ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իր կարևորությունը, դեմքն ու նկարագիրը պահպանում է նաև այսօր

Իր կարևորությունը, դեմքն ու նկարագիրը պահպանում է նաև այսօր
06.02.2009 | 00:00

«ԱՂԲՅՈՒՐ»-85
Այսօր հրատարակվող բազում թերթերի ու ամսագրերի կողքին կան անուններ, որոնք մեր կենսագրության մի մասնիկն են, պատմության թերթվող էջերից մեկը։
Տասնամյակներ շարունակ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը կրթել, դաստիարակել է սերունդներին, ձևավորել գեղարվեստական ճաշակ, ինքնադրսևորման հնարավորություն տվել պատանի և ոչ միայն պատանի ստեղծագործողներին։ Այսօր «Աղբյուրն» 85 տարեկան է։ 1923-ին «Պատկոմ», ապա «Հոկտեմբերիկ», «Պիոներ», այժմ էլ «Աղբյուր» անվամբ հանդես եկող այս ամսագրի առաջին խմբագրական կոլեգիայի կազմում են եղել Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը, Ավետիք Տեր-Պողոսյանը։ Ամսագրի էջերում հանդես են եկել հայ մեծանուն գրողներ, նկարազարդումներ են կատարել Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հակոբ Կոջոյանը, Գրիգոր Խանջյանը, ուրիշներ։
-Հարուստ ու ինքնատիպ ճանապարհ անցած ամսագիրն ապրել է և դժվար ժամանակներ, անգամ եղել են տարիներ, երբ լույս է ընծայվել 1-2 համար։ Բայց հրատարակումը երբեք չի ընդհատվել,- ասում է «Աղբյուրի» գլխավոր խմբագիր ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆԸ։
Իր կարևորությունը, դեմքն ու նկարագիրը «Աղբյուրը» պահպանում է նաև այսօր։ Թեև, ինչպես նկատեց Թ. Տոնոյանը, փոխվել է հանրության վերաբերմունքը գրականության նկատմամբ։ Առաջ են քաշվում կեղծ արժեքներ ու գաղափարներ։ Մերօրյա աստղերով, նույնատիպ, մեր արժեհամակարգի համար կասկածելի դեմքերով ողողված մամուլն ու հեռուստատեսությունը լուսաբանում են միայն գրականության ոլորտում առկա առանձին անձանց տարաձայնությունները։ Ստեղծվող գրականությունը, բուն խնդիրներն ու իրականությունը մնում են ստվերում։ Չարամիտ երկդիմի պահվածքով ոչնչի չենք հասնի։ Թե ինչպիսին կլինի նոր սերնդի վերաբերմունքը մշակույթի, գրականության նկատմամբ, կախված է մեզանից։ Տիրող ոչ այնքան հուսադրող մթնոլորտում «Աղբյուրը» փորձում է սեր, լավատեսություն արթնացնել իր ընթերցողների շրջանում։
Վերջին տարիներին «Աղբյուրը» ծավալել է նաև հրատարակչական գործունեություն։ Իրենց գրվածքները գրքի տեսքով ընթերցողին հասցնելու հնարավորություն ունեն նաև փոքրիկ ստեղծագործողները։ Թ. Տոնոյանը կարևորեց ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ «Տարեգրքի» լույսընծայումը։ Այն ամփոփում է Հայաստանի մանուկների ու պատանիների (2008 թ.) լավագույն ստեղծագործությունները։ Անցյալ տարի անցկացվել է նաև մանուկների ու պատանիների ստեղծագործությունների առաջին հանրապետական մրցույթը։ Ներկայացվել է մոտ երկու հազար ստեղծագործություն։ Մրցանակ է շնորհվել երեք անվանակարգերում (արձակ, պոեզիա, նկարչություն)։ Թ. Տոնոյանը հույս հայտնեց, որ նշված նախագիծը շարունակական ու հաստատուն բնույթ կունենա։
Ո՞վ գիտե, շատ երեխաների համար գուցե «Աղբյուրը» դեպի մեծ գրականություն տանող ճանապարհի փոքրիկ սկիզբն է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6318

Մեկնաբանություններ