ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Տանձափարախ գալիս են նրանք, ովքեր գիտեն, որ կա նման համալիր» (ֆոտոշարք)

«Տանձափարախ գալիս են նրանք, ովքեր գիտեն, որ կա նման համալիր» (ֆոտոշարք)
11.09.2012 | 02:03

«Երկիր և մշակույթ» կազմակերպությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ կազմակերպում է Սյունիքի մարզի Բեխի կամ Տանձափարախի անապատի բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներ:
Հուշարձանը գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 4 կմ հեռավորության վրա, խիտ անտառի մեջ, ամբողջովին ծածկված է բուսականությամբ, ճանապարհը դժվարամատչելի է, այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով:
Գիտարշավը ղեկավարելու Է «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:
Արշավը քսան օր է տևելու: Խմբում ընդգրկված են ճարտարապետներ, հնագետներ, պատմաբաններ և այլ մասնագետներ: «Արշավականներն» ապրելու են վանքի տարածքի փայտաշեն վրանում, որը պատրաստել են գյուղացիները, և որոնք մասնակցելու են նաև կամավորների աշխատանքներին:
«Տանձափարախը նշանավոր վանքային համալիր է, բայց լրիվ անտեսված, միայն գյուղացիներն են հաճախում: Հնարավորինս հետևում են տարածքին,- ասաց Ստեփան Նալբանդյանը:- Վանքի վրա, կարելի է ասել, անտառ է աճել, աննկարագրելի ծառեր, նման բան ջունգլիներում կտեսնեք: Մեր նպատակը համալիրը մաքրելն է, ինչի համար կառավարությունից հատուկ թույլտվություն ենք ստացել: Տարածքը կուսումնասիրվի, չափագրումներ կարվեն: Անհրաժեշտության դեպքում որոշակի ամրակայման աշխատանքներ կիրականացվեն, քանի որ, ծառերի արմատները հանելիս, տվյալ հատվածը կարող է խարխլվել: Հետագայում գուցե վերականգնման, կոնսերվացման, տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացվեն: Որպես վերականգնող ճարտարապետ դեմ եմ ինչ-որ բան վերականգնելուն, եթե նպատակը չգիտես: Եթե վերականգնենք, ո՞ր վանականն է ապրելու: Շատ հաճախ ավելի լավ է հուշարձանը նույն ձևով մնա հաջորդ սերունդներին, քան թե միջամտություն արվի»:
Հուշարձանը երբեք գիտականորեն չի ուսումնասիրվել, ինչը, ըստ Ստեփան Նալբանդյանի, չի նշանակում, որ պետք է ուսումնասիրվի միայն վանքի տարածքը: «Վահանավանք, Հալիձոր, Տանձափարախ. մենք համոզված ենք, որ 4 կմ միմյանցից հեռու այդ վանքային համալիրները իրար հետ կապված են: Ե՛վ տրամաբանությունն է հուշում, և՛ պատմական վկայություններ կան»,- ասաց նա:
Տանձափարախը անուշադրության մատնելու պատճառը, ամենից առաջ, դժվարանցանելի ճանապարհն է: Ասֆալտապատ ճանապարհը և համապատասխան գովազդը կարող էին զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել: «Մեր երկրում ամենակարևոր բնական ռեսուրսը պատմամշակութային ժառանգությունն է, ինչը զարգացնելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, ճանապարհներ կառուցել,- ասաց Ստեփան Նալբանդյանը։- Սա էլ թող լինի էքստրեմալ տուրիզմ, թող Բեխ գյուղից ձիերով գան, Վահանավանքից` անտառներով, ջունգլիներով` արջի, լուսանների մռնչոցի տակ: ՈՒխտավայր այդպես են գնում: Ասֆալտի ճանապարհին դեմ եմ, մեքենաներով քեֆչիների քանակը կավելանա, տարածքը ապականողների քանակը»:
Գյուղացիներն ասում են, որ այստեղ Հոլանդիայից և այլ վայրերից զբոսաշրջիկներ են այցելում: Տանձափարախ գալիս են նրանք, ովքեր գիտեն, որ կա նման համալիր: Եվ դա լավ է: Պետք չէ, որ ամենօրյա ճամփորդության վայր դառնա, համոզված է Ստեփան Նալբանդյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ