Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Որքան էլ օտարազգի հեղինակների պիեսներ բեմադրենք, միևնույն է, ազգայինն է հիմքը»

«Որքան էլ օտարազգի հեղինակների պիեսներ  բեմադրենք, միևնույն է, ազգայինն է հիմքը»
31.05.2012 | 12:32

Երկնագույն էկրանը շատ արագ դերասանին կարող է ճանաչում բերել: Իսկ թատրո՞նը: ՈՒնի՞ այսօր թատրոնը հանդիսատես: Այս հարցով սկսեցինք մեր զրույցը Համազգային թատրոնի դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:


-Իհարկե, էկրանն անհամեմատելի արագությամբ դերասանին (հաճախ` ոչ դերասանին) հայտնի է դարձնում,- ասաց նա:- Թատրոնը դանդաղ, բայց շատ ավելի կայուն հայտնիություն է բերում: Թատրոնն այսօր, այո՛, ունի հանդիսատես: Մենք շաբաթը 4-5 ներկայացում ենք ունենում: Կարծեմ` շատ թատրոններ են այդպես ծանրաբեռնված աշխատում: Հնացել է արդեն այն միտքը, թե հանդիսատեսը թատրոն չի գնում:
-Ասում են` չունենք այսօր «առաջնորդ» դերասաններ, որոնք հանդիսատեսին թատրոն կբերեին: Համամի՞տ եք, սիրված դերասաններ չկա՞ն այսօր:
-Մենք միշտ համեմատում ենք անցյալի հետ, հիշում ենք, որ ունեցել ենք այս, այս դերասանները, որ մարդիկ գնում էին թատրոն նրանց խաղը դիտելու: ՈՒ երբ համեմատում ենք այսօրվա հետ, թվում է, թատրոնը մեռնում է: Իրականում այդպես չէ: Բեմական արվեստում շատ բան է փոխվել: Եթե շատ ավելի հետ գնանք, Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի ժամանակ ընդհանրապես ռեժիսուրա չկար, ամեն ինչ կենտրոնացած էր մեկ դերասանի և նրա հետ խաղացող դերասանների վրա, որոնք ներկայացնում էին այդ մեկին: Ինչպես ֆուտբոլում. առաջ բոլորն օգնում էին Պելեին, հիմա ամեն թիմում կա չորս, հինգ Պելե: Դերասանները մի թիմում են հավաքվում, և չի ընդգծվում մեկի անհատականությունը: Այսօր մենք ունենք լավ դերասաններ, լավ ռեժիսուրա, լավ բեմանկարչություն, լավ ներկայացումներ:
-Թատերասերն ունի «իր թատրոնը», ինչո՞վ է դա պայմանավորված` դերասանական կազմո՞վ, ռեժիսորի աշխատանքով, ներկայացումների ընտրությա՞մբ:
-Հիմնականում ընտրում են ըստ ճաշակի: Ձեր նշած բոլոր հանգամանքները կարևոր են` թե՛ դերասանախումբը, թե՛ ռեժիսուրայի տեսակը: Գրագետ հանդիսատեսը, շրջելով մի քանի թատրոններում, ինքնըստինքյան գնում է այն թատրոնը, որը հավանել է, ստացվում է` ունի նախընտրած թատրոն:
-Ինչո՞վ է առանձնանում Համազգային թատրոնը:
-Մեր թատրոնն ունի իր ձեռագիրը, տեսակը, բնավորությունը, որը պահպանվում է բոլոր ներկայացումներում: Թատրոնի անունն արդեն իսկ խոսում է ուղղվածության մասին` համազգային: Որքան էլ օտարազգի հեղինակների պիեսներ բեմադրենք, միևնույն է, ազգայինն է հիմքը: Եթե բեմադրում ենք դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», ուրեմն, նմանություններ ենք տեսնում մեր սովորույթների հետ: Արվեստում կարող ես ամեն բան անել, բայց ազգայինը պետք է առաջնային լինի: Ես չեմ հասկանում այն երգիչներին, ովքեր երգում են միայն անգլերեն, ռուսերեն: Ո՞Ւմ համար են երգում, եթե ոչ` ընկերների, բարեկամների, համաքաղաքացիների: Դա վերաբերում է ամեն ինչին` լեզվին, տեսակին, սովորույթներին:
-Ո՞րն է թատրոնի թիվ մեկ խնդիրը:
-Նոր բան ասելը, համաշխարհային թատրոնին զուգահեռ քայլելը: Տեխնիկական առաջընթացի մեր օրերում այնքան դժվար է մարդկանց զարմացնելը: Իսկ զարմացնելը արվեստի կարևորագույն խնդիրներից է: Չեմ ասում, թե թատրոնը տեխնոլոգիական նորություններ պիտի ունենա: Թատրոնը միշտ էլ եղել է ու կլինի, որովհետև զարմացրել է հոգեկան աշխարհի միջոցով, որովհետև դու գնացել ես ու քեզ ես տեսել բեմի վրա: Բայց ինչ-որ նորություններ են պետք, նոր լուծումներ, որ մարդիկ այն ամենից հետո, ինչ տեսնում են (հրապարակի թրեյդ-շոուներից հետո, երբ աչքերիդ առաջ քանդվում-կառուցվում է հրապարակը և այլն), գան թատրոն ու ներկայացում դիտեն: Այսինքն, ստեղծագործական խնդիր ունի թատրոնը, ինչի համար ցանկություն է պետք և ֆինանսներ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում PR ասվածին: Մեր օրերում, կարծես, դա ամենակարճ ճանապարհն է հայտնի դառնալու, ինչու ոչ` նաև հանդիսատեսին թատրոն բերելու:
-Մեր թատրոնները մի քիչ խուսափում են PR-ից, դա խորհրդային ժամանակներից մնացած հոգեբանություն է: Հիմա գովազդն առաջին հերթին տեղեկացնելու համար է: Ժամանակն է հասկանալու, որ գովազդը վատ բան չէ, եթե դու գովազդում ես, չի նշանակում, թե վատ ապրանք ունես: Այն, որ մենք այսօր լիքը դահլիճում շաբաթը հինգ օր ներկայացում ունենք, աշխատանքի արդյունք է, նաև PR-ի, որ իրականացնում է մեր տնօրենությունը:
-Համազգային թատրոնը բեմադրելու է Պերճ Պռոշյանի «Հացի խնդիրը»: Բեմադրության համար «Գրանդ քենդի» ընկերությունը հատկացրել է մոտ 18 միլիոն դրամ, որից 1 միլիոնը տրամադրվելու է գովազդներին: Ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված, կարծում եք` «Հացի խնդիրը» արդիակա՞ն է, ասելիք ունի՞ այսօրվա հանդիսատեսին:
-Նախ, ազգային գործ բեմադրելու խնդիր էր դրված: Եվ կարծում եմ, կենցաղային, սոցիալական խնդիրների, սյուժետային պատմությունների (աղջիկ-տղա հարաբերություն, խոսք տալ, երդում դրժել և այլն) առումներով «Հացի խնդիրը» արդիական է:
-Ի՞նչ կասեք մեր հեռուստասերիալների մասին, նկարահանվելու առաջարկներ կա՞ն:
-Առաջարկներ մինչ օրս լինում են, չնայած ես արդեն մեկ տարի չեմ խաղում: Խաղացել եմ, առաջիններից եմ եղել: Այն ժամանակ դա ռիսկային քայլ էր, կարող էր ընդհանրապես չստացվել: Բոլոր դերասանները քննադատում էին, հետո հերթով խաղացին վատ սերիալներում, իրենք էլ վատ խաղացին, ոմանք լավ խաղացին: Սերիալը հեռուստատեսության և ֆիլմի խառնուրդ է: Հույս ունեինք, որ կհղկվի ընթացքում ու կմոտենա ֆիլմին, բայց եղավ հակառակը` հղկվեցին թերությունները, շատ ավելի հեռացավ ֆիլմից, նույնիսկ իր նախնական տեսքից: Հիմա սերիալում նկարահանվելու համար դերասանի մասնագիտության կարիք չի զգացվում: Կարևոր չէ` ինչպես են խաղում, կարևորը` տեքստը ասվի, հասկանանք` ինչ ասաց, խաղը մեզ հետաքրքիր չէ: Ես տեսա, որ դա իմ մասնագիտությունը չէ արդեն, դրա համար էլ չեմ խաղում:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերի՞ մասին ինչ կասեք: Նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:
-Դա ցավոտ թեմա է ինձ համար, շատ եմ ուզում նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում, մինչև հիմա ինչքան նկարահանվել եմ, քիչ է: Առհասարակ, շատ չեն նկարահանվում ֆիլմեր, այդ քիչ թվով ֆիլմերում էլ կա՛մ դերը չի համապատասխանում, կա՛մ ռեժիսորը քեզ չի նկատում: Հույս ունեմ, որ դեռ կլրացնեմ այդ բացը, դեռ կնկարահանվեն գեղարվեստական ֆիլմեր, եթե ոչ, ինքս կնկարահանեմ:
-Կյանքում խաղո՞ւմ եք:
-Չէ, հիմարություն է, կյանքում խաղալը ո՞րն է: Ընդհանրապես, մարդիկ չեն սիրում առօրյայում իրենց մասնագիտությամբ զբաղվել:
-Բայց հաճախ դերասանները կյանքում էլ են գործածում իրենց բեմական հնարքները:
-ՈՒրեմն մասնագիտության մեջ բավարարված չեն: Մարդիկ սիրում են խաղալ, բայց եթե բեմի վրա բավարարում ես այդ ցանկությունը, կարիք չկա կյանքում նույնն անելու:
-Ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Վիդեոարտադրության փորձեր եմ անում, երբ ստացվի, կիմանաք:
-Իսկ երազանքների՞:
-Երազանքներս կապված են երեխաներիս հետ և երկրիս: ՈՒզում եմ` երեխաներս լավ երկրում ապրեն:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ