«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
07.09.2010 | 00:00

ԵՎ այսպես, տեղի ունեցավ ՌԴ նախագահի այցը Ադրբեջան։ Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը Բաքու այցելել էր 2008 և 2009 թթ. ամռանը։ Սակայն, ինչպես արդարացիորեն նշում են շատ դիտորդներ, Դմիտրի Մեդվեդևի ներկա այցն անցավ որակապես այլ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ Գյումրիի ռազմաբազայի տեղակայման ժամկետները երկարացնելու մասին Հայաստանի հետ պայմանագրի կնքումից հետո Կրեմլը սկսեց վստահորեն հայտարարել տարածաշրջանում իր դերի մեծացման մասին։
Ընդ որում, նկատենք նաև, որ այդ այցը, ի տարբերություն բոլոր նախորդների, մեր կարծիքով, առանձնահատուկ էր նաև Ալիևի վարչակազմի նկատմամբ ռուսական ղեկավարության նրբանկատության խիստ բարձր աստիճանով։ Այսպես, շատ հատկանշական է, որ այցն սկսվեց սեպտեմբերի 2-ին` «ռազմավարական գործընկեր» Հայաստանի համար կարևոր ու խորհրդանշական` Ղարաբաղի անկախության օրը։ Շատ հավանական է, որ մոսկովյան քաղաքական գործիչներն անգամ ուշադրություն չեն դարձրել այդ չարագույժ զուգադիպությանը, ինչպես ժամանակին չէին նկատել, որ Մինսկին «գազային պատերազմ» են հայտարարել հենց Մեծ հայրենականի սկսվելու և Բելառուսի մայրաքաղաքը ռմբակոծելու օրը։ Հասկանալի է, որ այդքան նուրբ երանգները տեղ չունեն կրեմլյան վերնախավի իրատես ուղեղներում, բայց, հավանաբար, այդ զուգադիպությունները շատ խորհրդանշական են և շատ պերճախոս։ Սակայն հետագայում Բաքվի հանդեպ մոսկովյան սիրաշահումները, առհասարակ, կոմիկական դարձան։ Այսպես, Մեդվեդևի` Ադրբեջանի ներկա նախագահի ծնողների գերեզմանների շատ տարօրինակ այցելությունից հետո ռուսական լրատվամիջոցների մեծ մասը սկսեց խոսել Հեյդար Ալիևի մասին, որպես Ադրբեջանի առաջին նախագահի և երկրի հիմնադրի, ասես, առհասարակ, չեն եղել «Արևմուտքի դրածո» նախագահ Էլչիբեյը և «Մոսկվայի դրածո» նախագահ Մութալիբովը, իսկ ժամանակակից Ադրբեջանի պատմությունը սկսվել է միայն 1994 թվականից։
Սակայն այս ամենը, անշուշտ, միայն գունեղ ֆոն է Բաքվում ծավալված քաղաքական սցենարի համար։ Եվ, համապատասխանաբար, անցնենք մեզ համար ամենակարևորին։ Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, բառացիորեն այցի նախօրեին ՌԴ արտգործնախարարությունում լրագրողներին պարզաբանեցին, որ հապճեպությունը, որով Դմիտրի Մեդվեդևը «որոշեց այցելել նաև Բաքու», պայմանավորված էր «գործընկերներին հանգստացնելու» խնդրով, իսկ այցի արդյունքները պետք է «Ադրբեջանին փոխհատուցեն ոչ բարեկամական Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության կտրուկ ամրապնդումը»։ Եվ, դատելով ըստ ամենայնի, Ռուսաստանի նախագահն այդ խնդիրը մեծ հաջողությամբ լուծեց, ի լիակատար բավարարումն կողմերի։
Բանակցություններից հետո հանդիպում ունենալով լրագրողների հետ, նախագահ Մեդվեդևըն ազնվորեն խոստովանեց, որ Գյումրիի բազայի և նրա մանդատի ճակատագիրը խոսակցության գլխավոր թեմաներից մեկն էր. «Մենք այդ մասին բավականին մանրամասնորեն զրուցեցինք Ադրբեջանի նախագահի հետ»։ Ընդ որում, նա աշխատեց ցրել ադրբեջանական լսարանի երկյուղները և հայտարարեց, որ «Հայաստանի հետ կնքված համաձայնագրում ոչ մի սկզբունքային նոր բան չկա» և այն միայն մեկ բան է նշանակում` «այդ բազայի գործունեության ժամկետը որոշակի քանակության տարիներով երկարացվում է», և «ոչ մի այլ ստորջրյա կամ ուրիշ նկատառումներ գոյություն չունեն»։ Հասկանալի է, որ այս հայտարարություններով Ռուսաստանի նախագահը կասկածի տակ դրեց հայկական ղեկավարության այն պնդումները, թե ռուսական ռազմաբազան, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթից, ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, և որ արձանագրության մեջ ուղղակիորեն մատնանշվում է Ռուսաստանի պարտավորությունը Հայաստանին արդիական ռազմական տեխնիկայի մատակարարումների առումով։
Ի դեպ, ակնհայտ է, որ Մոսկվայի համար, որը դեռ իրեն մետրոպոլիա է պատկերացնում, այդ մանրամասները ոչ մի էական բան չեն ներկայացնում։ Իլհամ Ալիևը ռուս-հայկական ռազմական համագործակցության թեման չշոշափեց, բայց նշեց, որ Բաքվում և Երևանում տեղի ունեցած բանակցություններին Դմիտրի Մեդվեդևի անձնական մասնակցությունը «շատ դրական դեր է խաղում» և շփումները դարձնում է «ավելի արդյունավետ»։ Դատելով այս խոսքերից, նա գոհ է մնացել խոսակցությունից և ռուս զրուցակցից։
Այսպիսով, հարկ է նկատել, որ բանակցությունների արդյունքները խիստ շահավետ են եղել Ադրբեջանի համար։ Նախ, նախագահները պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև անցնող պետական սահմանի մասին, որը որոշում է սահմանագիծը մինչև Կասպից ծով։ Նկատենք, որ Ռուսաստանը դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին երկիրը, որն Ադրբեջանի հետ պայմանագիր է ստորագրել սահմանների մասին։ Պետք է նկատել, որ նրա բոլոր սահմանակից երկրները` Վրաստանը, Իրանը, Հայաստանը և, Կասպից ծովով, Թուրքմենստանը չեն շտապում կողմնորոշվել սահմանազատման հարցում, իսկ առաջին փորձը Բաքվի համար չափազանց նշանակալից է։ Ավելին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լեռնային սահմանն անցնում է հենց լեզգիներով բնակեցված տարածքներով։ 1990-ականներին լեզգիական «Սադվալ» շարժումը բավականին սուր էր դրել տարածքային վեճերի հարցը, իսկ 2008-ին Ադրբեջանում գտնվող երկու լեզգիաբնակ գյուղեր իրենց ռուսական հռչակեցին։ Այս ամենը հանգեցնում էր նրան, որ 390 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումն ապարդյուն շարունակվում էր 1996 թվականից։ Բացի այդ, կողմերը բախվում էին Սամուր գետի ջրաբաժանման վիճելի հարցին, որի մեծ մասը հոսում է Դաղստանով, բայց որը ջուր է ապահովում Բաքվին։ Դմիտրի Մեդվեդևն առաջարկեց սահմանն անցկացնել գետի միջին մասով, ամրակայելով ստատուս քվոն, բայց միաժամանակ ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կկարգավորի առաջնային սկզբունքներով ջրապաշարների օգտագործման հարցերը։ Այսինքն, ի մեծ բավարարություն Ադրբեջանի, ջրի հարցի շուրջ այդ վաղեմի վեճը լուծվեց սիրահոժար, ընդ որում, Բաքվին ձեռնտու պայմաններով։
Բայց Ալիևին մատուցված գլխավոր նվերը ներկայումս գործող համաձայնագրի լրացումն էր Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի գնման վերաբերյալ, որը ստորագրվեց այցի ընթացքում։ Այդ փաստաթղթի համաձայն, սկսած 2011 թվականից Ռուսաստանը կկրկնապատկի ներմուծման ծավալը` հասցնելով տարեկան 2 մլրդ խմ-ի, իսկ 2012 թվականից այն կգերազանցի 2 մլրդ-ի սահմանը։ Ընդ որում, կողմերն ընդգծեցին, որ ռուսական կողմը կարող է ավելի շատ վառելիք ձեռք բերել, եթե Բաքուն ցանկություն ունենա ավելի շատ գազ արտահանելու։ Ռուսական փորձագետների կարծիքով, «առևտրային առումով այդ գնումներն այնքան էլ շահավետ չեն «Գազպրոմի» համար, սակայն դրանք առաջին պլան են մղում էներգետիկ բաղկացուցիչը Մոսկվայի ու Բաքվի փոխհարաբերություններում, և այդ ուղղությամբ պահը, ինչպես երբեք, հաջող է ընտրված»։ Բանն այն է, որ Բաքվում կարծում են, որ Արևմուտքը փակուղի է մղել Ադրբեջանին, ադրբեջանական գազը չեն գնում և արդեն, փաստորեն, գալիք տարվա հաշվով 2,5 մլրդ խմ գազի ավելցուկ է գոյացել։ Եվ ահա այստեղ Ռուսաստանը շտապեց հանդես գալ լավ հարևանի դերում և Ադրբեջանից գնում է ավելորդ գազի քանակությունը, ընդ որում` բարձր գներով։ Այժմ «Գազպրոմը» ադրբեջանական գազը գնում է 240-245 դոլարով 1000 խմ-ի համար։ Սա ամենաբարձր գնման գինն է։ ՌԴ-ն թուրքմենական գազը գնում է 1000 խմ-ն 190 դոլարով, իսկ ղազախականը` 230։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ համաձայնագիրը լուրջ քաղաքական բեռ է կրում և կարող է ծայրաստիճան տհաճ անակնկալ դառնալ Եվրոպայի և նրա «Նաբուկո» գազային նախագծի համար, որը դիտվում է որպես «Հարավային հոսք» գազամուղի` ռուսական իշխանությունների սիրասուն հոգեզավակի, մրցակից։ Հիմա, նոր իրողությունների համաձայն, «Նաբուկոն» կարող է զրկվել վառելիքի կարևոր մատակարարներից մեկից։ Իսկ դա, իր հերթին, ռուսներին հույս է տալիս, որ Ադրբեջանի օրինակին կհետևեն նաև Կենտրոնական Ասիայում, և այլընտրանքային գազամուղի շինարարության ծրագրերը գործնականորեն կթաղվեն։ Բացի այդ, Բաքվում հայտարարվել էր, որ «Գազպրոմը» շահագրգռված է Ադրբեջանում «Բրիթիշ փեթրոլեումի» բաժնետոմսերի գնմամբ։ Կասկած չկա, որ դա «համեղ պատառ» է ռուսական կողմի համար, առավել ևս, որ «ԲիՓի»-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորն է։ Նկատենք նաև մի այլ շատ կարևոր հանգամանք. արևմտյան լրատվամիջոցների տվյալներով, գազի արդյունահանումը Ռուսաստանում, արդեն մի քանի տարի է, չի ավելանում, իսկ ներքին սպառումը տարեկան 3-5 տոկոսով աճում է։ Այսօրվա միտումը պահպանվելու դեպքում մինչև 2012 թվականը Եվրոպային մատակարարելու համար գազը կարող է չհերիքել։ Եվ հիմա, Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմամբ, «Գազպրոմը» կարող է ծանր վիճակից դուրս գալ ոչ թե նոր, թանկ նստող հանքավայրերի յուրացման, այլ ադրբեջանական գազի վերարտահանման միջոցով։ Այսինքն, Բաքվում շատ բովանդակալի և պատկերավոր կերպով մեկ անգամ ևս ցուցադրվեց, որ Կրեմլի համար գազը եղել ու մնում է արտաքին քաղաքականության գլխավոր հարցն ու գլխավոր շարժիչը։ Պերճախոս են նաև Մեդվեդևի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը «զուգադիպող շահեր» ունեն էներգետիկայի բնագավառում, դրա համար էլ «պետք է պայմանավորվածության գան և կոոպերացիա կազմեն»։ Այսպիսով, նա հասկացրեց, որ Մոսկվայի և Բաքվի համար ձեռնտու կլինի համաձայնության գալ և եվրոպական գնորդների հետ շփվել արդեն միասնական դիրքից։ Իր հերթին Իլհամ Ալիևը հավաստեց, որ Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը դիտում է «որպես երկարաժամկետ, որպես ռազմավարական, և այն ընդգրկում է ոչ միայն գազի ոլորտը»։ Եվ շատ հավանական է, որ դրանք դատարկ խոսքեր չեն։
Այսպես, Մեդվեդևի այցից հետո մի շարք ռուս փորձագետներ սկսել են խոսել այն մասին, որ Ադրբեջանի համար արդեն նախանշվել են հետագա գործողությունների նոր հորիզոններ և հնարավոր տեղը տարածաշրջանում ապագա «աշխարհաքաղաքական ճարտարապետության» մեջ։ Ընդ որում, մատնանշվում է, որ այս ամենը կարող է ձևավորվել ռուս-ադրբեջանական բազմակողմ համագործակցության ընդլայնման համատեքստում և ներդաշնակում է Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը` ունենալով ընդհանուր «ռուսական թիկունք»։ Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա Լեռնային Ղարաբաղի թեման, առաջին հայացքից, Բաքվում բարձրաձայնվեց ձևականորեն, բայց դա ակնհայտորեն չի նշանակում, թե այն համեստ տեղ է գրավել բանակցություններում։ Մեդվեդևը հավաստել է պատրաստակամությունը շարունակելու Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումների կազմակերպման առաքելությունը, կոչ անելով ավելի հաճախ հանդիպել։ Իսկ ի՞նչ է թաքնված այդ հերթապահ արտահայտությունների հետևում։ Շատ հավանական է, որ մենք այդ բանը շատ շուտով իմանանք։
Այսպիսով, պետք է նկատել, որ վերջին հաշվով Մեդվեդևի այցի գլխավոր նպատակն այն էր, որ Ադրբեջանը դառնա Ռուսաստանի «ռազմավարական գործընկեր» և տարածաշրջանում ռուսական ձգտումների ջատագով։ Ի դեպ, «հարաբերությունների այդ նոր մակարդակի» մասին նա շտապեց հայտարարել Բաքվում։
Եվ վերջում նշենք մի շատ հետաքրքրական հանգամանք։ Երբ Ռուսաստանի նախագահը բանակցություններ էր վարում պաշտոնակցի հետ, մոտակայքում տեղի էր ունենում հանրահավաք, որին իշխանություններն ամենևին չէին խոչընդոտում։ Հանրահավաքում հնչում էին «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» կարգախոսները։ Այրվեցին Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի պետական դրոշները։ Պատահակա՞ն զուգադիպություն է, արդյոք, սա։ Շատ կասկածելի է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ