ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Դանդաղ շտապողներն» ու «սևեռվողները»

«Դանդաղ շտապողներն»  ու «սևեռվողները»
18.06.2013 | 00:32

Աշխարհը` աշխարհով, մերոնք` իրենց «դարդ ու ցավով»: Այն պահին, երբ մեր շուրջն ամենաիսկական իմաստով վերաձևվում է աշխարհը, Հայաստանում բավականին տարօրինակ պայքար է գնում սեփական տեղի ու դերի համար: Թիրախը, ինչպես միշտ, 2017-ի, 2018-ի ընտրություններ կոչվող «հայկական վերադասավորություններն» են, որին «հասնելու» համար նախ պետք է տիրանալ վարչապետի «բարեբաստիկ» աթոռին:
Ընդ որում, նրանք, ովքեր գոնե կես վայրկյան չեն դադարում այդ կարգի մտասևեռումներին «ծառայելուց», անվերջ «ֆալշ-ստարտի» մեջ են և, բացի կորցնելուց, այլ «արժանիք» չունեն: Այդքան շտապելն էլ հենց կորստի ենթագիտակցական արտացոլանքն է: Ովքեր են շտապողները` բոլորս գիտենք. նրանք, ի տարբերություն «դանդաղ շտապողների» կամ ընդհանրապես չշտապողների, շատ են վախենում կորուստներից: Հայտնի ճշմարտություն է. եթե այդ կարգի վարքագիծ ես դրսևորում, նշանակում է` արդեն կորցրել ես: Կարմայական կապով, պարզապես չես ուզում հավատալ դրան, այն իջեցնում ես ֆիզիկական պլանի, որի դեպքում կորուստը խաղից հանելու ահավոր մեծ ներուժ կունենա: ՈՒ քանի որ «սևեռվողները» երբեք, ու էլ առավել հիմա, չեն փայլել խելքով, կորուստ կորստի հետևից են արձանագրում` մինչև ծովը իրենց դուրս կհանի ափ, քաղաքականությունը` լուսանցք «կթքի»:
Հետաքրքիր է այս առումով նաև իշխանական` նախագահ-վարչապետ տանդեմը: Կշարունակե՞ն նրանք իրենց ուղին ևս չորս տարի, թե՞ խաղի ինչ-որ փուլում կասեն` «բավ սիրեցինք, մնաս բարյավ»: Համենայն դեպս, նախորդ օրը, «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում, Տիգրան Սարգսյանը, ի տարբերություն խիստ շտապողների, իսպառ ժխտել է հավանականությունը, որ ցանկանում է դառնալ նախագահ: Փորձենք «գաղտնազերծել» նրա այս մոտեցումը:
ա) Նախ` նա նաև չէր «պատրաստվում» դառնալու վարչապետ։ Դարձավ: Համաձայնեք` քաղաքական-դիվանագիտական ճկունությունը միշտ էլ ենթադրում է այս կարգի շրջադարձ, հետո կարելի է հազար տեսակի բացատրություններով այն հիմնավորել:
բ) Պատկերացնենք, որ վարչապետը անկեղծ ու ճիշտ է ասում: Դե չէ, ոչ թե այն պատճառով, որ «օֆշորը» նրա «ինքնազգացողության» վրա վատ է ազդել (մենք արդեն ասել ենք` ինչ ենք մտածում այս առնչությամբ) և ոչ էլ, որ Հովհաննես Արգամիչը («ընգեր» Բագրատի վեց միլիոն «պագրիշկեքի» պատմությունը մի պահ թողնենք մի կողմ), ով իր ԱԺ-ի «պառավոների» վերանորոգումն սկսել էր առանց մրցույթ հայտարարելու, մեկ աղբյուրից գնման «տարբերանշանի» (հետո նոր լրացրել էր էս «ձևականությունները») ԱԺ ամբիոնից ամենաբարձրն էր ասում` վարչապետ, մի էդ գողերին շատ արագ բռնիր, ես իմ ամբիոնից տեսնեմ, հանգստանամ: Ոչ այս պատճառով: Այլ որ, չի բացառվում, մինչև հայաստանյան նոր ընտրություններ ոչ միայն տարածաշրջանում այլ դասավորություններ ու այլ լուծումներ լինեն, չի բացառվում նաև, որ Հայաստանը, ինչպես Վրաստանը, անցնի վարչապետական, այն է` խորհրդարանական կառավարման։ ՈՒստի սխալ հաշվարկ անել այս պահին խելամիտ չէ, ինչին էլ անհագուրդ տրվել են ոմանք, և ինչից փորձում է զերծ մնալ Տիգրան Սարգսյանը:
Ընդ որում, շատ բան կախված է ոչ միայն արաբա-թուրքական աշխարհում տեղի ունեցող ընտրություն-դասավորություններից, այլև Հայաստանի ապագա կողմնորոշումներից ևս:
Եթե այնպես ստացվի, որ «և՛-և՛» սկզբունքը հաղթի «կա՛մ-կա՛մ»-ին, այն է` Հայաստանի իշխանություններին հաջողվի Մաքսային միության հետ «չամուսնանալ», բայց ապրել քաղաքացիական ամուսնության պայմաններում, նույնը` եվրոպական ասոցացման համաձայնագրի դեպքում` ամուսնացած համարվել, բայց…, ապա կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյան-Սերժ Սարգսյան տանդեմը դեռ կգոյատևի:
Եթե` ոչ, ապա տարբերակները շատ են:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ