ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«Մենք մեր ձեռքով մեր պետականությունը ոչ միայն թուլացնում, այլև վտանգում ենք»

«Մենք մեր ձեռքով մեր պետականությունը ոչ միայն թուլացնում, այլև վտանգում ենք»
25.11.2008 | 00:00

«ՈՉ ՄԻ «ՈԶՆԻ» ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ»
Շարունակվում են մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորվածների դատավարությունները, որոնց ընթացքը, մեղմ ասած, ոչ միայն անհաջող ներկայացում է հիշեցնում, այլև իրականությունը կոծկելու տպավորություն է ստեղծում: Դատական գործընթացների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ:
-Ինչո՞ւ է միջնորդությունների գերակշիռ մասը մերժվում։ Արդյո՞ք դատական գործընթացները երկարաձգելու միտում կա:
-Վերջերս, ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված, շատ է խոսվում, այսպես կոչված, հայի վերջին խելքի մասին, այսինքն` այնպիսի ծայրահեղ վիճակում ենք, որ անընդհատ այդ միտքը կրկնվում է: Նույնը կարող ենք ասել նաև «7-ի գործի» շրջանակներում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Պաշտպանական կողմը միջնորդել էր, որ այդ նյութերի ուսումնասիրման ժամկետը երկարացվի մինչև դեկտեմբերի 1-ը, ինչը վարույթ իրականացնող մարմինը բավարարեց: Այսօր դեռ դատական փուլի մասին խոսելը վաղաժամ է: Պաշտպանական կողմը վկայում է, թե օբյեկտիվորեն գոյություն չունի այն փաստը, որ մեր պաշտպանյալները քրեորեն հետապնդելի արարք են թույլ տվել, և հնարավոր չէ որևէ հանցակազմով նրանց վրա հոդված դնել: Այդ իսկ պատճառով մենք վարույթ իրականացնող մարմնին միջանկյալ միջնորդություններ էինք ներկայացրել: Դժբախտաբար, որպես կանոն, միջնորդությունները մերժվեցին, որոնց վերաբերյալ բողոք ներկայացրինք գլխավոր դատախազությանը: Մասնավորապես, այդ միջնորդությունները հետևյալն էին` ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները չեն հարցա-քննվել, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանը, ով միակն էր, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ ելույթ ունեցավ շտաբի անունից: Պատահական չէ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն էլ է պահանջում այդ մարդկանց կանչել հարցաքննության:
-Իսկ ինչո՞ւ շտաբի անդամներին չեն հարցաքննում:
-Ակնհայտ է, որ կանխամտածված ձևով օբյեկտիվ հարցաքննություն չի տարվել, այլ ամեն ինչ արվել է մեղադրական հակվածությամբ: Երբ գլխավոր դատախազը ԱԺ միջնորդություն ներկայացրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու վերաբերյալ, նրա խոսքում կային մտքեր, որոնք այդ պահին քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված նյութերի շրջանակներում հաստատված չէին: Ցուցմունքներն ամեն ինչ ավելի են հստակեցնում: Ցուցմունք տալիս մեկն ասում է, որ Մալխասյանը ելույթ էր ունենում բարձրախոսով և միկրոֆոնով (կարծես թե տարբեր բաներ են) ու թալանի, բռնությամբ իշխանությունը զավթելու կոչեր էր անում: Մինչդեռ վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ կա սղագրություն, որը կցված է քրեական գործին, որտեղ Մալխասյանն ասել է ճիշտ հակառակը` սադրանքի մի ենթարկվեք: Սա նշանակում է, որ կեղծ, շինծու ցուցմունք են վերցնում: Ցուցմունք են վերցրել ոստիկաններից, ովքեր ասում են, թե երբ մարդիկ հեռանում էին Ազատության հրապարակից, լսելի էր, որ նրանք ասում են, որ գնում են ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքվելու, այսինքն` ինքնաբուխ են գնացել, շտաբը կազմալուծված է եղել: Էլ ի՞նչ կազմակերպիչների մասին է խոսքը: Իսկ եթե խոսքը հետոյին է վերաբերում, ապա մեղադրանքի մեջ գրված է, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները փորձել են Պռոշյան փողոցով Բաղրամյան բարձրանալ, որտեղ գտնվում են նախագահականը, Ազգային ժողովը: Սրանով ի՞նչ են ուզում ասել, իբր, ուզում են գնալ գրավե՞լ այդ շենքերը: Չեն համարձակվել այդ մասին գրել: Սրա փոխարեն քրեական գործում իրենք են հարցաքննել ոստիկաններին, ովքեր ցուցմունք են տվել, թե մարտի 1-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Կոնդի թաղամասից հազարավոր մարդիկ փորձել են Պռոշյան և Լեոյի խաչմերուկում գտնվող ոստիկանական վերակարգը տապալել կամ նրանց «վրայից անցում կատարելով» միանալ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիներին: Այսպիսով, սա օբյեկտիվ ապացույց է, բայց ասելիքը կանխամտածված, իրենց ցանկությամբ ձևակերպված` առանց քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների: Իրենց համար ցանկալին փորձել են իրականություն դարձնել` նման մեղադրանք առաջադրելով:
-Մինչև դեկտեմբերի 1-ը երկարացվել է քրեական գործերին ծանոթանալու ժամկետը: Այս ժամանակահատվածը բավարա՞ր է նման ծավալի նյութերն ուսումնասիրելու համար: Քառասուներկու հատորանոց գործերն ուսումնասիրելիս ի՞նչ եզրակացության եք հանգել:
-Ինձ համար անհասկանալի է երեք քաղբանտարկյալներին` Գևորգ Ղազարյանին, Գաբրիել Ղազարյանին, Կարեն Թարխանյանին, մեղավոր ճանաչելն այն բանում, որ նրանք 2008 թվականի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ զանգվածային անկարգություններ են կազմակերպել և դրա համար դատապարտվել են: Իսկ մեր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել` որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, բայց արդեն հոդվածի 3-րդ մասով` զուգորդված սպանություններով: Է՜, նրանք մի կարգի զանգվածային անկարգություններ են կազմակերպել, մյուսները` ա՞յլ: Ո՞Ւր է տրամաբանությունը: Բա մեզ հայ են ասում, մենք քիչ ենք, մեզ գովում ենք, խելոք ենք, բա մեր խելքն ո՞ւր մնաց, որ մեր հարցերը չենք կարող լուծել: Անընդհատ ասում են եվրադատարաններ և այլն, և այլն: Ե՞րբ պիտի խելք հավաքենք, ուշքի գանք:
-Տրամաբանությունը չի աշխատում, քանի որ չե՞ն ուզում իրականությունը ջրի երես դուրս գա:
-Կուզենայի այդ գործերում տեսնել, թե ոստիկանները ժողովրդի նկատմամբ ինչ հատուկ միջոցներ են կիրառել: Միշտ ասում են` նրանց ձեռքներին եղել է մահակ ու վահան, գլխներին՝ սաղավարտ: Իսկ ո՞ւր են այն հատուկ միջոցները, որոնք փորձել են գործարկել: Խոսքը հատկապես արցունքաբեր գազի, ձայնային նռնակների մասին է: Ակնհայտ է մի բան, որ ոստիկանական զորքերից տուժած անձինք միանշանակ բեկորային վնասվածքներ են ստացել պայթուցիչների բեկորներից, ոչ թե մարտական նռնակներից, որոնք ընդհանրապես չեն կիրառվել: Ասում են, թե «ոզնիներ» են գործադրվել, սակայն Ազատության հրապարակից դուրս գալուց հետո ոչ մի տեղ գեթ մի «ոզնի» չի հայտնաբերվել: Ըստ էության, արհեստածին էր նաև Ազատության հրապարակում «ոզնիներ» գցելը: Էդ ո՞նց եղավ, որ այնտեղ, որտեղ ժողովուրդն է կանգնած եղել, տեղազննության արդյունքում մի պարկուճ չի հայտնաբերվել, մի քաղաքացի բեկորային վնասվածք չի ստացել, իսկ որտեղ ոստիկանական զորքերը կամ վերակարգն է կանգնած եղել, այնտեղ փամփուշտներ են հայտնաբերվել, այսինքն` կրակել են հենց այնտեղից: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի երեկոյան Հ1-ով ասում էր, որ ավտոմեքենայի հետևից են կրակել, նա պետք է դրա համար պատասխան տա: Սրանով վտանգել է և մեր պետության, և քաղաքացիների անվտանգությունը` իրավիճակն արհեստականորեն հասցնելով նրան, որ արտակարգ դրություն հայտարարվի:
-ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներն օգնո՞ւմ են, որ կատարվածի պատկերն առավել ամբողջական դառնա:
-Հանձնաժողով ստեղծել են ընդամենը հասարակական կարծիք ձևավորելու և քաղաքական գնահատականներ տալու համար: Մի կողմից վարույթ իրականացնող մարմինն ասում է` քաղաքացիների և ոստիկանների վնասվածքների, մահվան հանգամանքների ուղղությամբ գործից անջատված է մաս (այսինքն՝ հանգամանքները դեռ պարզված չեն), մյուս կողմից` մեր յոթ պաշտպանյալների վրա հոդված է դրված` զանգվածային անկարգությունների կազմակերպում` սպանություններով զուգորդված: Աբսուրդ է: Սա մենք նոր ենք ասում, քանի որ պաշտպանական կողմին նոր են այս նյութերը տվել: Իսկ քանի՞ ամիս է ժամանակավոր հանձնաժողովն աշխատում, և ի՞նչ: Գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ հայտնաբերվածը խոճկորի գանգ է, հորթի լեզու, բայց չէ՞ որ դրա շարունակությունը կար` արնաթաթախ որսորդական պարկուճներ: Այ, սրան պետք է ուշադրություն դարձնեին, դա ի՞նչ էր: Դա գազային նռնակ էր, որն օգտագործվում է որպես հատուկ միջոց ոստիկանական զորքերի կողմից: Այն 40 աստիճանի անկյան տակ և 40 մետր հեռավորությունից պետք է մասսայի վրա արձակել, որպեսզի նռնակը բացվի: Սակայն այն կամ սխալ են կիրառել, կամ չեն կարողացել կիրառել, կամ ժամկետանց է եղել: Որքան ինձ հայտնի է՝ հրազեն է եղել՝ կարաբին տեսակի։ Ո՞Ւմ են ամրացված եղել դրանք, ո՞վ է կրակելու հրաման տվել:
-Փաստահավաք խումբն ինչքանո՞վ կօգնի գործընթացին:
-Չեմ կարող ասել: Իրավաբանական տեսանկյունից սա անհույս պրոցես է, որովհետև դատավճիռներ են արձակվել, որոնք անհիմն են եղել: Եթե փաստահավաք խումբն ինչ-որ եզրահանգման եկավ, ի՞նչ է, կարողանալո՞ւ է կայացված դատավճիռները բեկանել:
-Հետևելով դատական գործընթացներին` Ձեր դիտարկմամբ` այսօր ի՞նչ մակարդակում է Հայաստանի դատաիրավական համակարգը:
-Մակարդակ չկա, ի՞նչ մակարդակի մասին է խոսքը: Ասում են մի բան, անում՝ մեկ այլ: Պետք է օրենքը գերակա ուժ ունենա և իրականության մեջ աշխատի: Գնում են Եվրոպայում ինչ-ինչ համաձայնագրեր կնքում դատախազական բարեփոխումներին առնչվող, բայց գալիս են էստեղ և հակառակ գործողությունները կատարում:
-Հավատո՞ւմ եք, որ մարտի 1-2-ի դեպքերը լիովին կբացահայտվեն, քաղբանտարկյալների նկատմամբ էլ համաներում կհայտարարվի:
-Հավատում եմ մեր ազգի ողջամտությանը: Ով ուզում է իշխանության գալ, պետք է հիշի, որ հայ է: Մեր դժբախտությունն այն է, որ մոռացել ենք այս հանգամանքը: Չպետք է այդքան կույր լինել, իրենց աթոռից բացի, չնկատելու համար, որ վտանգվում է ողջ ազգը: Այդքան անհանդուրժող չպետք է լինել սեփական ժողովրդի նկատմամբ: Իզուր չեն ասում՝ գեղ կանգնի, գերան կկոտրի: Եթե հատ-հատ կոտորում ես ազատամարտիկներին, ինչպե՞ս ես ազգը համախմբելու: Ցավալի է, որ արդեն տասը տարի հասարակական գիտակցությունն ավելի բարձր է, քան իրավագիտակցությունը: Սա նշանակում է, որ ճահիճ ենք մտել: Մենք մեր ձեռքով մեր պետականությունը ոչ միայն թուլացնում ենք, այլև վտանգի առջև կանգնեցնում:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4031

Մեկնաբանություններ