«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Եթե թուրքը Անիի մայր տաճարը ավերի, մենք իրավունք ունե՞նք խառնվելու, թե՞ ոչ»

«Եթե թուրքը Անիի մայր տաճարը ավերի, մենք իրավունք ունե՞նք խառնվելու, թե՞ ոչ»
19.04.2013 | 12:32

Լեռնային Ղարաբաղի Գանձասարի եկեղեցու պարսպի երեսպատումը շարունակվում է:
Աղմկահարույց այս գործընթացը կյանքի է կոչվել ծնունդով արցախցի, ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ և միջոցներով:
«Լևոն Հայրապետյանն իսկապես շատ բարեգործություններ է անում Վանք գյուղում, վերականգնել է ճանապարհը, խանութներ է սարքել, դպրոց, փայտամշակման գործարան ունի, ուր վանքեցիք աշխատում են և այլն,- մեզ հետ զրույցում ասաց պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:- Հիմա նա որոշել է, որ Գանձասարի վանքն իրենն է: Մինչդեռ այն հայ ազգի կարևորագույն պատմամշակութային ժառանգություններից մեկն է, այսինքն, դա բոլորինն է և ոչ մեկի սեփականությունը չի կարող լինել»:
Նշենք, որ Գանձասարի միջնադարյան եկեղեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո է:

-Ովքե՞ր են կողմ պարսպի երեսպատմանը: Նման դեպքերում մասնագետները բաժանվում են երկու խմբի, բայց երբ փորձեցի գործընթացի կողմնակիցների կարծիքը լսել, այդպիսիք չգտնվեցին:
-Չեմ հանդիպել մասնագետի, որ հակառակն ասի: Երեսպատման տարբերակը պաշտպանում են այն մարդիկ, ովքեր շահագրգիռ են, ովքեր բուն գաղափարը չեն հասկանում, շատերը մեղադրում են ճարտարապետներին, որ քննադատում են հայտնի բարերարին: Մենք անձի դեմ ոչինչ չունենք, ընդամենն ասում ենք` մեր պարիսպը հանգիստ թողեք, դա պատմություն է, չի կարելի պատմությունը ոչնչացնել ինչ-որ մեկի քմահաճույքով: Ո՛չ նախագիծ կա, ո՛չ թույլտվություն, ո՛չ շինթույլտվություն, ինչ ուզում` անում են: Իրենց ոչ ոք չի կարող արգելել, մենք հարցը բարձրացրել ենք մինչև վարչապետ, նախագահ, բայց առայսօր քար լռություն է:
-Ի՞նչ կասեք փլվելու վտանգի մասին: Շինարարությունն իրականացնող «Աթա Վանք Լես» կազմակերպության գործադիր տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը` Լևոն Հայրապետյանի եղբայրը, ըստ մամուլում տեղ գտած հրապարակման` վստահեցրել է, որ չամրացնելու դեպքում պարիսպը կարող է փլվել:
-Հիմա ուղղակի երեսպատում են, այսպես ասած` «աբլիցովկա», և դրանով հիմնավորում են, թե ուզում են կայունացնել պարսպի վթարային վիճակը: Կոպիտ ասեմ, երբ տունդ վերանորոգում ես, կերամիկական սալիկով պա՞տ ես ամրացնում, թե՞ դեկորացիա ես անում: Ես չեմ ուզում վերլուծել` իրենց արածը լա՞վ է, թե՞ վատ, ճի՞շտ է, թե՞ սխալ, որակո՞վ է, թե՞ անորակ, ինձ հետաքրքրում է միայն այն, որ մեր պատմությունը չոչնչացնեն: Դա պատմություն է, մշակութային շերտ է, հաջորդ սերունդները գուցե գիտական գործունեություն ծավալեն, այդ պարսպի մեջ ինչ ասես կարող են գտնել: Ժամանակին պարսպապատի մեջ բազմաթիվ արձանագրություններ, խաչքարերի կտորներ կային: Ի՞նչ է նշանակում` ես որոշել եմ, անում եմ:
-Ի՞նչ են ասում իրենք` նախաձեռնության հեղինակները:
-Նախկինում իրենք ասում էին, որ պարիսպ չի եղել, սա էլ ադրբեջանցին է «ցեխով» շարել, մենք մաքրում ենք: Իրականում այդպես չէ: Պարիսպը եղել է ի սկզբանե: Շատերն ասում են` սիրուն է: Պարսպի սիրունը կամ տգեղը ո՞րն է: Գանձասարի պարիսպը շարող վարպետները պարիսպը շարել չգիտեի՞ն կամ չէի՞ն կարող սիրուն անել, բայց հասկանում էին, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն, իսկ պաշտպանական կառույցներն անընդհատ քանդվում և վերաշարվում են թշնամու հարձակումներից հետո (Գանձասարի տարածքում հարյուրավոր նման դեպքեր են եղել): Երկրորդ խնդիրը. վարպետները միշտ շեշտը դնում էին տաճարի վրա, պարտադիր չէր, որ պարիսպը շքեղ լիներ և շեշտադրումը շեղվեր, որովհետև տաճարն էր ավելի կարևոր` որպես հոգևոր, ճարտարապետական, մշակութային արժեք:
-Տեղի բնակիչներն ինչպե՞ս են արձագանքում Լևոն Հայրապետյանի մտահղացմանը:
-Տեղի բնակիչները գուցե մասնագիտորեն չեն ընկալում և համարում են, որ սիրուն է: Ընդ որում, եթե ընդունենք, որ Հայաստանում կա 26 հազար պատմաճարտարապետական, հնագիտական ժառանգություն, մոտ տասը հազարը` Արցախում և այլն, Գանձասարի եկեղեցին 40 հազարի հասնող կոթողների մեջ առաջին տասնյակում է, չի կարելի այդքան քմահաճորեն վերաբերվել: Պարսպի պատերը կղմինդրով է ծածկել, մեր ճարտարապետության մեջ կղմինդրածածկ պարիսպներ չկան: Արժեքավոր քանդակազարդ քարերը ծակծկել են, լույսեր կախել, գյուղի տարածքում` պատմական միջավայրերից, անտառներից խաչքարեր են գտնում, բերում շարում են եկեղեցու տարածքում: Չի կարելի պատմական կոթողը մի տեղից վերցնել ուրիշ տեղ դնել և ասել` կորած էր անտառում: Դա այնտեղ` իր տեղում, պատմություն է: Էլ չասենք, որ ավտոկայանատեղի է կառուցել զբոսաշրջիկների համար` 100-ից ավելի պատմական տապանաքար ոչնչացնելով:
-Ինչի՞ մասին է խոսքը:
-Գանձասարի դիմացի ասֆալտապատ ավտոկայանատեղիի: Տապանադաշտ էր, ասֆալտապատեցին, ոչնչացրին, վերջացավ:
-Ի՞նչ արեցին տապանաքարերը:
-Որը հետաքրքիր էր, դրեցին այս ու այն կողմ, որն էլ հետաքրքիր չէր, փշրեցին, թափեցին:
-Գանձասարի պարսպի մասին խոսակցությունները նոր չեն: Թվում է` աղմուկը դադարում է, հետո վերսկսվում:
-Շուրջ երկու տարի է` պայքարում ենք: 2011-ից սկսվեց գործընթացը: 2012-ի վերջին կանգնեցրինք, կարծես հասկացան, Արցախում հանձնախումբ ստեղծեցին, որ համագործակցի այստեղի մասնագետների հետ: Հետո մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց` դա առանձին պետություն է, մենք իրավունք չունենք խառնվելու: Եթե թուրքը Անիի մայր տաճարը ավերի, մենք իրավունք ունե՞նք խառնվելու, թե՞ ոչ: Այդ հանձնախումբը չգործեց: Ես բազմիցս խոսել եմ Արցախի պատասխանատու մարմինների ղեկավարների հետ, բոլորը հիասթափված են, ընկճված, չգիտեն ինչ անեն: Մենք դեռ պարսպի արևմտյան պատի համար ենք կռիվ տալիս, բայց ամբողջն է ուզում երեսպատել: Դեռ չգիտենք` ուր է հասնելու նրա այդ պարիսպը:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ