Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Երկու ժողովուրդները կարող են առանց կռվի և վեճի իրար հետ ֆուտբոլ նայել»

«Երկու ժողովուրդները կարող են առանց կռվի և վեճի իրար հետ ֆուտբոլ նայել»
09.09.2008 | 00:00

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ... ՀԱՂԹԱՆԱԿ
Համաշխարհային ֆուտբոլն իր ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում շատ նշանավոր իրադարձությունների ականատեսն է եղել, բայց որ կարող են խաղադաշտ դուրս գալ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրի հավաքականներ, տեղի ունեցավ առաջին անգամ։ Ավելին, չնայած Թուրքիայի վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Թայիփ Էրդողանը դեմ էր երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցելությանը Երևան, վերջինս, շնորհիվ ֆուտբոլի, վեց ժամ անցկացրեց մեր երկրում։
Սեպտեմբերի 6-ին «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը, պարզվեց, բոլորովին էլ «ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչված ամենավտանգավոր հանդիպումը» չէր։ Նման հանդիպման համար երկու դեղին քարտը կարելի է դասել ամենակոռեկտ խաղերի շարքին, և դա թելադրեցին ոչ թե երկու երկրների «դիվանագիտական խողովակները», այլ ֆուտբոլային տրամաբանությունը, չնայած մինչ այս հանդիպումը Հայաստանի հավաքականն իր ընդամենը 16-ամյա միջազգային փորձով էր դուրս եկել խաղադաշտ, իսկ Թուրքիայի հավաքականն ուներ ահռելի փորձ, բարձրակարգ խաղացողների ընտրության լայն հնարավորություն և միջազգային ծանրակշիռ հեղինակություն։ Բավական է միայն ասել, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը նրանց 454-րդ միջազգային պաշտոնական հանդիպումն էր, դրանցից 158-ում թուրք ֆուտբոլիստները հասել էին հաղթանակի, 108-ն ավարտել ոչ-ոքի, իսկ 187-ում կրել էին պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների հարաբերությունն է 581-698։ «Հրազդան» մարզադաշտում Ֆաթիհ Թերիմի թիմը տոնեց 159-րդ հաղթանակը՝ խփած գոլերի թիվն ավելացնելով ևս երկուսով։ Աշխարհի ու Եվրոպայի վերջին առաջնությունների բրոնզե մեդալակիրը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 1033 միավոր։ Համեմատության համար ասենք, որ Հայաստանի հավաքականը վերջին մեկ ամսում միջազգային հանդիպում չանցկացնելու պատճառով չորս աստիճան նահանջել է և 358 միավորով զբաղեցնում է 98-րդ տեղը։
Այս ամենը, իհարկե, սոսկ վիճակագրություն է, որը նորվեգացի մրցավար Օվրեբոյի սուլոցի հետ մղվեց երկրորդ պլան։ Սա նույնպես ֆուտբոլի տրամաբանությունն է։ Խաղադաշտ մտած յուրաքանչյուր թիմ, մոռանալով մրցակցի նվաճումները, նախ և առաջ ձգտում է հաղթանակի։
Հայաստան-Թուրքիա հանդիպման 90 րոպեներից հիշարժան է մի քանի դրվագ։ 4-րդ րոպեին թուրքերն առաջին հարվածը կատարեցին Բերեզովսկու դարպասի ուղղությամբ, 9-րդ րոպեին պատասխան հարվածը կատարեց Ալեքսանդր Թադևոսյանը։ 26-րդ րոպեին Բելօղլուն տուգանային վտանգավոր հարված կատարեց, 29-րդ րոպեին Մելութ Էրդինչը մեն-մենակ դուրս եկավ Բերեզովսկու դեմ-դիմաց, սակայն հարվածը շեղ ստացվեց։ 36-րդ րոպեին արդեն իր վարպետությամբ աչքի ընկավ մեր դարպասապահը, որը հետ մղեց Էրդինչի մեկ մետրից կատարած հուժկու հարվածը։
Առաջին խաղակեսում այլ հիշարժան պահեր տեղի չունեցան, իսկ դարպասները մնացին անառիկ։
Հանդիպման հանգուցալուծումը տեղի ունեցավ 58-րդ րոպեին։ Թունջայ Սանլին կարողացավ հաջողությամբ եզրափակել թիմի հերթական գրոհը՝ 0։1։ 68-րդ րոպեին դարձյալ թանձր ամպեր կուտակվեցին մեր հավաքականի տուգանային հրապարակում, սակայն Բերեզովսկին իր տեղում էր։ Թուրքերը հաղթական վերջակետը դրեցին 78-րդ րոպեին։ Անկյունայինից կատարված հարվածից հետո Սեմիր Սենչյուրքը գնդակն ուղարկեց Բերեզովսկու դարպասը։ Մնացած 12 րոպեները հաշվի մեջ փոփոխություն չմտցրին։ 0։2, և Թուրքիայի հավաքականն առաջին երեք միավորը գրանցեց իր հաշվին։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆաթիհ Թերիմն ասաց.
-Այս խաղը ցույց տվեց, որ երկու ժողովուրդները կարող են առանց կռվի և վեճի իրար հետ ֆուտբոլ նայել։ Սա մեծ հույս է արթնացնում։ Այստեղ մենք սպասվածից ավելի ջերմ հյուրընկալություն տեսանք։ Շնորհակալություն եմ հայտնում հայ ֆուտբոլասերներին, որոնք թուրքական տրիբունաների հանդեպ չափն անցնող որևէ բան չարեցին, բացառությամբ մեր ազգային հիմնի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի։ Հավատում եմ, որ մեր հարևաններն այնքան կհասունանան, որ բոլոր երկրների, բոլոր ազգերի հիմների հանդեպ հարգանք կունենան։
Ֆաթիհ Թերիմը նշեց, որ շատ ուրախ է, որ 2։0 հաշվով հաղթանակ են տարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականն իր հարկի տակ այնքան էլ հեշտությամբ չի պարտվում, ապա ավելացրեց, որ անհամբերությամբ է սպասում հյուրընկալելու մեր հավաքականին իրենց մարզադաշտում։
Լրագրողների այն հարցին, թե ինչով է բացատրում Հայաստանի հավաքականի վատ խաղը, Յան Պոուլսենը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին լավ աշխատելու համար.
-Նրանք խաղացին այնքան, որքան ներում էին ուժերը։ Ես ցավում եմ, որ հավաքականին չհաջողվեց հաղթանակ տանել, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ շատ վատ խաղացինք, ապա պետք է հաշվի առնել, որ մենք խաղում էինք Եվրոպայում 3-րդ տեղը գրաված հավաքականի հետ։ Մենք պետք է ընդունենք, որ խաղում էինք ավելի ուժեղ թիմի հետ, որն ավելի փորձառու էր և ֆիզիկապես ավելի լավ պատրաստված։
Յան Պոուլսենը նաև շնորհավորեց Թուրքիայի հավաքականին, ասելով, որ նրանք ավելի լավ խաղացին, քան Հայաստանի հավաքականը...
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ սեպտեմբերի 10-ին։ Այս անգամ մեր ֆուտբոլիստներին կհյուրընկալի Եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Չենք ցանկանում ժամանակից առաջ անցնել, սակայն չենք էլ փորձում գուշակություններ անել։ Որ մեր ֆուտբոլիստների համար այս խաղը շատ ավելի ծանր է լինելու, կասկածից վեր է։ ՈՒզում ենք հավատալ, որ մեր ընտրանին այս ինը օրերի ընթացքում հասցրեց առանձին խաղացողներից վերածվել կուռ կոլեկտիվի և արժանի մրցակցություն ցույց կտա Եվրոպայի չեմպիոններին։
Իսպանիա-Հայաստան հանդիպման ռեպորտաժը կարող եք դիտել վաղը՝ 00 ժամ 50 րոպեին, Հանրային հեռուստատեսությամբ։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. -Մեր խոսքը թերևս թերի լինի, եթե հպանցիկ չանդրադառնանք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի տված քաղաքական գնահատականին։
Երևան-Անկարա վերադարձի ճանապարհին օդանավում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թուրքիայի նախագահն իր այցը Հայաստան գնահատել է արդյունավետ և խոստումնալից` հույս հայտնելով, որ դա կարող է բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում։
-Ես հավատացած եմ, որ իմ այցը վերացրեց Կովկասում գոյություն ունեցող հոգեբանական պատնեշը։ Եթե այս մթնոլորտը շարունակական լինի, ամեն ինչ առաջ կշարժվի ու կնորմալանա։ Այցելությունս ավարտեցի դրական զգացողություններով ու մտքերով,- Գյուլի խոսքերը մեջբերել է «Հուրիեթը»՝ վկայակոչելով «Անատոլու» գործակալությունը։
Տեղեկացնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, Թուրքիայի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին չեն խոսել։
-Կովկասի ամենակարևոր հարցը Ղարաբաղի հիմնահարցն է։ Իմ այցը Երևան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը։ Մեզ համար նաև հաճելի էր տեղեկանալ, որ Հայաստանը սատարում է Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի առաջարկին,- նշել է Աբդուլլահ Գյուլը։
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանդիպումներում խոսք չի եղել նաև հայոց ցեղասպանության մասին։ Հայ պաշտոնյաները որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել ցեղասպանության առնչությամբ։
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով «Ֆրանս-պրես» գործակալությունը, տեղեկացրել են, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն ուղեկցում էր Գյուլին երևանյան այցի ընթացքում և հանդիպել է Էդուարդ Նալբանդյանի հետ, հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է քննարկելու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը...
Սա արդեն Հայաստան-Թուրքիա հանդիպման «երրորդ խաղակեսի» մի փոքրիկ հատված էր, որն ավարտվեց երկու երկրների հաղթանակով և, կարծում ենք, անպայման դրական զարգացումներ կունենա։ Չէ՞ որ առջևում պատասխան հանդիպումն է...
Իսկ որպես հեռակա պատասխան Ֆաթիհ Թերիմի այն դժգոհության, թե հայերը հարգալից պահվածք չցուցաբերեցին, երբ հնչում էր Թուրքիայի ազգային օրհներգը, ասենք, որ հայ ֆուտբոլիստների զգալի մասը մինչև իսկ հարգանք չցուցաբերեց սեփական ազգային օրհներգի նկատմամբ, երբ ոչ միայն նրա երաժշտությանը զուգահեռ չէր երգում, ինչպես դա անում էր Թուրքիայի ողջ թիմն իր երկրի օրհներգը հնչելու պահին, այլև հայ ֆուտբոլիստներից մեկը ծամոն էր ծամում, քանի դեռ շարունակում էր հնչել մեր օրհներգը։ Եթե խիստ դատելու լինեինք, կասեինք, որ դրանով էլ երևում էր պատասխանատվությունը և՛ խաղի, և՛ նրա վերջնահաշվի նկատմամբ։

Դիտվել է՝ 5633

Մեկնաբանություններ