Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՌԱՎԱՐԵԼ, ԱՅՆ ՊԵՏՔ Է ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼ»

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՌԱՎԱՐԵԼ, ԱՅՆ ՊԵՏՔ Է ԿՈՈՐԴԻՆԱՑՆԵԼ»
15.12.2009 | 00:00

Գիտության ոլորտի խնդիրների շուրջ է զրույցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մարտիրոսյան, մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը։ Ի՞նչ խնդիրներ է իր առջև դնում այն, և ի՞նչ վերջնական արդյունքի եք ցանկանում հասնել՝ նախագիծը կյանքի կոչելով։
-Ռազմավարության նախագիծը քննարկվել է մասնագետների շրջանում, այնուհետև տպագրվել է, դրվել լայն քննարկման և ուղարկվել մի շարք կազմակերպությունների։ Ռազմավարությունն ուղենիշ է, այն քաղաքականություն նախանշող հիմնարար փաստաթուղթ է, որից հետո պետք է ռազմավարության ծրագիր գրվի, որի միջոցով փաստաթղթում առկա գաղափարներն իրականություն պետք է դառնան։ Կարող եմ օրինակ բերել. այսօր Հայաստանի գիտության ֆինանսավորումը համախառն ներքին արդյունքի 0,2 տոկոսն է։ Փաստաթղթում ամրագրված է, որ այն 2020 թվականին պետք է հասնի 1-1,5 տոկոսի։ Նշանակում է, որ ոլորտի ֆինանսավորումը կավելանա 5-6 անգամ, բայց այս ամենը՝ տասը տարի անց։
-Գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, նախ և առաջ, ֆինանսական ներարկումներ են անհրաժեշտ։ Առանց լուրջ դրամական հատկացումների հնարավո՞ր է հասնել ցանկալի արդյունքի։
-2010-ի պետբյուջեով մեզ հատկացվելու է այնքան գումար, որքան նախորդ տարի։ Շատ բնագավառների հատկացումները կրճատվել են, սակայն գիտության բյուջեն մնացել է նույնը` 8,3 միլիարդ դրամ։ Գիտությունն այն ոլորտը չէ, որ ամեն օր բարեփոխումներ իրականացնենք։ Գիտությունը պետք է այնպես կազմակերպել, որ եղած սուղ միջոցներն արդյունավետ օգտագործվեն, լուծվեն հանրապետության գիտության զարգացման առջև դրված հիմնական խնդիրները։ Բարեփոխումների շրջանակներում պետք է ֆիքսվեն մեր հանրապետության գիտության բնագավառի կարևորագույն ուղղությունները, որոնցով մենք աշխատելու ենք։ Այդ գերակայությունները կազմել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ԿԳՆ գիտության պետական կոմիտեն։ Սահմանվել են մի քանի ուղղություններ, որոնք պետք է հաստատվեն, այնուհետև այդ ուղղություններով իրականացվեն գիտական մշակումներ, որոնք կօգնեն արդյունքների հասնել։
-Որո՞նք են այդ գերակայությունները։
-Հայագիտություն, հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ, գիտություններ կյանքի մասին՝ կենսատեխնոլոգիա, էներգիայի նոր աղբյուրներ, նոր նյութեր, տիեզերքի, Երկրի մասին գիտություններ, գյուղմթերքների արտադրության, վերամշակման և պահպանման տեխնոլոգիաներ, կարևորագույն կիրառական հետազոտությունները խթանող հիմնարար գիտություններ։ Սրանք ենք գերակա ուղղությունները։ Դրանք մշակվել են՝ ելնելով մեր ավանդական գիտական ուղղությունների զարգացման աստիճանից, առկա ձեռքբերումներից, կադրային ապահովվածությունից և այն խնդիրներից, որոնք ձևավորված են ապագայի համար։
-Գիտական ներուժի վերարտադրության ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
-Երիտասարդ գիտնականների ներգրավումը ոչ միայն ԳԱԱ, այլ առաջին հերթին պետության խնդիրն է։ Մենք պետք է աշխատենք գիտությունը դարձնել գրավիչ։ Գրավիչ ասելով՝ նկատի ունեմ ժամանակակից գիտությունը, որի արդյունքները լայն կիրառություն ունեն, գիտություն, որն ապահովում է թռիչքային զարգացում։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է նանոտեխնոլոգիաների մասին։ Եթե մենք ստեղծենք նման հետազոտական խմբեր, կենտրոններ, ապա երիտասարդ գիտնականների համար գրավիչ կլինի։ Իսկ պետությունն իր հերթին պետք է հոգա նրանց սոցիալական խնդիրները, որպեսզի երիտասարդը համոզված լինի, որ այս երկրում իր կյանքի հեռանկարը, համենայն դեպս, կլինի ապահովված։ Այսինքն, նա կունենա և՛ նյութական, և՛ հոգեկան բավարարվածություն, ինչը կնպաստի, որ երիտասարդ կադրերը նվիրվեն գիտությանը։
-Պարոն Մարտիրոսյան, գիտության բարեփոխումների առանցքում դրված են նաև ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները։ Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն այս առումով։
-Գիտությունը չի կարելի կառավարել։ Այն կոորդինացնում և ֆինանսավորում են։ Եթե մենք ունենանք նման ուղղություններով աշխատող փոքր խմբեր, կարելի է դրանք միավորել մեկ կենտրոնի մեջ, ինչը կբարձրացնի և՛ աշխատանքի, և՛ ռեսուրսների նպատակային օգտագործման արդյունավետությունը։ Մարդիկ միշտ ձգտում են կառավարել։ Կառավարողներ շատ կան, պետք է կատարողներ լինեն։
-Գիտությունը պետք է սպասարկի տնտեսությանը։ Գիտություն-տնտեսություն կապն այսօր, սակայն, չի գործում։ Ի՞նչն է խանգարում, որ այս շղթան աշխատի։
-Այս թեզը շոշափելիս մենք, նախ և առաջ, պետք է տարանջատենք գիտության երկու մասերը՝ հիմնարար և կիրառական հետազոտությունները։ Կիրառական հետազոտությունները հիմնարար հետազոտությունների արդյունքի հիման վրա ստեղծում են կիրառական նյութական բազա տնտեսության համար։ Նոր գաղափարից մինչև արտադրություն ճանապարհը բավականին երկար է։ Եթե այդ ճանապարհը բաժանենք մասերի (գիտելիք, գիտելիքի փորձնական նմուշ, դրա փորձարկում, այնուհետև փոքր սերիայով արտադրություն և այլն), ապա այդ ամբողջ ճանապարհին ծախսվող միջոցների միայն 27 տոկոսն է անհրաժեշտ հիմնարար գիտությանը։ Մնացածը հարկավոր է գաղափարի ներդրման համար։ Այսինքն, ներդրումը հսկայական գործընթաց է, որը պահանջում է և՛ ավելի մեծ միջոցներ, և՛ մեծ թվով մարդկային ռեսուրսներ։ Ժամանակին մեր հանրապետությունում ավելի քան 200 ճյուղային ինստիտուտ կար, որոնք կիրառական խնդիրներով էին զբաղվում։ Հենց այդ ինստիտուտներում էլ գիտական արդյունքը վերածվում էր արդյունքի և ներդրվում տնտեսության մեջ։ ՀՀ ԳԱԱ-ն կոչված է հիմնականում ապահովելու հիմնարար հետազոտություններ։ Մենք ունենք բավականին առաջարկներ, նույնիսկ այն վիճակում, որ կարող ենք սկսել դրանց արտադրությունը, բայց մեր տնտեսությունը դա չի ընկալում։ Այստեղ կա նաև օբյեկտիվ խնդիր. ցանկացած գործարար իր ծախսերի դիմաց ակնկալում է եկամուտ։ Մինչդեռ Հայաստանի շուկան խիստ սահմանափակ է և ռիսկային։ Արտասահմանյան շուկա դուրս գալու համար էլ անհրաժեշտ է ունենալ պատենտներ, իսկ միջազգային պատենտը շատ թանկ հաճույք է։ Այնպես որ, խնդիրը կաշխուժանա Հայաստանի տնտեսության զարգացման հետ։ Մենք ունենք գիտական արդյունքներ, որոնք դարակում դրված սպասում են ներդրման։
-ԳԱԱ-ում միջազգային համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է։
-Միջազգային համագործակցությունը, համեմատած մեր ունեցած միջոցների ու հնարավորությունների հետ, շատ բարձր եմ գնահատում։ Որովհետև այսօր գրեթե չունենք գիտական կազմակերպություն, որը չմասնակցի որևէ միջազգային գիտատեխնիկական ծրագրի։ Օրինակ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը երկար տարիներ համագործակցում էր Ֆրանսիայի ազգային հետազոտությունների կենտրոնների հետ, տարեցտարի համագործակցության աստիճանն այնքան խորացավ, մեր գիտնականներն այնքան վստահություն ձեռք բերեցին, որ այսօր արդեն ֆրանսիական կողմն առաջարկել է ստեղծել համատեղ լաբորատորիաներ։ Այդպիսի լաբորատորիայի ստեղծման պայմանագիր վերջերս ստորագրվեց ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ, շուտով նման պայմանագիր կկնքվի երկրաբանական ու հնագիտության ինստիտուտների հետ։ Յոթ-ութ գիտնական շահեց այդ կազմակերպությունների հայտարարած գիտական մրցույթներում, ինչը կնպաստի նրանց գիտական հետազոտությունների ընդլայնմանը։
Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ