«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ադրբեջանական ֆոբիաներն ու հայկական «Ոսկե ծիրանը»

Ադրբեջանական ֆոբիաներն ու հայկական «Ոսկե ծիրանը»
05.07.2012 | 12:35

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Իրատես de facto»-ի հարցին` «Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում կցուցադրվի՞ ադրբեջանական ֆիլմ և ինչպե՞ս են մեր «հարևան» երկրի ռեժիսորներն արձագանքում միջազգային կարևոր այս իրադարձությանը», փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ ադրբեջանցիները միջազգային տարբեր կոմիսարների և էմիսարների միջոցով ֆիլմեր են ուղարկում, ասենք` Խոջալուի մասին և դրանք մերժվում են` ոչ միայն պրովոկացիոն և քաղաքական բնույթի համար: «Գեղարվեստական, պրոֆեսիոնալ որակն այնքան ցածր է, որ դրանց մասին նույնիսկ չարժե խոսել»,-հստակեցրեց փառատոնի տնօրենը:- Երբեմն վերցնում ենք ֆիլմեր, պայմանով, որ ռեժիսորը անպայման ներկա լինի ցուցադրմանը: Հիմնականում չեն գալիս և ստիպված ենք լինում չներկայացնել: Բայց միջազգային փառատոնի օրենքներից ելնելով` պետք է ընդունենք դրանք, նայենք և որոշենք` համապատախանո՞ւմ են «Ոսկե ծիրանի» պահանջներին, թե՞ ոչ»: Այս տարիների ընթացքում հրավիրվել են 5-6 ադրբեջանցի ռեժիսոր, ոչ մեկը չի համարձակվել գալ: Միայն մի ֆիլմ է ցուցադրվել, այսպես ասած` նավթ ունենալու դժբախտության մասին, ուր պատկերվում է, թե ինչ ստորություններ, ինչ հանցանքներ են կատարվում, աղքատների ինչ շարան կա այնտեղ ապրող հասարակ ժողովրդի մեջ: Ադրբեջանում դա չեն ցուցադրի, Հարություն Խաչատրանի խոսքով` շատ ավելի լավ է, որ ցուցադրենք մենք և իմանանք, որ նախանձելի չէ այդքան նավթ ունենալը, մանավանդ, ունեցածը սխալ օգտագործելը:

Այս տարի կցուցադրվի Մուրադ Իբրահիմբեկովի Մոսկվայում նկարահանած «Ավելի լավ եղբայր չի եղել» ֆիլմը, եթե ռեժիսորը ժամանի Հայաստան: Փառատոնի տնօրենն ընդգծեց, որ ֆիլմը չի վնասում ոչ ազգամիջյան հարցերին, ոչ արվեստին: «Բայց վստահ չեմ, որ կհամարձակվեն գալ,-ասաց նա:- Ոչ թե Հայաստանից են վախենում, այլ իրենց սպասվող «դատաստանից», քանի որ նորից գնալու են Ադրբեջան»: Թվում է, թե միջազգային փառատոնը պետք է շրջանցի քաղաքականությունը, ունենա գնահատականներ արվեստի և կինոլեզվի: Բայց, ինչպես նկատեց Հարություն Խաչատրյանը, մշակույթի մարդիկ էլ մշակույթի սահմանապահներն են: Պետք է ճիշտ պահպանել այդ սահմանները, որ վայրենի, արվեստի հետ ոչ մի առնչություն չունեցող երևույթները` երգեր, պարեր, ֆիլմեր, հոլովակներ, չմտնեն Հայաստան, ամեն օր չպտտվեն և հայ արվեստագետները չկրկնօրինակեն դրանք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ