Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՇՆՈՐՀԵՑԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ, ԻՍԿ ՀԵՏՈ...

ՇՆՈՐՀԵՑԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ, ԻՍԿ ՀԵՏՈ...
07.05.2010 | 00:00

(նվիրում եմ Հայրենական մեծ պատերազմի անհայտ ու մոռացված հերոսներին, բոլոր մասնակիցներին)
Հերոսիս մասին նյութ գրելու առաջին ցանկությունն առաջացել է վաղուց` 1991-ի հունվարյան մի ցրտաշունչ օր, երբ նրան 76 տարեկան հասակում «Աերացիա» կոչվող թաղամասի գերեզմանատան անկյուններից մեկում հողին էինք հանձնում մի քանի գործընկերներով, եղբորորդիներով ու փոքրաթիվ հարևաններով։ Հայրենական պատերազմի հաղթանակի յուրաքանչյուր տարեդարձի հետ կապված միշտ մտածել եմ` լավ, կգրեմ մյուս անգամ` հաջորդ հոբելյանին, մտապահածս տեղեկությունները կլրացնեմ ժամանակի մամուլի փաստագրական նյութերով ու հետո կգրեմ։ Այսպես ձգձգվեց մինչև Մեծ հայրենականի 65-ամյակի նախօրեն։ Հանրային գրադարանի պահոցներում անցկացրածս մի քանի օրվա որոնումները, չնայած անձնակազմի բարեհամբույր և կամեցող վերաբերմունքին, արդյունք չտվեցին։ Անդառնալիորեն կորսվել էին «Օգոնյոկի» 70-ականների առանձին համարները։ Հենց «Օգոնյոկի» այդ համարն էի փնտրում, որովհետև պատմությունը, որի մասին ուզում եմ գրել, ռուս մեծանուն զորավարներից մեկն էր այդ ամսագրում տպագրել Հաղթանակի 25-րդ տարեդարձի նախօրեին։ Իսկ պատմությունը հետևյալի մասին է։
1945-ի գարնանը խորհրդային զորքերը մարտերով դուրս էին եկել Դանուբի արևելյան` ձախ ափ, Ավստրիայի մայրաքաղաքի ուղղությամբ և նախապատրաստում էին Վիեննայի գրավման օպերացիան։ Հոդվածագիրն այս գործողություններն անվանել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահանդուգն և հերոսական գործողություններից մեկը։ Նահանջող գերմանացիները Վիեննայում պայթեցրել էին Դանուբի հինգ կամուրջներից չորսը, և միայն մեկը` Կայսերականը, ամենագեղեցիկն ու պատմական մեծ արժեք ներկայացնողն էին պահել հակագրոհի անցնելու դեպքում օգտագործելու համար, չմոռանալով, իհարկե, նախօրոք այն ականապատել` անհաջողության դեպքում պայթեցնելու համար։ Այս հանդուգն գործողությունն իրականացնելու առաջադրանքը դրվեց մեր հայրենակից, գվարդիայի ավագ լեյտենանտ, ամբողջ պատերազմը տուգանային գումարտակի հրամանատարի պաշտոնում անցկացրած, մի քանի անգամ վիրավորված և բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը մասնակցած ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲԻ ՓԻԼՈՍՅԱՆԻ վրա։ Փիլոսյանն իր շուրջ 300 «շտրաֆնիկներով», 14 արագընթաց մոտորանավակներով ընթացքից պաշտպանական մարտեր մղելով շուրջ 10 կմ Դանուբի հոսանքին հակառակ, խորանում են թշնամու կողմից վերահսկվող տարածք, հասնում են Կայսերական կամրջին, մարտերով դեսանտավորվում և կայծակնային գրոհով վերցնում կամրջի վերահսկողությունը։ Ավելի ծանր է լինում գրավված կամրջի պաշտպանությունը։ Մինչ խորհրդային զորքերի հարձակումը, 3 օր ու գիշեր տևած պաշտպանական մարտերի ժամանակ գումարտակի անձնակազմի երկու երրորդը զոհվում է, վիրավորվում է նաև Փիլոսյանը։ Սակայն կամուրջը պահում են, որով էլ խորհրդային զորքերն անցնում են Դանուբի աջ ափ և խորանում առաջ։ Այս սխրանքի համար Փիլոսյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում, որը նա ստանում է Կրեմլում` անձամբ Կալինինից։ Փիլոսյանը եղել է նաև 1945-ի հունիսի 10-ի Մոսկվայի հաղթանակի շքերթի մասնակիցը։ Ժամանակին` 79-89 թթ., երբ բարեբախտություն եմ ունեցել աշխատելու այս մարդու հետ, տեսել և կարդացել եմ պատերազմի օրերին և հետո տպագրված բազմաթիվ, այդ թվում` պատկերազարդ նյութեր։ Մի քանի անգամ օգնել եմ կազմելու Բրեժնևին, Անդրոպովին և Չեռնենկոյին ուղղվելիք` 1946-ին Փիլոսյանին աստիճանազրկելու, իսկ 49-ին բոլոր կոչումներից զրկելու որոշումները վերանայելու մասին նամակները։ Փիլոսյանին 1946-ին աստիճանազրկել էին Բուդապեշտի MK ռեստորանում կենցաղային վեճի ժամանակ ավստրիական բանակի մի գնդապետի գնդակահարելու համար։ Սկզբնական շրջանում խորհրդային զինվորական ղեկավարությունը հակված է եղել հարցը փակելու, սակայն Ռոկոսովսկու կենտրոն փոխադրվելուց հետո, նոր հրամանատարության տեսակետը ուղիղ հակադարձ եղավ` Փիլոսյանին Բուդապեշտի խորհրդային զորքերի տրիբունալով դատապարտել և վերադարձրել են ԽՍՀՄ, զինտրիբունալով դատապարտել։ ՈՒթ ամիս Արխանգելսկի աքսորավայրերում նստելուց հետո նրան ներում են շնորհել ու բաց թողել։ Փիլոսյանը վերադառնում է Բաքու, որտեղից զորակոչվել էր։ 1943-ին` ազգությամբ թաթար կնոջ մահանալուց հետո, նրանց 4-ամյա դստերը հանձնել էին որբանոց։ Կորցնելով երեխային գտնելու բոլոր հույսերը` Փիլոսյանը վերադառնում է Հայաստան։ Նա ծնվել էր 1914-ին` ՀՀ Ախուրյանի շրջանի Հոռոմ գյուղում։ 1918-20 թթ. թուրքական հարձակումներից որբանում է, ինչպես էր հայտնվել Բաքվի որբանոցում, չգիտեր։ Մեծանալով և կրթություն ստանալով` անցնում է աշխատանքի հողային տեսչությունում, որտեղ էլ կոմերիտական հարսանիքով ամուսնացնում են մի թաթար աղջկա հետ։ Երեք տարի անց սկսվում է Մեծ հայրենականը... Հետպատերազմյան տարիներին Փիլոսյանը Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում գտնում է հարազատ եղբորը, որի հետ կապը երբեք չկորցրեց։
...1954-ին շատ մոտ է եղել նրա վերականգնվելու հնարավորությունը։ Միջնորդել էր անձամբ այն ժամանակվա Գերագույն խորհրդի ոչ անհայտ նախագահ Մացակ Պապյանը։ Չար զուգադիպությամբ խանգարել էր այդ օրերին Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած մեկ այլ միջադեպ, որին Փիլոսյանին ներքաշել էին... Մեր դիմումներն արագ փոփոխվող կենտկոմի գլխավոր քարտուղարներին ուղղված մերժվում էին կամ մնում անպատասխան։
Հիշողությամբ վերականգնված պատմությամբ (1945-49 թթ. Խորհրդային Միության հերոսի կոչումը կրած այս համարձակ, մեծ մարդու մասին) ուզում եմ հարգենք բոլո՛ր նրանց հիշատակը, ովքեր մեր` ապրողներիս, առօրյա դժվարությունների ու անարդարությունների բեռի տակ մոռացության են մատնվում։ ՈՒրախ կլինեի, եթե Գեղամ Փիլոսյանի կյանքի, իրոք, հանդգնությամբ աննախադեպ հերոսության պատմությունը թղթին հանձնվեր այս գործի պրոֆեսիոնալ ուսումնասիրողներից մեկի ձեռամբ։ Ավելացնեմ, ինժեներատեխնիկական բաժնում (որը արտադրությունում ղեկավարում էի ես), տասը տարի աշխատել եմ այս բարեկիրթ մարդու ընկերակցությամբ։ Նա աշխատասեր էր ու պատասխանատու։ Հավերժ փառք ասելով մեր մոռացված, անհայտ մնացած հերոսներին ու պատերազմի մասնակիցներին, այս անգամ` Մայիսի 9-ին, իմ ծաղիկները դնելու եմ «Աերացիայի» գերեզմանատան նրա համեստ շիրմաքարին։
Աղասի ԱՐՇԱԿՅԱՆ
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ