«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               

Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է
18.04.2013 | 13:11

Վերադարձ

Սկիզբը կապույտ վերնաշապիկն էր, շատ էր փափուկ, շատ էր քոնը, ես հասկացա, որ դու ուզում ես ունենալ այդ վերնաշապիկը ու գնեցի: Չէ, ավելի ճիշտ, սկիզբը կապույտ վերնաշապիկը չէր, սկիզբը տարեմուտն էր, երբ մարդիկ պարտավորված են համարում իրենց մտերիմներին ուրախացնել: Ես երբեք պարտավորված չեմ զգացել ինձ, գնել եմ ինչ ցանկացել եմ և ում համար ցանկացել եմ: Վերջին 21 տարում առաջին անգամ ես քեզ համար ոչինչ չգնեցի: Բացի մոմից: Վագրի տարի էր ու քեզ համար մոմե վագր գնեցի: Հետո մեր տան մոտ բացեցին նոր խանութ և ամեն օր դալկադեմ մանեկենին նոր հագուստներ էին հագցնում: Ես անցնում էի նրա կողքով, բարևում էի ու ասում` շնորհավոր, շատ է սազում, կամ էլ` բոլորովին չի սազում, հանիր հագիցդ: Երբեմն թվում էր` մանեկենը ժպտում է: Ավելի ճիշտ` զարմանում էր, որովհետև ինձնից բացի ոչ ոք իր հետ չէր խոսում: Իսկ մի օր նա հագել էր կապույտ վերնաշապիկը, որ ես չէի կարող չգնել: Մի քանի օրից նրան զուգել էին հրաշալի մի կոստյումով, որ ուղղակի քեզ համար էր հնարված: Չգնել չէի կարող: Բայց գնել էլ չէի կարող: Այդքան դրամ չունեի: Երբ կոստյումն անհետացավ մանեկենի ուսերից, ես լաց եղա: Իսկ քո սիրած գույնի տաբատը գնեցի տեղնուտեղը: Սկսել էի դրամ կուտակել, որովհետև ինձ թվում էր, որ դու առանց կոստյումի մրսում ես: ՈՒ` այդպես չորս տարի: Առաջին տարեվերջին քո հագուստների համար նոր ճամպրուկ գնեցի և մաս-մաս ավելացնում էի գնումներս: Դժվարը կոշիկների հարցն էր, բայց ես հստակ հիշում էի քո ոտքի բոլոր քմահաճույքները: Երբեմն նստում էի ճամպրուկի կողքին` ինչպես հենվում էի քո ուսին, ու քեզ պատմում էի օրվա անցուդարձը: Երևի անհետաքրքիր էի պատմում, դու ինձ չէիր արձագանքում: Երբեմն էլ թվում էր, որ տանը մենակ չեմ, չէ, բացվող-փակվող դռները չէին պատճառը, ես պարզապես զգում էի, որ մենակ չեմ: Եվ դա շատ կարևոր էր: Դա ամենակարևորն էր, որովհետև դու իսկապես մենակ էիր թողել ինձ: Մի տասնյակ վերնաշապիկներ ու մայկաներ, մի քանի տաբատներ գնելուց հետո, երբ արդեն ներքնահագուստներ էլ էի գնել, ճիշտ է, ուրիշ խանութից, որովհետև մեր մանեկենին զուգում էին միայն հանդիսավոր հանդերձներով, գնեցի քո սիրած օծանելիքը` «Zegna»-ն, որ միշտ բերում էի իմ անվերջանալի ուղևորություններից: Իսկ մի անգամ, երբ «Zegna» չէի գտել ու «Boss» էի բերել, դու ասացիր, թե այնքան եմ լինում օդում ու այնքան եմ հողից կտրվել, որ ճաշակս սկսել եմ կորցնել: Դու չէիր պատկերացնում, որ գոյություն ունի քեզ վերաբերող ինչ-որ բան, որ ես չեմ կարող անել: Տուփը չէի բացել, այդպես փաթեթավորված էլ դրեցի ճամպրուկը: Երբ ամռան վերջին օրերին որոշեցի արևի տալ քո հագուստները, որովհետև ամբողջ ձմեռ ճամպրուկի մեջ էին ապրելու, բոլորովին չզարմացա, որ գեղեցիկ փաթեթավորված ու երեք տարի ձեռք չդիպած քո հագուստները մաքուր էին ու մաշված: Դու միշտ էլ շատ կոկիկ ես: Կոշիկներից էլ, ինչպես միշտ, ձախի կրունկն ավելի էր մաշված աջինից: Դու ասում էիր, որ ոտքից ձախլիկ ես, ես ծիծաղում էի` ձախ ես գնում: Օծանելիքի տուփն էլ այնքան թեթև էր, որ երբ բացեցի շիշը, մեջը մնացել էր մի քանի կաթիլ միայն: Չզարմացա, բայց նորից լաց եղա, որովհետև վիրավորական է քո լռությունը:
Գիտես, երկար եմ մտածել` պե՞տք է քեզ ժամացույց: Դու ֆանտաստիկ քմահաճ ես ժամացույցի հարցում: Խմբագրության չհրկիզվող պահարանից մորդ նվիրած ժամացույցը գողանալուց հետո քեզ համար մի տասնյակ ժամացույցներ գնեցի, չէիր կապում, վերջը գրպանի ժամացույց գտա, իսկապես քո ցանկացածը, ինչ-որ ժամանակ ժիլետիդ գրպանն էիր դնում արծաթե շղթայով: Հետո հավանաբար դա էլ ինչ-որ մեկին նվիրեցիր, չգիտեմ: Կապում էիր իբրև մրցանակ քեզ նվիրած ժամացույցը, որ ինձ բնավ դուր չէր գալիս, հավանաբար այն պատճառով, որ շատ քնքշորեն էիր վերաբերվում ժամացույցիդ: Ավելի քնքուշ, քան ժամանակիդ: Ես հիմա էլ պատրաստ եմ քեզ համար ժամացույց գնել, բայց չգիտեմ` ժամանակը ի՞նչ միավորով ես հիմա դու չափում: 687 օր է տարին Մարսի վրա, մյուս մոլորակների վրա` չգիտեմ: Եվ ընդհանրապես, չգիտեմ` ինչ է նշանակում հիմա քեզ համար ժամանակը: Դու վեր ես ժամանակից, այդ ես եմ ժամանակի մեջ հազիվ տեղավորում իմ հիշողությունները, իմ ցավն ու իմ անելքությունը: Ես նույնիսկ չգիտեմ` այնտեղ, ուր դու ես, կա՞ն հիշողություններ, և ինչպե՞ս են ապրում հիշողությունները: Դու ինձ հիշո՞ւմ ես: Դու ուզո՞ւմ ես, որ քեզ հիշեն: Ամեն վայրկյան քեզ Երկրում պահելով` ես խանգարո՞ւմ եմ քեզ, թե՞ դու ուզում ես 51 տարի, մեկ ամիս, մեկ օր տևած քո կյանքի ժամանակը չավարտվի: Կան հարցեր, որոնց մասին մտածել ես ինձ արգելել եմ ու չեմ մտածում: Բայց որքան էլ արգելեմ, ես չեմ կարող չզգալ ու չհիշել: Երբ քայլելիս ես կորցնում եմ իմ ստվերը ու հաստատ գիտեմ, որ արևը ոչ մի կապ չունի, զգում եմ, որ մենակ չեմ: Չէ, հնդկական կինո չկա, կա անբացատրելին, որ բոլորովին չեմ ուզում բացատրվի:
Պեկինից քեզ համար այֆոն էի բերել: Մի քանի ամիս միայն այֆոնը ձեռքիդ էր: Դեկտեմբերից` մայիս: Ես անընդհատ ուզում եմ, որ դու խոսես ինձ հետ, դու չես խոսում, եթե ճամպրուկի մեջ հեռախոս դնեմ, կզանգահարե՞ս:
Մանեկենին այսօր կանաչ բլուզ էին հագցրել, երկար թևերով: Կանաչը ինձ դուր չեկավ: Կսպասեմ կապույտին: Հիմա գնում եմ գրախանութ: Ես գիտեմ` ինչ ես դու ուզում կարդալ: ՈՒ եթե շարունակես լռել, գիրքը կթողնեմ գրասեղանիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ