Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԷՍ ՏԱԽՏԻ ՎԸՐԱ ԱՂՈԹՈՒՄ ՄԻ ՎԱՆՔ, ԷՆ ԺԱՅՌԻ ԳԸԼԽԻՆ ՀԸՍԿՈՒՄ Է ՄԻ ԲԵՐԴ

ԷՍ ՏԱԽՏԻ ՎԸՐԱ ԱՂՈԹՈՒՄ ՄԻ ՎԱՆՔ, ԷՆ ԺԱՅՌԻ ԳԸԼԽԻՆ ՀԸՍԿՈՒՄ Է ՄԻ ԲԵՐԴ
09.12.2011 | 00:00

ՀՀ նկարիչների միությունում ներկայացվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության և «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» ցուցահանդեսը, ուր ներկայացված էր 28 նկարիչների 150 աշխատանք։ Մասնակիցների թվում էի և ես` ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանս։ Ներկայացել էի «Դեբեդի հովտի առավոտը», «Լոռվա համայնապատկեր» և «Բացատ Զիկատարում» աշխատանքներով։
Միշտ էլ ինձ գերել է Լոռվա բնաշխարհը։ Իսկ սա նշանակում է, որ նկարչի համար այնտեղ հայտնվելը նշանակում է լինել իր իրական երազանքի գրկում։
Անկախ փառատոներից, Լոռվա ձորը ձգում է ինձ դեպի իրեն։ Իսկ հիմա, երբ ամեն տարի այստեղ նկարչական փառատոն է անցկացվում, նկարիչների գործն ավելի է հեշտանում։
Լոռվա ձորը հյուրընկալում է մեզ մեկ շաբաթով, և մենք հնարավորություն ենք ունենում ոչ միայն ևս մեկ անգամ զմայլվելու այդ հրաշալի բնաշխարհով ու նրա մարդկանցով, այլև ոչ քիչ թվով անկրկնելի պահեր հանձնելու կտավին։ Այս անգամ հետաքրքիր թեմա էր առաջարկված։ Դեբեդի հովտի գույները։ Գիտենք, որ շատ հետաքրքիր գետ է Դեբեդը։ Այն իր տարբեր հոսանքներում տարբեր վարքագիծ ունի` մեկ սրընթաց հոսք, մի փոքր ավելի ներքև կարծես հոգնած ծերունի լինի, ավելի ուշ ծանծաղում ու անգամ իր վճիտ հատակով է մեզ ներկայանում։ Ոչ պակաս հետաքրքիր են Դեբեդի վտակները, որոնք անընդհատ փոխում են գետի նկարագիրը և բնավորությունը։
Իսկ նկարչական առումով առավել գրավիչ է Դեբեդի ձորը` իր լեռներով ու քարափներով, հովտի գողտրիկ օազիսներով ու անտառակներով։ Պատկերը մեկեն փոխվում է, երբ մայրուղուց դուրս ես գալիս ու բարձրանում որևէ ճանապարհով` մեկ աչքիդ առջև հարթավայրն է իր գորգահյուսք պատկերներով, մյուս դեպքում` պատմաճարտարապետական հուշարձաններով` Հաղպատի վանքը` իր հրաշալի ու ինքնատիպ համալիրով, երրորդ պարագայում` լեռնալանջին հառած Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցով։ Սա դեռ ամբողջը չէ, մեկ էլ տեսար լեռնային ճանապարհը քեզ տարավ հասցրեց փոքրիկ լեռնային գյուղ` Ջիլիզա։ Այնտեղ ինձ համար շատ հարազատ դարձած Վահրամաբերդն է, 8-10 կմ այն կողմ։ Խուճապի ու Խորակերտի վանական համալիրները։
Կամ ինչպե՞ս կարող ես անտարբեր լինել Նոյեմբերյանի տարածաշրջանի անտառների նկատմամբ, որի թավուտ հատվածում խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ կան։ Հենց այս տարածաշրջանի մասին է գրել Մեծ լոռեցին.
Էս տախտի վըրա աղոթում մի վանք,
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ…
Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարձան…

Լոռվա ձորում հյուրընկալվելը ոչ միայն հենց տեղում տեսածը նկարելու հնարավորություն է տալիս, այլև բազմաթիվ մտահղացումների` ճեպանկարների, նախագծերի սկիզբ։ Ամեն անգամ Լոռուց վերադառնալով ուզում ես դատարկվել, ցանկանում ես քո բոլոր լիցքերը կտավին հանձնել։ Ցուցահանդեսին եմ ներկայացել 3 աշխատանքով և հուսով եմ, որ դրանք կդիտվեն որպես ձոն` նվիրված Լոռվա ձորի հրաշալի գետին և բնաշխարհին։
Ավարտելով խոսքս, կուզեի ընդգծել այն նպատակային գործունեությունը, որ իրականացնում են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը «Հայկական ներկապնակ» փառատոնային և ցուցահանդեսային ծրագրի կայացման գործում։ Բարեբախտաբար, երկու նվիրյալների` Լևոն Սարգսյանի և Սերգո Երիցյանի ջանքերը միշտ իրենց արդյունքն են տալիս. ունենում ենք ոչ միայն լավ կազմակերպված փառատոն, այլև ցուցահանդես, ինչպես այս անգամ էր։
Հրանտ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀ վաստակավոր նկարիչ

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ