսկ Միլենային շնորհեցին հատուկ մրցանակ: Նման մրցույթները մեծ դեր են խաղում ոչ միայն արվեստի զարգացման գործում, այլև նպաստում են ժողովուրդների մերձեցմանն ու խաղաղությանը: Ի դեպ, Ֆելիքսը խոստովանել էր, որ կյանքում առաջին անգամ էր կենդանի ադրբեջանցի տեսնում, և զարմացել էր, որ լուսանկարվելիս բաքվեցի Մինիրան կանգնեց երկու հայերի միջև: Եվ հարցնում էր, մի՞թե այդ աղջիկը տեղյակ չէր հայերի ջարդերին Սումգայիթում, Բաքվում, Գետաշենում և առհասարակ Հայոց ցեղասպանության մասին: Իսկ ինչպե՞ս կվերաբերվեն բաքվեցիները Մինիրային, եթե լուսանկարում նրան տեսնեն հայերի հետ: Մրցույթի մթնոլորտը բարյացակամ էր, «դատավորները»` անաչառ: Ժյուրիի անդամները մտահոգված էին նաև մասնակիցների ապագայով: Ֆելիքսին հարցրել էին, թե ինչո՞ւ նա հանդես չեկավ իր տարիքային խմբում, որտեղ կստանար առաջին մրցանակ, նա պատասխանել էր. «Լավ է մեծերի կազմում լինել երկրորդը, քան պատանիների մեջ` առաջինը»։
Շնորհավորում ենք մեր երաժիշտներին, նրանց նվագախմբին բարձր նվաճումների, հարուստ «ավարի» և միջերկրածովյան ջերմ հովերի համար:

Գոհար ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ազգային կամերային նվագախմբի ջութակահարուհի

Մալթա-Երևան

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ