«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼԱՉԻՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ՀԱՐՑ ՄԵՋՏԵՂ ՉԵՆ ԲԵՐԵԼ»

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԼԱՉԻՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ՀԱՐՑ ՄԵՋՏԵՂ ՉԵՆ ԲԵՐԵԼ»
15.01.2010 | 00:00

Ներքաղաքական վերջին իրադարձություններին և ընդդիմության առաջիկա ծրագրերին է անդրադառնում ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ։
-Հայ-թուրքական արձանագրությունները քննարկվեցին Սահմանադրական դատարանում։ Կայացված վճիռը որքանո՞վ է արդարացնում ընդդիմության, հատկապես ՀԱԿ-ի ակնկալիքները։
-Նախ, ըստ մեր սահմանադրության, այդ արձանագրությունները կարող էին չուղարկվել ՍԴ։ Սովորաբար այդ կարգի փաստաթղթերին կարելի է պետության ղեկավարի մակարդակով լուծում տալ, այսինքն` նրա հրահանգով արտգործնախարարն իրագործում է այն։ Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ուզում է պատասխանատվությունը բաժան-բաժան անել, արձանագրություններն ուղարկեց նախ` ՍԴ, հետո էլ` ԱԺ։ Վերջինս նույնպես, ըստ սահմանադրության, կարող է նման կարգի փաստաթղթերի հետ գործ չունենալ։ Պատասխանատվության բաժանում. ահա իշխանության գործելակերպը։ Մինչդեռ երկրի սահմանադրության երաշխավորը նախագահն է, ինչը ենթադրում է, որ այս ամենում որևէ անակնկալ պետք չէր սպասել։ Անձամբ ես կարծում եմ, որ այդ արձանագրություններն ի սկզբանե անընդունելի էին և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։ Այդ երկու արձանագրությունների փոխարեն կարող էր լինել մեկը կես էջի շրջանակում։ Առկա փաստաթղթում նախապայմաններն ուղղակի վխտում են։ Տգիտություն է աչքերը փակել ու ասել, թե դրանցում ցեղասպանության և այլ հարցեր չկան։ Ի՞նչ է նշանակում հարաբերությունների զարգացման նպատակով արձանագրություն ստորագրել։ Դա հնարավոր էր սահմանը բացելուց հետո մի քանի տարվա ընթացքում։ Ներկայումս Թուրքիայի հետ մենք այդպիսի խնդիր չունենք։ Ընդամենը նախնական քայլ պետք է անեինք։ Պետք է լավ նախապատրաստվել, մշակել բոլոր քայլերը։ Հիմա Հայաստանը բացարձակապես պատրաստ չէ այդպիսի գործողություններ կյանքի կոչելու, նույնիսկ պատրաստ չենք սահմանի բացմանը։ Սահմանի բացումն ուղեփակոցը բացել կամ փակել չէ։
-Ասել է` դեմ եք արձանագրություններին, բայց չմիացաք ՀՅԴ+13 ձևաչափի բողոքի ակցիաներին։ Ի՞նչն էր պատճառը։
-Կոնգրեսն արդեն իր դիրքորոշումը ներկայացրել է, իսկ այդ ակցիաները ՀՅԴ-ի դեմքը փրկելու միջոց են, քանի որ վերջինս 1915-ից հետո իր գործունեությունը կառուցել է ցեղասպանության, պահանջատիրության հարցերի վրա։ Հետևաբար, Հայաստանի արտգործնախարարը չէ, որ որոշում է այս հարցը, այլ հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձը։ Թող բարի լինեն նրանից հաշիվ պահանջել, ոչ թե ձևեր թափեն, թե էս հարցն էլ կբարձրացնենք, էն էլ։ Մի արտգործնախարարի հրաժարական պահանջելը չի կարող քաղաքականություն համարվել։
-Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարարը, դրան զուգահեռ Թուրքիայի առաջին դեմքերը ևս պաշտոնական այցեր են կատարում ՌԴ և Արևմուտք։ Ի՞նչ կապ եք տեսնում այս այցերի և հայ-թուրքական արձանագրությունների միջև։
-Բնականաբար, այդ ամենն իրար հետ շաղկապված է։ Թուրքիան լծակներ ունի ղարաբաղյան հիմնախնդրի վրա ազդելու, այսինքն` ոչ միայն Հայաստանի վրա ճնշում գործադրելու, այլև գերտերություններին ստիպելու համակերպվել իր աճող դերակատարության փաստի հետ։ Խոսքը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերին է վերաբերում։ Բազմաթիվ տնտեսական հարցեր գոյություն ունեն` կապված Ռուսաստանը շրջանցել- չշրջանցելու հետ։ Բոլոր պետություններն աշխատում են ինչ-որ կերպ օգուտ քաղել։ Բնականաբար, դրանից ելնելով` նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտում այս խնդրի շուրջ։ Լավրովը պետք է գար հունվարի 12-ին, բայց օրակարգը փոփոխություն կրեց ռուս-թուրքական հանդիպումների պատճառով։ Ի՞նչ է, ռուսներին հայտնի չէ՞ր, թե Էրդողանը երբ է գալու Ռուսաստան, որ Լավրովը ստիպված չլիներ ժամանակացույցը խախտել։ Ծիծաղելի է։ Նշանակում է, որ գործընթացներում նոր էլեմենտ է ավելացել։ Ըստ էության, Մոսկվայում Ղարաբաղի հարցով զարգացումներ են լինելու, որը շրջանակային փաստաթղթում նոր փոփոխություններ է մտցնելու։
-Կարելի՞ է ենթադրել, որ հայ-թուրքական արձանագրությունների ֆոնին կարձանագրվի նաև առաջընթաց Ղարաբաղի հիմնահարցում։
-Օրակարգի առաջին կետը հենց ղարաբաղյան հարցն է։ Սա մի՛ մոռացեք։ Այս բոլորն իրար հետ շաղկապված են։ Չի կարելի տարանջատել հայ-թուրքական արձանագրությունները ղարաբաղյան հարցից։ 1828-ից հետո ռուսները միշտ էլ Հայկական հարցը կտորների են բաժանել և մեկ-մեկ հանել աճուրդի։ Ենթադրում եմ` այսօր էլ ռուսները գցում-բռնում են, թե Ղարաբաղն ինչքանով են ծախելու։
-Կարծում եք` 2010-ը Ղարաբաղի հարցի հանգուցալուծման տարի՞ կարող է լինել։
-Չեմ կարող որոշակի ասել, բայց վստահ եմ` «առաջընթացի» տարի է լինելու։
-Հայ-թուրքական արձանագրություններում և՞ս։
-Ենթադրում եմ, որ եթե ռուսներն այս էտապում պայմանավորվածությունների հասնեն, հինգ շրջանների հարցը վերջնականապես կարելի է լուծված համարել։ Այս պարագայում կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կնկատվի, հնարավոր կլինի սահմանը բացել։ Հավանական է, որ մինչև ապրիլի 24-ը այս զարգացումը լինի։ Միաժամանակ չեմ կարող հստակ արձանագրել սա, քանի որ գործընթացը հնարավոր է փոփոխություններ կրի։
-Անդրադառնանք կոնգրեսի հետագա ծրագրերին։ 2010-ին ՀԱԿ-ի ռազմավարությունը նո՞ւյնը կմնա, թե՞ որոշակի փոփոխություններ կլինեն։
-Դա կախված է ներքին և արտաքին քաղաքական զարգացումներից։ Հետո էլ միտինգային գործունեությունն ինքնանպատակ չի կարող լինել։ Վերջին ընտրությունը թեև քաղաքականապես ակտիվ ընտրատարածքում էր, բայց դրան մասնակցեցին քիչ թվով քաղաքացիներ։ Խայտառակություն էր։ Սա հիմք է ստեղծում հասարակական հիասթափության։ Ես չեմ հասկանում` ինչպե՞ս կարող են մի թեկնածուի, որը քաղաքականապես բացարձակ բոբիկ է, ժարգոնով է խոսում, թաղային հեղինակությունների շրջանակի մարդ է, աջակցել, որ ընտրվի։ Այս պարագայում իշխանությունը գոնե պետք է մի կողմ քաշվեր, չեզոք դիրքորոշում որդեգրեր։ Հենց իրենց օգտին էր, որ գոնե ձևի համար ցույց տային, որ մի հատ էլ ռեալ ընդդիմադիր գործիչ կարող է խորհրդարան մտնել։ Բայց այս մարդիկ վախենում են, որ խորհրդարանում կհայտնվի իսկապես ընդդիմադիր գործիչ։ Չնայած վստահ էի, որ այսպես էլ լինելու էր։
-Այդ դեպքում ինչո՞ւ կոնգրեսն այս «խաղի» մասնակիցը դարձավ։
-Քանի որ քաղաքականությունն այնպիսի բան է, որ կաթիլ-կաթիլ է արդյունք տալիս։ Կտոր-կտոր ջարդելով` նույնիսկ ժայռը կարելի է փուլ տալ։ Ի դեպ, Ղարաբաղի հարցի առնչությամբ պիտի նկատել, որ այսօր իշխանությունները ժողովրդին (հատկապես գյուղական շրջաններում) ներշնչում են` ձեզ պե՞տք է Ղարաբաղը, այնտեղ ձեր որդիները զոհվեցին, տանք` պրծնենք։
-Ձեր իշխանության տարիներին էլ ասում էին` Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք։
-Դուք լավ ինֆորմացված չեք։ Դա սուտ է։ Ղարաբաղ ասելով` ես հասկանում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այն ժամանակ մենք տալիս էինք հինգ գրավյալ տարածքներն ու լուծում էինք բոլոր հարցերը։ Մենք գիտեինք, որ եթե խրվեինք ինքնորոշման կամ սահմանների անձեռնմխելիության հարցերի մեջ, ապա ոչինչ չէինք շահի։ Հետևաբար, բաց ենք թողնում կարգավիճակի հարցը և այլն, որ հետագայում սերունդները լուծեն։ Եթե նույնիսկ մեզ պարտադրեին ինչ-որ հարցեր, մենք ձգձգելու հզոր ռեսուրսներ ունեինք։ Ի դեպ, մեր ժամանակ ադրբեջանցիները երբեք Լաչինի և Շուշիի հարցը մեջտեղ չեն բերել։ Այն ժամանակ նոր էին մշակվում տարածաշրջանային շատ կարևոր ծրագրեր, որոնցում Հայաստանի ներգրավվածությունը լծակներ էր ապահովելու մեր հարևանների նկատմամբ։ Հայաստանը շրջափակված, բնականաբար, չէր կարող լավ ապրել, պետք էր մտնել միջազգային այդ ծրագրերի մեջ։ Իսկ Ձեր դիտարկման կողմնակիցներն այն ժամանակ էլ էին դեմ ՀՀՇ-ական իշխանությանը, հիմա էլ, այն ժամանակ էլ էին քննադատում Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին, հիմա էլ։ Իսկ իրադրությունն այսօր լիովին այլ է։ Աթենքում արդեն ամրագրել են, որ Արցախի ինքնորոշման հարցը դիտարկվելու է Ադրբեջանի կազմում տարածքային ամբողջականության համատեքստում։ Այս նույն բանը ժամանակին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանին են առաջարկել, որը 54 պետությունների առաջ մերժեց այն, ինչը մեծ խիզախություն է պահանջում։
Հարցազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ