Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Պետք է ընտրել լավագույն քանդակը, որն արժանի լինի Երևանին»

«Պետք է ընտրել լավագույն քանդակը, որն արժանի լինի Երևանին»
31.05.2012 | 12:37

Երբ նախագահական նստավայրի բակից հեռացրին Նոյ Նահապետին և Տիգրան Մեծին «հավերժացնող» արձանները, հասարակությունը թեթևացած շունչ քաշեց: Շունչ քաշելու առիթը հանրապետությունը և մայրաքաղաքը բառացիորեն հակաարվեստային բռնադատման ենթարկած որոշ վայ- քանդակագործների ու ճարտարապետների և նրանց թիկունք կանգնող պետական ատյանների սանձազերծած «արձանագործական պատերազմի հրադադարն էր»: Սակայն մեկ-երկու տարի անց, երբ Երևանի քաղաքապետարանը վերականգնեց բնագավառը մաքրագործող (համենայն դեպս, դրան կոչված) գեղարվեստական խորհուրդը, Երևանի քանդակագործական կերպարը սկսեց խեղաթյուրվել ավելի համակարգված: Մի խոսքով` բնագավառը աղետի շեմին է: Եվ այստեղ, ինչ խոսք, անհրաժեշտ են արմատական լուծումներ: Այս խնդրի շուրջ զրուցեցինք Հայաստանի նկարիչների միության քանդակի բաժնի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղարվեստի խորհրդի անդամ ԳԵՏԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Բաղդասարյան, ի՞նչ սկզբունքով է գործում Երևանի գեղխորհուրդը, և ի՞նչն է պատճառը, որ դրա ստեղծումից հետո ոլորտում իրավիճակը կարգավորվելու փոխարեն ավելի անվերահսկելի դարձավ: Հատկապես վերջին ամիսներին տեղադրված արձանները գեղարվեստական տեսանկյունից, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:
-Գեղարվեստի խորհրդի կազմում են մի քանի քանդակագործներ և ճարտարապետներ: Նպատակը հասկանալի է` ընտրել լավագույն աշխատանքը, որն արժանի լինի քաղաքին ¥կամ ցանկացած բնակավայրի) և բռնի ժամանակի քննությունը: Ցավոք, գեղխորհուրդն այսօր անկարող է իր գործառույթն իրականացնելու մինչև վերջ:
-Գեղարվեստի խորհուրդը կայացնում է մի որոշում, իրագործվում է բոլորովին այլ բան: Մասնավորապես, նրա մերժած արձանախումբը Միքայել Նալբանդյանի արձանին հարող պուրակում հանկարծ կյանքի է կոչվում: Այսպիսով, ո՞ւմն է վերջին խոսքը:
-Վերջին խոսքը քաղաքապետինն է (եթե արձանը կամ կոթողը դրվում են Երևանում) կամ մարզպետինը (եթե դրանք տեղակայվում են որևէ մարզում): Մինչ օրս գործում է 1999-ի օգոստոսի 31-ի թիվ 556 որոշումը, որտեղ պարզորոշ հստակեցված է հետևյալը. «ՀՀ համապատասխան մարզպետի (Երևանում` Երևանի քաղաքապետի) նպատակահարմարության դեպքում ընդունվում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ»: Շատ հնարավոր է, որ քաղաքապետերն ու մարզպետները չունենան բարձր գեղարվեստական ճաշակ, անկեղծ ասած, դրա կարիքը չկա ամենևին, քանզի կա բարձրակարգ պրոֆեսիոնալների խումբը` գեղարվեստի խորհուրդը: Ի վերջո, հանրությունը (ինչու ոչ, նաև պատմությունը) հաշիվ են պահանջելու գեղխորհրդից:
-Ամենահաս Լևոն Թոքմաջյանը վերջերս բառացիորեն ինքն իրեն գերազանցեց` մեկ գիշերում տեղադրելով «ձեռքի հետ» արված Վահրամ Փափազյանի կիսանդրին։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Գեղարվեստի խորհուրդը տարբեր առիթներով տարբեր մասնակիցներից է ձևավորվում, վերոնշյալ գործին ես և շատերը տեղյակ չենք: Սակայն խնդիրն ավելի խորքային է: Մասնավորապես, Գևորգ Չավուշի արձանի (հեղ.` Լևոն Թոքմաջյան) տեղակայման պարագայում մեր հեղհեղուկ օրերի բնութագիրը ներկայացնող բաներ կատարվեցին: Արձանի աշխատանքային մոդելը շատ լավն էր, Սասունցի Դավթի կերպարի մոտիվներով էր արված: Սակայն վերջնական տարբերակում այն բոլորովին այլ է, անվերջանալի քննադատությունների թիրախ: Բանն այն է, որ աշխատանքային տարբերակին գեղարվեստի խորհուրդը լիասիրտ հավանություն տվեց, բայց վերջնական քննարկմանը չհրավիրվեց:
-Լայն հետաքրքրության առարկա է Նժդեհի արձանի տեղադրման համար հայտարարված մրցույթը,- մեր զրույցին միացավ Գարեգին Նժդեհի արձանի համար հայտարարված մրցույթի մասնակիցներից մեկը, որը խնդրեց իր անունը, հասկանալի պատճառով, չհրապարակել:- Այն ամիսների պատմություն ունի: Եվ հանգուցալուծումը, անկեղծ լինենք, տագնապ է հարուցում: Հասկանալի է` վերը նշված պատճառներով:
-2011-ի վերջերին մրցույթի առաջին փուլն էր նկարիչների միության շենքի շքասրահում: Այնուհետև գեղարվեստի խորհուրդը, լավագույն աշխատանքի պայմանները լիարժեք չբավարարող որևէ ստեղծագործություն չգտնելով, հայտարարեց մրցույթի երկրորդ փուլը: Այն տեղի ունեցավ քաղաքապետարանին կից Երևանի պատմության թանգարանում: Ներկայացված էր 15 նախագիծ: Դրանցից մեկը առավելագույն ձայներ վաստակեց` արժանանալով գեղարվեստի խորհրդի հավանությանը: Այնուհետև հինգ աշխատանքի հավասար պարգևներ տրվեցին: Այստեղ վտանգ եմ տեսնում, քանի որ, հավասար գումարային պարգևներ շնորհելով, հավասարվում են նաև ստեղծագործությունները:
-Դե, դա տխրահռչակ գազոնային քաղաքականությունն է, որը մոլախոտի դեր է կատարում ժամանակակից մշակույթում:
-Թերևս։ Սակայն ի՞նչ կատարվեց. լավագույն աշխատանքը, որպես այդպիսին, անտեսվեց, և առաջ մղվեցին հինգ խրախուսական գործերը: Սա իրականացավ Երևանի քաղաքապետարանի և ավագանու ձեռամբ: Հետո քաղաքապետարանի ղեկավարները շնորհակալություն հայտնեցին գեղարվեստի խորհրդին և ասացին` այլևս մեզ պետք չեք: Բնականաբար, վաղուց է հասունացել կառավարության թիվ 556 որոշումը փոխելու խնդիրը: Ի վերջո, քանդակը կտավ չէ, այն տանդ չես պահի: Քանդակագործական ստեղծագործությունները ապագային են միտված, դրանք հասարակություն և քաղաքացի են կրթում:
-Պարոն Բաղդասարյան, ահա նման անհեռանկար մի հաշվարկ է մեր առջև. խորհրդային տարիներին Երևանում և հանրապետությունում տեղակայված արձանների, կոթողների, հուշարձանների և այլնի ճնշող մասը դիմացավ ժամանակի քննությանը: Անկախացումից հետո տրամագծորեն հակառակ պատկերն է: Ինչպե՞ս էր որևէ արձան կամ կոթող տեղադրվում խորհրդային տարիներին:
-Ես, բարեբախտաբար, խորհրդային տարիներին էլ եմ եղել գեղարվեստի խորհրդի անդամ: Շուրջ տասը հեղինակավոր արվեստագետ էր ձևավորում գեղխորհուրդը, գլխավորապես` քանդակագործներ և մեկ ճարտարապետ (վերջին տարիներին մրցութային հանձնաժողովներն ուշագրավ սկզբունքով են ձևավորվում` 7 ճարտարապետ և 3 քանդակագործ- Վ. Ա.): Գեղարվեստի խորհուրդը ձևավորում էր Հայաստանի նկարիչների միությունը, այսինքն` նշանակալից այս գործը հանձնվել էր մասնագետների հայեցողությանը: Եվ ահա, սկսած ստեղծագործության էսքիզային տարբերակից, տեղի ընտրությունից մինչև աշխատանքի ավարտական փուլը, քանդակագործական աշխատանքը գտնվում էր գեղարվեստի խորհրդի հսկողության ներքո: Խորհուրդներով, մասնագիտական քննարկումներով փուլ առ փուլ ստեղծագործությունը կատարելագործվում էր: Արդյունքում շահում էր ազգային մշակույթը, շահում էր քաղաքը, բնականաբար, մեծապես շահում էր նաև հեղինակը: Այսպիսով, պետությունը կարևորագույն այս գործը վստահել էր պրոֆեսիոնալ ստեղծագործական կառույցին` Հայաստանի նկարիչների միությանը, որի վարչությունն ընտրում էր գեղարվեստի խորհուրդը և լիազորում նրան գործելու:
-Այսինքն, ո՛չ հանրապետության քաղաքական ղեկավարությունը, ո՛չ էլ կուլտուրայի մինիստրությունը չէի՞ն միջամտում:
-Բնավ: Ասեմ ավելին. մինչև Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի խորհրդի ստորագրությամբ չվավերացվեր ապագա արձանի կամ կոթողի վերջնական տարբերակը, առհասարակ պետական ֆինանսավորումը չէր բացվում: Հիմա անտերություն է: Այլ կերպ չես էլ բնութագրի:
-Ավարտենք զրույցը` անդրադառնալով Նժդեհի արձանի ճակատագրին: Ի՞նչն է տեր ու տնօրեն այստեղ:
-Ոչինչ պարզ չէ: Հայտնի է, որ նախագծերից մեկը պիտի ընտրվի: Սակայն ցանկալի է, որ ընդլայնված գեղարվեստի խորհրդի որոշումը դառնա վերջնական: Հակառակ պարագայում, Նժդեհի անվանն անհարիր որևէ արձան կտեղադրվի մայրաքաղաքում։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ