ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նարցիսը» բերեց բնավորություն, հայացք, ձեռագիր»

«Նարցիսը» բերեց բնավորություն, հայացք, ձեռագիր»
28.07.2012 | 14:51

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի 6-րդ մրցանակաբաշխությունը:

«Նարցիսում» տպագրված (2011-2012թթ..) լավագույն գրականագիտական հոդվածների համար մրցանակների արժանացան Վազգեն Սաֆարյանը և Ժենյա Քալանթարյանը, լավագույն թարգմանության համար` Հրաչյա Բեյլերյանը, լավագույն բանաստեղծական շարքի համար`Վահագն Մուղնեցյանը, լավագույն արձակի համար` Վրեժ Իսրայելյանը և Աննա Շիրինյանը:
Բանաստեղծական շարքի համար մրցանակի արժանացավ նաև Մհեր Դավթյանը` Վանաձորից: Նրան խմբագրությունում անձնապես չեն ճանաչում: Այս օրերին պարզել են, որ Մհերը ամուսնացել է և մեկնել զինծառայության: Մրցանակը ուղարկվելու է զորամաս, խնդրանքով, որ մի քանի օր արձակուրդ տրվի երիտասարդ բանաստեղծին:
Այս տարի «Նարցիսի» ուշադրության կենտրոնում են նաև մարզերի գրողները:
«Նարցիս» հանդեսի 2011-2012 թթ. մարզերում հայտարարված մրցույթի մրցանակակիրներն են Էլֆիկ Զոհրաբյանը, Վահան Սևանը, Գագիկ Սարոյանը, Նարինի Կռոյանը, Ղևոնդը, Նաիրա Ջուլհակյանը և Նելլին:
Մրցանակներ ստացան նաև Սիլվա Յուզբաշյանը` պոեզիան էկրան հասցնելու համար, Արփեն Մովսեսյանը` «Նարցիսի» իրադարձությունները լուսաբանելու համար, Անահիտ Բոստանջյան` հայ մշակույթը Վրաստանում ներկայացնելու համար:
Նշենք, որ մրցանակակիրները ստանալու են նաև դրամական պարգև:
«Նարցիսը» 7 տարեկան է: Տպագրվում է 2006-ից: Հիմնադիրներն են ամերիկահայ բարերար, ազգային գործիչ, բժիշկ Նուբար Ջանոյանը և նրա տիկինը` բանաստեղծ, բժիշկ, հոգեբան Սոնա Վանը: Գլխավոր խմբագիրը բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանն է:
Ի դեպ, երեկոն բազմազան էր, մրցանակաբաշխությանը զուգահեռ կայացավ Նուբար Ջանոյանի, «Նարցիսի» փոխխմբագիր` Շանթ Մկրտչյանի գրքերի շնորհանդեսը: Նշվեց նաև Վահան Վարդանյանի ծննդյան 50-ամյակը և նա արժանացավ մշակույթի նախարարության պատվոգրի:
Նուբար Ջանոյանը պարգևատրվեց սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե մեդալով», ինչպես նաև մշակույթի նախարության պատվոգրով, «Նարեկացի» և «Մեսրոպ մաշտոց» հուշամեդալներով:
«Նարցիս» ամսագիրը հանգիստ, բայց հաստատուն քայլերով եկավ և իր ուրույն տեղը գրավեց մեր գրական-գեղարվեստական աշխարհում: «Նարցիսը» բերեց բնավորություն, հայացք, ձեռագիր»,- իր խոսքում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Նարցիսը» ստեղծում է հրապարակ հին և նոր գրողների համար: «Նարցիսը» հավատում է, որ գրականությունը ոչ թե աբստրակտ արվեստ է, այլ կենդանի ներկայություն, որ գործում է իր հոր ու որդու միջև, ինչպես նաև տղամարդու և կնոջ, զինվորի ու հայրենիքի, հասարակության և պետության միջև,- մեզ հետ զրույցում նշեց Սոնա Վանը:- Առաջինը բանն էր և բանը քաոսն էր: Մնացյալը դրա ածանցյալներն են ու մանրամասները: Ընհանուր առմամբ մարդը ձևավորվում է ընտանիքի, դպրոցի և մշակույթի միջոցով: Կարճատև մշակութային ձեռնարկները կարևոր են, բայց առավել կարևոր է այն գերակայող մթնոլորտը, որ առկա է մարդու հոգու, գիտակցության և հատկապես ենթագիտակցության մեջ: Իսկ սա ամենօրյա ու նաև պետական հոգածության կարիք ունի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ