«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Մենք վարում ենք լայնածավալ կինոքաղաքականություն»

«Մենք վարում ենք լայնածավալ  կինոքաղաքականություն»
19.04.2013 | 12:28

«Իրատես de facto»-ի հյուրն է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա վերջերս ավարտել է մի նոր ֆիլմ, և մեր զրույցը վերաբերում է այդ կինոգործին, մասամբ նաև՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:


-Պարոն Խաչատրյան, բավական երկար ժամանակ եք աշխատել Ձեր նոր ֆիլմի վրա: Ներկայացրեք, խնդրեմ, թե ինչ է ստացվել արդյունքում: Այն Ձեզ լիովին բավարարո՞ւմ է, թե՞ դեռ մտովի կռիվ ունեք ինքներդ Ձեզ հետ, կան բաներ, որ այլ կերպ կցանկանայիք արած լինել:
-Գիտես, որ ես այնպիսի ֆիլմ չեմ նկարում, որն ունենա հետաքրքիր սցենար, հիմքում լինի հետաքրքիր պատմություն և ստացվի հանդիսատեսի լայն շերտերի համար դիտվող ֆիլմ: Եթե չլինի պրոբլեմ, անհանգստացնող ինչ-որ մի գաղափար, իմ մտքից անընդհատ դուրս չեկող պատմություն, որպես մարդու, որպես քաղաքացու, որպես արվեստագետի` ինձ հուզող որևէ թեմա, ես ուղղակի ֆիլմ չեմ նկարի: Կինոն ինձ համար ուսումնասիրության միջոց է, ինքնարտահայտման միջոց, ոչ թե մարդկանց զբաղեցնելու ցանկություն: Կինոն ինձ համար շոու-բիզնես չէ, լավ ծախվող ապրանք չէ: Կինոն ընդամենը մի խոշոր մանրադիտակ է, որն ուսումնասիրում է տվյալ պրոբլեմը, տվյալ պատմությունը: Եվ մի լեզու է, որով պետք է այդ պատմությունը պատմել մարդկանց, որպեսզի վերջիններս իրազեկվեն դրա մասին:
-Բավական մեծ ֆիլմ է իր տևողությամբ, այո՞:
-Սա մտածված էր իբրև մեկ ֆիլմ: Ես տարիներ առաջ` 1988 թվականին, նկարեցի մի ֆիլմ` «Քամին ունայնության», որը պատմում էր այն մարդկանց մասին, ովքեր հեռանում են իրենց արմատներից, իրենց երկրից, իրենց հայրենիքից: Նրանք ունեն պրոբլեմներ: Պրոբլեմը կամ իշխանությունների հետ է, կամ ընտանիքի, կամ ազգի տեսակի, կամ ժամանակի, կամ գործող կարգերի: Առանց ընտրելու դժգոհության տեսակը, ես նկարում էի մարդկանց: Որոշակի ուղղվածություն չկար, թե դժգոհության որ տեսակին է պետք անդրադառնալ` քաղաքակա՞ն, տնտեսակա՞ն, ֆինանսակա՞ն, հոգեբանակա՞ն, թե՞ մեկ այլ: Վերցրինք չորս-հինգ մարդու, ոչ շատ կարևոր մարդկանց: Նրանց մեջ կային և՛ ճանաչվածները, և՛ բոլորովին անհայտ-անծանոթները. բանվորներ, մեխանիկներ, նկարիչ, սիրողական թատրոնի ռեժիսոր, որը և՛ վարորդ էր, և՛ ձկնորս, և՛ խոհարար: Եվ ստացվեց մեկուկեսժամանոց ֆիլմ: Նկարել սկսել էինք երկրաշարժից առաջ և շարունակել ու ավարտել դրանից հետո: Բայց հետագայում ես տեսա, որ այդ մեկ ֆիլմով էս մարդկանց պատմությունը չի ավարտվում: Հա՜, նկարել ենք, ֆիլմ ենք արել: ՈՒ ի՞նչ հետո: Ի՞նչ եղան այդ մարդիկ, ինչպե՞ս են ապրել, ապրում դրանից հետո: Ի՞նչ պատմություն է շարունակվում էդ մարդկանց կյանքում: Գնացել են երկրից: Բայց ինչի՞ են հասել: Եթե գնալիս մտածում էին, որ նեղացած են, այլևս հետ չեն գալու, հնարավորինս հեռու են փախչելու, դժգոհ են Հայաստանից, երկրաշարժից, քաղաքական, հոգեբանական վիճակներից, գնալով որևէ հարց լուծեցի՞ն իրենց համար: Ինձ հետաքրքրեց այս պատմությունը, այս պրոբլեմը: Եվ ես որոշեցի շարունակել նկարել այդ մարդկանց պատմությունները, ցույց տալ, թե ինչ եղավ հինգ, յոթ, տասը, քսանհինգ տարի հետո: Վերջին նկարահանումները ձգվեցին մինչև 2012-2013 թվականները: Բայց և աշխատանքի ընթացքում պարզվեց, որ դա դեռևս ավարտուն պատմություն չէ: Նկարահանումներ պետք է արվեն նաև 2014-ին ու դրանից հետո: Ամեն հերոսի պատմությունն իրենով մի առանձին ֆիլմ է, փաստորեն: Եվ դա կդառնա ֆիլմաշար: Հիմնական նյութը տարիների ընթացքում նկարահանված-հավաքված է, արխիվացված: Եվ էս վերջին տարիներին նկարահանվածի արդյունքն ի մի բերելով` պետք է մոնտաժել: Հիմա ավարտել եմ մի ամբողջական ֆիլմ: Ինքնուրույն ֆիլմ է, անշուշտ, որը մտնում է էդ ցիկլի մեջ: Բայց իմ երազանքն է մի օր ավարտել այդ բոլոր պատմությունները` ներկայացնելով դրանք չորս-հինգ ֆիլմով, և միասին մեկ օր ցուցադրել` առավոտից գիշեր: Դա ֆիլմ է փախուստի մասին, որը վերնագրված է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»: Ամեն բաժինը կունենա իր ենթավերնագիրը: Բայց բոլորը կլինեն ընդհանուր մեկ վերնագրի ներքո:
-Հիմա ո՞ր հերոսի փախուստի մասին է պատմում այս ավարտված ֆիլմը:
-Սա կոչվում է «Հայկ. փախուստ»: Հայկի փախուստի մասին է ֆիլմը: Այս ֆիլմը գրեթե ոչ ոք դեռ չի տեսել, բացի մի քանի արտասահմանցի կինոգետներից և հատուկենտ այն մարդկանցից, ովքեր ժամանակին օժանդակել են ֆիլմը ստեղծելուն: Մեր Ազգային կինոկենտրոնը ֆիլմը ներկայացրել է «Հայակի» տարվա մրցանակաբաշխությանը: Մրցույթի միջանկյալ փուլն օրերս կայացավ: Ավարտական փուլը կլինի ապրիլի 28-ին:
-Ո՞վ է Հայկը, կոնկրետ ի՞նչ պատմություն է ընկած ֆիլմի հիմքում:
-Շատ տարօրինակ ֆիլմ է: 1988-ից սկսած` ֆիլմի տարբեր հատվածներ նկարահանել եմ Սիբիրում, Կամչատկայում, ՈՒֆայում, Մոսկվայի մարզում, Կամենսկում, այլուր: Հիմնականում պատմությունները Ռուսաստանի հետ են կապված: Հայկը Երևանի մանկավարժական ինստիտուտի սիրողական թատերական խմբի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Դիլիջանցի էր, Դիլիջանի սիրողական թատրոնի ռեժիսորը: Այստեղ իրեն չէր կարողացել գտնել և գնացել-հասել էր Նիկոլաևսկ: Ես շարունակել եմ Հայկի մասին պատմությունն ու ավարտել այն 2012-ի նկարահանումներով: Այս ֆիլմով Հայկի պատմությունն ավարտվում է: Տասնյակ ժամերից բաղկացած նյութը հավաքվել է 87 րոպեի մեջ:
-Հայկն այն հերո՞սն է, որ «Քամին ունայնության» ֆիլմում Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»-ն էր բեմադրում:
-Այո՛, նա է: 15-20 օր առաջ ֆիլմի վերաձայնագրություններն ենք ավարտել Մոսկվայում: Հիմա այն պատրաստ է ցուցադրության: Ֆիլմը դիտողները հետաքրքրված են նրանով: Տեսնենք, թե ինչպիսին կլինի լայն հանդիսատեսի արձագանքը:
-Այս տարի «Ոսկե ծիրան»-ում կցուցադրվի՞ ֆիլմը:
-Երևի, երևի: Բայց կցուցադրվի որպես ինֆորմացիոն ֆիլմ, ոչ թե մրցութային: ՈՒ հիմա ես ֆիլմի մասին չեմ ուզում երկար խոսել, մանրամասնություններ ներկայացնել: Թող մարդիկ իրենք տեսնեն ու արտահայտեն իրենց վերաբերմունքը:
-Պարոն Խաչատրյան, Ձեր ստեղծագործական մոտեցումներում մշտապես շեշտադրվում է բոլոր կարգի սահմանները ջնջելու, բացառելու միտումը: Դա և ֆիլմերում է նկատելի (մասնավորապես` «Սահման» ֆիլմում), և «Ոսկե ծիրանի» ծրագրերում: Փառատոնի շրջանակներում պարբերաբար իրականացվում են «Հայ-թուրքական կինոպլատֆորմ», «Ռեժիսորներ առանց սահմանների», «Լրագրողներ առանց սահմանների», այլ նախագծեր, ցուցադրվում են թուրքական, ադրբեջանական ֆիլմեր: Վերջերս մեզ բոլորիս ցնցեց Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը, վերջին օրերին, ի պաշտպանություն այդ վեպի, նրա հեղինակի և Ղարաբաղի ժողովրդի շահերի, հանդես եկավ ադրբեջանցի կինոգործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը: Դուք սա համարո՞ւմ եք յուրօրինակ արձագանք այն հետևողական սահմանամերժ քաղաքականությանը, որը վարում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը` իր ստեղծագործական կազմով:
-Ես ուղղակի գիտեմ, որ բոլոր ազգերում էլ կան համարձակ մարդիկ: Թուրքիայում, օրինակ, կա հայապաշտպան մտավորականներից բաղկացած մի խումբ, որը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, բաց խոսակցություն ունենալ հայկական պրոբլեմների մասին: Դա հայանպաստ գործունեություն իրականացնող խումբ է, որի բոլոր անդամները թուրքեր են` կինոգետներ, կինոլրագրողներ, ռեժիսորներ, գրականագետներ, դասախոսներ: Լուրջ մարդիկ են, ովքեր համախմբված են «Ոսկե ծիրանի», «Հայ-թուրքական կինոպլատֆորմի» շուրջը և վարում են մեր շահերին ուղղված այնպիսի գործունեություն, որի մասին չէինք էլ կարող երազել: Ադրբեջանում էլ կան մարդիկ, ովքեր հենց հիմա էլ սպասում են, որ իրենց հրավիրենք փառատոն: Նրանք էլ են զբաղված հայանպաստ գործունեությամբ: Լինելով մտավորականներ, շատ սիրելով Ադրբեջանը, ադրբեջանական ազգը` նաև տեսնում են սեփական թերությունները, իրենց վարած քաղաքականության վտանգավորությունը, իրենց գործած մեղքը հայ ազգի նկատմամբ, և ուզում են իրենց արվեստի, գրականության, հրապարակախոսության միջոցով պատմել-խոսել այդ ամենի մասին, բացել սահմանները (գոնե` տգիտության): Նրանք ուզում են, որ մարդիկ ինֆորմացված լինեն, իմանան, թե որն է ճշմարտությունը:
-Ադրբեջանցիների հրավերի սպասումները կիրականանա՞ն: Եվ հնարավոր համարո՞ւմ եք, որ երբևէ հայ կինոգործիչները նրանցից ինչ-որ հրավեր կստանան:
-Նրանք այդքան համարձակություն չեն ունենա հայերին հրավիրելու: Բայց և մեզ մոտ գալն է նրանց համար մեծ ռիսկի հետ կապված: Որովհետև փառատոնին գալուց, մասնակցելուց հետո պիտի վերադառնան Ադրբեջան, չէ՞: ՈՒ նրանց էնտեղ շատ վատ բաներ են սպասելու: Իհարկե, նրանք հզոր մարդիկ են, հզոր մտավորականներ և չունեն վախ: Գուցե և հրավիրենք նրանց, չգիտեմ: Բայց և պետք է հաշվի առնենք մեզ մոտ` Հայաստանում, դժգոհություններ առաջանալու հնարավորությունը: Քանի որ նրանք իսկապես հայանպաստ դիրքորոշում ունեցող մարդիկ են, ճիշտ կլինի, որ նրանց հրավիրենք, ներգրավենք մի շրջանակի մեջ, որը մեզ համար նպաստավոր գործ կարող է անել, ի վերջո: Որքան մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը, այնքան մեծանում է այդ կարգի մարդկանց մեկ ընդհանուր շրջանակի մեջ հավաքելու, նրանց հայանպաստ գործի համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությունը: Ես միշտ ասել եմ, որ կինոփառատոնը սոսկ մշակութային միջոցառում չէ: Դա շոու ծրագիր չէ, որի նպատակն է հավաքել ու զբաղեցնել, զվարճացնել մարդկանց: Հաճելի ֆիլմեր ցույց տալով, հաճելի պատմություններ պատմելով` լավ օր անցկացնելու խնդիր չենք լուծում մենք մեր փառատոնով: Մեր ցուցադրած ֆիլմերը միտքն անհանգստացնող, հոգին անհանգստացնող, հետաքրքրությունն այս կամ այն խնդրի վրա բևեռող, իր բաժին մեղքը գիտակցելուն մղող ֆիլմեր են: Այդ ֆիլմերը պատմում են այն մասին, ինչով անհանգստացած է աշխարհն այսօր: Մարդու միայնակությամբ, մարդու անպաշտպանությամբ, ազգերի վտանգվածությամբ, սահմանների փակ լինելով մտահոգ աշխարհի, մարդկանց մասին են այդ ֆիլմերը: Դրանք խնդիրներ են, որոնք խեղդել են Հայաստանը: Մենք այս մասին ցույց տալով` ուզում ենք աշխարհին տեղյալ պահել մեր ցավերի մասին: Սա լուրջ քաղաքականություն է: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե «Ոսկե ծիրանն» ընդամենը մի քանի ֆիլմ հավաքել-ցուցադրելով է զբաղված, շատ սխալվում է: Մեր փառատոնը լուրջ քաղաքականություն է իրականացնում: Եվ այդ քաղաքականությունն սկսվում է թե՛ ֆիլմերի ընտրությամբ, թե՛ մարդկանց, կինոգործիչների ընտրությամբ, թե՛ լրատվամիջոցների ընտրությամբ: Չափազանց մեծ է փառատոնի կրթական, ճանաչողական, պատմական նշանակությունը: Մենք կարողանում ենք արտահանել մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր լավը, մեր վատը, Հայաստանը` ամբողջությամբ: Նաև ներկրում ենք բարձր արվեստ, ցուցադրում այն, ուսուցանում մեր հասարակությանը: Վարպետության դասեր ենք անում, դպրոց բացում: Մի խոսքով` վարում ենք լայնածավալ կինոքաղաքականություն: Իսկ սա արդեն տասնյակ-հարյուրավոր եվրոներով չափվող փոխհատուցում է փառատոնի վրա արած ներդրումների դիմաց: Եվ այդ եկամուտները գնում են ազգային գանձարան:


Զրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ