Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից
30.07.2023 | 09:22

(սկիզբը` այստեղ)

Մխիթարյանները շատ մեծ ներդրում ունեն հայոց լեզվի քերականության, հայոց պատմագրության, աշխարհագրության, քարտեզագրության, միջնադարյան գիտության նվաճումներն աշխարհին ծանոթացնելու գործում։ Մխիթարյան աշխարհագրությունը սկզբնավորվում է քարտեզագրությամբ, որը միայն գիտահանրամատչելի նպատակ չէր հետապնդում, այլև ուներ շեշտված ազգային քաղաքական ենթատեքստ․ մինչ նրանց հրատարակությունները՝ աշխարհի քարտեզների վրա բացակայում էր Հայաստանը և այն, որպես առանձին
աշխարհագրական-քաղաքական միավոր միջազգային հանրությանը ներկայացվում է Մխիթարյանների շնորհիվ:
Հայատառ առաջին աստղագիտական տպագիր «Աստղալից երկինքը» քարտեզի համար ևս պարտական ենք Մխիթարյան միաբանությանը: Քարտեզը, որը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի առաջին հատորում, մասնագետների կարծիքով կազմված է 18-րդ դարի առաջին կեսի եվրոպական հայտնի քարտեզների հետևողությամբ:
Ս. Ղազարի հայերեն ձեռագրերի հարուստ ու անկրկնելի հավաքածուի ստեղծման գործում իր անուրանալի ավանդն ունի ականավոր պատմաբան, քերականագետ, աստվածաբան Հայր Միքայել Վարդապետ Չամչյանը (1738-1823)։ Նա առաջիններից է, որ հասկանալով, թե հայ ժողովրդի տարրաբաժան հատվածներին ազգային ինքնագիտակցություն ներարկելու, նրանց կորստից փրկելու և ազգային ու հոգևոր պահանջմունքները բավարարելու ամենահիմնական միջոցներից մեկը հայոց համադրական պատմության շարադրումն է, սկսում է Ս․ Ղազար վանքի Մատենադարանում հավաքել Հայոց պատմության վերաբերյալ հնարավոր բոլոր մատյանները, հիշատակարանները, ժամանակագրությունները, անհրաժեշտ վավերագրերը։ Արդյունքում դրանց հիման վրա ծնվում է Չամչյանի եռահատոր «Պատմություն Հայոց» աշխատությունը (1784–86 թթ․), որով նշանավորվում է հայ միջնադարյան պատմագրությունից անցումը դեպի նոր շրջանի պատմագիտություն։ Անգնահատելի են նաև Ղուկաս Ինճիճյանի «Դարապատում» (1824-1828 թթ.), Ստեփանոս Ագոնցու և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգլերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգլական» (1825 թ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), ինչպես նաև Հայաստանի տարբեր նահանգները ներկայացնող պատմաաշխարհագրական գործերի տեղագրական 4 հատորները՝ «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.) և «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության...» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, որոնք այսօր էլ ելակետային են։
Մխիթար Սեբաստացին հրատարակում է կրոնաաստվածաբանական բնույթի երկեր, յոթ այլալեզու թարգմանությունների հետ բաղդատած Աստվածաշունչը (1733), որն Աստվածաշնչի երկրորդ հրատարակությունն էր՝ Ոսկան վարդապետ Երևանցու 1666 թ. Ամստերդամում կատարած հրատարակությունից հետո, կազմում Ավետյաց երկրի աշխարհացույց (1746): Իր հրատարակած Աստվածաշնչի վերջաբանում՝ որպես կտակ, ավանդում է կրոնի և ազգասիրության երկու անշփոթ գաղափարների վարդապետությունը՝ «Ազգը չզոհել կրոնին, և կրոնը՝ ազգությանը», ինչն էլ դառնում է նրա հետևորդների ուղղության նկարագիրը:
Մխիթարյանների թարգմանչական գործունեության շնորհիվ մեր պահոցները հարստանում են տարբեր ժամանակաշրջանների մեծ գրողների և գիտնականների՝ Արիստոտելի, Պլատոնի, Սենեկայի, Հոմերոսի, Սոֆոկլեսի, Էվրիպիդեսի, Վերգիլիոսի, Դանթեի, Շեքսպիրի, Ա.Ս. Պուշկինի, Ն.Ա. Նեկրասովի, Պրոսպեր Մերիմեի աշխատությունների հայերեն թարգմանությամբ։ Սուրբ Ղազար կղզում պահպանվում է Ի. Ա. Կռիլովի առակների առաջին հայերեն բնագիրը՝ մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու թարգմանությամբ, Մխիթար Աբբահոր կողմից Ալբերտ Մեծի «Աստուածաբանութեան» համառոտ տարբերակի (1715 թ.), Պետրոս Արագոնացու «Գիրք մոլութեանց» (Վենետիկ, 1720 թ.) և «Գիրք առաքինութեանց» (1721 թ.) թարգմանությունները: Նրանց շնորհիվ գրաբար ու արևմտահայերեն են թարգմանվում նաև Միլտոնի «Դրախտի կորուսյալը» (1824 թ.), Բայրոնի գործերը (1852 թ.), Լաֆոնտենի Առակները, Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը» (1921 թ.) և այլն: Իսկ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը թարգմանում ու հրատարակում են աշխարհի 30 կենդանի ու 3 մեռած լեզուներով։
Հայագիտության մեծ ներդրում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» բացատրական բառարանը (2 հատոր՝ հատ. 1-ին, 1749 թ., 1273 էջ, հատ. 2-րդ, 1769 թ., 1770 էջ), որն իր բանասիրական, բառաքննական ու լեզվաքննական խորահմուտ աշխատանքի շնորհիվ այսօր էլ ունի բացառիկ արժեք և նշանակալի երևույթ է համաշխարհային բառարանագրության մեջ։ Այն ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Բառարանի կազմմանը Մխիթարը նվիրում է մի ամբողջ կյանք՝ ձեռնամուխ լինելով 1727 թ․, իսկ սրբագրական վերջին աշխատանքները կատարում է մահվան մահճում։ 1749 թ․ Վենետիկում, իտալացի Անտոն Բորտոլիի տպարանում լույս է տեսնում «Բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի առաջին հատորը։ Ցավոք Մխիթար Աեբաստացին չի տեսնում այդ հիրավի կոթողային աշխատության ամբողջական հրատարակությունը: Առաջին հատորի վերջին մամուլների տպագրության օրերին նա ծանր հիվանդանում և վախճանվում է: Գիտակցելով, որ իր օգտագործած մատենագրական աղբյուրները բավական չեն՝ գրաբարի լիակատար կազﬔլու համար, հանձնարարում է իր հաջորդներին հայտնաբերվող նոր աղբյուրների հիման վրա լրացնել իր գործը, նորանոր վկայություններով ճշգրտել այն աﬔնը, ինչ որ ինքը հնարավորություն չի ունեցել անելու, և դրանով իսկ ստեղծել գրաբարի ամբողջ բառապաշարը ճշգրտորեն արտացոլող բառարան։ Ինչը նրա հաջորդները փայլուն կատարում են։ Գաբրիել Ավետիքյանը, Խաչատուր Սյուրմելյանը և Մկրտիչ Ավերգյանը, նոր ձեռագրեր ձեռք բերելուց հետո շուրջ 50 տարվա ընթացքում, իրականացնում են բառարանի երկրորդ հրատարակությունը՝ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հատ. 1-ին, Վենետիկ, 1836 թ., հատ. 2-րդ, 1837 թ.), որը համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Այն ի սկզբանե բաղկացած էր 12 ձեռագիր հատորներից (109 հազար բառ)։ Բայց ամբողջ ձեռագրի հրատարակության ծախսերն այնքան մեծ էին, որ ստիպված են լինում բառարանը համառոտել մինչև երկու հատոր (51 հազար բառ)։
(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 13278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ